#02 (50) ՓԵՏՐՎԱՐ, 2013
Ինչպես ասում են` մեր փողոցում էլ տոն է…
Ճիշտ է` փոքրիկ, բայց տոնի կարեւորությունը դրանից ամենեւին էլ չի մթագնում: Մեր ամսագիրը 50-րդ անգամ իր դռները բացեց ամենատարբեր կարծիքների առաջ, հաստատելով տեղեկատվության այլընտրանքային աղբյուր լինելու իր առաքելությունը: Իրապես անկախ մեր վերլուծական հանդեսը հենց այդ առաքելությամբ էլ ստեղծվել է` մատչելի լինելու ղարաբաղյան հասարակական կարծիքի բոլոր շերտերի համար: Ու ոչ միայն ղարաբաղյան: Այս ավելի քան չորս տարիների ընթացքում (տարեկան 12 համարով) մենք փորձել ենք ներկայացնել մեր տարածաշրջանում առկա զարգացումներն ու միտումները: Ու ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում: Թվերն ինքնին խոսուն են` այս ընթացքում մեր ընթերցողների հետ կիսվել են ավելի քան 200 հեղինակներ` ավելի քան 20 երկրներից: Առանց կեղծ համեստության կարող ենք ասել, որ արցախյան (ու ոչ միայն) ընթերցողին նման հնարավորություն ընձեռելու հարցում քիչ հրատարակություններ կարող են հպարտանալ: