Archive for Դեկտեմբեր 2021

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

 

© Photo : official site of the Prime Minister of RA


Եվրոպական Միության Արևելյան գործընկերության՝ ս.թ. դեկտեմբերին Բրյուսելում անցկացված գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, մեր հանրության համար առավելապես հիշվել է որպես մի դրվագ՝ կապված Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Սոչիի հանդիպումից երկու շաբաթ անց կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման հետ։ Այս հանդիպմանը հետևել է ևս մեկը՝ նույն տեղում, բայց արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ։ Իսկ Եվրամիության անդամ-երկրների հանրությունների համար, ըստ էության, միանգամայն հակառակը, ինչը լիովին հասկանալի է, քանի որ, ինչպես ասում են, նայած ում ավելի շատ ինչն է հուզում։ Սակայն ԵՄ-ի համար դա, իրոք, կարևոր իրադարձություն էր՝ համավարակի պատճառով տևական ընդմիջումից հետո և այդ կառույցի ինստիտուցիոնալ ճգնաժամի խորապատկերում, որում «Բրեքզիտը» սոսկ «ախտանիշներից» մեկն է։

Ակնհայտ է, որ ներկայումս Եվրոպան ինքն է գտնվում իր հետագա քաղաքականության ուղեգծի փնտրտուքում, ընդ որում՝ համակարգային խնդիրների բեռի տակ՝ տնտեսությունում, հաստատություններում, ժողովրդավարությունում, ռազմավարական կարևորության հիմնախնդիրներին դեմ հանդիման ու միասնության խորաբաց պակասորդով։ Բայց հենց ա՛յս իրողությունների համապատկերում Հայաստանն ու Ադրբեջանը պիտի (տեսանելի ապագայում էլ այդպես կլինի) ներդաշնակեցնել հարաբերությունները ինչպես միմյանց, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ, որոնք գործընկերությունն ամրապնդում են ոչ միայն բարի մտադրություններով, այլև ֆինանսական աջակցության ծանրաքաշ փաթեթներով՝ որպես «նյութական բազա» ժողովրդավարական արժեքների համար, արժեքներ, որոնք կիսում ենք Եվրոպայի հետ։ Բայց իրավիճակն էլ ավելի է բարդանում Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաճուն առճակատմամբ, այս առումով էլ մխիթարանք է, որ մեր տարածաշրջանն անմիջական ընդհարման ասպարեզ չէ, համենայն դեպս՝ առայժմ։ Թեև սա արդեն քննարկման այլ թեմա է։

Իսկ մեր նոր թողարկումը նվիրված է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներին, գագաթնաժողով, որը կարևոր էր թե՛ Եվրոպայի և թե՛ նրա արևելյան հարևանների, այդ թվում՝ Հայաստանի համար։

 

 

Share

Ղարաբաղյան հարցն Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովում



Պաատա ԶԱՔԱՐԵԻՇՎԻԼԻ
Գրիգոլ Ռոբակիձեի անվան համալսարանի պրոֆեսոր
Թբիլիսի

Երկամյա հետաձգումներից հետո Եվրամիությունն անցկացրեց «Արևելյան գործընկերության» վեցերորդ գագաթնաժողովը։ Այս՝ չորս տարի սպասված կարևոր իրադարձությունը կայացավ Բրյուսելում՝ դեկտեմբերի 15-ին։ Այլ հարցերից բացի ԵՄ և «Արևելյան գործընկերության» երկրների առաջնորդները քննարկեցին երկու առանցքային հարց՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ …>>>

Share

Եվրամիությունում կնախընտրեն որդեգրել կոմպլեմենտարության և փոխլրացման քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ նոր առճակատում ունենալու փոխարեն


Edgar KhachatryanԷդգար
ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ
Վանաձոր

2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական երկրորդ լայնամասշտաբ զինված հակամարտությունը `44 օրյա պատերազմը, ինչպես նաև դրան հաջորդող և մինչ այժմ ընթացող իրադարձություններն անդառնալիորեն փոխեցին աշխարհաքաղաքական պատկերը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև պարարտ հող ստեղծեցին և խթան հանդիսացան տարածաշրջանից դուրս ուժային կենտրոնների վերադասավորման և բազմաթիվ նորանոր, հաճախ դժվար կանխատեսելի զարգացումների համար: «Չսպասված-սպասելի» պատերազմն այս կամ այն կերպ ազդեց տարածաշրջանի բոլոր երկրների վրա` ստիպելով ներքին և արտաքին դերակատարներին կողմնորոշվել և հնարավորինս արագ ու ճկուն դիրքավորվել նոր ձևավորվող միջավայրում: …>>>

Share

Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում․ արդյո՞ք եվրոպական հարթակն այլընտրանք կդառնա

 

Բրյուսելում կայացել է ՓաշինյանԱլիև հանդիպումը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Հանդիպման ավարտից հետո նա հայտարարությամբ է հանդես եկել դրա արդյունքների վերաբերյալ։ …>>>

Share

Եվրոպային անհրաժեշտ է անվտանգության և ժողովրդավարության վերահաշվարկ




Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայում սպառնալիքների տարբեր ընկալումները, որոնք զուգորդվում են ժողովրդավարական հետընթացի ռիսկի հետ, վտանգավոր ճեղքեր են ստեղծում ԵՄ ներսում: Այսօրվա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ ընդհանուր ըմբռնման ձևավորումը պետք է ընթանա դաշինքում ժողովրդավարության ամրապնդմանը զուգահեռ: …>>>

Share

«Անալիտիկոն»-ի խմբագրության կողմից

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի ժամանակ / Reuters / © Leah Millis

Հաջակցություն ժողովրդավարության՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ պատմության մեջ առաջին Գագաթնաժողովը, աշխարհի երկրների մոտ կեսի առաջնորդների առցանց մասնակցությամբ, դարձավ միջազգային հարաբերությունների գլոբալ համակարգում արդեն իսկ նախանշված թրենդի տրամաբանական շարունակությունը։ Միացյալ Նահանգների 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը դրանով իսկ նաև ամփոփեց իր կառավարման առաջին տարվա արտաքին-քաղաքական արդյունքները։ Դա համընկավ այն ժամանակաշրջանի հետ, երբ 1945-ից և 1991-ից հետո ձևավորված հին աշխարհակարգն արդեն գործում է ավելի շատ իներցիայով, քան իր գործառնական ունակության շնորհիվ, և, ըստ այդմ էլ, պահանջում է ու դեռ կպահանջի կոնկրետ գործողություններ տեսանելի ապագայում՝ այսպես ասած «ձեռքի ռեժիմով», մինչև փոքրիշատե կհաստատվի նորը։ Ինչպիսի՞ն է այն լինելու, և ինչպե՞ս է այն անդրադառնալու մեր երկրի՝ Հայաստանի վրա։

Միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այդ ապագա աշխարհակարգը տեսնում է առաջին հերթին և բացառապես որպես ազատ, ժողովրդավար երկրների ընկերակցություն, որը միտված է զարգացման ու համագործակցության, և ամենևին էլ փաստ չէ, որ նման նպատակամիտվածությունը դուր է գալիս բոլորին, առաջին հերթին՝ այն երկրներին, որոնք ավտորիտար են համարվում։ Երկու «աշխարհների» միջև սպասվող մրցակցային պայքարը կատաղի է լինելու, իսկ Գագաթնաժողովն էլ փաստացի ջրբաժան է անցկացրել այդ «աշխարհների» միջև։ Միանգամայն ակնհայտ է նաև այն, որ Հայաստանն ու հարևան Վրաստանը, որոնք շրջապատված են զորությամբ իրենց քանիցս գերազանցող ավտորիտար հարևաններով, բախվելու են և արդեն իսկ բախվում են գոյաբանական բնույթի մարտահրավերների, և սա ամենևին էլ չափազանցություն չէ։

Անցկացված Գագաթնաժողովի (Հայաստանը դրան մասնակցել է ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի) արդյունքների, միջոցառմանն ուղեկից ընդհանուր համապատկերի, մարտահրավերների ու բացվող հնարավորությունների, այս համատեքստում ուրվագծվող առաջնայնությունների մասին է մեր հերթական թողարկումը։

 

Share

Հայաստան. քաղաքակրթական խաչմերու՞կ, թե՞ պոլիգոն


Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

«Գործընկեր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության անդամներ, իրավապաշտպան ակտիվիստներ, քաղաքացիներ, իմ համոզմամբ՝ այսօր մենք պատմության շրջադարձային փուլում ենք, պետք է ընտրենք ուղղությունը, որով աշխարհը կշարժվի առաջիկա տասնամյակների ընթացքում: Թույլ կտա՞նք քաղաքացիական իրավունքների և ժողովրդավարության հետագա սահմանափակում, թե՞ միասին կունենանք տեսլական ու քաջություն՝ ևս մեկ անգամ գլխավորելու մարդկային առաջընթացի և մարդու ազատության երթը»: Սրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն են, որ հնչել են «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը: …>>>

Share

Երևանի համար «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը հնարավորություն է՝ սահմանափակելու հայկական ժողովրդավարության մարտահրավերները


Դավիթ
ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Դեկտեմբերի 9-10-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ ու առցանց անցկացված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի կազմակերպիչների կողմից մասնակիցների ցուցակի որոշման արդյունքում մասնակից 110 երկրների թվում չեն հայտնվել ՄԱԿ Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը։ Իսկ Հայաստանից բացի հետխորհրդային երկրները ներկայացված էին Ուկրաինայիով, Վրաստանով, Մոլդովայով, ինչպես նաև մերձբալթյան երկրներով։ Գագաթնաժողովի արդյունքներով նախագահ Ջո Բայդենը տեղեկացրեց «Հանուն ժողովրդավարության» երկրորդ գագաթնաժողովը 2022-ին՝ արդեն առերես ձևաչափով անցկացնելու մտադրության մասին։ …>>>

Share

Կարո՞ղ է, արդյոք, Բայդենի «պառակտող» ժողովրդավարության գագաթնաժողովն արդյունք տալ

 

Joe Biden’s democ racy summit will gather 110 countries but one critic said it could be a ‘virtue-signalling gab fest’. Photograph: Oliver Helbig/Getty Images

Միջոցառումը, որը բնորոշվում է որպես մարդու իրավունքների և ազատությունների շուրջ համախմբման կոչ, քննադատության է ենթարկվել այնպիսի երկրների կողմից, ինչպիսին է Չինաստանը, և նույնիսկ հրավիրվածների մեջ կան քննադատներ։ …>>>

Share

Կոալիցիա՝ ընդդեմ դիկտատորների

 

Джо Байден во время видеосвязи с участниками саммита. Фото: Chip Somodevilla / Getty Images


Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնությամբ, անցկացվեց «Հանուն ժողովրդավարության» համաժողովը։ Ռուսաստանին չէին հրավիրել, իսկ Ուկրաինան ներկա էր։
…>>>

Share

Խմբագրության կողմից

 

(Фото: kremlin.ru)

Ռուսաստանյան միջնորդությամբ Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, թվում էր, երևակել է այն ընկալումը, որն արտացոլված է հերթական, արդեն երրորդ համատեղ՝ եռակողմ հայտարարությունում, այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների ողջ բարդ համալիրը կարող է լուծվել ըստ տարրերի և փուլ առ փուլ։ Սակայն հաշվված օրեր անց պաշտոնական Բաքուն վերսկսեց Հայաստանի հետ սահմանին պարբերաբար տեղի ունեցող ռազմական բախումները, նախագահի մակարդակով վերադարձավ վերջնագրային լեզվին՝ կապված միջանցքի հետ, և նույնիսկ սկսեց պահանջել «ժամկետ, թե երբ են հայերը բացելու միջանցքը»։ Նաև պարզվեց, որ գերիների հարցում, որքան էլ ռուսաստանյան կողմը հակառակը պնդի, ճեղքում չի նախատեսվում, տարածաշրջանային հաղորդակցային կապերի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի հանդիպումը նույնպես ոչ մի ճեղքում չի կանխատեսում, մտացածին պատճառով էլ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Ստոկհոլմում հրաժարվել է  Հայաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից։

Ընդսմին, Սոչիից հետո տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, որոնք տարբեր կերպ անդրադառնալու են կողմերի «մեկնարկային դիրքերի» վրա ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպման ժամանակ Բրյուսելում, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները, եթե չլինեն ինչ-որ ֆորս-մաժորներ, պետք է նորից հանդիպեն։

Ադրբեջանն այս ընթացքում ձգտում է առավելագույնս ներդաշնակեցնել իր հարաբերությունները տարածաշրջանային դերակատարներ Իրանի ու Թուրքմենստանի հետ, իսկ Հայաստանն էլ հաջակցություն ժողովրդավարությունների՝ ԱՄՆ նախագահի նախաձեռնությամբ հրավիրված գագաթնաժողովին իր մասնակցությամբ ներդաշնակեցնում է ժողովրդավարական հանրության առաջնորդ երկրների հետ իր հարաբերությունները, համագործակցություն, որի շրջանակներից դուրս են մնացել և՛ Ադրբեջանը, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մասնակցեց 3+3 (2) ձևաչափի շրջանակներում անցկացված մոսկովյան հանդիպմանը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ-ների փոխնախարարների մակարդակով, այն պարագայում, երբ Վրաստանը կտրականապես հրաժարվել էր նման գաղափարից։ Այսպիսով, ի՞նչ է իր հետ Բրյուսել տանում հայկական դիվանագիտությունը և ի՞նչ սպասել այնտեղ կայանալիք հանդիպումից. այս մասին են մեր հերթական թողարկման նյութերը։

Share