Ղարաբաղյան հիմնախնդիրը՝  ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի հանրային քննարկումներում

 

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
“Անալիտիկոն” հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ-Երևան

 

 Ս.թ. հոկտեմբերին Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը սկիզբ դրեց ամենատարբեր հարթակներում դրա հանրային քննարկումներին։ Քննարկումներում գնահատականներ էին տրվում մի շարք ոլորտներում ակնկալվող համագործակցության հեռանկարներին, ինչը բնական էր, քանի որ Համաձայնագրում անդրադարձ կա ԵՄ-ՀՀ գործընկերության  քաղաքական, քաղաքացիական, իրավական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, կրթական, մշակութային և այլ ոլորտների բարեփոխումներին:Քննարկումներում, ինչպես և ակնկալվում էր, առանձնակի ուշադրություն էր դարձվում ղարաբաղյան հիմնախնդրին։

Ինչպես հայտնի է, Համաձայնագրում նշվում է, որ կողմերն ընդունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարատև կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը։ Նշվում է նաև, որ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես, ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա, հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությունը:

Հայաստանյան փորձագիտական շրջանակներում ըստ ամենայնի քննարկվել են այս ձևակերպումները։ Կատարվել է Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրերի համեմատական վերլուծություն, նշվել դրանց քաղաքական մասերի տարբերությունները։ Մասնավորապես, ընդգծվել է, որ Վրաստանի և Մոլդովայի ասոցացման պայմանագրերի մեջ՝ որպես այս երկրների հակամարտությունների կարգավորման համար հիմնարար սկզբունք, նշվում է միայն տարածքային ամբողջականությունը, իսկ ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին խոսք չկա։ Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագիրը տարածքային ամբողջականության սկզբունքից բացի նշում է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Ավելին, թե՛ Մոլդովայի ու Վրաստանի, և թե՛ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրերում նշվում է, որ կողմերը հավատարիմ են անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության պահպանմանը։ Մինչդեռ Հայաստանի հետ համաձայնագրում տարածքային ամբողջականությանը չի տրվում առաջնային նշանակություն։

Փորձագետներից ոմանց կարծիքով՝ այս ձևակերպումը հերթական անգամ ցույց է տալիս, որ ԵՄ մոտեցումը ղարաբաղյան հակամարտությանը հստակ տարբերվում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հակամարտությունների հանդեպ ԵՄ դիրքորոշումից։ Նաև հնչել է կարծիք, որ այս ձևակերպումը օրինական հիմքեր է ստեղծում երբևէ ԵՄ կողմից Արցախը պաշտոնապես ճանաչելու համար։

Մյուս կողմից էլ հնչել է հակափաստարկ՝  մի կողմից ԵՄ-ն ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, մյուս կողմից էլ փորձ չի կատարվում աշխատել Արցախի հանրության հետ ժողովրդավարական ինստիտուտների կայացման հարցում, մինչդեռ դա կարելի է անել թեկուզև ՀՀ քաղաքացիական հասարակության միջոցով։ Փորձագետների ուշադրությունից կարծես դուրս էր մնացել բավականին տևական ժամանակ գործող EPNK ծրագիրը, որում ներգրավված են նաև արցախյան ՀԿ-ները։ Ճիշտ է՝ սույն նախաձեռնությունը միտված է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը նպաստելուն և հակամարտության կողմերի միջև երկխոսության խրախուսմանը, այլ ոչ թե զարգացման ծրագրերին։

Իսկ ի՞նչ կարծիք ունեին Արցախում նշյալ տարբերություների մասին։ Ըստ գերակշռող մտայնության՝ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ղարաբաղյան հիմնախնդրի մասին տեղ գտած ձևակերպումները չեզոք են, ուստի և տարակուսանք չկա այն բանի կապակցությամբ, որ դրանք ընդունելի են պաշտոնական Երևանի համար։ Սակայն պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն այս առումով ավելի կոշտ է՝ ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ չպիտի հիշատակվի տարածքային ամբողջականության սկզբունքը՝ նույնիսկ ազգերի ինքնորոշման իրավունքի ուղեկցությամբ։

Բայց հայաստանյան հարթակներում համաձայնագրի այս հատվածի շուրջ քննարկումների մթնոլորտն ավելի դրական ու ավելի լավատեսական էր։ Քանիցս նշվել է, որ Ադրբեջանը նույնատիպ պայմանագիր է պատրաստվում ստորագրել ԵՄ-ի հետ, ուստի և փորձագետները հակված էին կարծելու, որ այն, ինչ տեղ գտավ Ղարաբաղի հետ կապված այս պայմանագրում, ինքնաբերաբար տեղ է գտնելու նաև Ադրբեջանի հետ ստորագրվելիք պայմանագրում։

Միևնույն ժամանակ լուրջ մտահոգության տեղիք էին տալիս ԱլԳ երկրների գագաթնաժողովում ընդունվելիք հռչակագրում այլ, ոչ հայանպաստ ձևակերպումների հնարավոր առկայության մասին կասկածները, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը և մասնավորապես Կատալոնիայում ու Իրաքյան Քրդստանում անկախացման գործընթացների ոչ բարեհաջող ընթացքը բարենպաստ պայմաններ էին ստեղծել տարածքային ամբողջականության մասին սկզբունքի առավել ընկալելիության համար։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ եթե կոնկրետացվի տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը մեզ հուզող հարցի հետ, ապա այն պետք է ձեւակերպվի նույնկերպ, ինչ երկու տարի առաջ Ռիգայի գագաթնաժողովում եւ ՀՀ-ԵՄ երկկողմանի համաձայնագրում: Այսինքն` անդրադարձ լինի Մինսկի խմբի շրջանակներում մշակված սկզբունքներին, որտեղ տարածքային ամբողջականությունը համակցվում է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ:

Ոմանց կարծիքով էլ՝ ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ հնարավոր ձևակերպումների հետ կապված մտահոգություններն անտեղի են, քանի որ շատ ավելի կարևոր են Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում տեղ գտած ձևակերպումները: Ի վերջո, համաձայնագիրն անժամկետ է, և հայկական կողմը հենց դրանով է առաջնորդվելու, իսկ գագաթնաժողովի հռչակագիրն, օրինակ, կարող է միանգամայն այլ շեշտադրումներ ունենալ, ասենք թե, երկու տարի հետո՝ ածանցված առկա աշխարհաքաղաքական իրողություններից։

Քննարկումների ամենաթեժ ժամանակահատվածում հրապարակվեց նաև Հայաստանի արտաքին-քաղաքական գերատեսչության կարծիքը, ըստ որի Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. հաջակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Հենց այսպես է մեկնաբանել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրում հակամարտություններին վերաբերվող կետին:

Այսպես թե այնպես՝ մինչև վերջին պահը լուրջ կասկածներ կային առ այն, թե արդյո՞ք Հայաստանը կստորագրի Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի հռչակագիրը, թե՞ ոչ։ Կասկած կար նաև, որ հռչակագրի հնարավոր անբարենպաստ ձևակերպումները կարող էին առիթ դառնալ ընդհանրապես Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից հրաժարվելու համար։ Որպես օրինակ բերվում էր 2013-ի նախադեպը, երբ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանն անսպասելի շրջադարձ կատարեց և Մոսկվայի դրդմամբ հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման համաձայնագրից։

Այնուամենայնիվ, հայաստանյան քննարկումների ընդհանուր մթնոլորտը գերազանցապես լավատեսական էր, իսկ փորձագետների ճնշող մեծամասնությունն էլ վստահ էր, որ համաձայնագիրը կստորագրվի, և ոչ մի տհաճ անակնկալ էր չի լինի։

Այդպես էլ եղավ։ Եւ փառք Աստծո։

Share

Comments are closed.