Տարածաշրջան. կորսված հնարավորություններ

Կարեն ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
“Հելսինկյան նախաձեռնություն-92” կազմակերպության
Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող
Ստեփանակերտ

Հարավային Կովկասն իր հարստագույն ածխաջրածնային պաշարներով եւ օգտակար հանածոներով, ինչպես նաեւ բացառիկ հաղորդակցային տեղադրությամբ Խորհրդային Միության փլուզումից անցած տասնամյակներում ոչ միայն դարձել է համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների շահերի դիմակայության թատերաբեմ, այլեւ մարդկության արագընթաց համաշխարհայնացման ֆոնին մասնատրոհման (desintegration) գործընթացների ակնառու օրինակ:

Հարավային Կովկասի բոլոր բաղադրիչների անհավասար զարգացումը, ինչպես միջազգային հանրության կողմից ճանաչված  Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում, այնպես էլ չճանաչված Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ Լեռնային Ղարաբաղում այսօրվա գլխավոր տարածաշրջանային մարտահրավերն է, որը հակամարտությունների չկարգավորվածության պայմաններում կարող է դառնալ տարածաշրջանում անկայունության եւ ռազմական գործողությունների վերսկսման խթանիչը:  Միանգամայն ակներեւ է, որ Հարավային Կովկասի զարգացման հեռանկարները հարկ է դիտել իր բոլոր էթնոտարածքային բաղադրիչների եւ մարդկային չափման հարաչափերի հարափոփոխ փոխազդեցության համատեքստում:

Կասպից ավազանի Ադրբեջանի տարածքային հատակին հարակից հարստագույն ածխաջրածնային պաշարները, որոնք համընկնում են Եվրամիության եւ Արեւմուտքի այլ երկրների` եվրոպական շուկաներ էներգակիրների փոխադրման ուղիների անվտանգության եւ բազմակիացման ապահովման ծրագրային նպատակին, արմատապես փոխում են ողջ հարավկովկասյան տարածաշրջանի նշանակությունը համաշխարհային քաղաքականության օրակարգում:  Այսուհանդերձ, հարստագույն բնական պաշարների եւ բացառիկ հաղորդակցային հնարավորությունների առկայությունը տարածաշրջանը վերածում են միջազգային օրակարգի եւ տարածաշրջանային պետությունների հավակնությունների պատանդի: Ուստի, Հարավային Կովկասում առաջընթացի գինն ուղղակիորեն շաղկապվում է ինչպես աշխարհակալ եւ տարածաշրջանային տերություններից բխող մարտահրավերների, այնպես էլ ներքին հակամարտությունների չկարգավորվածության հետ:

Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասի երկրների համար ծագել է ազգային շահերից վեր կանգնելու եւ համաշխարհային հանրության դինամիկ մասի վերածվելու բացառիկ հնարավորությունը: Ավաղ, ղարաբաղյան, հարավօսական եւ աբխազական հակամարտությունները նշանավորվել են ոչ միայն տասնյակ հազարավոր մարդկային կյանքերի անդառնալի կորստով, այլեւ տասնամյակներով արգելակել են ողջ տարածաշրջանի զարգացումը:  Այսօր էլ Հարավային Կովկասի տարածքում հակամարտությունների կարգավորվածության բացակայությունն, անգամ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ընտրովի ճանաչման պայմաններում, լուրջ խոչընդոտ է ողջ տարածաշրջանի ժողովրդավարական բաղկացուցչի զարգացման ճանապարհին: Հարավային Կովկասի ճանաչված եւ չճանաչված իշխող վերնախավերի համար ազատությունների սահմանափակումը սեփական վարչակարգերի հարատեւման եղանակ է, որը միմյանցից քիչ զանազանվող ավտորիտար կառավարման կառույցների ձեւն է: Դրա հետեւանքով Հարավային Կովկասի բնակչության ճնշող մեծամասնությունը ոչ միայն հնարավորություն չունի լրջորեն մասնակցելու պետությունների կառավարմանը, այլեւ զրկված է պետությունների ահռելի եկամուտների շնորհիվ ձեւավորվող բարիքներն արդարորեն բաշխելու հնարավորությունից, որոնք բաշխվում են հիմնականում օլիգարխների եւ իշխող վերնախավերի նեղ շրջանակում: Արդյունքում ողջ Հարավային Կովկասի տարածությունում կարելի է դիտել միեւնույն պատկերը` պետական ՙվերնախավերի՚ ֆոնին ժողովուրդների ամբողջական չքավորությունը: Անգամ համեմատաբար հարստագույն Ադրբեջանում բնակչության կենսամակարդակը համարյա նույնն է հարեւան պետություններում առկա հանրային բարեկեցության ցուցանիշներին:

Ժողովրդավարության բացակայությունը կամ վերջինիս նմանակային առկայությունն ի չիք են դարձնում իշխանությունների գործունեության նկատմամբ որեւէ վերահսկողություն: Այստեղից էլ` զանգվածների համատարած հիասթափությունը եւ ավելի լավ ապագայի հանդեպ անհավատությունը: Ավելին` զանգվածների դժգոհության էներգիան, որը որեւէ այլ տարածաշրջանում կվերաճեր հետզհետե հեղափոխությունների վերածվող բողոքի զանգվածային ցույցերի եւ վերնախավերի փոփոխությանը (Մերձավոր Արեւելքի երկրների օրինակով), Հարավային Կովկասի պարագայում համարյա չի գործում: Վերնախավերը հանդես են գալիս արտաքին թշնամի պետությունների օգտին գործելու մեղադրանքով (Վրաստանի դեպքում` Ռուսաստանը, իսկ Հայաստանի պարագայում` Ադրբեջանը):  Նույնը կարելի է ասել նաեւ չճանաչված պետությունների մասին, որտեղ իրական ժողովրդավարության վերահաստատմանը միտված որեւէ պայքար ուղեկցվում է իշխանությունների կողմից բողոքողների հասցեին հնչող մեղադրանքներով, թե, իբր, նրանց գործունեությունը ձեռնտու է ազգի թշնամիներին, որոնք ամեն րոպե կարող են վերսկսել պատերազմը եւ վերացնել ինքնահռչակ անկախությունը… Արդյունքում, զանգվածները նախընտրում են չդառնալ գալիք սերունդների եւ իրենց երկրների պատմության համար պարսավանքի առարկա եւ հրաժարվում պայքարից:

Բացի դրանից, Հարավային Կովկասի բոլոր երկրներում վերնախավերն ստեղծել են շատ արդյունավետ բռնաճնշման համակարգ, որն ի վիճակի է հիմնավորապես արմատախիլ անել իշխանությունների հանդեպ դժգոհության այնպիսի ծիլեր, որոնք կարող են հանգեցնել ավտորիտար վարչակարգերի փոփոխությանը: Զարմանալի է նաեւ, որ շատ հարցերում այսպես կոչված ՙվերնախավերը՚ դրսեւորում են ուշագրավ համերաշխություն` իրենց երկրներում ստատուս-քվոն պահպանելու եւ հարեւան երկրներում վարակիչ օրինակ դառնալուն ունակ ժողովրդավարական բաղկացուցիչների դրական փոփոխություններին նախանձախնդրորեն խոչընդոտելու հարցում:

Այս ամենի հետեւանքով Հարավային Կովկասի ողջ տարածությունում վերնախավերն ու բնակչությունը նրանց իսկ նախաձեռնած գործընթացների պատանդն են եւ ուղղակի պատասխանատվություն են կրում հասարակական փոխհարաբերություններում ստատուս-քվոյի պահպանման համար: Երկրները, որտեղ բացակայում են լուրջ ժողովրդավարական բարեփոխությունները, պատճառաբանում են իրենց կացությունն ու վարքագիծը էթնոտարածքային չհանգուցալուծված հակամարտությունների առկայությամբ: Սոցիալ-տնտեսական ոլորտում լուրջ զարգացման բացակայությունը նույնպես մեկնաբանվում է չլուծված հակամարտության գոյությամբ: Իհարկե, նման պատճառաբանություններն ամբոխավարության տեսանկյունից ճշմարիտ են: Բայց այդ գաղափարախոսությունը պահպանողները վախենում են պատասխանատվություն ստանձնել իրավիճակի փոփոխության համար, քանի որ նրանք վերջինիս պատանդն են:

Իհարկե, ժամանակակից Հարավային Կովկասի պատմության մեջ կա նաեւ Վրաց պետության եւ հասարակության համարձակ բարեփոխման օրինակը:  Վարդերի հեղափոխությանը հետեւած լուրջ ժողովրդավարական փոփոխությունները ոգեշնչել են վրաց ղեկավարությանը, որը վճռել է, թե ինքն ընդունակ է արմատապես հանգուցալուծելու իր տարածքում առկա հակամարտությունները: Հետագայում, օգոստոսյան տխուր իրադարձությունները Վրաստանի համար հանգեցրել են ոչ միայն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերջնական կորստին, այլեւ ժողովրդավարական գործընթացների հետընթացին եւ Սաակաշվիլու վարչակարգի դեմ ուժգնացած հարձակումներին: Ժողովրդավարական ընդդիմության դեմ բռնաճնշումներն արդարացվում են Ռուսաստանի կողմից արտաքին սպառնալիքի առկայությամբ, իսկ ժողովրդավարական ընդդիմությունն իշխանությունների կողմից բնութագրվում է որպես 5-րդ շարասյուն:

Այսպիսով, ժամանակակից Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ անգամ ժողովրդավարական պետություն ունենալու պարագայում իշխող վերնախավը եւ բնակչությունը կարող են դառնալ հանգամանքների պատանդ…

Ցավոք, միջազգային հանրությունը, գիտակցելով ողջ Հարավային Կովկասում ժողովրդավարական գործընթացի  բոլոր չափորոշիչների առումով իրական առաջընթացի բացակայությունը, շարունակում է սատարել այդ երկրներում ստեղծված իրավիճակի համար մեղավոր կառավարություններին, միամտաբար կարծելով, որ այդ վարչակարգերին ցուցաբերվող աջակցությունը կարող է հանգեցնել այդ երկրների ժողովրդավարական բաղադրիչների փոփոխությանը:  Թեեւ, իմ կարծիքով, միջազգային կազմակերպություններն այս դեպքում պետք է դիմեն համակարգված գործողությունների` Հարավային Կովկասի վերնախավերին իրենց երկրներում իրական փոփոխությունների ու հիմնարար ազատությունների ապահովումը պարտադրելու համար: Հենց նման մոտեցման դեպքում հարավկովկասյան պետությունների հասարակություններն ի վիճակի կլինեն Հարավային Կովկասը վերափոխել բարգավաճող տարածաշրջանի, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու համար տիրում են օրենքի գերակայությունը եւ անհատների ներդաշնակ ինքնադրսեւորումը:

Share

Comments are closed.