Խաղաղությունը մեր ժամանակներո՞ւմ, թե՞ խաղաղությունը մեր պայմանների հիման վրա

Լոուրենս ԲՐՈԵՐՍ
Հաշտության պաշարներ
կազմակերպության կովկասյան ծրագրերի մենեջեր
Լոնդոն

“Կորսված հնարավորությունները” եւ դրանց հակոտնյան` ՙհնարավորությունների պատուհանները՚` միջնորդի երդմնեցուցչությունն են (mantra): Տարբեր պայմաններում, բայց, հատկապես, երբ խաղաղ բանակցություններն անհաջողության են մատնվում կամ վերսկսվում են բռնությունները, անընդհատ լսում ես ՙկորսված հնարավորությունների՚ մասին: Հարավային Կովկասը 1990-ականների սկզբներից ի վեր բազում կորսված հնարավորությունների վկան է:

Այն ժամանակ դեռ հնարավոր էր կանխել ծագող պատերազմները, սակայն երբ թվում էր, թե համաձայնությունն արդեն ձեռք էր բերվել, ՙվերջին պահին՚ այն ի չիք էր դարձվում: Ավելի լայն իմաստով վերցրած` հակահակամարտային նախաձեռնություններում ներգրավվելու հնարավորությունները լրջորեն չէին ընկալվում: Միաժամանակ, հաճախ ասում են, թե ընտրությունների հարապտույտի կամ որեւէ մեծ խաղացողի ջանքերի շնորհիվ գոյանում է ՙհնարավորությունների պատուհանը՚:

 

Սակայն ինչո±ւ այս հնարավորությունները ՙկորսված են՚: Ի±նչն է դրանք աներեւույթ դարձնում այն ժամանակ, երբ դրանք դեռեւս ՙառկա՚ հնարավորություններ էին: Ես կփորձեմ շատ համառոտակիորեն կանգ առնել այս հարցերի վրա` հղում կատարելով ղարաբաղյան հակամարտությանը:

 

Հասկանալու համար, թե ինչու է հնարավորությունը կորսված, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է տեղի ունենում որոշումների ընդունման գործընթացն այն անձի մոտ, ով ենթադրաբար այդ հնարավորությունը ՙկորցնում՚ է: Մեզնից կպահանջվի հասկանալ, թե ինչ են մտածում առաջատար քաղաքական գործիչները եւ ինչպես են նրանք որոշումներ ընդունում: Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված առանցքային քաղաքական դեմքերն ավելի քան 17 տարի օժտված չէին լայն ժողովրդավարական վստահության քվեով: Անգամ եթե նրանք ընտրություններում հաղթած լինեին իսկապես ժողովրդավարական ճանապարհով, այս կամ այն պատճառով նրանք չէին համարձակվի ընդունել հաշտության տարբերակը: Այսպիսով, ղարաբաղյան հարցում նրանց տրամադրության տակ կա մանեւրի սահմանափակ տարածություն, քանի որ թե° հայկական, եւ թե° ադրբեջանական հասարակություններում Ղարաբաղի շուրջ առկա է համընդհանուր համաձայնություն (consensus):

 

Արդյունքում` ստեղծված խոցելիությունը ոչ մի կերպ չի զսպում ղարաբաղյան հակամարտության կործանարար ներուժը: 1990-ականներին Ղարաբաղը հաճախ ցուցադրել է Հայաստանում եւ Ադրբեջանում վերնախավային հեղաշրջումներ իրականացնելու ունակությունը:  Ուստի, զարմանալի չէ, որ վերնախավերը հակամարտությունն ու խաղաղ գործընթացը դիտարկում են հենց սպառնալիքի տեսանկյունից: Երեւույթն ընկալվում է այնպես, որ եթէ ստատուս-քվոն ըստ էության հղի է երկարաժամկետ վտանգներով, ապա կարճաժամկետ կամ միջնաժամկետ կտրվածքով այն կանխատեսելի է եւ` որոշակիորեն կառավարելի: ՙՀնարավորությունների պատուհանները՚ վտանգավոր են նրանով, որ սպառնում են կառավարվող վտանգի սույն հարմարավետ գոտուն: Հայ եւ ադրբեջանցի ղեկավարների համար գլխավոր երկընտրանքն այն է, որ կասկածելի ու վտանգավոր քայլերով Ղարաբաղին վերաբերող ՙհնարավորությունների պատուհանների՚ փոփոխությունը գրավիչ է միայն այն դեպքում, երբ նշված փոփոխությունը չկատարելու հանգամանքն ավելի վտանգավոր է:

 

Իրավիճակը վտանգի կաղապարի միջով դիտելու դեպքում` ՙկորսված հնարավորությունները՚, փաստորեն, հանդես են գալիս որպես ՙվտանգի չենթարկված հնարավորություններ՚: Նման մոտեցումը կփոխվի միայն այնպիսի իրադարձությունների հետեւանքով, որոնք հակամարտության համատեքստում ի վիճակի կլինեն փոխելու խաղի էությունը (օրինակ` կողմերից մեկի վճռորոշ ռազմական գերակայությունը կամ փոխզիջման հնարավորություն ստեղծող` հանուն խաղաղության լայնածավալ շարժումների առաջացումը), իսկ անգործության վտանգն ավելի մեծ կլինի, քան` գործելունը:

 

Իսկ ի±նչ անել հանրային կարծիքի հետ: Ինչո±ւ է բացակայում առկա հնարավորություններից օգտվելու զանգվածային գիտակցությունը կամ հակամարտությունն օր առաջ հանգուցալուծելու սուր անհրաժեշտության զգացումը: Այս հարցի լիարժեք պատասխանը պահանջում է բազմաթիվ այնպիսի հայեցակետերի քննարկում, ինչպիսիք են` բուն հանրային կարծիքը բացահայտելու դժվարությունները կամ խաղաղ գործընթացում հանրային մասնակցության հնարավոր կամ անհրաժեշտ չափի վերաբերյալ դատողությունները: Ես կանգ կառնեմ միայն մեկ հայեցակետի վրա, որը մեծ տարածում ունի եւ° հայ, եւ° ադրբեջանական հասարակություններում: Խոսքս` ՙժամանակը մեր օգտին է աշխատում՚ առասպելի մասին է:

 

Մի կողմից` հայերը դիտում են աշխարհում Կոսովոյից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից սկսած մինչեւ Հարավային Սուդան նոր ինքնիշխանությունների շքերթը: Նրանց կարծիքով, աշխարհն ընթանում է տարածքային ամբողջականության նկատմամբ կարծր նախապատվությունից դեպի այն իրողության ճանաչումը, որ առանձնահատուկ հանգամանքների առկայության դեպքում նոր պետություններին կարելի է կամ պետք է թույլ տալ կայանալու: Կա եւ փաստացի պարզորոշ իրողություն` որչափ երկար գոյություն ունի որեւէ կազմավորում ու ինքնություն, այնչափ այն ավելի իրական եւ բնական է երեւում:  Մյուս կողմից` ադրբեջանցիներն էլ հիմք ունեն վստահ լինելու, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում, թեեւ այստեղ մենք գործ ունենք այլ հոգեբանության հետ: Ապավինելով իրենց երկրի աճի ներկայիս գերարագ տեմպերին` նրանք խաղաղ գործընթացի այժմյան լճացումն իրենց երկրի համար օգտակար են համարում: Նրանք համոզված են, որ Ադրբեջանը շուտով կկարողանա ձեռք բերել այնպիսի սպառազինություն, որը թույլ կտա հակակշռել ցամաքի վրա ռազմավարական առումով անբարենպաստ դրությունը: Կանխատեսումն այն է, որ տարածաշրջանային մեկուսացումից տնտեսապես տուժող Հայաստանը ժամանակի ընթացքում զրկվելու է Ադրբեջանի հետ մրցելու որեւէ հնարավորությունից:

 

Ստատուս-քվոն վնասում է ոչ միայն նախագահներին, այլեւ հանրային կարծիքին, հատկապես` Ադրբեջանում, բայց ոչ այն աստիճան, որ զարկ տա ՙխաղաղությունը մեր ժամանակներում՚ հոգեբանական դրվածքին` ի հակակշիռ  ՙխաղաղություն մեր պայմանների հիման վրա՚ կարգախոսի:  Բայց վերջին մոտեցումն էլ է վտանգներով հղի: Թեեւ իմ խոսքերը հայ ընթերցողների մոտ մեծ ժողովրդականություն չեն վայելի, բայց ասեմ, որ նշանակալից վտանգ կա Ղարաբաղի հարակից տարածքների հանդեպ նրանց աճող սեփականության զգացման մեջ:  Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան շատ է ամրանում հոգեբանական հարումը ՙ42 հազ. քկմ՚ հայեցակարգին, թեեւ ղարաբաղյան հակամարտության բռնկման օրոք այդ տարածքների վրա ինքնիշխանությունը հայկական հավակնությունների մաս չէր կազմում:

 

Ադրբեջանի համոզվածությունը, թե ռազմական ուժի վերածված հարստությունը թույլ կտա իր օգտին խախտել հավասարակշռությունը, նույնպես վտանգավոր է: Վրաստանի օրինակը ցույց է տվել, որ ռազմական ներդրումների եւ ռազմական գործողությունների արդյունքի միջեւ պարզ համապատասխանություն գոյություն չունի:  Զինված հակամարտությունը նաեւ շատ մեծ վտանգներ ենթադրող ռազմավարությունն է. մարտի դաշտում հաջողություն չունեցած կառավարությունները մեծ հավանականությամբ կարող են իշխանազրկվել: 1990-ականների սկզբների Ադրբեջանի սեփական փորձը պարունակում է այդ միտումը հաստատող շատ օրինակներ: Եվ քանի որ Ադրբեջանի ղեկավարների վերահսկած պաշարներն ադրբեջանական քաղաքականության մեջ երազելի պարգեւավճար են, դժվար թե Ղարաբաղում անորոշ արդյունքի հասնելու դիմաց նրանք պատրաստ կլինեն այն վտանգելու:

Այսպիսով, ստեղծվում է մի իրավիճակ, երբ վտանգից խուսափող վերնախավերը նախընտրում են կառավարել իրավիճակը նվազ փոփոխական ստատուս-քվոյի միջոցով` իրենց հասարակություններին հավատ ներշնչելով, թե չարժե փորձարկել խաղաղության հնարավորությունների մեջ առկա վտանգները կամ, համենայն դեպս, չարժե դա անել ներկա պահին:

 

Արդյո±ք կա պտուտաբար կրկնվող ՙհնարավորությունների պատուհանների՚ եւ ՙկորսված հնարավորությունների՚ այլընտրանքը: Կա մեկ նման այլընտրանք` ՙհնարավորությունների պատուհաններում՚ վերին եւ ստորին գագաթների փոխարինումն աստիճանական, հարաճուն մոտեցմամբ, որը միտված է վստահության վերականգնմանը եւ ենթադրում է մշտական եւ ոչ պտուտավոր ժամանակային շրջանակ:  Նման մոտեցման նպատակը` հնարավորության գոյության երբ եւ որտեղ լինելու ընկալման հարաչափերի փոփոխությունն է:  Անհրաժեշտ է փոխել այն ընկալումը, որի համաձայն խաղաղ գործընթացի համար ծագող հնարավորությունների պատուհանն ուղեկցվում է վերնախավերի համար աճող վտանգով: Այս հավասարությունը պետք է փոխել այնպես, որ խաղաղ գործընթացի համար հնարավորություններն ընկալվեն որպես վերնախավերի համար հնարավորություն: Դա ինքնին դժվարին սցենար է եւ որպեսզի այն իրականանա, անհրաժեշտ է, որ վերնախավերն առաջնորդեն հասարակություններին:

Share

Comments are closed.