Պատերազմի և խաղաղության միջանցքներում

 


Վարդիթեր ԱՌՍՏԱՄՅԱՆ

Նորանկախ Արցախում ռազմական դրություն է։ Վաղուց։ Պատերազմից ի վեր։

Պատերազմից 23 տարի է անցել, այդ ընթացքում իրավիճակը փոխվել է, բարելավվել է կյանքը, աստիճանաբար երկիրն անցնում է խաղաղ կենսակերպի, մեր քաղաքներում ու գյուղերում պատերազմը հիշեցնող քիչ բան է մնացել…Բայց մնացել է կորստի ցավը։ Սահմաններին դեռ 18 տարեկան երիտասարդներ են զոհվում։ Ընդունված է ասել, որ մենք ապրում ենք «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում։ Մի քիչ կխմբագրեի՝ ապրում ենք «Եվ պատերազմ, և խաղաղություն» իրավիճակում։ Ասել է թե՝ և ուրախություն, և տխրություն, և հրճվանք, և ցավ, և ավետիս, և գույժ, և կյանք, և մահ, և անդորր, և… Համար Մեկ։

Համար Մեկ (պատրաստության առաջին աստիճան, վտանգի առաջին աստիճան) ոչ միայն սահմաններին, այլև ամենուր, այդ թվում` մեր հոգիներում։

Այո, պատերազմից 23 տարի է անցել, բայց արտաքին սպառնալիքը դեռ մնում է, այն դամոկլյան թրի պես շարունակում է կախված մնալ մեր գլխին։ Դրա համար էլ ռազմական դրություն է։ Դրա համար էլ մենք միշտ զգոն ենք, աչալուրջ և ամեն ինչի պատրաստ։ Ու այս տիրույթում էլ պիտի գտնենք մեր անդորրն ու երջանկությունը։ Մեր աչալուրջ, մեր վախվորած երջանկությունը։ Մեր անհանգիստ հանգիստը։

Մենք ապրում ենք պատերազմի և խաղաղության միջանցքներում։

Ռազմական դրությունը նաև մեր հոգիներում է։ Մի կողմից  լավ է՝ պատրաստ ես ամեն ինչի, և քեզ դժվար է անակնկալի բերելը։ Մյուս կողմից էլ վատ է՝ ամեն ինչ ընկալում ես գրեթե ռազմական տեսանկյունից։ Այդ թվում՝ առօրյան։

Արցախի առաջին ղեկավարներից մեկն ասել է, որ ոչ միայն պատերազմն է մեր կենցաղը դարձել, այլև մեր կենցաղն է պատերազմ դարձել։ Ձեռք բերած ամեն ինչ հաղթանակ է ու ռազմավար՝ մեծ թե փոքր (աշխատանք, գումար, նպաստ)։ Կորցրած ամեն ինչ պարտություն է ու նահանջ (աշխատանք, գումար, նպաստ)։

Ինչպես ասում են՝ կյանքը պայքար է։ Մեր պարագայում՝ պատերազմ։ Չէ՝ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»։ Ավելի ճիշտ՝ «Եւ պատերազմ, և խաղաղություն»։

Ինչպես հայտնի երգիչը կասեր՝ հենց այսպես էլ ապրում ենք։

Ու կապրենք՝ փույթ չէ։

Միայն թե 18 տարեկան երիտասարդների սրտները շարունակեն բաբախել։ Միայն թե լուրերի ժապավեններում չլինեն գույժեր։

Հենց այսպես էլ ապրում ենք՝ պատերազմի և խաղաղության միջանցքներում։

photo: AGBU Europe

 

 

 

Share

Comments are closed.