Թոշակառուներն էլ են ուտել ուզում

 


Ալյոնա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Ուզում եմ ձեզ ծանոթացնել 1942թ․ ծնված ստեփանակերտցի Արփինե Կարապետյանի հետ։

Նա ստացել է միջին մասնագիտական կրթություն և որպես ապրանքագետ ուղարկվել է Բաքու՝ կոոպերատիվ խանութում ըստ մասնագիտության տեխնիկական աշխատանքներ կատարելու համար։ 12 տարի աշխատելուց հետո ազգային խտրականության պատճառով նա ստիպված է եղել գործից դուրս գալ՝ ադրբեջանցի տնօրենը նրան ազատեց գործից։ Ի հեճուկս բոլոր ջանքերի՝ նրան չհաջողվեց հետ ստանալ իր աշխատանքային գրքույկը․ արխիվից փաստաթուղթ ստանալն ուղղակի անհնար էր, նրա գրավոր հարցումներն էլ մերժվում էին։1972 թ․ նա մեկնեց Ռուսաստան՝ Սվերդլովսկ, որտեղ ավարտեց մեքենաշինության պետական համալսարանը՝ վարպետ-կռունկավար մասնագիտությամբ։ Երկար տարիներ աշխատել է կաթսայամեխանիկական գործարանում՝ որպես կաթսայական կայանքների մեքենավար։ Այնուհետև՝ Բելոյարսկի ատոմակայանում։ Դրանք բոլորը քիմիական վնասակար արտադրություններ էին, որոնցում աշխատելու համար նա ոչ մի փոխհատուցում չի ստացել։

1992թ․ Արփինե Կարապետյանը վերադարձավ հայրենի Ստեփանակերտ։ Պատերազմի և հետպատերազմյան տարիներին այստեղ շատ դժվար էր աշխատանք գտնել։ Ի վերջո, նա գործի անցավ Շուշիի Մշակույթի տանը՝ որպես հավաքարար, բայց երկու տարի աշխատելուց հետո առողջական խնդիրների պատճառով գործից դուրս եկավ։ Ունենալով 37-ամյա աշխատանքային ստաժ (Բաքվում աշխատանքի 12 տարիները հանած)՝ այսօր նա ստանում է 39 հազար դրամ (մոտ 80 դոլար) թոշակ։ Սոցիալական ապահովության գծով նրան՝ որպես միայնակ կնոջ, տրվում է 5 հազար դրամ (10 դոլար) հավելավճար։

Ի հեճուկս հազար ու մի ցավի և երկու միկրոինֆարկտների՝ նա հաշմանդամության իրավունքից չի օգտվում, ուստի՝ զրկված է նաև դեղորայքային աջակցությունից։ Աչքերը վիրահատելուց հետո, լինելով 80 տոկոսով տեսողությունը կորցրած անձ, նա ստիպված է անձամբ գնալ թոշակը ստանալու։

Արդյո՞ք կարելի է 44 հազար դրամով ապրել, եթե ամսական միայն դեղերի վրա ծախսվում է առնվազն 10 հազար, իսկ կոմունալ վճարների համար՝ ևս 15 հազար դրամ՝ չհաշված վերջին շրջանի գնաճը։ 100-գրամանոց թթվասերն արժե 250 դրամ, ձեթը՝ 650 դրամից սկսած, վերմիշելն ու ընդեղենը՝ 380-600 դրամ, իսկ տավարի միսը՝ 2500 դրամ։

Հե՜յ, դուք՝ վերևներում…

 

Share

Comments are closed.