Փախստականներ. երեկ, այսօր և վաղը

 


Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆ

Նախնիների հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ, նրանք վերադարձել են 1988 թվականին՝ նույն տարվա փետրվարին տեղի ունեցած սումգայիթյան իրադարձություններից հետո։ Պարտադրված տեղափոխությունը շարունակվել է նաև 1990 թվականին՝ Բաքվում ծավալված հունվարյան իրադարձությունների հետևանքով։  Բայց Արցախ վերադարձած առաջին ծիծեռնակները Սումգայիթի հայ փախստականներն էին։ Այդ ժամանակ դեռ ինքնավարության կարգավիճակ ունեցող Լեռնային Ղարաբաղը փախստականներին ըստ ամենայնի ապահովում էր աշխատանքով և բնակարանով (հանրակացարաններում, հիմնարկներում, հյուրանոցներում և այլուր)։Փախստականների երկրորդ ալիքը ժամանել է արդեն շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղ, որի ճանապարհներն ու բնակավայրերը գնդակոծվում և հրթիռակոծվում էին բոլոր կողմերից։  Ադրբեջանից շուրջ 30 հազար հայ է ապաստանել Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վարած խտրական քաղաքականության և ազգային պատկանելության հիման վրա մոլեգնած հալածանքների հետևանքով։

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմը տևեց չորս տարի…

Ակտիվ ռազմագործողություններից անցել է 25 տարի, բայց փախստականների հարցն արդիական է նաև այսօր։ Այսպես, Լեռնային Ղարաբաղը ցայսօր ճանաչված չէ, իսկ երկրի իշխանություններն էլ պատերազմից և ավերածություններից հետո ի վիճակի չեն փախստականներին լիարժեք օգնություն ցուցաբերել։

Պատերազմից հետո փախստականներից շատերը լեզվական պատնեշի պատճառով չեն կարողացել ինտեգրվել տեղի հանրությանը և ստիպված են եղել հեռանալ Ղարաբաղից։ Հեռանալու ծանրակշիռ պատճառներից էր նաև բնակարանների բացակայությունը։ Փախստականներից շատերն են մասնակցել արցախյան պատերազմին, զոհվել հայրենիքի համար մղված պաշտպանական մարտերում։

Ղարաբաղում բնակվող և միջազգային կարգավիճակ չունեցող փախստականները ստիպված են ինքնուրույնաբար լուծել իրենց առջև ծառացած խնդիրները։

Լեռնային Ղարաբաղի կառավարությունն ինչ-որ չափով փորձում է օգնել նրանց, բայց  տրվող աջակցությունը շատ փոքր է այդպիսի մեծածավալ խնդիրներ լուծելու համար։ Ներկա դրությամբ շուրջ 450 ընտանիքներ բնակարանի կարիք ունեն, բայց դեռ պարզ չէ, թե նրանց հերթը երբ է հասնելու։ Հիփոթեքային վարկավորման սոցիալական հիմնադրամը նույնպես չի թեթևացնում փախստականների խնդիրները. բանկերն առևտրային կազմակերպություններ են և սահմանում են վարկավորման իրենց՝ ոչ միշտ հասանելի պայմանները։

Ադրբեջանական ԽՍՀ-ում իրենց տներն ու բարեկեցությունը կորցրած մարդիկ «յուրայինների մեջ օտար են դարձել»։ Ցանկության դեպքում Լեռնային Ղարաբաղում փուլային ճանապարհով վաղուց կարելի էր կարգավորել փախստականների բնակարանային խնդիրները։ Դրանից հետո կարելի էր առաջ ընթանալ՝ կազմակերպելով ներկայումս Ռուսաստանում և այլուր բնակվող փախստականների հայրենադարձությունը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Նրանցից շատերը կվերադառնային իրենց նախնիների հայրենիքը, եթե վստահ լինեին, որ կառավարությունը նրանց բախտի քմահաճույքին չի թողնի։

Ի տարբերություն մեծահասակների՝ փախստականների երեխաները, որոնք ծնողների հետ միասին մանկահասակ տարիքում ստիպված են եղել հեռանալ իրենց օջախներից, ինչպես նաև փախստականների՝ Լեռնային Ղարաբաղում ծնված երեխաները կարողացել են ինտեգրվել ղարաբաղյան հասարակության մեջ։ Հայոց լեզվի իմացությունը, դպրոցը, համալսարանը, աշխատանքն ու համակեցությունը նրանց հաղորդել են ղարաբաղյան հասարակությանն ինտեգրվելու հզոր խթան։ Իմանալով օրենքներն ու լեզուն՝ երիտասարդ սերունդը դառնում է միջնորդ ավագ սերնդի և պետական պաշտոնյաների միջև։

Կցանկանայի, որ փախստականների նկատմամբ վերաբերմունքում շատ բան փոխվեր.

* Երկրի լիիրավ քաղաքացի լինելու և աշխատանքի տեղավորվելու ցանկություն ունեցող փախստականների համար կազմակերպել հայոց լեզվի ուսուցման դասընթացներ,

* Ստեղծել երկու պատերազմների միջով անցած և սթրեսից չձերբազատված փախստականների ավագ սերնդի համար հոգեբանական վերականգնման ծառայություն,

* Հրավիրել միջազգային կազմակերպությունների ուշադրությունը փախստականների խնդիրներին,

* Փախստականների համար տներ կառուցել ոչ միայն շրջկենտրոններում, այլև գյուղական բնակավայրերում։

 

Share

Comments are closed.