«Սեր, ազատություն, արդարություն՝ երեք գլխավոր արժեքները…»

 


Ջուլիետա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Հավանաբար, ձեզնից շատերը, ինչպես և ես, բազմիցս ականատես են եղել մի այնպիսի տեսարանի, թե ինչպես է երեխան փորձում պաշտպանել անարդարորեն նեղության մեջ հայտնված ընկերոջը, իսկ մեծահասակներն էլ համոզում են նրան չմիջամտել. «Մի՛ միջամտիր, ուրիշի գործերին մի՛ խառնվիր, դա քեզ չի վերաբերում…»։ Միգուցե և ձեզ վիճակվել է այդ երեխայի դերում հայտնվել։ Իսկ միգուցե, ինչն ավելի վատ է, դուք հենց այն հեղինակավոր մեծահասակն եք, որն անբիծ հոգու տեր մանկանը խորհուրդ էր տալիս հրաժարվել արդարությունից, որը մարդկության գլխավոր արժեքներից է, և, փաստորեն, դավաճանել մերձավորին, իսկ իրականում՝ ինքն իրեն։Հնարավոր չէ այս երևույթի նկատմամբ անտարբեր լինել և չհարցնել, թե ինչու է այդպես։ Ինչո՞ւ մենք, որ արդարության ենք տենչում, հեշտությամբ հրաժարվում ենք պայքարից և բարյացակամ չենք իրենց և մեր իրավունքները պաշտպանելու քաջություն ունեցողների հանդեպ։ Ավելի ուշ, բացահայտելով մեր երկրի դժվարին պատմությունը, ես սկսել եմ հասկանալ, թե ինչպես է այս մերժելի երևույթը հաստատվել և արմատավորվել մեր հասարակության մեջ։ Իսկ ուսումնասիրելով իմ ընտանիքի պատմությունը՝ գիտակցել եմ, թե որտեղից է սերում իմ մեջ այդքան ցավագնորեն դրսևորվող «արդարության զգացումը»։

Ես մեծանում էի բազմազավակ ընտանիքում. մեր մերձավոր ազգականներից երեքը ստալինյան բռնաճնշումների զոհեր էին։ Հիշում եմ, որ մեր ընտանիքում Ստալինի անունը երկար տարիներ շշուկով էր արտասանվում։ Տանը դրա մասին քիչ էին խոսում։ Ծնողներս ջանում էին մեր մանկությունը երջանիկ և ապահով դարձնել։ Ընդ որում՝ մեր ընտանիքում հացը միշտ արդար էր վաստակվում։

Հարություն պապիկիս տարան կուլակաթափության տարիներին, թեև հայրիկիս ընտանիքն ապրում էր գետնափոր տան մեջ և որևէ աչքի ընկնող ունեցվածք չուներ։ Ախր, Շուշանիկ (Շաշա) տատիկը մեծ սիրուց դրդված փախել էր գյուղի ամենահարուստ տան բատրակի հետ, այսինքն՝ օժիտ չէր ստացել։ Իրենց ընտանեկան կյանքը սկսվել էր պապիկի ընկերոջ նվիրած կարպետից, որն իրենց առաջին ամուսնական անկողինն էր։ Պատմում էին, որ պապս խիզախ և արդար մարդ էր, որ հաճախ քաջություն ուներ պաշտպանելու անարդարության զոհ նեղյալներին և անպաշտպաններին։ Շատերը նրա օգնությանն էին դիմում, ոմանք էլ՝ վախենում նրանից։ Նրանից վերջին նամակը ստացել ենք 1942-ին՝ Նովոռոսիյսկի մոտից։ Նրա հետագա ճակատագրի և թաղման վայրի մասին մեզ ոչինչ հայտնի չէ։


Հայրս՝ Գրիգորին,
շատ չարաճճի ու համարձակ էր, բայց միաժամանակ աչքի էր ընկնում արտասովոր դերասանական տաղանդով և շատ շնորհալի երաժիշտ էր։ 1946 թվականին նա արժանացել է Մոսկվայում՝ համամիութենական ինքնագործունեության փառատոնում ելույթի։ Բեմական կատարումից հետո նա վարագույրի հետևում ուրիշներին աննկատ լսել է գյուղսովետի ղեկավարների՝ իրեն վերաբերող զրույցը, թե Հարությունի որդին մեծացել է, և պետք է շտապ վերացնել նրան՝ նախքան այդ անվախ երիտասարդը հասցնի «պոկել» իրենց գլուխը՝ հոր մատնության վրեժը լուծելու համար։

Պետական հրահանգով Գրիգորիին հարկադրաբար ուղարկել են Բաքվի նավթահորերում աշխատելու։ Ավելի ուշ, երբ դեռ նորապսակ էր, նրան գործուղել են Մինգեչաուրի ՀԷԿ-ի կառուցմանը մասնակցելու։ Միայն ինը ամիս անց՝ 1950 թվականի օգոստոսին, մալարիայով մեկ ամիս հիվանդանոցում պառկելուց հետո, նա կարողացել է վերադառնալ հայրենի գյուղ՝ ընտանիքի մոտ։ Սեպտեմբերին՝ կաթնաֆերմայից վերադառնալու ճանապարհին նրան ձերբակալել են։

Հայրս ձերբակալության «պատճառի» մասին իմացել է քենուց՝ Էսթերից, որին միևնույն հոդվածով են ձերբակալել՝ «Աշխատանքային օրերի նվազագույն քանակը չլրացնելու համար»։ Գեղեցկուհի Էսթերը կոլտնտեսությունում երբեք չի աշխատել՝ թույլ թոքերի և քրոնիկական ռևմատիզմի պատճառով։ Վերջին հինգ տարիներին առողջական խնդիրների բերմամբ նա անկողնային վիճակում էր։ Բայց նա ուներ ոսկե բնավորություն և ձեռքեր, որի համար էլ նրա հետ ամուսնացել էր ամուսնալուծված համագյուղացին։ Սկեսուրն ամեն քայլափոխի անզգուշորեն գովում էր հարսին՝ համեմատելով նրան նախկինի հետ։ Իսկ վերջինս գյուղխորհրդի նախագահի դուստրն էր։ Եւ ահա Էսթերին աքսորեցին հղիության չորրորդ ամսում։ Համագյուղացիներից ոչ ոք համարձակություն չունեցավ պաշտպանել անարդարորեն դատապարտվածներին։

Ապա սկսվել է ազատության և արդարության համար բազմամյա պայքարը։ Վերևներ ուղարկվող անվերջ նամակներն սկսվում էին միևնույն բառակապակցությամբ՝ «Հանուն խորհրդային օրենքի արդարության»…

Հայրս տառապում էր լնդախտով և ձեռք բերեց նաև նրան ցմահ չարչարած բրոնխիալ ասթմա։ Իսկ մորաքույրս ծննդաբերությունից հետո հիվանդացել է թոքախտով։ Առանց բուժվելու, լավ սնվելու և բնականոն կենսապայմանների հիվանդությունը սաստկացել է։ Ծանր հիվանդացած Էսթերից խլել են իր նորածնին, որը մանկատանն անտեր մնալու պատճառով մահացել է հինգ ամսական հասակում։

Միայն 1954 թվականի սեպտեմբերին, Ստալինի մահվանից մեկ տարի անց, մերոնք կարողացան արդարացվել։ Գրիգորին հասցրել է հայրենի գյուղ բերել մահամերձ քենուն, որը քիչ անց մահացավ տարաբախտ հարազատների ձեռքերում։

Այսպես խեղվել է միլիոնավոր մարդկանց ճակատագիրը։ Չէ՞ որ երկար տարիներ հալածվում էին իշխանավորներին անհաճո և անխտիր բոլոր այն մարդիկ, որոնք գեթ նվազագույն չափով ունեին քննական մտածողություն և այլակարծության սերմեր։ Միևնույն ժամանակ մատնությունը դարձել է բնակչության ստվար հատվածի կյանքի կանոնը։ Շատերը վախից ահաբեկված ստիպված են եղել հրաժարվել իրենց ազգականներից։ Ի՞նչ արժեքների մասին կարելի է խոսել։ Ամբողջատիրական համակարգը խեղել ու այլասերել է ամեն ինչ։ Սա սեփական ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն էր, ըստ էության՝ պետական ահաբեկչություն։ Ցավոք, ահաբեկչությունը, ձեռք բերելով ավելի մեղմ դրսևորումներ, Ստալինի մահից հետո ևս շարունակվել է. ամենաարժանավոր մարդիկ միշտ էլ գտնվել են հատուկ ծառայությունների «նշանառության» տակ։

Գրող Իգոր Գարինը «Հակաբնական ընտրություն» հոդվածում լավագույնս է ասել. «Երկրի լավագույն մարդկանց ոչնչացումը ԽՍՀՄ-ում ՉԿ-ՆԿՎԴ-ԿԳԲ դահիճները վերածել են արդյունաբերական գործընթացի» . մարդասպանները ոչնչացրել են մտավորականության ողջ սերուցքը, մանրակրկիտ որոնում և ոչնչացնում էին խելքով և խղճով քիչ թե շատ աչքի ընկնող բոլոր մարդկանց, գլխատում էին անգամ հենց խորհրդային ղեկավար կազմից շատերին։ Ոճրագործությունների համար նրանք ստանում էին պարգևներ, պաշտոններ, պարգևավճարներ՝ երկիրը  հեղելով լեռնակույտ դիակների արյամբ…»։

ԽՍՀՄ-ը փլուզվել է համարյա երեք տասնամյակ առաջ, բայց այն դեռ շարունակում է ապրել մեր մեջ։ Ու թեև մեր երկիրն այժմ այլ անուն ունի՝ Խորհրդային Միության շրջանից ժառանգված որոշ բացասական երևույթներ դեռ չեն վերացել։ Եթե մենք կամենում ենք ավելի լավ և ավելի արժանավոր ապրել, ապա պետք է գաղտնազերծենք այն սոսկալի տարիների արխիվները։ Չէ՞ որ անթիվ ու անհամար մարդկանց մահվան ու ճակատագրերի խեղման մեղավորներն իրենց արժանի պատիժը չեն կրել։  Ավելին՝ մեր փողոցները ցայսօր նրանց անուններն են կրում, իսկ արյունարբու հանցագործություններով աչքի ընկած որոշ ճիվաղների հուշարձաններ ցայսօր կանգուն են։ Սա անհանդուրժելի է։ Սա աններելի է։

Չի կարելի շարունակաբար լռել բռնաճնշումների իրական չափերի մասին։ Եվ բավական չէ սոսկ չոր թվեր հրապարակել։ Պետք է պատմել յուրաքանչյուրի մասին՝ անվանապես։  Դա անհրաժեշտ է ոչ միայն դաժան հալածանքի միջով տարիներ անցած զոհերի հարազատներին, այլև նրանց, ում հայրերն ու պապերը խեղում ու կործանում էին ճակատագրեր, արտոնությունների և առավելությունների դիմաց կատարում այլոց հանցավոր անմարդկային հրամանները։

Բոլորս պետք է ապաշխարենք, որպեսզի այս ամենն էլ երբեք չկրկնվի…

 

Share

Comments are closed.