Ինտեգրվե՞լ, թե՞ հեռանալ

«Ով այսպիսի երեխայի ընդունի Իմ անունով` Ինձ է ընդունում»:
Աստվածաշունչ

 
Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ

Աուտիզմն այն հիվանդությունն է, որի առաջացման պատճառներն անհայտ են:  Այստեղ մեծ դերակատարություն ունեն թե՛ գենետիկան, թե՛ հղիության շրջանի խնդիրները և թե շատ այլ հանգամանքներ: Այդպիսի երեխաները խնդիրներ ունեն խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, խաղալու և զվարճանալու ունակությունների մեջ: Եվ հաճախ, երբ ծնողներն առաջին անգամ լսում են բժիշկներից, որ իրենց երեխան աուտիզմ ունի, դժվարանում են հավատալ:

Այդպես եղավ Անգելինայի հետ. «Երբ ինձ ասացին, որ երեխաս` Արտյոմը, աուտիզմ ունի, չհավատացի, ես սթրեսի մեջ էի, աշխարհը փուլ եկավ գլխիս, տառապանքս աննկարագրելի էր: Երկար ժամանակ պահանջվեց ինձնից, որ հաշտվեմ այդ մտքի հետ և սկսեմ աշխատել, օգնել երեխայիս քայլ առ քայլ շարժվել դեպի հիվանդության վերացումը»:Սրանք այն զգացողություններն են, որոնք քաջածանոթ են այս խնդրին առնչված մարդկանց: Ծնողի համար անասելի ցավ է, երբ տեսնում է, որ երեխան ինքնամփոփվում է, դադարում շփվել իր նմանների հետ և խոսքի արտահայտումն աստիճանաբար նվազում է: Այդ իսկ պատճառով ամենակարևոր հանգամանքը, որն անհրաժեշտ է այդպիսի երեխայի համար` շփումն է, հասարակության մեջ ինտեգրվելը: Շփումը, սոցիումին ինտեգրվելու կարիքն օդուջրի նման անհրաժեշտ են: Իսկ դրա համար ամենագլխավոր վայրը մանկապարտեզն է, դպրոցը: Ցավոք, մեր հասարակությունն այնքան էլ պատրաստ չէ այդպիսի երեխաներին ընդունելու, ներգրավելու իր մեջ:

Վերջերս տեղեկացա, որ արցախյան դպրոցներից մեկի տնօրենը հորդորում, նույնիսկ ստիպում էր աուտիզմով հիվանդ երեխայի ծնողին` նրան դպրոցից հանել և տնային ուսուցմամբ սահմանափակվել: Բայց, ի վերջո, տնօրենը ծնողի համառությանը տեղի տվեց: Երեխան շարունակեց սովորել դպրոցում, շփվել իր հասակակիցների հետ: Թե ինչ է մտածել տխրահռչակ այս տնօրենը՝ դժվար է ասել, բայց գոնե այն, որ ժամանակին մտափոխվելը հենց նրա օգտին էր՝ փաստ է:

Աուտիզմ ունեցող երեխաները, ինչպես բոլոր երեխաները, իրավունք ունեն և կարող են սովորել հանրակրթական դպրոցներում: Նրանց կրթության համար անհրաժեշտ է բազմամասնագիտական թիմի և ընտանիքի համագործակցությունը: Նրանք նույնպես կարող են բոլորի նման հանրակրթական դպրոցում հաջողության հասնել, եթե նրանց կրթությունը կազմակերպվի անհատական ուսուցման պլանի համաձայն, որը կազմվում է երեխայի կարիքների և հնարավորությունների հիման վրա: Կրթությանը պետք է աջակցեն նաև լրացուցիչ ծառայությունները, ինչպիսին են` հատուկ մանկավարժի, հոգեբանի և այլ մասնագետների հետ աշխատանքը: Մինչդեռ կարող ենք միանշանակ ասել, որ ներկայումս մեր հանրակրթական դպրոցները պատրաստ չեն կրթության մեջ ներգրավել նման երեխաների, փոխարենն ունենում ենք այսպիսի դեպքեր, երբ խնդրում են երեխային դպրոցից հանել: Չկա երեխա, չկա խնդիր:

Սա այն իրավիճակն է, որի մեջ կարող է հայտնվել ցանկացած ընտանիք: Ինչքանո՞վ է հասարակությունը պատրաստ ընդունելու իրենից տարբերվողներին, ինչքանո՞վ է թույլ տալիս սահմանափակ կարողություններով երեխային ինտեգրվել, դառնալ հասարակության լիարժեք անդամ: Երբ այդպիսի երեխաները չեն ինտեգրվում կրթական ոլորտում, երբ հասարակությունը նրանց «դուրս է մղում» իր միջից, այդպիսի երեխաները դառնում են լքյալներ: Լքյալներ, իսկ հետո կորսվածներ: Ինչպե՞ս պետք է դպրոցն աշխատի այդպիսի երեխայի հետ, ուսուցիչներն արդյո՞ք պատրաստ են մնացած աշակերտների հետ միասին այդպիսի երեխայի ևս դասավանդել…Սրանք այնպիսի հարցեր են, որոնք պետք է լուծվեն և՛ պետական մակարդակով, և՛ հասարակությունում գործող բարոյական հիմունքներով:

Զրուցակիցներիս մեջ է Էլինան, որի երեխան

` Տիգրանը, ևս տառապում է այս հիվանդությամբ:

 

Բայց ի տարբերություն շատերի՝ նրա դեպքն օրինակելի է: «Իմ երեխան ներկայում մեծ առաջընթաց ունի: Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նա հայտնվել է ճիշտ շրջապատում: Մանկապարտեզը, որտեղ նա հաճախում է, այն միջավայրն է, որը

պետք էր իմ երեխային: Թե՛ դաստիարակները, թե՛ երեխաները սիրով են վերաբերվել երեխայիս հետ, և դա նրան թևեր է տվել, և այժմ երեխաս զգալի առաջընթաց ունի հիվանդության հաղթահարման մեջ»,- անկեղծանում է Էլինան:

Այս կարևոր գործին է լծված մեր հանրապետությունում այդ ուղղությամբ գործող եզակի մի կառույց: Դա Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնին կից գործող Խնամքի կենտրոնն է, որը նախատեսված է աուտիզմով հիվանդ և մտավոր հետամնացություն ունեցող երեխաներին օգնելու համար:

«Կենտրոնն ունի այդպիսի երեխաներին օգնելու բարձրակարգ պայմաններ: Այստեղ աշխատում են բազմաթիվ մասնագետներ` հոգեբան, լոգոպեդ, տարբեր ուսուցիչներ, ովքեր պարբերաբար վերապատրաստումներ են անցնում արտասահմանյան մասնագետների մոտ,- տեղեկացնում է Կենտրոնի հոգեբան Արմինե Դանիելյանը:-Մենք փորձում ենք հնարավորինս օգնության ձեռք մեկնել այդ երեխաներին, այստեղ ամեն ինչ արվում է, որպեսզի հիվանդությունը ընկրկի, նրանք կարողանան շփվել, արտահայտվել: Ունենք մշակված մեթոդներ, որոնք տալիս են իրենց արդյունքները: Սա Հանրապետությունում գործող միակ այսպիսի կառույցն է, ինչն ավելի է մեծացնում պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք մեր գործն արդյունավետորեն անել: Ծրագիրն այնպիսինն է, որ երեխան այստեղ անցնում է չորս ամսվա ինտենսիվ բուժում, այնուհետև, ծնողի ցանկության դեպքում, անցնում են ամբուլատոր բուժում ևս: Բացի մասնագիտական պատրաստվածությունից՝ այդպիսի երեխաներն ունեն սիրո և հոգատարության կարիք, ինչը, վստահ կարող եմ ասել, որ այստեղի երեխաները ստանում ենե:

Անհնար է չհամաձայնել, որ սերն է միակ խթանը, որը կարող է աուտիզմով հիվանդ երեխային օգնել առաջ շարժվել, բայց և դրա հետ մեկտեղ պետությունն ու հասարակությունը պետք է անեն ամեն ինչ, որպեսզի հարգվեն և հաշվի առնվեն աուտիզմ ունեցող երեխաների իրավունքներն ու պահանջները:

Share

Comments are closed.