ԵՄ խորհրդարանականներն՝ ընդդեմ Մակրոնի

 

Պետեր Մյուլլեր, Բրյուսել

Ֆրանսիայի նախագահը ցանկանում է վերափոխել Եվրոպան՝ Բրյուսելում հանդիպելով փոխադարձ լարվածության: Ակնհայտ է, որ Էմանուել Մակրոնը ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ եվրոպական առաջիկա ընտրությունների ժամանակ բարձրագույն թեկնածուների մրցակցություն չլինի:

Կարո՞ղ է այսպիսի բան լինել: Արդյո՞ք այն նույն մարդը, ով Ֆրանսիան «փրկեց» Մարին Լը Պենից և համատեղությամբ Եվրոպան՝ գոյության ճգնաժամից, այժմ դեմ է բարձրագույն թեկնածուների գաղափարին: Եվրախորհրդարանում այս օրերին խիստ լարված մթնոլորտ է տիրում, և դրա պատճառը Էմանուել Մակրոնն է:Ֆրանսիայի նախագահը մինչ այժմ հստակ կերպով չէր արտահայտվել, թե արդյոք ինքը կողմ է Եվրոպական Խորհրդարանի առաջիկա ընտրությունների ժամանակ կրկին «բարձրագույն թեկնածուների»1 սկզբունքի կիրառմանը: Հիշեցման կարգով նշենք, որ 2014 թվականի ընտրությունների ժամանակ Գերմանիայի առաջարկով խոշոր կուսակցական խմբավորումներն առաջին անգամ ընտրապայքարի շրջանակներում հանդես եկան իրենց բարձրագույն թեկնածուներով: Այդ ժամանակ ՍԴԿ-ի ներկայացուցիչ, հետագայում կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը զիջեց իր մրցակցին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անդամ Ժան-Կլոդ Յունկերին, ով էլ արդյունքում ընտրվեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ:

Այն հարցերի շուրջ, թե արդյոք այսպիսի փորձարկումն իրոք արդյունավետ էր, արդյոք այսպիսով ավելի խորացավ քաղաքական երկխոսությունը Եվրոպայում, արդյոք ԵՄ-ն իրապես ավելի սերտացավ քաղաքացիներին՝ դեռևս հստակ համաձայնություն ձեռք չի բերվել: Չնայած «բարձրագույն թեկնածուների» սկզբունքի կիրառմանը, անցյալ ընտրությունների ժամանակ մասնակցության ցուցանիշը կրկին ցածր էր: Այնուամենայնիվ, որոշում էր ընդունվել, որ 2019 թվականին փորձարկումը պետք է կրկնվի:

Եւ թեպետ այս հարցը փետրվարի 23-ին Բրյուսելում պատրաստվում են լրջորեն քննարկել պետությունների և կառավարությունների ղեկավարները, այնուամենայնիվ՝ դեռևս ոչ ոք չի կարողանում պատկերացնել, որ բարձրագույն թեկնածուների համակարգը կրկին կարող է չեղարկվել: Ինչպես արտահայտվել է Շուլցը դեռևս 2016 թվականին՝ «եթե Խորհրդարանը մեկ անգամ պայքարելով որևէ օրենք է ընդունել, այն այլևս դրանից ետ չի կանգնի»:

Նմանապես կտրուկ են արտահայտվում նաև Եվրոպայի առաջատար խորհրդարանականները: «Մեր օրենքները նախատեսում են բարձրագույն թեկնածուի ինստիտուտ,- ասում է Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Դեվիդ ՄըքԱլիստերը, ով նաև հանդիսանում է ՔԴՄ ղեկավար Անգելա Մերկելի ներկայացուցիչը:- ԵԺԿ-ն, ինչպես վաղուց որոշված է, նոյեմբեր ամսին Հելսինկիում կայանալիք կոնգրեսի ընթացքում կընտրի իր բարձրագույն թեկնածուին»:

ՄըքԱլիստերին աջակցում է նաև ԵՄ հանձնակատար Գյունտեր Օտինգերը. «Անիվը չի կարող մեկեն հետ պտտվել»: Նրա կարծիքով՝ դա ինքնին հասկանալի է պետության և կառավարության ղեկավարների մեծամասնության համար: ՍԴԿ-ի ներկայացուցիչ, Եվրոպայի խորհրդարանական և սահմանադրական փորձագետ Ջո Լայնենը ևս հակամետ է Մակրոնի որոշմանը. «Եթե Մակրոնը պահանջում է ժողովրդավարական և սուվերեն Եվրոպա, ապա ես կարծում եմ, որ նա պետք է ընդունի բարձրագույն թեկնածուների սկզբունքը»:

Ֆրանսիայի նախագահը բազմաթիվ գաղափարներ ունի, թե ինչպես կարելի է վերագործարկել եվրոպական նախագիծը, և բարձրագույն թեկնածուների սկզբունքը դրանց մեջ չի մտնում: Հենց այս պատճառով Բրյուսելում շարունակում են աճել մտավախությունները:

Ոչ առանց հիմնավորումների կարելի է պնդել, որ դեռևս Մակրոնը ոչինչ չունի շահելու կամ կորցնելու բարձրագույն թեկնածուների գործընթացից: Քանի դեռ Մակրոնն իր «Առա՜ջ» շարժմամբ չի միացել Եվրոպայի խորհրդարանում կայացած կուսակցական խմբավորումներից որևէ մեկին, նրան թեկնածուների ընտրության կարկանդակից ոչ մի կտոր չի հասնի: Այդ վիճակը կարող է, սակայն, փոխվել. այդ դեպքում, թերևս, Մակրոնը կհամալրի ԵԺԿ-ի շարքերը, որի անդամ են հանդիսանում նաև գերմանական ՔԴՄ-ը և ՍԴԿ-ը, և որոնք, եթե հավատանք անցկացված հարցումներին, ունեն բոլոր հնարավորությունները հաղթելու ընտրություններում:

Ցուցակների հետ կապված հարցը

Մակրոնը, այնուամենայնիվ, այլ ծրագրեր ունի: Նա ցանկանում է եվրոպական կուսակցությունների ներկապնակում գույները այնպես խառնել, ինչպես դա արեց Ֆրանսիայում. հենց այդ նպատակով էլ նա առաջ է քաշում վերազգային ցուցակների գաղափարը: Այս սկզբունքով ընտրողները կարող են քվեարկել օտարերկրյա թեկնածուների օգտին, այժմյան օրենքի համաձայն թեկնածուներ և կուսակցություններ կարող են ընտրվել միայն սեփական երկրի քաղաքացիների կողմից:

Սակայն ընտրական օրենսգրքի նմանատիպ խորը և հեռանկարային փոփոխության համար զգացվում է ժամանակի և մեծամասնության օժանդակության խիստ պակաս, մանավանդ եթե խոսքը գնում է 2019 թվականի ընտրությունների մասին: Եվրոպայի խորհրդարանում արդեն իսկ ձախողվել է այն առաջարկը, ըստ որի խորհրդարանում Բրեքսիտի արդյունքում ազատված տեղերը կարելի էր փոխարինել նմանատիպ վերազգային ընտրական սկզբունքով ընտրվող տեղերով:

Եթե Մակրոնը ցանկանում է քննարկել այն հարցը, թե ով պետք է լինի Եվրոպայի հանձնաժողովի հաջորդ նախագահը, ապա այդ հարթակը նրան կարող է տրամադրել այն կառույցը, որը միշտ ընդդիմադիր կեցվածք է ունեցել բարձրագույն թեկնածուների գաղափարի նկատմամբ. խոսքը Եվրոպայի խորհրդի մասին է:

Եվրոպայի խորհուրդը մշտապես հանդիսացել է բարձրագույն թեկնածուների դեմ հանդես եկող հիմնական մարմինը, որովհետև նրանում տարածված է այն կարծիքը, որ այս գործընթացով Խորհրդարանը պետությունների և կառավարությունների ղեկավարներից կորզում է նրանց իշխանության մի որոշ մասը: Խորհրդարանականները, սակայն, հիմնվում են ԵՄ պայմանագրի վրա: Եվ դա նշանակում է, որ Խորհուրդը Հանձնաժողովի նախագահի ընտրության պարագայում միայն պետք է հաշվի առնի ընտրության արդյունքները: Իսկ արդյունքները հաստատելու գործը վերապահված է Խորհրդարանին:

Արևելաեվրոպական երկրները մերժում են գաղափարը

Դեռ երկու տարի առաջ Նիդեռլանդները, այդ ժամանակ հանդիսանալով Եվրոպական խորհրդի նախագահող երկիր, ԵՄ երկրների առջև դրեց այդ հարցը՝ հետագա ընտրությունների ժամանակ պե՞տք է կիրառվի վերոնշյալ սկզբունքը, թե՞ ոչ: Այդ ժամանակ հարցը լայն հնչեղություն չստացավ: Սակայն ժամանակի հետ հարցի կարևորությունը շարունակում էր աճել: Արևելաեվրոպական երկրները՝ Հունգարիան, Չեխիան և այլն, արդեն բազմիցս ակնարկել են, որ բարձրագույն թեկնածուների սկզբունքը օգտակար երևույթ է միայն խոշոր երկրների համար, և այդ պատճառով իրենք մերժում են դա: Փետրվարի 16-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Թասկը Փարիզում Մակրոնի հետ քննարկելու է լուծման հնարավոր ուղիները:

Գերմանիայի կանցլերը նույնպես համարվում է բարձրագույն թեկնածուների գաղափարի հետևորդ: 2014թ. նա ջանք չէր խնայում այդ գործընթացի համար: Սակայն նրա ջանքերը Յունկերի՝ Հանձնաժողովի նախագահ ընտրվելու հնարավորության դեմ պայքարելու գործում ի վերջո ձախողվեցին: Մերկելի կարծիքն այս հարցում, թերևս, մեծ փոփոխություններ չի կրել, սակայն նրա մամուլի ներկայացուցիչը հրաժարվում է որևէ մեկնաբանություններ տալ այս հարցի շուրջ:

 

______________

1 «Բարձրագույն թեկնածուների» սկզբունքը (գերմ. Spitzenkandidat) ենթադրում է, որ Եվրոպական Խորհրդարանի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր խոշոր քաղաքական խմբավորում նախքան ընտրությունները առաջադրում է իր «բարձրագույն թեկնածուին»: Ընտրություններից հետո ամենախոշոր կուսակցության «բարձրագույն թեկնածուն» ստանձնում է Հանձնաժողովի նախագահությունը: Այս գործընթացն առաջին անգամ կիրառվել է 2014 թվականին:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար  գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Սկզբնաղբյուրը՝  Spiegel Online, 12.02.2018

Share

Comments are closed.