Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի


Արմինֆո. Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Ադրբեջանում ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին, կիսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի, Իրանի շուրջ աշխարհաքաղաքական իրադրության, մեր տարածաշրջանի վրա մերձարևելյան անկայունության տարածման հնարավորությունների տեսլականով:

Ձեր հարցազրույցներից մեկում Ադրբեջանում նախագահական ընտրությունների՝ 2018 թ. հոկտեմբերից ապրիլ տեղափոխման վերաբերյալ վերջին որոշումը կապեցիք նույն ընթացքում Հայաստանում իշխանության տրանսֆորմացիայի հետ: Ինչո՞վ է պայմանավորված նման փոխկապակցվածությունը:– Ադրբեջանում նախագահական ընտրությունների՝ կես տարով շուտ անցկացումը պայմանավորված է բազմաթիվ արտաքին և ներքին հանգամանքներով: ԶԼՄ-ներում դրանց մասին խոսվում էր՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի պաշտոնական անձանց: Նման պատճառների թվում կնշեի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Մարտ-ապրիլին պետք է տեղի ունենա Հայաստանում գերագույն իշխանության վերաֆորմատավորում, և, հետևաբար, առարկայական բանակցությունների վերսկսում կարելի էր սպասել մայիսից ոչ շուտ: Իսկ ամառային արձակուրդները և աշնանը նախագահական ընտրությունները բանակցություններում դադարը կերկարացնեին մինչև ուշ աշուն: Դրա հետևանքով բանակցային գործընթացը կարող էր կանգ առնել:Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումն ապրիլ թույլ կտա չթուլացնել բանակցությունների տեմպերը և փորձել բեկման հասնել արդեն ընթացիկ տարում: Կստացվի դա արդյոք, թե ոչ,  ընդհանուր առմամբ կախված կլինի կողմերի՝ բարդ փոխզիջումների գնալու պատրաստակամությունից:

Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ խոսելով բանակցություններում բարդ, բեկումնային փոխզիջումների մասին:

– Անմիջականորեն չմասնակցելով բանակցություններին, ելնելով ինձ հասանելի տեղեկատվությունից՝ կարծում եմ, որ բանակցությունների հիմքում շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», իսկ դրա տարբերակը, որը հայտնի է՝ որպես «Կազանի փաստաթուղթ», արխիվ չի ուղարկվել, և դեռևս պահպանում է իր ակտուալությունը:  Իսկ ՌԴ ԱՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, վերջերս խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նշել է, որ բոլոր հարցերը մեկ փաստաթղթով լուծել անհնար է, իսկ հնարավոր պայմանավորվածությունների իրագործման գործընթացը կլինի փուլային: Կարծում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում նշված շրջանների՝ Հայաստանի կողմից ապաօկուպացման Բաքվի պահանջը և հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի անջատման Երևանի պահանջը փակուղի են մտցրել  բանակցությունները:

Հնարավոր է, հակամարտության կողմերը փորձում են ելք գտնել փոխանակումների ավելի մանր քայլերում՝ շարժվելով առաջ, չստանալով ամեն բան միանգամից, այլ քայլ առ քայլ, անելով զիջումներ և փոխարենը որոշակի բոնուսներ ստանալով: Օրինակ՝ «շրջանակային համաձայնագրի» ընդունմամբ անմիջապես 2-3 շրջան ազատվում է, որն ուղեկցվում է խաղաղապահ գործողությամբ և Հայաստանի համար Ադրբեջանի ու Թուրքիայի հաղորդակցությունների բացմամբ: Դա այնքան էլ քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը կարող է  երկաթուղային ելք ունենալ Թուրքիայով դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք, իսկ Ադրբեջանով դեպի Իրան, ինչպես նաև Ռուսաստան, Կենտրոնական Ասիա և Չինաստան: Լեռնային Ղարաբաղը կարող է օդային հաղորդակցություն իրականացնելու Բաքվի հավանությունը ստանա:  Վստահության մակարդակի բարձրացումը և առճակատման թուլացումը թույլ կտա անցում կատարել հաջորդ քայլին, ինչի ընթացքում հնարավոր կլինի համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, ինչը թույլ կտա վերջինիս ներառել քաղաքական երկխոսության մեջ և տնտեսական գործունեություն իրականացնել՝ արտաքին շուկաներ ելքով: Իսկ փոխարենը կարելի է ազատել ևս 2-3 շրջան: Կարևոր է կարգավորման գործընթացի դրական դինամիկայի ապահովումը, քանի որ աճող վստահության մթնոլորտում այսօր անլուծելի թվացող շատ հարցեր կարող են փոխընդունելի կոմպրոմիսային հանգուցալուծում գտնել:

Արդյո՞ք այսօր տեսնում եք կողմերի միջև նման լուրջ փոխզիջումների համար անհրաժեշտ մթնոլորտ:

– Մեր երկրների ԱՆ ղեկավարները նշում են սկսված բանակցային փուլի կառուցողական բնույթը: Եվ թեև շփման գծում դեռ տեղի են ունենում միջադեպեր, լարվածությունը զգալիորեն նվազել է: Համաձայնություն է ձեռքբերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ հրադադարի ռեժիմի մոնիտորինգի խմբի թվաքանակի ավելացման շուրջ: Այնպես որ՝ զգուշավոր լավատես լինենք: Բանակցություններում բեկում մի օր պիտի տեղի ունենա:  Չէ որ խաղաղ կարգավորմանն այլընտրանքը ոչ թե ներկայիս ստատուս-քվոյի անվերջ պահպանումն է, այլ՝ լայնամասշտաբ և արյունոտ պատերազմը, որը թե Ադրբեջանին, թե Հայաստանին, թե տարածաշրջանի մեր հարևաններին պետք չէ:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մեջ արդյո՞ք տեսնում եք ներքաղաքական պատճառներ:

– Իհարկե, կա ներքաղաքական ասպեկտ, բայց այն ընդդիմությունից բխող վտանգի հետ կապված չէ: Կառավարող ընտրախավի և առաջին դեմքերի դրությունն Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում, այսօր, կարծես, անխոցելի է: Ապրիլին Հայաստանում սպասվում է կառավարության խորը վերակազմում, իսկ Ադրբեջանում դա տեղի կունենա արդեն ոչ թե աշնանը, այլ գարնանը՝ ապրիլյան նախագահական ընտրություններից հետո:

Սահմանադրության համաձայն՝ նախարարների կաբինետն ամբողջ կազմով հրաժարական կտա: Ադրբեջանի կառավարությունում սպասվում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ՝ անձերի փոփոխություններ:

Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն ընտրությունները տեղափոխելու որոշումը պայմանավորեց այն հանգամանով, որ«Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում բացասական գործընթացները կարող են աստիճանաբար սուր բնույթ ձեռք բերելև ազդել տարածաշրջանի վրա, որտեղ գտնվում է նաև Ադրբեջանը»: Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, Ձեր կարծիքով:

– Կարծում եմն, որ խոսքը վերաբերել է Մերձավոր Արևելքում, Իրանում իրավիճակին, ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ուժեղացող առճակատմանը: Բարձր է հավանականությունը, որ գործընթացները բացասական սցենարով կընթանան, և կարող են հասնել այն աստիճանի, երբ Ադրբեջանի կողմից բազմավեկտոր հավասարակշռված արտաքին քաղաքականության, իսկ Հայաստանի կողմից արտաքին քաղաքական կոմպլեմենտարիզմի իրականացումը կդժվարանա: Մեզ կփորձեն ստիպել այս կամ այն կողմն անցնել, իսկ դրանից խուսափումը կարող է ուղեկցվել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից աճող ճնշմամբ: Որևէ լավ բան տարածաշրջանի համար դա չի խոստանում՝ ինչպես անվտանգության, այնպես էլ զարգացման առումով:

Արդյո՞ք մերձարևելյան անկայունության՝ Հարավային Կովկասի վրա տարածման հեռանկարներ եք տեսնում, և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության վրա:

– Ակնհայտ է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում շուտ չի կարգավորվի, ինչը, իհարկե, որոշակի ռիսկեր է պարունակում Հարավային Կովկասի համար: Սակայն, առայժմ հակված չեմ մերձարևելյան ճգնաժամերն անմիջականորեն պրոյեկցել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: Եվ ղարաբաղյան հակամարտության և դրա խաղաղ կարգավորման հետ մերձարևելյան ճգնաժամի ուղղակի կապ չեմ տեսնում:

Իրանում հունվարին տեղի ունեցած իրադարձությունները հարևան Ադրբեջանին չէին կարող չմտահոգել: Արդյո՞ք դրանց հանգուցալուծումը՝ այաթոլաների ռեժիմի պահպանումը, համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Եվ որքա՞ն երկար ներկայիս ռեժիմին կհաջողվի պահպանել իշխանությունը:

– Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի Իրանը լինի կայուն և կանխատեսելի գործընկեր: Բաքուն իրականացնում է Իրանի ներքին գործերին չմիջամտելու ուղեգիծ: Պատժամիջոցների ռեժիմից ԻԻՀ դուրս գալուց հետո Ադրբեջանն առևտրատնտեսական հարաբերություններ է զարգացնում այդ երկրի հետ, իրականացնում մասշտաբային նախագծեր: Անցած տարի մենք սկսել ենք թուրքմենական գազ ստանալ Իրանով՝ ավելացնելով թուրքական և վրացական շուկաներ սեփական գազի մատակարարումները:

Արդեն սկսվել է «Հյուսիս-Հարավ» երկաթուղային գծի իրականացումը, ինչի համար Ադրբեջանը $500 մլն վարկ է հատկացրել Իրանին: Թեհրանն իր հերթին մտադիր է ներդրումներ կատարել Նևթչալայում ավտոհավաքման գործարանում և Փիրալլահում դեղորայքի գործարանում: Բաքվին և Թեհրանին հաջողվել է հաղթահարել մերձկասպյան երկրների շահերի սահմանագծման հետ կապված բազմաթիվ տարաձայնություններ և հասնել արդեն ընթացիկ տարում Ղազախստանում գագաթնաժողովի ժամանակ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ համաձայնագրի ստորագրման: Հուզումներ և բողոքի ակցիաներ Իրանում նախկինում էլ եղել են, բայց առայժմ ռեժիմը կարողանում է դիմադրել այդ մարտահրավերներին: Մոտ ժամանակներս այաթոլաների ռեժիմի խորը ճգնաժամ չեմ տեսնում, թեև աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, և հարևան երկրում էվոլյուցիան նույնպես անխուսափելի է: Հարավային Կովկասում բոլորիս համար ցանկալի է, որպեսզի Իրանում փոփոխությունները չկրեն այնպիսի կործանարար բնույթ, ինչին ականատես ենք լինում արաբական երկրներում:

 – Ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի «չմիացման քաղաքականության» շարունակման հեռանկարները: Որքանո՞վ է այդ քաղաքականությունը համապատասխանում օբյեկտիվ քաղաքական իրավիճակին՝ հաշվի առնելով աշխարհում դիտվող ինտեգրման և գլոբալիզացիայի միտումները:

– Ադրբեջանի չմիացման քաղաքականությունն ամենևին աշխարհում տեղի ունեցող գործընթացներից մեկուսացում չի ենթադրում: Այն ինտեգրման և գլոբալիզացիայի դեմ ուղղված չէ: Չմիացման շարժմանը շուրջ հարյուր պետություն է մասնակցում: Մասնակից երկրներն ընդամենն արտադաշինքային կարգավիճակի պարտավորություն են ստանձնում: Նկատի ունենալով, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ ռուսամետ ՀԱՊԿ վերaդառնալու նպատակ չի դնում իր առջև՝ Չմիացման շարժմանը մասնակցությունն ընդամենը փաստում է Բաքվի ընտրությունը:

 

Arminfo.info

 

Share

Comments are closed.