Եվրոպական Միության և… պարզ չէ էլ ում հետ համագործակցության մասին


Եվ
չեն քաշի սայլակը նույն
Ձին և այծյամը դողդոջուն:
Ա.Ս.  Պուշկին

 

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտի» ռուսերեն տարբերակի խմբագիր
Երևան

 

«Հայաստանը միշտ եղել է բաց համագործակցության, այլոց շահերը հարգելու և դրանք հնարավորինս համադրելու ջատագով: Փորձել ենք մեր գործընկերներին ընտրության առաջ չկանգնեցնել, իսկ որտեղ հնարավոր է՝ ստեղծել դրական համագործակցության միջավայր: Կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները, մեծ հաշվով, մշտապես աջակցել են մեր այս քաղաքականությանը և դրա արդյունքում կատարված քայլերին:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցեց հստակ գիտակցմամբ, որ այն լավագույնս է ծառայելու մեր տնտեսության զարգացմանը, մեր երկրի ապագային: Անդամակցությունից ի վեր գրանցված արդյունքներն ամրապնդում են վստահությունը մեր բռնած ուղու հանդեպ: Միաժամանակ, դա բնավ չի խոչընդոտել մեր համագործակցությանը Եվրոպական Միության հետ, հատկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների և արդիականացման բնագավառներում:Եվրամիության հետ մեր համագործակցությունը նոր մակարդակի բարձրացավ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Այժմ կարևոր է, որ այդ փաստաթղթի վավերացման գործընթացն ընթանա պատշաճ արագությամբ»:

Սա Մյունխենի անվտանգության համաժողովում փետրվարի 17-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթից մեջբերում է:

Երկրորդ բանը, որ ասել է Սերժ Սարգսյանը, հետևյալն է. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ երկրների հետ, որպեսզի ձևավորենք նոր տարանցիկ միջանցք Սև ծովի և Պարսից ծոցի միջև: Հուսով ենք, որ հաջողության դեպքում դրա շահառուների ցանկը կլինի ավելի ընդարձակ, քան բանակցային փուլում ներգրավված երկրներն են: Կարծում եմ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկրների համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ շրջանակներում, համապատասխանում է մեր ընդհանուր շահերին և տնտեսական առաջընթացին»:

Եւ երրորդ՝ Սերժ Սարգսյանը որպես կարևոր նշել է այն հանգամանքը, որ «Մեր հասարակության մեջ ձևավորվել է լայն համաձայնություն Հայաստանի արտաքին քաղաքականության և տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ կատարվող քայլերի շուրջ»:

Ուրեմն, սա Երեւանի արտահայտած պաշտոնական դիրքորոշումն է:

Բնական է, որ մեր պատմությունն ու ողջամտությունը թելադրում են այնպիսի քայլերի անհրաժեշտություն, որոնք կանջրպետեն մեր երկիրը ռազմական գործողությունների կամ դիմակայության նոր փուլ թևակոխած ուժերի թատերաբեմ դառնալուց: Սա միակ հնարավոր ողջամիտ մոտեցումն է: Բնական է նաև, որ ստեղծված իրավիճակում սա հարկադրված դիրքորոշում է, որը հաճախ մեր իրական շահերի հետ ոչ մի առնչություն չունի:

Եվրոպայում, հատկապես՝ ձախական կուսակցություններին մոտիկ քաղաքական և Ռուսաստանում գործարար շահեր ունեցող շրջանակները, ինչպես նաև Ռուսաստանի կոռումպացված շահառու խմբերն ու «Պուտինին ըմբռնող» զանգվածը Եվրոպայում՝ նրանք ևս Հայաստանի և այլ հետխորհրդային երկրների համար ընդունել են այսպիսի modus vivendi (ապրելու ձև) և  modus operandi (գործելու ձև)՝  նկատի ունենալով իրենց սեփական հետագա քայլերն այդ երկրների և հենց Ռուսաստանի նկատմամբ:

2014 թվականից հետո, երբ 1938-ից ի վեր առաջին անգամ Եվրոպայում Ռուսաստանն իրականացրեց հարևան պետության մի մասի՝ ուկրաինական Ղրիմի բռնազավթումը, այն բանից հետո, երբ Ռուսաստանը խոսում է Սառը պատերազմի արդյունքներով ստեղծված աշխարհակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, ինչպես նաև եվրոպական հաստատությունները և Եվրոպական Միությունը վարկաբեկելուն ու քայքայելուն միտված Ռուսաստանի գործողություններից հետո, որոնք արդեն որակվում են որպէս Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմ, այսքանից հետո հնարավոր չէ չհասկանալ, որ սոսկ ցանկությունը բավարար չէ, որպեսզի Եվրոպական Միության և այսպես կոչված «Եվրասիական տնտեսական միության» միջև համագործակցություն կայանա:

Համագործակցելու ցանկության մասին կարելի է որչափ կամենաս երկար խոսել, իսկ Հայաստանի համար դա անգամ շահեկան է՝ Առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմի թատերաբեմում հայտնվելու վտանգը նվազեցնելու համար: Հարկ է նաև ասել, որ առայժմ միայն դա է հաջողվում: Ռուսաստանը կարծես թե առանձնապես չի հակազդում, իսկ Եվրոպայում իրավիճակին ըմբռնումով են մոտենում և բարյացակամորեն համաձայնում են, հասկանալով, որ կարող էր ավելի վատ լինել:

Մի կողմից, հետևելով բրիտանացի պահպանողականների՝ «քանի դեռ աշխատում է, մի՜ նորոգիր» պատվիրանին, մենք եվրոպացիներին կամ ռուսներին չպետք է ուսուցանենք, թե ինչն ինչպես է աշխատում: Միևնույն ժամանակ, հիշենք պատվիրանի երկրորդ մասը՝ «…իսկ եթե չի աշխատում, դեն նետիր»:

Ռուսաստանը ցանկալի, իսկ երբեմն պարտադիր է համարում, որ Եվրոպան մշտապես դրական պատասխան տա «իսկ դու ինձ հարգո՞ւմ ես» հարցին: Ռուսաստանը պահանջում է, որ խորհրդային կայսրության նախկին մասերը Եվրոպան համարի իր մենաշնորհյալ բացառիկ իրավունքների և շահերի գոտի: Մոսկվան պահանջում է, որ հետխորհրդային պետությունների հետ Եվրոպան միայն իր թույլտվությամբ գործակցի կամ դրա փոխարեն գոնե մի բան տա:

Արևմուտքի հետ կոշտ հակամարտության մեկնարկից չորս տարի անց Ռուսաստանը դեռ չի հրաժարվել Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական գործարք կնքելու անհույս փորձերից՝ հետխորհրդային երկրների ինքնիշխանությունը սահմանափակելու իր իրավունքն օրինականացնելու դիմաց շռայլելով «արևմտյան գործընկերների» հետ «խաղաղ համակեցություն» հաստատելու խոստումներ:

Արևմուտքում առկա է նորակայսերական Ռուսաստանի ժամանակավրեպ հավակնություններով վարքագծին հակազդելու տարատեսակ մոտեցումների մի ամբողջ ներկապնակ: Այո՜, այնտեղ կան նաև խորապես հակաեվրոպական «Հյուսիսային հոսք 2» նախագծի մասին երազող Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի հոգևոր զավակներ, Եվրոպայի այլևայլ երկրներում գործող տարբեր ծայրահեղ ձախ կամ աջ ուղղվածությամբ քաղաքական գոյացություններ, Ռուսաստանի հետ վարկաբեկիչ կապերի պատճառով հրաժարական տված՝ Թրամփի թիմի նախկին անդամներ:  Փաստն այն է, որ Եվրոպայի քաղաքական դասակարգի մեջ կա այդ մոտեցումներին հարող բավականին ազդեցիկ շերտ, որը փորձում է ազդել Բրյուսելի և ազգային կառավարությունների քաղաքականության և քաղաքական որոշումների վրա:

Միևնույն ժամանակ, Արտաքին քաղաքականության և անվտանգության գծով ԵՄ Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հատուկ ներկայացուցիչ Նաթալի Թոչիի սույն թվականի փետրվարին «Դիմակայության երեք մակարդակ. որտե՞ղ կարող են համագործակցել Ռուսաստանն ու Արևմուտքը, և որտեղ՝ ոչ» վերնագրով հոդվածը  (Կառնեգիի մոսկովյան կենտրոն, 16. 02. 2018թ.) ներկայանում է որպես որոշակիորեն ամբողջական և ծրագրային փաստաթուղթ: Այդտեղ արտահայտված գլխավոր միտքն այն է, որ Ռուսաստանի և ԵՄ միջև դիմակայությունը հնարավոր է կառավարելի դարձնել, բայց՝ ոչ ավելին: Դիմակայությունը փաստ է և այն երկարատև է լինելու:

Այս համապատկերում Արևելքում չլուծված ղարաբաղյան հակամարտություն, իսկ Արևմուտքում՝ ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի դարձող Թուրքիային որպես հարևան ունեցող Հայաստանը որչափ հնարավոր է պետք է խուսափի իր հետևում աշխարհաքաղաքական քղանցատուտ թողնող «կտրուկ շարժումներից», որոնք կարող են հարուցել համապատասխան ռիսկերն ու սպառնալիքները:

Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ այսպիսի խաղ շարունակելու Հայաստանի ամրության պաշարը կարող է չբավարարել, եթե քաղաքական համակարգը որակապես չբարեփոխվի և մնա նույնչափ կոռումպացված, իսկ տնտեսությունը՝ մենաշնորհային, օլիգարխիկ և ապաշնորհությամբ «ռուսաբար» կառավարված: Նաև տեսնում ենք, որ Ռուսաստանը ոչ միայն լցոնում է Ադրբեջանը «դաշնակից» Հայաստանի դեմ նախատեսված հարձակողական սպառազինությամբ, այլև պարգևատրում է, ընդգրկելով Բաքվին Իրանի հետ համատեղ նախագծերի մեջ՝ դրանով իսկ խորացնելով Հայաստանի շրջափակումը: Իսկ Պարսից ծոց-Սև ծով, Իրան-Հայաստան-Վրաստան միջանցքի մասին խոսակցությունները ցայսօր սին են՝ Ռուսաստանի բացահայտ սաբոտաժի հետևանքով: Սա նաև ԵՄ և ԵԱՏՄ «համագործակցային հնարավորությունների» ցուցանիշն է. ինձ թվում է, որ անակնկալ չի լինի, երբ այս ամենը վաղ թե ուշ մեզ կստիպի ընտրություն կատարել, թե այս հռչակագրված «և-և»-ից ո՞ր «և»-ն է ավելի ծանրակշիռ, հատկապես, երբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կսկսեն քայքայել և կազմաքանդել նրա խիստ մաշված ներքին կայսերական կտավը:

Եվ, վերջապես, հարցն ունի նաև փիլիսոփայական հարթություն: Ինչի՞ մասին կարող են արմատապես պայմանավորվել մի կողմից տասնամյակներով փորձված և մարդուն, իր իրավունքներն ու արժանապատվությունը ոչ որպես միջոց, այլ որպես նպատակ հռչակած քաղաքական-տնտեսական միությունը, իսկ մյուս կողմից, տարբեր մակարդակի դաժանության և անհեթեթության կոլխոզա-հորդայական բռնապետության վարքագիծը պատճենած միությունը: Ռուս դասականն այս հարցին պատասխանել է նրբորեն, բայց միանշանակ (տես բնաբանը):

 

Share

Comments are closed.