Տեսակետների շտեմարան. pro et contra

Մեդիահարթակներում արտացոլված բանավեճերը հիմնականում ծավալվել են կրթության, տարկետման իրավունքի, սոցիալական արդարության, կոռուպցիոն սողանցքների, առողջապահական համակարգի, անվտանգության և շոշափելիորեն ավելի քիչ՝ ժողովրդավարական ազատությունների հարցերով: Բերվող հիմնավորումները հաճախ հակադիր համեմատական են եղել «ընդունում եմ/չեմ ընդունում, կվնասի/չի վնասի, կնպաստի/չի նպաստի» սխեմայով: Ստորև բերված օրինակներն այդ շարքերից են:  Կրթություն/գիտություն/տարկետում

Pro – Տարկետման իրավունքի փոփոխությունը բարձրացնելու է բուհերի կրթական մակարդակը, քանի որ «բուհերում սովորելու են նրանք, ովքեր իրոք ցանկանում են բարձրագույն կրթություն ստանալ և ոչ թե նրանք, ովքեր բուհերն օգտագործում են բանակից խուսափելու համար»:

Contra – «Փաստացի տարկետում տրվում է այն ուսանողներին, ովքեր ավարտելուց հետո պետք է ծառայեն որպես սպա: Այսինքն՝ իրենք չեն նպաստելու գիտության, կրթության զարգացմանը: Oրինագծից բխող հետևանքները` սովորելու մոտիվացիայի կտրուկ անկում, բուհ ընդունվողների թվի կրճատում, դպրոցահասակ տղաների արտագաղթ, գիտությամբ զբաղվելու և Հայաստանում մնալու մոտիվացիայի վերացում»:

Pro  – Օրենքը նպաստելու է այն բանին, որ «գիտությամբ կզբաղվեն նրանք, ովքեր իսկապես ուզում են զբաղվել գիտությամբ: Կան օրինակներ, երբ բանակից հետո շարունակել են և՛ կրթությունը, և՛ գիտական աշխատանքները», «Հայաստանում գիտական աստիճան ստացողների միայն 12-15% է մնացել գիտության ոլորտում: Սա ոչ մի միջազգային չափանիշի  մեջ չի տեղավորվում»:

Contra – Օրենքը վտանգելու է գիտության զարգացումը, քանի որ «չի բերվել համապատասխան վերլուծություն և փորձագիտական աշխատանք, որով հիմնավորվի, որ բանակից հետո մարդիկ գալիս և ավելի լավ են սովորում», «Բանակը փոխում է մարդու աշխարհայացքը և դրանից հետո կրթությունը շարունակել չեն ուզում», «Երկու տարվա ընդմիջումը վնասում է կրթության անընդհատությանը, ինչը հատկապես կարևոր է բնագիտական ոլորտում», «Անդառնալի հարված հասցնելով գիտական մտքին և նորարարությանը, այն խիստ կասկածի տակ է դնելու ողջամիտ ապագայում արդիական տնտեսություն, կրթական, առողջապահական, պաշտպանական համակարգեր ունենալու հնարավորությունն ու հեռանկարը»:

Pro – Օրենքը վերացնելու է անարդարությունն այս հարցում, քանի որ «կես միավորի տարբերությամբ մեկը գնում է բանակ, մյուսը շարունակում է կրթությունը բուհում»:

Contra – «Արդարություն հաստատել առանց այս օրենքի էլ կարելի է, արդարություն հաստատելու գործը զինվորական ծառայության հարցից չեն սկսում, դա աբսուրդ է»:

Pro – «Բոլորը պետք է ծառայեն բանակում, և սա է արդարության վերականգնման եղանակը»:

Contra – «Հետևանքներն անկանխատեսելի են, համաձայն չեմ պնդման հետ, թե դրույթը միտված է սոցիալական արդարության վերականգնմանը: Սա նախագիծ է, որ սոցիալական արդարության կարգախոսի ներքո մեզ տանելու է սոցիալական բևեռացման», «Այս օրենքը որևէ գործիք չի տալիս՝ բանակում հավասարություն ստեղծելու: Կարելի էր արդարություն հաստատել առանց այդ օրենքի, եթե լիներ ցանկություն, և վաղն այդ արդարությունը չի հաստատվի, եթե չլինի ցանկություն»:

Կոռուպցիա/ առողջապահություն/արտագաղթ

Pro – Օրենքը և տարկետման փոփոխությունը նպաստելու են կոռուպցիոն սողանցքները փակելուն, «Մենք նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը՝ սոցիալական արդարությունը պահելով: Բոլորի համար գործում է մեկ օրենք»:

Contra – Տարկետման փոփոխությունը «ստեղծելու է նոր կոռուպցիոն ռիսկեր առողջապահության և պաշտպանության ոլորտներում», «Եթե կրթության ոլորտում կա կոռուպցիայի խնդիր, ինչո՞ւ դա չի լուծվում ոլորտի ներսում, այլ փոխվում է տարկետման համակարգը», «Խնդիրը կտեղափոխվի այլ ոլորտ` բժշկասոցիալական հանձնաժողովներ, և հանկարծ կպարզվի, որ մարդիկ, որոնք իրենց վարքագծով առողջ մարդու տպավորություն են թողնում, ունեն «դարակազմիկ» հիվանդություններ և կազատվեն զինծառայությունից. դա անընդունելի մոտեցում է»:

Pro – «Այսուհետև բուժզննումների և հետազոտությունների ընթացակարգերը, ինչպես նաև զինվորական ծառայություն կրելուն հակացուցված հիվանդությունների ցանկը կորոշվեն կառավարության որոշմամբ՝ ներկայումս գործող կարգի փոխարեն, երբ հաստատում է պաշտպանության նախարարը»:

Contra -«Առողջական խնդիրներ ունենալու պատճառով բանակից ազատվողների թիվը սոսկալի մեծ է, բայց, քանի որ այդտեղ պայքարելը բարդ է, խնդիրներ են առաջանում, դիմողները շատ են, ներքին կոռուպցիոն ռիսկեր են առաջանում, գնացել են այս տարբերակով»:

Pro – Օրենքը չի կարող նպաստել արտագաղթին, «Բացարձակ ոչ, որովհետև տարկետումից օգտվում է հասարակության շատ փոքր հատված, մնացածը պարտադիր ծառայության ժամկետի տակ են: Հետևաբար՝ չեմ կարծում, որ օրենսդրության նման վերանայումը մեծ խթան էր դառնալու լրացուցիչ ինչ-որ արտագաղթային հոսքերի»:

Contra – Սկսված գործընթացն արդեն իսկ խթանում է արտագաղթին, որը մտահոգվելու լուրջ առիթ է: Արտագաղթը նոր թափ է առնելու այս օրենքով, «Բանն այն է, որ ուսման հիմքով տարկետման իրավունքի չեղարկումը, որը բազմաթիվ քաղաքացիների համար զինվորական ծառայությունից խուսափելու «սողանցք» էր հանդիսանում, հիմա շատերի համար ծառայությունից խուսափելու նոր դուռ կարող է բացել՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը և այլ երկրի քաղաքացի դառնալը», «Ես նաև ուսուցիչ եմ աշխատում, ու ամեն անգամ սեպտեմբերի 1-ին ցավով նկատում եմ, որ տղա երեխաների ծնողներն իրենց երեխաների հետ հեռանում են Հայաստանից: Լավ կլիներ, որ իրենք դուրս գային իրենց կաբինետներից ու մտնեին ժողովրդի մեջ»:

Անվտանգություն

Pro – «Նոր մեխանիզմները և կարգավորումները առավելագույնս նպաստելու են, որ մենք իրականացնենք պատշաճ պաշտպանություն, զինված ուժերի արդյունավետ ղեկավարում և վերահսկում»:

Contra -«Մեր բանակում արձանագրված կորուստների միայն կեսն են թշնամական գործողությունների հետևանք, մնացած դեպքերում գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքների հետ: Պատերազմի հավանականությունը հակադարձ համեմատական է Հայաստանի կառավարման էֆեկտիվությանը: Որքան վատ է կառավարումը, այնքան մեծ է պատերազմի հավանականությունը»:

Pro – «Եթե երկիրը պաշտպանված չլինի, ինչքան ուզում է երկրում գիտնական լինի, դա քոռ կոպեկի արժեք չունի: Առաջինը պետք է մտածենք պաշտպանության մասին»:

Contra – «Զենքի միջոցն ամենավերջինն է, որ պիտի օգտագործվի, մինչ այդ կա գիտելիքի ուժ, տնտեսական անվտանգություն, լավ դիվանագիտություն, երբ դրանք թուլանում են, մնում է սպառազնությունը»:

Pro -«Բոլոր փոփոխություններն ունեն մեկ վերջնական նպատակ. ամրապնդել մեր պաշտպանունակությունը, կատարելագործել հակառակորդին զսպելու մեխանիզմները և բարձրացնել զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանվածության մակարդակը»:

Contra – «Բայց, ցավոք, բանակի հզորացումը չի կապվում նոր տեխնոլոգիաների ներմուծման հետ, այլ գլխաքանակի ավելացման, որն ինքն իրենով վտանգ է ներկայացնում»:

Ազատություններ

Pro – «Նրանք, ովքեր օրինական հիմունքներով ազատվել են զինվորական ծառայությունից, պետք է հստակ իմանան իրենց անելիքը պատերազմի դեպքում: Դա որևէ կապ չունի միլիտարիզացիայի հետ»:

Contra – «Այս օրենքով հասարակությունն ու երկիրն ավելի են միլիտարիզացվում», «Երբ մեր պետության մեջ առաջնահերթությունը տրվում է բանակին և ոստիկանությանը, սա խոսում է այն մասին, թե ինչպիսի հասարակություն են  ուզում կառուցել իշխանությունները: Եթե մենք ուզում ենք Հայաստանը դառնա Իսրայել, մի մոռացեք, որ Իսրայելի կարևորագույն բաղադրիչը ժողովրդավարությունն է, որը դուք ոտնահարում եք կեղծ հայրենասիրական պաթոսի ներքո»:

Ինչպե՞ս արձագանքեցին լսարանները Ազգ-բանակի շրջանակներում առաջ քաշված դրույթներին: Լսարանների ի՞նչ հետաքրքրություն էր առաջացնում բանակի թեման իր ամբողջության մեջ:

Սրանք մեր հետազոտության մյուս ուղղության հարցադրումներն  էին, որոնց  պատասխանն օնլայն մեդիայի օրինակով  է ներկայացված:

Share

Comments are closed.