Գասպար Կարապետյան. «Մեր ծանրության հիմնական ուժն ուղղված է ապահովելու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը»


Եվրոպայի Հայ Դատի գործունեության հիմնական ուղղությունների մասին «Անալիտիկոնը» զրուցել է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:

Գասպար Կարապետյան

-Եվրոպայի Սփյուռքի գաղթօջախներն անընդհատ համալրվում են ի հաշիվ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթողների և Մերձավոր Արևելքից փախստականների հոսքով՝ բազմազանեցնելով սփյուռքի հայկական կազմակերպությունների առջև ծառացած խնդիրները:  Որպես Սփյուռքի հայկական կազմակերպության ղեկավար՝ ինչպե՞ս է հաջողվում համադրել երբեմն իրար հակասող այդ խնդիրների լուծումները:

-Մենք, իբրև Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ, ինչպես նաև Հայ Դատի մնացյալ հանձնախմբերը, համայնքային հարցերով չենք զբաղվում:  Կան հատուկ պատկան մարմիններ՝ ազգային վարչություններ և խորհուրդներ, որոնք էլ զբաղվում են ներքին համայնքային խնդիրներով: Ընդհանուր առմամբ, մեր գործունեությունը կապված է հայկական համայնքների իրավունքների և շահերի հետ:

Ստեղծված իրավիճակում, երբ գաղթականների մեծ հոսք եղավ Սիրիայից, դրանից էլ առաջ Իրաքից և Հայաստանից, համայնքային պատկերը փոխվեց՝ մեր արտաքին հարաբերությունների մեջ ստեղծելով նոր իրականություն:  Մեր առջև ծառացած հիմնական հարցն է՝ հասնել նրան, որ Հայաստանից մեծ թվով արտագաղթածների հիմնական իրավունքները  հարգվեն այն երկրներում, որտեղ նրանք հաստատվել էին:

Սիրիայի և Իրաքի պարագայում ավելի բարդ խնդիրների հետ բախվեցինք, քանի որ կարիք կար ընդունող պետություններին ճիշտ ներկայացնել նրանց դրությունը: Նրանք այնպիսի երկրներից էին, որտեղ գործունեություն է ծավալում Իսլամական Պետությունը (ԻՊ): Որոշ հյուրընկալ երկրներ իրենց դռները բացելով գաղթականների առջև՝ հետագայում  մտավախություն ունեցան, որ  նշված պետությունների քաղաքացիները կարող են ԻՊ-ի գործակալներ լինել, ուստի և  սկսեցին հետ ուղարկել կամ դժվարություններ առաջացնել:

Չնայած այն հանգամանքին, որ եվրոպական երկրներում հայկական համայնքները լավ համբավ ունեին, այնուամենայնիվ՝  մի շարք երկրներ որոշեցին խստագույնս  պահպանել Սիրիայի քաղաքացիներ չընդունելու օրենքը: Որտեղ մեր  հնարավորությունները թույլ էին տալիս՝ փորձում էինք հստակեցնել, որ  հայ բնակչությունը ԻՊ-ի հետ կապ չունի:

Մի նուրբ հարց ևս առաջացավ, քանի որ Սիրիայից հայերի մեծ մասը սկզբում ստացել էր  Հայաստանի քաղաքացիություն և ապա եկել եվրոպական երկրներ, այսինքն՝ նրանք չունեին փախստականի կարգավիճակ: Սակայն այս մարդիկ իսկապես  փախստականներ էին, Հայաստանը միայն ազգասիրության զգացողություններից ելնելով քաղաքացիություն տվեց, որ իր զավակաները դրսում չմնային:  Կարողացանք հասնել նրան, որ որոշ տեղեր այդ խնդիրներին լուծում տրվեց, իսկ որոշ տեղեր՝ ոչ:  Իսկ ահա համայնքների  ներքին շերտավորվածությամբ մենք չենք զբաղվում, և կարիք էլ չունենք զբաղվելու, քանի որ դա համայնքային մարմինների գործն է:

-Տարածված կարծիք կա, համաձայն որի՝ Հայ Դատը միայն Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է:  Իրականում որո՞նք են Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները:

-Բառն ինքնին ասում է, որ Հայ Դատը մեր ժողովրդի իրավունքներն են, իրավունքների պաշտպանությունը: Տարիներ շարունակ՝ մինչև 1965 թվականը, ելնելով  հայտնի պատճառներից, մեր հիմնական   գործունեությունն ուղղված էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հարկավոր էր, որ մեր գաղութները կայանային, քաղաքական ինքնաբավություն և գիտակից երիտասարդություն ունենային, որպեսզի կարողանայինք դուրս գալ ապրիլի 24-ը միայն հոգեհանգստով հիշատակելու դրությունից:

Այնուհետև հիմնվեցին  Հայ Դատի հանձնախմբերը: Հասկանալի է, որ այդ օրերին պետք է ուտոպիստական լիներ մտածելն անգամ  Արցախի, Նախիջևանի կամ Ջավախքի հարցերի մասին: Այդ ժամանակ գոյություն ունեցող միակ հարցը  Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Հենց այդ ուղղությամբ էին Հայ Դատի հանձնախմբերը տարիներ շարունակ աշխատում և որոշակի արդյունքներ գրանցում. այսօր Եվրոպական Միության երկրների  կեսից ավելին ճանաչել է  Հայոց ցեղասպանությունը: Բայց հիմնական թիրախը Թուրքիայի կողմից ճանաչումն է, իր պատասխանատվության ընդունումը և հատուցումը: Մեզ համար բավարար չէ, որ  Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ներողություն  խնդրի և հարցը  փակվի:  Շատ ավելի կարևոր է, որ Թուրքիան  ընդունի իր գործած ոճիրը և կրի պատասխանատվություն: Այդ նպատակով էլ  ՀՅԴ-ն հիմնեց հատուկ գրասենյակ՝ Armenian Legal Center-ը (Հայկական իրավական կենտրոն),  որպեսզի Հայ Դատի հանձնախմբերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պետությանը իրավական հիմքեր տա Հայոց պահանջատիրության համար:

1988-ից հետո Հայ Դատի հանձնախմբերը սկսեցին  զբաղվել նաև Արցախյան հիմնահարցով: Հենց այդ թվականին էր, որ Դաշնակցությունը որոշեց վերադառնալ «Դեպի Երկիր» ծրագրին, ինչը ենթադրում էր, որ Դաշնակցությունը պետք է վերադառնար և աշխատեր նաև հայրենիքում, Հայաստանի և Արցախի ժողովուրդների շահերի համար: Հայտնի  է ՀՅԴ-ի ավանդն արցախյան շարժման, հայրենիքի  կայացման գործընթացում, ինչպես նաև դժվարությունները Հանրապետության առաջին նախագահի կողմից, ով անհեռատես և վնասակար քաղաքականություն վարեց՝  փորձելով պառակտել հայրենիքը և սփյուռքը:

Այսօր մեր հիմնական հարցը Արցախի հարցն է, ուր,  Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում, մենք ունենք նաև մարդկային զոհեր: Մեր ծանրության հիմնական ուժն ուղղված է ապահովելու Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, որը պատերազմի դաշտում հաջողվեց նվաճել, սակայն 1990-ականների սխալ որոշումների և քայլերի պատճառով  մինչ այսօր Արցախը դե յուրե ինքնիշխան երկիր չէ:

Մեր գործունեությունը միտված է Արցախի բարգավաճմանը, տեղի մեր հայրենակիցներին մեկուսացումից դուրս բերելուն:  Այդ ուղղությամբ կազմակերպում ենք քաղաքական անձանց, լրագրողների, դասախոսների, մշակութային գործիչների պատվիրակությունների ճանաչողական   այցեր Արցախ, որպեսզի մեր ժողովուրդն այնտեղ զգա, որ մեկուսացած չէ աշխարհից: Աշխարհն էլ  գիտի, որ, հակառակ Ադրբեջանի բոլոր անիմաստ սպառնալիքների, կան մարդիկ, որոնք այցելում են և այցելելու են Արցախ:

Մենք նաև կազմակերպում ենք Արցախի քաղաքական գործիչների, ուսանողության այցերը Եվրոպա: Արդեն երեք անգամ Արցախի նախագահը եղել է  Բրյուսելում,  ելույթներ ունեցել Եվրոպական խորհրդարանի  ամբիոններից, բարեկամական խմբեր հիմնել: Մեր ջանքերով եվրոպատգամավորները բարձրացրեցին նաև Արցախի երիտասարդներին Եվրոպայում ուսանելու հարցը: Մեր գրասենյակի ջանքերով  արդեն երկրորդ տարին է, որ Արցախի երիտասարդները հնարավորություն ունեն պրակտիկա անցկացնել Եվրոպական խորհրդարանում:

Երրորդ հիմնական ուղղությունը  սիրիահայերի հարցն է, որ շատ մտահոգիչ է: Սկզբնական շրջանում, երբ ԻՊ-ն ընդգրկված չէր պատերազմում և հիմնական ուժը Սիրիայի ընդդիմությունն էր,  մենք փորձում էինք  համոզել, որ հայ համայնքը  ցանկանում է եղբայրասպան պատերազմի դադարեցումը, Սիրիայի մեջ ժողովրդական կարգերի հաստատումը, Սիրիայի վերականգնումը: Դրանից հետո զբաղվում էինք նաև մարդասիրական  օգնություն ուղարկելով, Բելգիայում հիմնելով «Միջին Արևելքի քրիստոնյաների միություն»,  երեք անգամ  օժանդակություն և պատվիրակություններ ենք ուղարկել Սիրիա:

Կարևոր է նաև Ջավախքի հարցը, որի պարագայում պետք է շատ զգույշ լինենք և զերծ մնանք ծայրահեղական հայտարարություններից: Մենք Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ենք ցանկանում, բայց միաժամանակ  Վրաստանն էլ պետք է հասկանա, որ  ջավախահայերը պետք է ունենան նույն իրավունքները, ինչ Վրաստանի մյուս քաղաքացիները: Մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև մեր հայրենակիցներն այդ ամբողջական Վրաստանի մեջ պետք է ունենան բոլոր իրավունքները:

Բացի այդ, ունենք նաև մեր համայնքների միջև համագործակցության ապահովման հարց, որի նպատակով էլ յուրաքանչյուր չորս տարին մեկ կազմակերպում ենք եվրոպահայերի համագումար: Այդ ընթացքում էլ վճռվում են հիմնական անելիքները, հաղորդակցության հիմնական ռազմավարությունը:

– Վերջին տարիներին նկատում ենք, որ Արցախի ճանաչման ուղղությամբ մեծապես աշխուժացել է ձեր գործունեությունը: Ի՞նչ հանգամանքներ նպաստեցին այդ շրջադարձին:

-Արցախի հարցը երբեք էլ մոռացված չէր, բայց մարտավարական  տեսանկյունից նպատակահարմար չէր այն բարձրացնել: Մեր հիմնական սխալն այն էր, որ կարծեցինք, որ եթե պատերազմում հաղթել ենք, ապա հարցը փակված է: Անկախության առաջին տարիներին, երբ Հայաստանն ավելի շատ զբաղված էր իր ներքին խնդիրներով, Ադրբեջանը քնած չէր:  Հատկապես էներգետիկ   հարստությունների առկայության պարագայում այդ երկիրն ավելի գրավիչ դարձավ, և  մեզ համար դժվարություններ առաջացան:  Տևական ժամանակ է, որ մշակել ենք նոր մարտավարություն, որով Արցախի հարցով  ավելի ակտիվ քաղաքականություն ենք վարում, ինչի շնորհիվ էլ  բավականին լավ  արդյունքներ ունենք: Դրա ապացույցը նաև Ադրբեջանի սև ցուցակն է, որն անընդհատ ընդլայնվում է: Եվրոպացիներն ազատ մարդիկ են, ուստիև իրենք, այլ ոչ թե Ալիևն է որոշում՝ ու՞ր և ե՞րբ գնալ: Ադրբեջանի քաղաքականությունն այս ուղղությամբ հաջողության չի հասել և ժողովրդավարական երկրներում չի հասնելու: Մեր հիմնական աշխատանքը ներկայումս հնարավորինս շատ մարդկանց Արցախի իրականությանը ծանոթացնելը, Արցախում կայացած երկիր ունենալու բոլոր ինստիտուտները ցույց տալը և այդ շրջափակումից երկիրը  դուրս բերելն է:

Եվրոպայում բազմաթիվ քաղաքներ համագործակցության  համաձայնագրեր են ստորագրել Արցախի քաղաքների հետ, ունենք նաև պատգամավորների բարեկամության խմբեր Ֆրանսիայում,  երկուսը Բելգիայում (մեկը՝ ֆլամանդախոս, մյուսը՝ ֆրանսախոս խորհրդարաններում), Լիտվայում  ինչպես  նաև Եվրոպական խորհրդարանում: Դա չի նշանակում, որ Եվրոխորհրդարանը ճանաչում է Արցախը: Պարզապես արցախցիները կարող են միջոցառումներ կազմակերպել, խորհրդաժողովներ գումարել, ներկայացուցիչներ ունենալ և այլն:

 

Պատրաստեց Աննա Բարսեղյանը

Share

Comments are closed.