Հայ ազգային ինքնությունը և Սփյուռքի գործոնը գլոբալացվող աշխարհում

(էթնոհոգեբանական տեսանկյուն)

 


Մովսես ԴԵՄԻՐՃՅԱՆ

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
Երևան

Գլոբալացման ժամանակակից գործընթացներն առաջացրել են բազմաթիվ խնդիրներ, որոնցից թերևս ամենաարդիականը սեփական մշակույթի և մշակութային բազմազանության պահպանումն է: Հայ մշակույթի զարգացման պատմական յուրահատկություններից մեկն այն է, որ պետության երկարատև բացակայությունը փոխհատուցվել է մշակույթով՝ սկսած միջանձնային հարաբերությունները կարգավորող նորմերից և հանրային կյանքի կազմակերպումից, վերջացրած ժողովրդի ֆիզիկական և հոգեբանական պաշտպանության մեխանիզմների ստեղծումով: Թերևս, դրանով է բացատրվում հայերի գիտակցության մեջ մշակույթի՝ որպես էթնոպաշտպանիչ (կամ՝ ազգապահպան) երևույթի մասին արմատավորված պատկերացումը, և պատահական չէ, որ մշակույթի պահպանումը և վերարտադրությունը բոլոր դարերում համարվել է հայկական էթնոսի պահպանման և գոյատևման երաշխիք:Հայերի էթնոհոգեբանության մեջ մշակույթի նման ուռճացված ընկալումը պայմանավորված է նաև «հայոց պատմության հաստատուն գործոնով՝ տեղահանման և ոչնչացման սպառնալիքով»1, որն առավել ամբողջական կերպով արտահայտվեց 20-րդ դարում:

Ակնհայտ է, որ «էթնովնասվածքի» ֆենոմենը թողել է իր հետքը հայերի էթնոհոգեբանության մեջ, լինելով, մի կողմից, համախմբող գործոն ազգային ինքնագիտակցության մեջ, իսկ մյուս կողմից՝ զանգվածային դիխոտոմիկ գիտակցության անբաժան մաս: Դրա վկայությունը դարձավ հայերի համար ճակատագրական ողջ 20-րդ դարը՝ սկսած վերջնական բնաջնջումից խուսափելու նպատակով աշխարհով մեկ սփռվելով մինչև անկախ պետության ձեռքբերումը:

Աշխարհի տարբեր ծայրերում մշակութային օջախների ստեղծումը, ամենայն հավանականությամբ, հանդես եկավ որպես մյուս ժողովուրդներից հայերի օտարումը կանխող գործոն, ինչը միանգամայն հնարավոր էր պատմական և առհասարակ՝ մարդկային հրեշավոր ոճրագործության՝ Ցեղասպանության և դրան հետևած ոչ պակաս սարսափելի «համաշխարհային լռության» հետևանքով:

Ամենայն հավանականությամբ, ժամանակակից հայերի գիտակցության մեջ սփյուռքը հանդես է գալիս որպես ազգային-մշակութային ինքնության այլընտրանքային օջախ, որպես ինքնանույնականացման գործող «մայրական էթնոսի» պայմաններում2:

Նույնքան ակնհայտ է, որ գլոբալացման արդի պայմաններում հայկական սփյուռքը, որպես էթնոմշակութային համակարգ, հանդիսանում է ազգային-մշակութային արժեքների պահպանման և տարածման օջախ: Հայտնի է, որ էթնիկական նույնականության դերը բարձրացնող երևույթներից մեկը արտագաղթն է: Եվս մեկ օրինաչափություն դրսևորվում է այն հանգամանքում, որ էթնիկության զգացումն ավելի բարձր է տվյալ տարածքում բնակվող ոչ-դոմինանտ խմբերի մոտ, ինչպես սփյուռքյան հայ համայնքների դեպքում է:

Միաժամանակ, Հայրենիքում մշակույթի զարգացման հնարավորությունների բացակայության պատճառով, հայկական մշակույթը մեծապես զարգացել է սփյուռքում, մշակութային այլ միջավայրում: Դա, վերջին հաշվով, ուժեղացրել է հայկական մշակույթի պահպանողական և պաշտպանական մեխանիզմները՝ ստիպելով ավելի մեծ ուշադրություն դարձնել ազգային դաստիարակության, կրթության, պատմության ընկալման և նմանատիպ հարցերին: Միանգամայն արդարացված է այն տեսակետը, որ ժամանակակից հայ մշակույթի ամբողջականությունն ապահովվում է նաև սփյուռքի միջոցով:

Անկախության առաջին տարիներին (բայց նաև այսօր) սփյուռքը զգալի դեր է կատարում նաև հայկական պետության կայացման գործում՝ հանդես գալով որպես «քաղաքակիրթ մտածողության ձևավորման յուրահատուկ աղբյուր»: Այդ հանգամանքն առավել քան արդիական է հատկապես ժամանակակից ազգային-մշակութային վերածննդի պայմաններում, երբ սփյուռքը կոչված է լինելու ոչ այնքան տնտեսական, որքան հոգևոր հարստացման աղբյուր3՝ հանդիսանալով ազգային գաղափարների և արժեքների կրող: Մասնավորապես, մայրական էթնոսից դուրս ազգայինի զգացումը պահպանվում է առավել անփոփոխ կերպով, թեկուզ և այն պատճառով, որ պարունակում է էթնովնասվածքների մասին վառ հիշողություն, ինչն առավել արդիական է այլ մշակութային միջավայրում (սփյուռք) և տվյալ ազգի ներկայացուցիչների համար համախմբման հզոր ներուժ է պարունակում:

Մերօրյա Հայաստանում նկատվող ամենացավոտ ճգնաժամերից մեկը կապված է պետական մտածողության հետ: Պետականության երկարամյա բացակայությունն արտահայտվել է «պետական մտածողության հմտությունների»4   բացակայության մեջ, ինչպես անհատական, այնպես էլ ազգային մակարդակներում: Արդեն անկախության առաջին տարիներին սեփական պետության ինքնուրույն ղեկավարման փորձի պակասն արտահայտվեց ազգային տնտեսության համար կործանարար սեփականաշնորհման տեսքով:  Վերջինս բացահայտեց հայ ժողովրդի էթնոհոգեբանության մի առանձնահատկություն ևս՝ կլանային շահերի գերակայությունը հարաբերությունների բոլոր մակարդակներում, ընդհուպ մինչև պետական:

Ակնհայտ է, որ, այսպես կոչված, «կլանային էգոիզմը» զգալիորեն խանգարում է պետական կառույցների կայացմանը, հատկապես քաղաքականության և տնտեսության ոլորտներում: Ժամանակակից գլոբալացման պայմաններում, երբ տարածվում են կառավարման նոր համակարգեր և ձևավորվում է տնտեսական միասնական դաշտ, ժամանակի պահանջին չեն կարող համապատասխանել նեղ կլանային շահերը սպասարկող պետական կառույցները:

Ամենայն հավանականությամբ, հայ ժողովրդի պատմական զարգացման ընթացքում քաղաքական գիտակցության ձևավորման պայմանների բացակայությունը նպաստել է, որպեսզի հասարակության մեջ առաջնային դառնան ոչ թե մարդկանց միջև իրավական հարաբերությունները, այլ հարաբերությունները կլանների և տոհմերի միջև: Հայտնի է, որ քաղաքական կյանքը ձևավորվում է առավելապես քաղաքային միջավայրում, որն արմատապես փոխում է նախորդ հասարակարգի կառուցվածքը: Քաղաքային (քաղաքական) տարածությունը ստեղծում է սոցիալական կապերի միանգամայն նոր ձևաչափ, որը տարբերվում է ավանդական (կլանային, տոհմային) հասարակությունից: Քաղաքային («պոլիսային»)5   կյանքի սոցիալական ատոմը ոչ թե ընտանիքն է, տոհմը կամ կլանը, այլ քաղաքական-իրավական նորմերի ամբողջությամբ օժտված անհատը: Հնարավոր է, որ Հայաստանում պետական մտածողության բացակայության յուրահատուկ հետևանքներից մեկն էլ երկրում մինչ օրս քաղաքային կյանքի ձևավորման անհնարինությունն է:

Միայն անկախության տարիներին հնարավոր եղավ ազգային շահերին առաջնային նշանակություն տալը, ինչը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ միայն պետական համակարգի պայմաններում է ազգայինը բացահայտում իր ողջ ստեղծագործական կարողությունը: Հենց մշակույթի ինքնուրույն զարգացումն է հնարավորություն ստեղծում ազգային շահերի և հետաքրքրությունների ձևակերպման և իրականացման ուղիների որոնման համար: Առհասարակ, ազգային հարցերի քննարկումը պետության մակարդակում հնարավոր է միայն գաղափարական հարկադրանքի բացակայության դեպքում: Միանշանակ կարելի է ասել, որ եթե Խորհրդային Միությունը մինչ այժմ գոյություն ունենար, ապա հայ մշակույթը կզարգանար, սակայն՝ առանց ինքնուրույնության: Մինչդեռ մեծապես հենց գաղափարական հարկադրանքի բացակայությունը հնարավոր դարձրեց ազգային զգացմունքի արտահայտությունը և, որպես հետևանք, հայ ազգի երազանքի՝ անկախ պետության ստեղծումը:

Կարելի է առանձնացնել որոշակի հատկանիշներ և որակներ, որոնք տարբերում են ազգը մարդկային այլ խմբերից ինչպես անհատի նկատմամբ գործառույթների առումով, այնպես էլ՝ «սոցիալական նշանակության և կենսական, ստեղծագործ ուժի»6: Գլխավորը, թերևս, այն հանգամանքն է, որ ոչ մի այլ խումբ կամ հանրույթ չունի այնքան խոր և հզոր հիմքեր, ինչպես ազգը: Ազգային մշակույթների պատմական զարգացումը, դարաշրջաններից և քաղաքակրթություններից հետո, դրսևորվում է նոր ձևով՝ պետության, որը մշակույթի հետ զուգահեռ հանդիսանում է ազգային ինքնության պահպանման գործոն: Ազգայինը, ըստ էության, «մարդու գոյության կենսական, հոգևոր և մշակութային նշանակության առաջնային պայմանն է»7:

Մշակույթի պատմական զարգացումը ձևավորում է այն էթնիկական հաստատուն մեծությունները և արժեքների համակարգը, որոնք, դառնալով ազգային մշակույթի առանցք, ապահվում են հանրային կյանքի հոգեբանական կայունությունը: Ընդհանրապես հենց էթնիկական մշակույթի զարգացման յուրահատկություններից է բխում ազգային բնավորության յուրահատկությունը:

Ի վերջո, «ազգն այն ինքնատիպ երևույթն է, որը ներառում է իր մեջ սեփական նախահիմքը որպես սուբստանցիա»8: Ազգային զարգացումը բնավ չի բացառում սեփական ծագման բնական-պատմական իրողությունները, դեռ ավելին, այն կոչված է լրացնելու մարդկանց արյունակցական կապերը մշակութային ընդհանրությամբ:

Լինելով դինամիկ և բավականին բարդ երևույթ՝ ազգայինն աջակցության և ամրապնդման կարիք ունի պետության մակարդակում: Ինչպես տեղի ունեցավ Հայաստանում, ազգային հիմքի վրա պետության ստեղծումը դարձավ հասարակության հոգեբանական պաշտպանության հզոր մեխանիզմ, իսկ ազգային վերածննդի ժամանակակից պայմաններում հենց պետության միջոցով է ազգը ներառվում միջազգային հարաբերությունների մեջ:

Պետք է նկատել, որ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում ընթացող սոցիալ-տնտեսական գործընթացները վկայում են, որ այսօր հնարավոր չէ կառուցել պետություն՝ միայն ազգային հիմքի վրա: Ակնհայտ է, որ ազգի պահպանման համար անհրաժեշտ է պետություն և որ ժամանակակից գաղափարական հոսանքներում առաջնայությունը պետք է տրվի ազգային-պետական, եթե ոչ՝ պետական-ազգային գաղափարախոսությանը9: Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ ազգային մշակույթը ստեղծումը, որպես այդպիսին, պետության առաքելությունը չէ: Սակայն պետությունը ստեղծում է պայմաններ և միջավայր՝ միասնական ազգային լեզվի և մշակույթի համար10:

Հայերի համար պատմական նշանակություն ունեցող անկախության ձեռքբերումը, անկախ պետության ստեղծումը և դրան ուղեկցող գործընթացները անհիմն են դարձնում հայ մշակույթի նկատմամբ մի դիրքորոշում, որն արտահայտել է Լոուրենս Արաբացին՝ հայերին անվանելով «անտանելի ժողովուրդ»11 այն բանի համար, որ «ազգային պետություն ստեղծելու իրական ձգտում նրանք չունեն, այդ գաղափարը նրանց ձանձրալի է թվում»12:

Սակայն նաև այն պատմական փաստը, որ անկախ պետության ստեղծման գործընթացներին տարբեր կերպ մասնակցում էին նաև աշխարհասփյուռ հայ համայնքները, վկայում է վերը նշված տեսակետի անհիմն լինելու մասին: Ի դեպ, անկախության տարիներին փոխվեց նաև սփյուռքի դերը, ով մինչև անկախ պետության ստեղծումն այնքան համախմբված չէր, որքան դրանից հետո:

Կարելի է ասել, որ միայն այն բանից հետո, երբ Մեծ Եղեռնի արդյունքում աշխարհի տարբեր երկրներում պատմականորեն ձևավորված հայ համայնքներին ավելացան նաև հայկական գաղութները, նրանք բոլորը միասին հանդես են գալիս որպես միասնական Սփյուռք:

Հայկական Սփյուռքում մշտապես զուգահեռաբար ընթանում է երկու գործընթաց՝  համախմբում և ասիմիլյացիա: Որքան էլ ցավալի լինի, ասիմիլյացիան անխուսափելի պրոցես է և լինելու է այնքան ժամանակ, որքան լինի Սփյուռքը: Համախմբումը հանուն ինքնության պահպանման և անխուսափելի ասիմիլյացիան լինելու են նաև 10, 20, 30 տարի հետո: Բայց ինչպես հիմա, այնպես էլ անցյալում և ապագայում, ասիմիլացվելու, թե հայկական ինքնությունը պահպանելու հարցը լուծվում է ընտանիքների և անհատների, ոչ թե ամբողջ համայնքի մակարդակում:

Հայաստանում և Հայրենիքից դուրս ապրող հայերին միավորող գործոններից թերևս ամենաազդեցիկն այսօր հավաքական պատմական հիշողությունն է: Այն կապված է պատմական արդարության, ազգի կենսունակության, նաև պահանջատիրության հետ: Այդ ամենը կարող է ներկայացվել որպես ազգային շահ: Այսօր այդ ազգային շահն արտահայտում և դրա իրականացման համար պայքարում են ինչպես անկախ պետությունը, այնպես էլ Սփյուռքը: Կարծես թե այդ հարցում Հայաստանն ու աշխարհասփյուռ հայերը միասնական են:

Անշուշտ, հայի ազգային պատկանելության հիմնական սյուները հայոց լեզուն և ազգային մշակույթն են: Դրանք համախմբող այն երևույթներն են, որոնք եղել են մինչև անկախ պետություն ունենալը, համախմբել են հայերին պատմական բոլոր այն ժամանակահատվածներում, երբ պետություն չի եղել: Բայց այս երկու գործոններն այսօր լրջորեն վտանգված են գլոբալացման պատճառով: Ազգային մշակույթը և լեզուն Հայաստանում դադարում են կենսական նշանակություն ունենալ, քանի որ երկրում արդեն իշխում են ժամանակակից սպառողական և զանգվածային մշակույթները:

Նման պայմաններում հայերին համախմբող բոլոր երևույթներին՝ պետությանը, հայոց լեզվին, մշակույթին և այլն, այսօր պետք է ավելացնել ևս մեկը, որը համախմբման ավելի մեծ ներուժ ունի՝ ընդհանուր ապագան: Միասնական անցյալը ժամանակի ընթացքում կորցնելու է իր համախմբող ներուժը, հատկապես պատմությունը խորապես չիմանալու և քննական վերլուծության չենթարկելու տարածված միտումների արդյունքում:

Մինչդեռ միասնական ապագան կարող է դառնալ ամենաազդեցիկ միավորող գործոնը: Եթե ազգի ներսում կան մարդկանց իրարից անջատող տարածքային, կրոնական, լեզվական և այլ գործոններ, ապա «միասնական ապագայի» սկզբունքն անտեսում է այդ տարբերությունները: Եվ  «հայը նա է, ով կրում է ազգի ընդհանուր անցյալը» բանաձևը կարող է լրացվել «հայը նա է, ով կիսում է ազգի միասնական ապագան» սկզբունքով: Լրացվել, իսկ ապագայում՝ նաև փոխարինվել:

________________________

[1] Лезов С.  Попытка понимания. М.-СПб., Университетская книга. 1999. с.338.

[2] Տե՛ս Лурье С. Историческая этнология. М., Аспект Пресс. 1997.

[3] Հր. Շաքարյան. Մտորումներ ժամանակակից հայ ազգային արժեքների կազմակերպման գործում Սփյուռքի ներուժի մասին. // Տեսակետ. 2002 N8. էջ 21.

[4] Мелик-Шахназарян Л. Характер армянского народа. Ер., Тираст. 1999. с.32.

[5] Տե՛ս Нуржанов Б.Г. Мир – основная проблема культуры. // Мир начинается у твоего порога. Алматы, КазГУ. 2000. (www.orda.kz/mir.htm)

[6] Տե՛ս Мнацаканян М.О. Нация: психология, самосознание, национализм (интегральная теория). М., Анкил. 1999.

[7] Булычев Ю.Ю. Народность, нация и национальный дух как первоначала человеческого существования. // Русское самосознание (Философско-исторический журнал). 1999 N6.

(http://www.nationalism.org/russamos/06-05.htm)

[8] Мнацаканян М.О. Интегрализм и национальная общность как социальная реальность. // Социологические исследования. 2001 N3. с.77.

[9] Տե՛ս Հր.Գ. Շաքարյան. Փիլիսոփայական-մեթոդաբանական հիմնահարցերը ժամանակակից հայ կրթամշակութային համակարգում. // Աշխարհայացքայինը ժամանակակից հայ կրթամշակութային համակարգում. Եր., Եր. Համ. հր., 2002. էջ14.

[10] Տե՛ս Գևորգյան Հ. Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ. Եր., 1997. էջ 20-21.

[11] Լոուրենս Թ. Այդ անտանելի հայերը. Եր., Շեմ. 2001.

[12] Մեջբերումն ըստ Лурье С.В. Национализм, этничность, культура: категории науки и историческая практика. // Общественные науки и современность. 1999 N4.

 

 

Share

Comments are closed.