Բեյրութի հայերի տները

Կամ՝ ինչպե՞ս պիտի ապրի սփյուռքը



Սագո ԱՐԵԱՆ

Լրագրող
Երևան

Բեյրութում  ապրող    շատ  հայերի  տներում  կախված էին  Արարատ   լեռը պատկերող    կտավներ: Ամեն  ուրախ  առիթի  մեր  ծանոթները կենաց էին բարձրացնում  ու   ազգային երգեր  երգելով՝ նայում Արարատին:

Սառը  պատերազմի տարիներն էին, որի հետևանքով  էլ Հայաստանի հանդեպ   հետաքրքրությունը  միանշանակ չէր   բոլոր  կողմերի   համար: Մինչ  «առաջադիմական»  պիտակով  հայտնի   հայերը    Խորհրդային Հայաստանն էին ջատագովում,  մյուս կողմում Դաշնակցական շրջանակների  կարևոր մի մասը վերապահումներով  էր  նայում Հայաստանին:Թե ի՞նչ էր Հայաստանը մերոնց  համար, և ի՞նչ արագընթաց փոփոխություններ  եղան մասնավորապես  1988  թվականին ծավալած   ղարաբաղյան շարժումից հետո՝   բոլորին պարզ է:

Սառը պատերազմի  տարիներին    Սփյուռքում դերակատարություն ունեցող         եւ քաղաքական հանրություն համարված մի շարք հայեր, որոնք դրական կեցվածք ունեին Հայաստանի  հանդեպ,  հարմար նկատվեցին  կոչվել հայաստանասերներ, իսկ  նրանց   հայացքը չկիսող ու Խորհրդային Հայաստանի  հանդեպ ժխտական  կեցվածք ունեցողները, որոնք «ըստ կանոնի»  պետք է կոչվեին հակահայաստանասերներ,  այդ բնորոշումով չներկայացան:

Իսկ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ամենաթեժ փուլերում նույն Խորհրդային Հայաստանի դեմ հանդես եկող հատվածներն ընդունեցին խորհրդային  երկրի     աջակցությունը: Բուրջ Համուդ  թաղամասի  մատույցներում, որտեղ    հերթապահում էին  շրջանի ապահովությունը  ստանձնած  հայորդիներ, պարզ   երևում էր, որ նրանք՝  այդ զինյալները, կրում են Խորհրդային Հայաստանից  Բեյրութ  ուղարկած զինվորական  շորեր  և զինված էին նաև խորհրդային երկրի    ավտոմատներով:

Բոլորից  ավելի  ու բոլորից շատ աջակողմյան թեքումներով  հայտնի Լիբանանի  հայության մեծագույն զանգվածը հաճախ լռությամբ  էր հասկանում, որ    Հայաստանի  առաջին  հանրապետության օրերին ստեղծված  բեկումնային փուլը  պատկանում է անցյալին, ու հիմա եկել է նոր ժամանակ, որ խորհրդային տարազով  աշխարհին ներկայացող Հայաստանը  նույն մայր  Հայաստանն է, որին   տենչացել են  իրենց նախահայրերից շատերը եւ  զոհվել    այդ հանրապետությունը   կերտելիս:

Ինչո՞ւ եմ կենտրոնանում   հատկապես Լիբանանում  տեղի ունեցած դեպքերի  վրա. մի պարզ պատճառով,  որ վաղ վաթսունականներից սկսած Լիբանանը   աքսորված  ու տեղահանված  արևմտահայերի  կողմից ստեղծած  սփյուռքի  կարևորագույն կենտրոնն է եղել: Իր  աշխարհագրական  դիրքով ու  այդ երկրի  իշխանությունների կողմից  հայ համայնքի   տրված  առանձնաշնորհումներով  Բեյրութը,   արագորեն աճելով, դառնում է   սփյուռքի «սիրտը», ուր նաև        կերտվում էր այնպիսի մի  համակարգ, որի շնորհիվ  էլ Արևելյան Սփյուռքը   ապահովում էր Արևմուտքի ու հատկապես ԱՄՆ-ի ու նաեւ եվրոպական մի  շարք   հայկական   համայնքների «մտավորական»  կարիքները:

Վաղ յոթանասունականներին Սառը  պատերազմի նոր, սաստիկ փուլ էր գալիս, ու այդ սաստկացման հովերը  փչում էին նաև  հայկական    դաշտի  վրա: Ընթացք  էր առնում ազգային-ազատագրական պայքարի մի  նոր էտապ,  որն  իր  գործողություններով և Թուրքիայի  դիվանագիտական  ներկայացուցիչների  դեմ    իրականացված «մահապատիժներով» հար և նման էր  1920-ականներին Թեհլերյանի ու իր ընկերների  իրականացրած   «Նեմեսիս»  շարժմանը:

Իրոք,  ի՞նչ էր  ուզում սփյուռքը  և  ի՞նչ ուղղությամբ էր   փորձում դաստիարակել  այն սերնդի իրավահաջորդներին, որոնք Մուշից, Կարսից ու  Էրզրումից     գաղթականի փայտը ձեռքին հասել էին Դեր  Զօր, Այն Արաբ ու ապա՝ Հալեպ ու   Բեյրութ:

Սա արթնացման մի փուլ էր կամ Օսմանյան հիվանդ կայսրության  վերջին  օրերի ու դյոնմե հրեաների ստեղծած Իթթիհատ Վե Թերաքի  կուսակցության    արյունարբու ղեկավարների   ծանր  հարվածներից    ուշքի եկած     հայորդիների      զարթոնքը:

Այս բոլորի մեջ մեծ դեր էր  խաղում Բեյրութում տիրող  ընդհանուր իրավիճակը,    ուր հայորդիներն ստիպած էին թողնել իրենց դպրոցն ու համալսարանը և նետվել փողոց՝ պաշտպանելու հայկական  թաղամասերը:

Մեր ապրած  թաղամասերում  «բոցավառ»  աչքերով    երիտասարդները           Խորհրդային Հայաստանից  «բերված» ավտոմատների վրա  փոքրիկ պատկերներ էին կպցրել:

Պատկերը  խոսում էր  մի կողմից Արևմտահայաստանի երազի մասին ու  մյուս կողմից՝  Թուրքիայի  դեմ  անդուլ պայքար  տանելու ու եվրոպական  քաղաքներում     «հայի  վրեժի» հարցը  լուծելու մասին:

Սա սփյուռքի ամենաթանձր պատկերն էր: Ամենախիտը,  ամենավճռականը և     հողի  բացակայության   պայմաններում հայրենիք   ստեղծողի     հոգեբանության վրա կերտված մի դրույթ,  որի մեջ  մինչև  Ղարաբաղյան խնդրի «բորբոքումը»       հաճախ և հասկանալի պատճառներով  բացակայում էր  դեպի Հայաստան   ուղղվածությունը:

Ստեղծվածը  սփյուռքն էր: Նոր սփյուռքն ասելիք ունեցող եւ կուռ էր, եւ  որի հերոսները չէին  մեռնում եւ  եկել էին աշխարհի հետ նոր   բառերով խոսելու:

Հայրենիք  փնտրելու խնդիր չէին դրել սփյուռքահայերն իրենց առաջ: Ապրում էին  հնի  վրա կերտված  նոր «ամենաքաղաքի» մեջ, որտեղ ապրում, աղոթում, սիրում,  մեռնում ու հառնում էին ամեն օր: Նրանք  ամեն  օր չափում էին աշխարհն իրենց  պատուհանի արանքից ու վստահ էին, որ երկար տառապանքներից հետո հարվածներ կրած  ինքնության խաչը դեռ տանելու են շատ հեռու:

Դեպի Արևմտահայաստան  դատն իրենց   հայացքը սևեռող սփյուռքյան մամուլում  մտավորական  խոսքով  հանդես եկող հրապարակախոսների համար  ոչ  մի ձևով կանխատեսելի չէր «հզոր» կայսրության՝ Խորհրդային Միության փլուզումը: Նույնիսկ նրանք, որոնց համար խորհրդային աշխարհը ներկայանում էր որպես հակառակորդ ու թշնամի,  ոչ մի կերպ չէին պատկերացնում, որ  մի  օրում  Հայաստանը պիտի դառնա  անկախ  պետություն և ունենա իր  օրհներգն ու զինանշանը:

Ու այստեղ էր նաև, որ արագ փոփոխության էր ենթարկվում սփյուռքի   հատկապես ղեկավար  դասի ընդհանուր մոտեցումը: Դեպքերն ընթանում էին  շատ  արագ, ու սփյուռքի  տարբեր հատվածներ  իրար  հետևից   «բարեփոխության» էին ենթարկում իրենց ծրագրերը:

Ճիշտ է՝ Ցեղասպանության    ճանաչման  հարցը շարունակում էր մնալ օրակարգում, բայցևայնպես,  Արևմտահայաստանի դատը և այդ դատը ակտուալ պահելու հարցն իր տեղը զիջում էր Հայաստանին օժանդակելու (երկրաշարժ)  ու նաև Արցախյան պայքարին մասնակցություն բերելու  դրույթին:

Հայաստանը մեծանում էր սփյուռքի աչքերում: Դառնում էր նոր երկիր, նոր տեղ,   որի համար  պիտի ապրեր ու որի համար իր  բոլոր  նյարդերը լարելով պիտի  մտներ նրա ամենախիտ մանրամասնության մեջ:

Պիտի շնչեր այդ Հայաստանով, այնտեղ փրկության նավակ պիտի սարքեր ու երազեր ոչ միայն մեռնել ու թաղվել նրա հողի  մեջ, այլև  ապրել ու արարել հանուն  այդ  Հայաստանի:

Անշուշտ,  դրական շեշտադրումների  կողքին եղան  նաև հիասթափություններ:   Խորհրդային անծանոթ բարքեր, մտածողության, խոսքի ու վարվելակերպի մեծ  տարբերություններ  ունեցող սփյուռքահայը մի պահ իրեն զգաց  օտար ու օտարված: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի  հասարակության մեծ  շերտը           գրկաբաց ընդունեց սփյուռքահայերին և փորձեց լսել ու հասկանալ  նրանց  խոսքը:

Բնական բախման,  տարողունակ տեղաշարժերի և մշակույթների         տարբերությամբ եղած «հանդիպումները» ստեղծեցին նոր իրավիճակ:

Եթե թվերի լեզվով խոսենք, ապա  նաև  բավական խոցելի պիտի համարենք   սփյուռքի ամբողջական մասնակցությունը  Հայաստանի մեջ  տեղի  ունեցող       գործընթացներին:

Ակներև  է  նաև, որ Սփյուռքի տարբեր հատվածների համար այսօրվա  Հայաստանը, որ իբր «շատ հեռու»  է   իրենց  «ընկալած»  Հայաստանից, իրենց «տեղը չէ»:

Փաստերի լեզվով  խոսելու համար. դեպի Հայաստան  ներհոսք   ապահովելու   առումով   տեղի  են ունեցել  մեծ բացթողումներ, ու  տխուր է  նաև, որ միայն Սիրիայի  պատերազմի հետևանքով է, որ ավելի քան  22 հազար հայորդիներ  (որոնց  միայն կեսն է  այսօր  ապրում  ՀՀ-ում) Հայաստան  են   ժամանել,     հաճախ առանց համոզված  լինելու և առկա վտանգներից   հեռու մնալու, փրկվելու  հոգեբանությամբ:

Ու սա  նաև  մեծագույն ապացույց է,  որ    Բեյրութի տարբեր թաղամասերում ապրող հայերի համար,  ցավոք, հայրենիքի  իրական պատկերը շարունակում է     ամրագրված մնալ  այն պատկերների մեջ, որոնք  այդ պատերին են ամրացվել    վաղ  70-ականներին:

Չգիտեմ, նրանք ինչքանով են գիտակցում,  որ  այսօր Հայաստանը ապրում-շնչում է ու իր թևերը պարզած սպասում է  իրենց վերադարձին:

Ու չգիտեմ նաև՝ նրանք ինչքանո՞վ են հասկանում, որ սա վերջին Հայաստանն է, ու բացի սրանից, այլ Հայաստան  չկա:

Մտածո՞ւմ  են նրանք   այս  մասին: Կամ  կարողանո՞ւմ են  հեռուն նայել ու այդ  հեռավոր պատկերի մեջ պատկերացնել  իրենց  ու  իրենց   թոռներին միասին՝  ոչ պատկերված, այլ  իրական Արարատին  նայելիս:

Սրանք  բոլորը ոչ  բռնազբոսիկ  մոտեցումներ են, որոնք կարող   են  իրականություն դառնալ  միայն այն պարագայում, երբ դարավոր փորձություններից  անցած ու չմեռած մեր գենի  ձայնը դուրս  գա  փակված   ամրոցներից:

Առանց աղմուկի ու առանց գոռոցի, ամեն  առավոտ Երևանի Դավթաշենի  կամրջից անցնելու պահին Արարատին  հայացք ուղղելու և ահռելի էներգիա  ստանալու իմ հինգ տարվան փորձի նման:

Share

Comments are closed.