Հայաստան-Սփյուռք. «կենացների դիվանագիտությունից» դեպի ընդհանուր շահեր


Դավիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում հիմնարար խնդիրների առկայությունը, թերևս, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Ու գնալով դժվարանում է դրանց քողարկումը Համահայկական համաժողովներում հնչող ամպագոռգոռ հայրենասիրական ճառերով: Ընդսմին, Հայաստանի անվտանգության արտաքին և հատկապես ներքին մարտահրավերների, կամ էլ Սիրիայի մեր հայրենակիցների հետ տեղի ունեցածի համապատկերում շատ ավելի խելամիտ կլիներ ոչ թե քողարկել այդ խնդիրները, այլ ջրի երես հանել դրանք՝ լուծելու համար: Արտաքին և ներհայկական սպառնալից միտումների խորապատկերում սա առաջնահերթություն է դառնում: Առավել ևս, որ սեփական հնարավորությունները Սփյուռքի հնարավորություններին ճիշտ համակցելու պարագայում Հայաստանը միանգամայն կարող է դառնալ միջազգային քաղաքականության գործոն: Եւ ամենակարևորը՝ այդ ամենը հնարավոր է անել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության բոլոր բաղկացուցիչ մասերի շահերի հաշվառումով:

«Փոխվստահություն, միասնություն և պատասխանատվություն»

«Հայաստան-Սփյուռք» վերջին՝ վեցերորդ Համահայկական համաժողովը Երևանում կազմակերպվեց սեպտեմբերի 18-20-ը՝ «Փոխվստահություն, միասնություն և պատասխանատվություն» բարձրագոչ նշանաբանով: Երեք օրերի ընթացքում աշխարհի 71 երկրներից ժամանած 1800 հայեր քննարկեցին հայաշխարհի միավորմանն առնչվող խնդիրներ: Մեղրի համահայկական տակառում մի գդալ ձյութ էր Հայաստանի ու Արցախի ապագայի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի մտախոհ ելույթը: Այս ելույթն առանձնանում էր ուրախ-զվարթ ընդհանուր մթնոլորտից, ուստի և տարաձայնությունների առիթ տվեց համաժողովի հենց առաջին օրը: Իսկ կաթողիկոսն «ընդամենը» հավաքվածներին հիշեցրել էր երկու հայկական պետությունների ամայացման սպառնալիքի մասին՝ եթե շարունակվի իշխանությունների հիմիկվա սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:

Համաժողովում երկրորդ սթափեցնող ելույթն ունեցավ թուրքական խորհրդարանի անդամ Կարո Փայլանը: Խոսելով Հայաստանի հարևան երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում ազգայնական տրամադրությունների աճի, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում և Իրանում քաոսի մերձեցող քաղաքական հեղհեղուկ վիճակի մասին՝ Փայլանը ներկաներին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել: Նրա գնահատմամբ՝ անհնար է մեր տարածաշրջանում հանգիստ կյանք ակնկալել՝ ապավինելով անվտանգության միայն արտաքին աղբյուրներին: Սրանով համաժողովի բովանդակալից մասը, ըստ էության, ավարտվեց, որից հետո միջոցառումը շարունակվեց «կենացների դիվանագիտության» լավագույն ավանդույթների համաձայն: Համաժողովն ավարտվեց մի հայտարարությամբ, որում մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ և փոխադարձ պատասխանատվությամբ, մարդկային, նյութական և հոգևոր ներուժի համախմբմամբ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը՝ հանուն համահայկական նպատակների իրականացման:

Սակայն հերթական համաժողովը մասնակիցների մեջ չերևակեց ո՛չ վստահություն, ո՛չ միասնություն և ո՛չ էլ պատասխանատվություն: Սփյուռքի, դրա առանձին գաղութների, ինչպես նաև Հայաստանի ու Սփյուռքի հարաբերություններում հստակ ու միասնական կողմնորոշիչների բացակայության պայմաններում այս ամենն անխուսափելիորեն կմնա թղթի վրա:

Ընդհանուր օրակարգ

Այդուհանդերձ,  դեռևս հույս կա, որ որոշում ընդունողները կհասկանան հայության ընդհանուր խնդիրների ողջ խորությունը: Համենայն դեպս, նման հիմք է տալիս դեռևս 2015-ի սեպտեմբերին ընդունված որոշումը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման Պետական հանձնաժողովը վերափոխել Համահայկական խորհրդի: Համահայկական խորհրդի՝ որպես Հայաստանի ու Սփյուռքի միջև երկխոսության գործիքի գաղափարը թևածում էր օդում դեռևս 90-ականներից: Եւ այսօր նախատեսվում է դրա գործունեությունն ուղղել Սփյուռքի ներուժի ամրապնդմանը և Հայաստանի ներքին կյանքում նրա մասնակցությանը: Առաջին նիստը նախատեսվում է անցկացնել 2018 թվականի մայիսին՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի օրերին, ինչն էլ տրամաբանական նախադրյալներից է այն բանի, որ Հայաստանն ու Սփյուռքը կարող են ունենալ ընդհանուր օրակարգ: Ցավոք, Հայաստանի անկախության 27 տարիներն ի ցույց դրեցին Հայաստանի ու Սփյուռքի անկարողությունը՝ առանձին-առանձին լուծելու համահայկական խնդիրները:

Ներքին խնդիրներ

Այս լույսի ներքո Հայաստանի միջազգային կարգավիճակի և Սփյուռքում Հայաստանի կարգավիճակի հարցերը դառնում են գերկարևոր և անքակտելի: Ոչ պակաս կարևոր հարց է հանդիսանում Սփյուռքի առանձին համայնքներում ներքին տարանջատվածության հաղթահարումը: Ցավոք, հայկական ամենատարբեր գաղութների անցուդարձի դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի նկատմամբ դրանց առաջնորդների վերաբերմունքը լավատեսության հիմք չի տալիս: Անգամ Հայ Առաքելական Եկեղեցին միասնական չէ Սփյուռքում, թեև շատերի կողմից դրական լույսի ներքո է դիտարկվում: Բացառությամբ Լիբանանի՝ հայկական, այսպես կոչված, ավանդական քաղաքական կուսակցությունների ինքնին գոյությունը Սփյուռքում տարանջատվածության առհավատչյան է: Իսկ իրենց հանգրվանած երկրների պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին չմասնակցելն էլ առնվազն անհասկանալի է դարձնում դրանց գործառույթները:

Նման պայմաններում հայկական լոբբիի հզոր հնարավորությունների մասին զրույցները կարող են սոսկ տարակուսանք առաջացնել: Ամենացայտուն օրինակը Վաշինգտոնում  որպես Ցեղասպանության երկրորդ Թանգարան-ինստիտուտ նախատեսվող շենքի 57 միլիոն դոլարով վաճառքն է 2017 թվականի մարտին: ԱՄՆ-ի հայկական համայնքը, որն ամենահամախմբվածի համբավն ունի,  պարզապես չի գիտակցել Ցեղասպանության մեկ այլ թանգարանի, «փափուկ ուժի»՝ Սպիտակ տնից ոչ հեռու գտնվող մեկ այլ գործիքի առկայության կարևորությունը: Երկրորդ՝ ամեն տարի առաջին հերթին ի նպաստ Արցախի անցկացվող հեռուստամարաթոնի ժամանակ ժողովվող10 միլիոն դոլարի արդյունքը: Սփյուռքի հնացած-մաշված կազմակերպությունները զրկված են ամենակարևորից՝ սեփական գործունեության նոր տեսլականից, ինչի լավագույն վկայությունը երիտասարդների սակավաթվությունն է  հայկական եկեղեցիներում և այլ կառույցներում:

Սփյուռքի ներսում տարանջատվածությանը, Հայաստանից մեկուսի լինելուն նպաստող մեկ այլ գործոն է տրոհումը «հին» ու «նոր» սփյուռքերի: Առաջինում հայրենիքից դուրս մեկ դարից էլ ավել ապրող հայերն են, երկրորդում խորհրդային կամ անկախ Հայաստանից գնացածներն են: Խորհրդային նախկին քաղաքացիները և անկախ Հայաստանի քաղաքացիները կամ մեծ դժվարությամբ են ներգրավվում սփյուռքի համայնքներին, կամ էլ ընդհանրապես չեն ուզում դա անել:

Մահակի երկու ծայրերը

Սփյուռքում՝ որպես երևակայական մի հանրույթում, ընդունված է ինքդ քեզ դիտարկել որպես Հայաստանին ընդդիմություն: Ընդ որում՝ ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ հենց Հայաստանին: Այսօրինակ սփյուռքը սովորաբար գրեթե յուրաքանչյուր խնդրի արմատը տեսնում է Հայաստանում, իսկ ոմանք էլ մենտորական տոնով իրենց բարոյախոսությունները համարում են Հայաստանի հայերի հետ հաղորդակցվելու լավագույն եղանակը: Ընդսմին, չկա  միասնական շահ, ինքնակազմակերպման միասնական սկզբունք, ինչպես և չկա ինքնին միասնական Սփյուռք: Ահա թե ինչու Հայաստանի միասնական ընկալման ակնկալիք չի կարող լինել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում կամ Իրանում:

Իրենց հերթին՝ Հայաստանի իշխանությունները Սփյուռքն ընկալում են բացառապես որպես կթու կով, որին, ընդ որում, նույնիսկ կերակրել պետք չէ: Օրինակ, երկքաղաքացիություն տրամադրելով, քվեարկելու իրավունք և հայրենիքում բիզնես սկսելու արդար հնարավորություններ ապահովելով: Թերևս, բոլորին են հայտնի այն դեպքերը, երբ մեր սփյուռքահայ բարեկամները հայաստանյան բանտերում են հայտնվել մտացածին հանցանքների համար մեղադրանքներով: Այսպիսով, երկու կողմերում էլ ազնվություն չկա գոնե այն հարցերը պարզելու համար, թե որտեղ ենք մենք այսօր գտնվում, ուր և ինչու ենք գնում:

Ահա թե ինչու Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններում ստորջրյա խութեր կան անգամ Հայաստանի կողմից անկախության ձեռքբերումից 27 տարի անց: Նման մոտեցումները և տեղայնական սխեմաները վաղուց արդեն հնացել են և վաղուց արդեն ժամանակն է դեն նետել դրանք: 90-ականների սկզբներին հայությունը փորձում էր Հայաստան ստեղծել ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ Սփյուռքի հայերի օգնությամբ ու մասնակցությամբ: Եւ նույնիսկ վերոթվարկյալ խնդիրների առկայության պարագայում, թվում է, դեռևս վերջնականապես չի կորչել շանսը՝ Հայաստանի ու Սփյուռքի հայերին դիտարկել որպես ընդհանուր ապագայի ճանապարհին հավասար իրավունքների ու հնարավորությունների տեր սուբյեկտներ: Այս լույսի ներքո թիվ մեկ խնդիր է այն, թե Հայաստանն ու Սփյուռքն ինչպես են ձևակերպելու գլոբալ համակեցությունը: Առաջին հերթին՝ նրանց առջև ծառացած գլոբալ մարտահրավերների  պատճառով:

Մարտահրավերներ և հնարավորություններ

Մարտահրավերների իրական լինելու վատթարագույն օրինակը սիրիահայերի ճակատագիրն է: Արտերկրում հայկական մշակույթի ամենածաղկուն օջախներից մեկի ոչնչացումն ի ցույց է դրել ինչպես Հայաստանի, այնպես էլ նրա սփյուռքյան օջախների գոյաբանական սպառնալիքները: Ընդ որում, և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում դեպքերի նման զարգացմանը պատրաստ չէին: Ցավոք, այսօր էլ չկան նման կատակլիզմներին դիմակայելու ընդհանուր սցենարներ: Ի հաստատումն դրա բերենք սոսկ մի փաստ՝ սիրիական Հալեպ հայկական մարդասիրական օգնությունը հասցրել են ռուսաստանյան ինքնաթիռները, քանի որ Հայաստանն ունի «բաց երկինք», բայց չունի ազգային ավիափոխադրող: Ընդսմին, նման իրավիճակներում հենց ազգային ավիափոխադրողն է լինում հայրենակիցների տեղափոխման առաջին գործիքը: Իսկ Հայաստան ժամանած սիրիացի փախստականներին էլ իշխանությունները դիմավորել են հայրենասիրական ճառերով, խոստումներով, փոքր ինչ նվազեցնելով բյուրոկրատիզմը, բայց չփոխելով ձեռներեցության կիսավայրենի կանոնները: Արդյունքում սիրիահայերը ստիպված եղան հետևելու իրենց հայրենակիցների բազմադարյա օրինակին և ավելի լավ կյանք փնտրել Հայաստանից դուրս:

Այստեղ հնարավոր չէ չհիշել անհապաղ համակարգված գործողությունների դիմելու Կարո Փայլանի կոչը: Սակայն նման գործողությունները կարիք ունեն կազմակերպվածության, նոր գաղափարների, նոր առաջնորդների: Դրա կարիքը հավասարապես զգում են թե՛ Հայաստանը և թե՛ Սփյուռքը: Հայաստանն, ինչ խոսք, կարող էր նպաստել հայ համայնքների ինքնակազմակերպմանը: Հարկավ, նպաստելով, այլ ոչ թե իր օրակարգը թելադրելով: Նման աջակցությունն էապես կթեթևացնի համայնքների ինքնակազմակերպումը մի պետության պարագայում, իսկ ապագայում էլ՝ սփյուռքյան կազմակերպությունների և Հայաստանի միջև:

Այս ամենը, իհարկե, կարելի կլիներ ֆանտաստիկայի ոլորտից համարել, եթե չլիներ մի  «բայց»՝ Aurora Prize-ը, մարդասիրական մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է տարբեր հոգեկերտվածքային և աշխարհայացքային հարթությունների՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հայերի համատեղ նախաձեռնության բացառիկ օրինակ: Ու այն, որ այսքան տարբեր հայեր կարողացել են ընդհանուր լեզու գտնել, ընդհանուր դիրքորոշում և տեսլական մշակել, հենց այն բանի վառ ապացույցն է, թե ինչպես կարելի է Սփյուռքի ներսում համագործակցել ի շահ Հայաստանի: Հայաստանի սահմաններից դուրս ամեն տարի բարին արարող, բայց այդ բարին Հայաստանի հետ առնչվող կառույցի ստեղծումը, որում Հայոց ցեղասպանության հիմնախնդիրն ամենևին էլ առաջնայինը չէ, բայց միշտ էլ անտեսանելիորեն առկա է, հանդիսանում է հայկական՝ թող որ ոչ քաղաքական, բայց «փափուկ ուժի» լավագույն դրսևորումը:

Aurora Prize-ը բավականին լավ սկիզբ է, որպեսզի Հայաստանն ու Սփյուռքը կայանան որպես միջազգային հարաբերությունների անքակտելի գործոն:

Այսօր՝ 27 տարի անց, Հայաստանում պետական շինարարության գործընթացը դեռևս ավարտուն չէ: Ու հարկ է ընդունել, որ այն հնարավոր է ավարտել միայն Սփյուռքի հետ միասին, ինչպես և մտադրվել էինք երեք տասնամյակ առաջ:

 

Share

Comments are closed.