Բարդութափոխության անհրաժեշտության մասին



Արթուր ԱԹԱՆԵՍՅԱՆ
ԵՊՀ  Կիրառական սոցիոլոգիայի
ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Երևան

Նախաբանի փոխարեն

Սովորաբար ազգային բնութագիրն ու որակները դրսևորվում են ոչ թե սովորական, այլ արտակարգ իրավիճակներում, երբ կյանքի ու մահվան կռիվը ստիպում է դրսևորել գերմարդկային կարողություններ, պատմական հիշողությունից ազգային էներգիան մոբիլիզացնող գիտելիքներ և պատկերացումներ սխրանքի, եղբայրության, փոխօգնության, հերոսության մասին: Ազգերի մի մասն այդպես էլ ապրում է` ճգնաժամից ճգնաժամ: Սովորական պայմաններում վերոնշյալ հատկություններն այդպիսի ազգերի մոտ կարծես հետին պլան են մղվում, մոռացվում են և անգամ թերարժևորվում` իրենց տեղը զիջելով կենցաղավարությանը, մանր հարցերին, բամբասանքներին և խորամանկություններին, որոնք դառնում են առանձին մարդու` գոյատևելու և այլոց հետ մրցակցության մեջ առաջընթաց ապրելու պարզունակ միջոցը:

Այլ ազգեր, հակառակը` ճգնաժամերին պատրաստվում են նախապես և դրանք դիտում որպես աղետ, աննորմալ իրավիճակ, որում դադարում են գործել կայունության պայմաններում մարդկանց միջև ձևավորված կապերն ու հարաբերությունները: Դրանով կարելի է փորձել բացատրել նաև գերմանացիների կամ ֆրանսիացիների` Ռուսաստանին պարտվելու կրկնվող պատմական իրողությունները: Պատերազմում ռուսաստանցին մոբիլիզանում է, գերմանացին և ֆրանսիացին` ապակողմնորոշվում, կորցնում ամենօրյա աշխատանքի և հարաբերությունների կայուն դինամիկան, կանխատեսելի ապագայից կառչելու կարողությունը: Անկանխատեսելիությունը ռուսաստանցու համար հնարավորությունների դաշտ է բացում, գերմանացու համար` սպառնալիք է, աշխատանքին ու զարգացմանը խոչընդոտող հանգամանք:

Հետաքրքիր է նկատել, որ առանձին մարդու մակարդակում այս երկու մոտեցումները մաքուր տեսքով գրեթե չեն դրսևորվում, սակայն զանգվածային իմաստով դրսևորվում է կա՛մ մեկը, կա՛մ մյուսը:

Հայերիս մոտ, դատելով պատմական բազում իրողություններից, ավելի հաճախ է դրսևորվել առաջինը` միասնաբար և հերոսաբար գործելու կարողությունը հենց արտակարգ, մեր գոյությանը սպառնացող իրավիճակներում: Նույնը կարել է ասել այս տարվա ապրիլյան զանգվածային ընդվզման մասին. միմյանց, կարծես, ավելի մոտ, հարազատ դարձանք:

Միևնույն ժամանակ, շատերը նկատած կլինեն, որ արտագաղթելու պարագայում նախընտրում ենք այն պետությունները, որտեղ կայունությունը գերակա արժեք է, իսկ կանխատեսելի ապագան երաշխավորված է անգամ այդ պետության լեզվին չտիրապետող, աշխատանք չունեցող ներգաղթյալներին:

Բարդույթների և իշխանափոխությունից հետո բարդութափոխության անհրաժեշտության մասին

Մեր մեջ եղած այս խորքային հակասականությունը` նախընտրել կայունը և ունենալ երաշխավորված ապագա ու, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր օր միմյանց մեջ գործընկեր և ընկեր չտեսնելով, միմյանց չհանդուրժելով և չհամագործակցելով` սեփական իսկ ջանքերով խարխլել ենք այդ կայունությունը, մշտապես բերել պետականության կորստի վտանգին: Բացի այդ, խորապես բարդութավորվել ենք, փոխակերպել մեր հպարտ «Ես»-ը ցավագին կերպով քննադատություն ընդունող, սեփական սխալները երբեք չընդունող և դրա շուրջ «գողական բազար» անելու մշտապես պատրաստ մի ինքնասիրահարված կապիկության, որը պատրաստ չէ տեսնելու սեփական թերություններն ու սխալները, մշտապես սովորելու և ուրիշներից (ինչո՞ւ ոչ) օրինակ վերցնելու, յուրաքանչյուր օր պայքարելու առաջին հերթին սեփական, ապա` այլոց արատների դեմ:

Մեկ այլ բարդույթ, որ ձևավորել ենք (նաև` մեզ նվաճածների և ստրկացրածների միջամտությամբ)` զոհի կերպարն է: Անգամ եթե այդպես չենք կարծում, այնուամենայնիվ, նկատել ենք, որ զոհին կարծես թե ավելի լավ, բարի են վերաբերվում, խղճում և աջակցում են: Փաստորեն, գիտենք, որ ձեռք մեկնել, խղճալն ու աջակցելը դրական արժեքներ են, սակայն զոհ լինելով կամ այդպես ներկայանալով` այդ ամենը ստանում ես առանց ավելորդ ջանքերի: Զոհի կերպարը մեզանում զուգամիտվել է խորհրդային տարիներին պետության` հասարակության հանդեպ գերակա լինելու և «ծնողի» դիրքերից հասարակությանը «պապայություն» անելու` կերակրելու, հագցնելու, անվճար բուժելու, սովորեցնելու և ուղղորդելու քաղաքականության հետ: Այդ ամենը մեզ դարձրել է պետություն չսիրող և միևնույն ժամանակ պետությունից կախվածություն փնտրող մի ազգ: Ե՛վ կառուցում ենք սեփական պետությունը` պատմականորեն այդ նպատակով գնալով ինքնազոհողության, հերոսաբար թափելով մեր հերոսների արյունը, և՛ ստանալով պետություն` այն արհամարհում ենք` ամեն կերպ փորձելով խախտել, շրջանցել, սեփական նեղ շահերին ծառայեցնել օրենքն ու պետական ռեսուրսները: Նույնը հաճախ մեր հայրենակիցներն անում են նաև արտերկրում` այլ պետությունների քաղաքացին լինելով: Ցավոք:

Եվս մեկ բարդույթ. յուրաքանչյուրս մեզ համար ինքնակոչ առաջնորդ ենք` նախագահ, քաղաքագետ,  իմաստուն արքա, արդյունավետ բիզնեսմեն… Ոչինչ, որ այս բոլոր ոլորտների և հարցերի հետ այդպիսի մարդկանց միակ առնչությունը լրատվական հաղորդումների ակտիվ և կարծես կյանքի նպատակ դարձած սպառումն է, այն էլ` պարապությունից: Չէ՞ որ յուրաքանչյուր հայ «ի ծնե տաղանդ է», այնպես որ՝ ցանկացած հարցին մի քիչ ծանոթանալով անգամ այդ հարցում կարող ենք հասնել աննախադեպ բարձունքների… Չէ՞որ երբ պետություն ունեինք, բոլոր մյուսները «ծառերի վրա կապիկ էին»… Ուստի ինչու նախարարի պաշտոնում չնշանակել մարդկանց, որոնք տվյալ ոլորտում որևէ մասնագիտական կրթություն, խորքային գիտելիք, աշխատանքային արդյունավետ փորձ չեն ունեցել: Ոչինչ` կսովորեն: Կամ էլ չեն սովորի: Ոչինչ, մեկ է` մի բուռ ազգ ենք…Այդպես մի պահ որոշել ենք ու կարծես այս բանաձևից չենք ուզում շեղվել ոչ նախորդ իշխանությունների, ոչ էլ նոր իշխանափոխության պայմաններում:

Փաստորեն, վարպետորեն համադրել ենք թերարժեքության` զոհի բարդույթն ու ամենակարող լինելու գոռոզամտությունը: Ուզում ենք, որ պետությունը և դրա ներկայացուցիչները մեզ համար հոգ տանեն, մեզ ծառայեն, և միևնույն ժամանակ որևէ բան այդ պետության համար անել չենք ուզում. ավելին` համոզված ենք, որ եթե անեինք, ապա հրաշքներ կանեինք, բայց դե ինչու անենք` թող ուրիշներն անեն:

Ինչպես է դա այսօր աշխատու՞մ: Մեկին գտնել, առաջ բրդել` ասելով, թե գնա, Եղբա՛յր, մենք քեզ հետ ենք: Դուխո՛վ: Ու սպասել, մինչև այդ «եղբայրը» գնա, աշխատի, փոփոխի, զարգացնի, ծառայի, իսկ մենք իրեն ֆեյսբուքում «like» անենք, հեռվից սատարենք, ձեռքով անենք, իր մասին առասպելներ հորինենք, երգեր երգենք… Բնական է, որ մի օր այդ մեկն ի վերջո կհոգնի, կսպառվի, կդանդաղի, կմոռանա, կսխալվի, ու ահա այդ ժամանակ հետևներում կանգնած, կոմֆորտի գոտում գտնվող զանգվածը կսկսի դժգոհել, փնովել, նեղանալ, նոր «Եղբայր» փնտրել, այդ թվում` արտերկրներում…

Նման մի վերաբերմունք ենք դրսևորում նաև մեր բանակի նկատմամբ. վստահում ենք, պաշտում, կարևորում` այդպես է երևում զանգվածային հարցումներից, որոնց համաձայն՝ մեր բանակն իր հեղինակությամբ մրցում է Հայ Առաքելական եկեղեցու հետ և հեռվում է թողել պետական մյուս ներկայացուցիչներին և ինստիտուտներին: Միևնույն ժամանակ, նույն մեր պաշտած բանակում ծառայել ցանկացողների թիվն էապես նվազել է:

Վարչապետ ընտրվելն ու վարչապետ աշխատելը նույն բանը չէ

Ինչպես դպրոցական մի աշակերտի դեպքում, ում ծնողները մանկուց մշտապես ներշնչել են, թե ամենատաղանդավորն է ու ամենալավը և ով, հանկարծ ստանալով ցածր գնահատական, չգիտի ինչպես այդ ծնողների աչքին երևա, ինչպես խաբի կամ ինչպես ինքնասպան լինի, այնպես էլ մեր դեպքում կուռքերի անհիմն ստեղծումը բերել է և շարունակում է բերել հիասթափությունների: Մեր ամենակարողության մասին հիվանդագին պատկերացումների հետ մեկտեղ սիրում ենք բացարձակայնացնել լավն ու վատը. կա՛մ միանշանակ լավն ես` հերոս, արքա, աստված, կամ` վատը (թշնամի, տականք, չարագործ): Երկար ենք ապրում այս երկրագնդի վրա, բայց մինչև այսօր չենք հասկացել, որ այդպես չի լինում. չեն լինում ամեն հարցում հերոսներ, չեն լինում ամեն հարցում տականքներ:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել մի ընթացակարգով, աշխատում է՝ մեկ այլ: Վարչապետ դառնալու համար նա հասարակությանը իր աշխատանքային գրքույկը չի ներկայացրել, վարչապետի պաշտոնի համար հայտարարված մասնագիտական մրցույթին չի մասնակցել, քննություն չի հանձնել: Նիկոլ Փաշինյանը ստացել է կարևորագույն մի բան`  հասարակության ստվար զանգվածների ուղղակի և աննախադեպ աջակցությունը: Ստացել է նաև հիմնախնդիրների մի մեծ ու ծանր ճամպրուկ: Ուստի, ինչպես հին հունական առասպելներում, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի մասին արագ ստեղծված առասպելում նա ամենակարողը չէ և նույնպես ունի իր աքիլեսյան գարշապարը, ինչն այսօր արդեն երևում է: Եվ դա նորմալ է:

Պատրաստ լինենք` և՛ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանը, և՛ իր կառավարության նախարարները, և՛ հասարակության մյուս անդամները, և՛ ընդդիմություն դարձած հանրապետականները, հասկանալու, որ Նիկոլ Փաշինյանը մեր նոր ամենակարող և ամենատաղանդավոր արքան չէ, և որ մենք ամենատաղանդավորը չենք, որ աջուձախ խորհուրդներ բաժանենք և՛ Նիկոլ Փաշինյանին, և՛ Պուտինին ու Թրամփին, մեզ մեծն իմաստունների տեղ դնենք ու հետո բարդութավորված երեխայի պես նեղանանք, որ մեզ չտվեցին մեր ուզած կոնֆետը: Նույն բանը չէ` լինել լավ առաջնորդ, լավ ղեկավար, լավ գիտնական, լավ բժիշկ, լավ շախմատիստ, կամ պարզապես լավ մարդ: Վարչապետ ընտրվելն ու վարչապետ աշխատելը նույն բանը չէ: Վարչապետ ընտրվելը շատ դժվար էր, դառնալը` ավելի դժվար: Դրա համար անհրաժեշտ է հիշել, որ մասնագիտական նպատակների արդյունավետ իրականացման համար մասնագիտական մոտեցումներ են պետք: Եվ եթե կուսակցական ցուցակներով համալրվող կառավարությունը կարիքն ունի անկուսակցական մասնագետների` պետք է մի կողմ դնել ամենակարող ազգի ներկայացուցիչը լինելու բարդույթն ու պետության կառավարման կարևորագույն գործառույթները հանձնարարել մասնագետներին` այնպես, ինչպես հիվանդին ենք վստահում ոչ թե կուսակցության, այլ առողջապահության գործչին:

Share

Comments are closed.