Միջազգային մամուլի արձագանքը հայկական թավշյա հեղափոխությանը

 


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վերլուծաբան
Երևան-Բրյուսել

Սովորաբար Հայաստանը արտակարգ իրավիճակների պայմաններում է հայտնվում համաշխարհային մամուլի առաջին էջերում: Վերջին անգամ մեր երկրին զանգվածային անդրադարձ կատարվել էր ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ: Սակայն թավշյա հեղափոխությունը միջազգային մամուլի հսկաներին ստիպեց ծավալուն հոդվածներ նվիրել Հայաստանի ներքաղաքական կյանքի զարթոնքին:  Միջազգային մամուլի հրապարակումները վերլուծել ենք արևմտյան (եվրոպական և ամերիկյան), ռուսական և թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած  նյութերի հիման վրա:Սկզբում անդրադառնանք արևմտյան մամուլին, որտեղ հայկական թավշյա հեղափոխության մասին հրապարակումներ հայտնվեցին ապրիլի կեսերից, երբ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի կողմից ընտրվեց վարչապետ, և Երևանում սկսվեցին զանգվածային շարժումները: Ի տարբերություն ռուսական մամուլի, որը շարժման առաջին օրերին լռություն էր պահպանում, արևմտյան հեղինակավոր պարբերականներում մեկը մյուսի հետևից տեղ էին գտնում հարավկովկասյան փոքրիկ պետության վերաբերյալ տարատեսակ հոդվածներ: Իհարկե, բոլոր այդ հոդվածներում կարմիր թելի նման անցնում էր սկեպտիցիզմի գիծը: Պատճառը գուցե նաև այն էր, որ լրատվամիջոցները զրույցներ էին ունենում տեղացի նշանավոր վերլուծաբանների հետ, ովքեր հեղափոխության կամ իշխանափոխության ակնկալիքներ չունեին:

Օրինակ, The Guardian-ի հոդվածներից մեկում նշվում է, որ ընդդիմությունը քաղաքական ռեսուրսների պակաս ունի՝ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ ստիպելու համար: Շարունակական ցույցերը հեղափոխության վերածվելու շանսերը քիչ են, սակայն եթե իշխանությունը չկատարի ժողովրդի պահանջները, ապա ամեն ինչ հեղափոխության միջոցով փոխելու մարդկանց պատրաստակամությունն ավելի կմեծանա:

The Economist-ը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2014-ի սահմանադրական փոփոխություններից առաջ էր հայտարարել, որ չի հավակնելու երկրի ղեկավարի ոչ մի պաշտոնի, սակայն ապրիլի 17-ին ինքն իրեն դարձրեց երկրի վարչապետ և առաջին դեմք: «Հայաստանի չսիրված նախագահը ինքնահռչակվեց վարչապետ» վերտառությամբ հոդվածում ներկայացվում էին Սերժ Սարգսյանի  կառավարման տարիներին աճող աղքատության, արտագաղթի և թույլ տնտեսության մանրամասները: Reuters-ն էլ ցուցարարների պայքարը բնութագրում է որպես պայքար կոռուպցիայի և սխալ տնտեսվարման դեմ:

Daily Telegraph-ը մատնանշում է, որ սրանք Սերժ Սարգսյանի դեմ ուղղված առաջին լայնածավալ բողոքի ակցիաները չեն: «2008-ի ընտրություններում Սերժ Սարգսյանի արձանագրած առաջին հաղթանակից հետո 10 մարդ զոհվեց և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին ոստիկանության և պարտված թեկնածուի կողմնակիցների միջև արյունալի բախումների ընթացքում», – գրում է թերթը:

Human Rights Watch-ն անդրադարձել էր ոստիկանության գործողություններին՝ նշելով 2015 և 2016 թվականների ցույցերի ընթացքում խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող բռնի ուժի անհամաչափ գործադրման փաստը:

Գերմանական Deutsche Welle-ն նշել էր, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունները կասկածելի էին և դրանց արդյունքում «հարավկովկասյան աղքատացած հանրապետությունում ողջ իշխանությունը վարչապետի ձեռքում է»:

BBC-ն խոսում է Հայաստանում ծավալված շարժման զանգվածային բնույթի մասին՝ տեղեկացնելով, որ Գյումրիում և Վանաձորում ևս բողոքի ցույցեր են ընթանում: Նշվում է նաև խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման՝ ապրիլի 16-ի դեպքերը, երբ «ոստիկանությունը բերման ենթարկեց շուրջ 60 ցուցարարների, որոնցից մի քանի տասնյակ մարդ բժշկական օգնության կարիք ուներ»:

Հայաստանում ստեղծված իրավիճակին գնահատականներ է տվել նաև հեղինակավոր Politico պարբերականը: Ըստ թերթի՝ քանի դեռ Սերժ Սարգսյանին չէին առաջադրել վարչապետի թեկնածու՝ բողոքի ցույցերը սակավամարդ էին, սակայն այն բանից հետո, «երբ իշխող Հանրապետական կուսակցությունը Սարգսյանին հայտարարեց իր վարչապետի միակ թեկնածու՝ ցույցերը ձնագնդի սկզբունքով սկսեցին աճել»:

Հաջորդ կարևոր գիծը, որ նկատելի էր համաշխարհային մամուլում, հայկական հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական գործոն չփնտրելն էր: Սակայն կային նաև հրապարակումներ, ուր նշվում էր, որ ի տարբերություն Ուկրաիանայի իր գործընկերների՝ Փաշինյանը մտադրություն չունի Հայաստանը դուրս հանելու Մոսկվայի ծիրից:

Ուշագրավ է, որ ռուսական լրատվամիջոցների լռությունը խախտվում է նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո` ակնհայտորեն փոխելով դրանց մարտավարությունը: Այնուհետև, երբ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է «խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին աջակցելու» մասին, որոշակի փոփոխություն է նկատվում ռուսաստանցի փորձագետների՝ թավշյա հեղափոխության վերաբերյալ կարծիքներում: Մինչ այդ մամուլում տարածվող վերլուծական բնույթի հոդվածներում հաճախակի կարելի էր հանդիպել թավշյա հեղափոխությունը «մայդան»-ացնելու, արևմտյան հետք գտնելու և քաղաքացիական պատերազմ կանխատեսելու փորձերի:

Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ի զորու է հեղափոխական հռետորաբանությունն ու զանգվածային բողոքը համադրել նոր քաղաքական կոնֆիգուրացիայի կառուցման աշխատանքների հետ: Այդուհանդերձ, ըստ Մարկեդոնովի, «նախկին իշխանության լիակատար կազմաքանդումը ընդդիմադիր առաջնորդի համար խնդրահարույց էր»:

Ըստ EADaily-ի՝ Հայաստանի նոր իշխանությունները չեն կարող հրաժարվել եվրասիական ինտեգրացիոն գործընթացից՝ առանց տնտեսական լուրջ վնասներ կրելու: ԵԱՏՄ-ին անդամակցելու առավելությունների մասին խոսելու և անդամակցելուց հետո հայկական տնտեսության դրական ցուցանիշները ներկայացնելու հետ մեկտեղ EADaily-ն նշում է, որ այդ առավելությունները հասկանալի և տեսանելի պիտի դարձվեն երկրի քաղաքացիների համար, այլ ոչ թե հանդիսանան էլիտաների հարստացման գործիք:

Իսկ ահա Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո մամուլում ավելի մեծ տեղ են զբաղեցնում հայկական թավշյա հեղափոխության խաղաղ բնույթին և կիրառված տեխնոլոգիաներին նվիրված հոդվածները՝ «Բողոքի ակցիաները վերջնականապես նմանվեցին փառատոնի, երբ փողոցներ դուրս բերեցին մանղալներ, և քաղաքացիները սկսեցին միս խորովել և հյուրասիրել բոլոր ցանկացողներին»:

Հայազգի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը BBC-ի հետ զրույցում կատարվածն անվանել է «յուրօրինակ հեղափոխություն»՝  «Դա իսկապես յուրօրինակ է, դա ամեն օր տեղի չի ունենում, երբ դու ունենում ես հեղափոխություն առանց մեկ փամփուշտ կրակելու, առանց մեկ մարդու զոհ տալու: Լիակատար շրջադարձ՝ մի քանի շաբաթվա ընթացքում»:

«Հայաստանը ցնցած հավերժ ընդդիմադիրը, ո՞վ է Փաշինյանը» վերտառությամբ հոդվածում Hurriyet պարբերականի սյունակագիրը նշում է. «Դեռ երեք շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հետին շարքերում նստող ընդդիմադիր քաղաքական գործիչ էր: Հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը դրժել է իր խոստումը, նա հագավ զինվորական գունավորմամբ հագուստներ ու փողոց դուրս եկավ»: Անդրադառնալով Փաշինյանի անցած քաղաքական ուղուն՝ նշվում է. «Ժողովուրդը նրան «հայ Չե Գևարա» է կոչում, իսկ Փաշինյանն ինքն իրեն Նելսոն Մանդելային է նմանեցնում»:

Հայաստանյան «թավշյա հեղափոխության» և Նիկոլ Փաշինյանի մասին ուշագրավ հոդվածով է հանդես եկել մեկ այլ թուրքական հանդես` Bianet-ը: «Նիկոլ Փաշինյանը կսաակաշվիլիանա» վերնագրով հոդվածում հեղինակը զուգահեռներ է անցկացնում Փաշինյանի և Վրաստանի «Վարդերի հեղափոխության» առաջնորդ, նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու միջև՝ «Գուցե վաղաժամ կանխատեսում է, բայց եթե Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսպես շարունակի, ապա երկրորդ Սաակաշվիլին կդառնա»:

Վերջին բնորոշ գիծը, որ հեղափոխության հաղթանակից հետո կարելի է հանդիպել միջազգային մամուլում, այն հույսն է, որ վերջին տարիներին նկատվող ավտորիտարիզմի համապատկերում հայկական թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ժողովրդավարության զարթոնքի վկան կհանդիսանա:

«Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժականը և իշխանությունից հեռանալը իրականում անհերքելիորեն նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով, մասնավորապես, հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում հույսի բացակայությունը»,- նշում է Մարկ Բեհրենթը՝ Freedom House կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենը:

«Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: Արևմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստական առաջնորդների հաղթանակները միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն և կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար»,- նշում է Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին:

Հարավարևելյան Ասիայի և Եվրասիայի տարածաշրջաններում Չինաստանը և Ռուսաստանը կարծես թե առաջարկում են 21-րդ դարի բռնապետության աշխատող մոդելներ: Այդ պատճառով վերջին շրջանում Հայաստանում և Մալայզիայում ավտորիտար իշխանությունների դեմ տեղի ունեցած զանգվածային ապստամբություններն ամբողջ աշխարհում ժողովրդավարական գործընթացների համար այդքան սպասված դրական նորություն էին՝ գրում է The Washington Post-ն իր խմբագրականում:

Նախկին Խորհրդային Միության երկրներում ժողովրդավարական իշխանության ցանկացած հաղթանակ օրինակն է այն բանի, թե ինչպես կարող է փոխվել հենց Ռուսաստանը: Եթե Մալայզիայում վարչապետ դարձած Մահաթհիր Մոհամադը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանան հաջողություն գրանցել իշխանության գալուց հետո, դա հույսի նշույլ կլինի այս մութ քաղաքական դարաշրջանում՝ նշվում է հրապարակումներում:

Share

Comments are closed.