«Թավշյա հեղափոխության» արձագանքները

Ռուսաստանից` հայաստանյան իրադարձությունների մասին

 


Սերգեյ
ՄԱՐԿԵԴՈՆՈՎ
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի
արտաքին տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ
Մոսկվա

2018 թվականը Կովկասի պատմության մեջ, ամենայն հավանականությամբ, մնալու է որպես «Հայաստանի տարի»: Զանգվածային բողոքների ազդեցությամբ երկրի բազմամյա ղեկավար Սերժ Սարգսյանը պաշտոնաթող է եղել: Իշխանության անցումը ժողովրդական բողոքն առաջնորդած Նիկոլ Փաշինյանին տեղի է ունեցել առանց արյունահեղության՝ այդ պահին գործող սահմանադրական ընթացակարգերին համապատասխան: Փողոցային գործողություններին զուգահեռ ողջ ծավալով գործարկվել են նաև բանակցային ընթացակարգեր: Ոչ միայն Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այլև «Ելք» խմբակցության նրա գործընկերները, ՀՅԴ և Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները և անգամ նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամները ներառված էին հիշյալ քաղաքական երկխոսության մեջ: Կարելի է ասել, որ բողոքի շարժման առաջնորդները գտնվում և գործում էին «կարմիր գծի» եզրին՝ վեր դասելով հեղափոխական նպատակահարմարությունն իրավական տրամաբանությունից: Բայց այդ գիծը նրանք չեն հատել: Սա, իհարկե, չպետք է բարի պատկերի պատրանք ստեղծի: Նոր իշխանությունը դեռ պետք է սովորի գոյակցել նոր ընդդիմության հետ և գիտակցի, որ համազգային մակարդակում տեղի ունեցած իշխանափոխությունը չի կարող անել այնպես, որ կառավարական կառույցներում երեկ աշխատած բոլոր պաշտոնյաներն անպատճառ հեռանան: Խորհրդարանական հանրապետության պայմաններում քաղաքական բոլոր գործիչների համար կարևոր է պայմանավորվել, կոալիցիաներ ստեղծել և փոխզիջումներ որոնել՝ երկրի կյանքը հարատև ընտրարշավի չվերածելու համար: Էյֆորիան կանցնի, իսկ գերազանցված սպասելիքներն ամենայն հավանականությամբ չեն իրականանալու, առավել ևս՝ սեղմ ժամկետներում: Հեղափոխական կրքերին հաջորդելու է քաղաքական և կառավարչական առօրյան, ընդ որում՝ նոր իշխանությունը ժառանգել է անցյալի բոլոր խնդիրները՝ տնտեսական բարդ կացությունը և չլուծված ղարաբաղյան հակամարտությունը: Նոր իշխանությունը ստիպված կլինի ապացուցել այս մարտահրավերներին ավելի արդյունավետ լուծումներ գտնելու իր իսկ կարողությունը:

Այսպիսով, ինչպես երգվում էր ուշ խորհրդային տարիներին ժողովրդականություն վայելած մի երգում՝ «դեռ ամեն ինչ վերջնականապես լուծված չէ»:

Երբ կրքերը կհանդարտվեն՝ ապագա պատմաբանները սեփական գնահատականները կտան 2018թ. ապրիլ-մայիսի հայաստանյան իրադարձություններին: Եւ իրենց գնահատականների ամենահետաքրքիր սյուժեն նվիրված կլինի հայաստանյան «թավշյա հեղափոխության» ռուսաստանյան ընկալումներին: Մոսկվան դիտում է Երևանը որպես ռազմավարական դաշնակից: Հայաստանը միակ անդրկովկասյան երկիրն է, որը մասնակցում է երկու եվրասիական ինտեգրացիոն նախագծերի: Եթե մի կողմ դնենք վիճարկվող կարգավիճակ ունեցող Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետությունները, ապա Ռուսաստանի ռազմական ներկայությունը պահպանվում է միայն Հայաստանի տարածքում, իսկ ՌԴ սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ միասին իրականացնում են Հայաստանի արտաքին սահմանների պաշտպանությունը:  Այժմ տեսնենք, թե ինչպես էին Ռուսաստանում ընկալում դաշնակից երկրում տեղի ունեցած իրադարձությունները:

Պաշտոնական դիրքորոշում. չմիջամտություն և ժառանգականություն

Հետխորհրդային երկրներում իշխանափոխությամբ ավարտվող բողոքի գործողություններին Ռուսաստանում չափազանց զգուշորեն են վերաբերվում: Դրանց հետ սովորաբար կապում են ԱՄՆ-ի և Վաշինգտոնի դաշնակիցների միջամտությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների գործերին՝ նրանց Մոսկվայից քաղաքականապես օտարելու նպատակով: Որպես կանոն՝ հղում է կատարվում Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի օրինակներին: Այս համատեքստում շատ, հատկապես արևմտյան դիտորդներին, զարմացնում էր Ռուսաստանի ղեկավարության մեղմ, եթե չասենք՝ ձեռնպահ արձագանքը հայաստանյան իրադարձություններին:  Այսպես, 2018թ. ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Մենք շատ ուշադիր հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող դեպքերին: Հայաստանը մեր մերձավորագույն դաշնակիցն է, որի հետ մենք ունենք շատ սերտ հարաբերություններ»: Ընդ որում՝ նա հակընդդեմ հարցով է պատասխանել այն հարցին, թե ո՞ր դեպքում է Ռուսաստանը միջամտելու երևանյան իրադարձություններին: Նա ասել է. «Իսկ ինչո՞ւ Մոսկվան պետք է միջամտի»: Սերժ Սարգսյանի հրաժարականը նմանատիպ բառերով է մեկնաբանել նաև ՌԴ ԱՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. «Սա, անտարակույս, Հայաստանի ժողովրդի՝ այդ երկիրը, մշակույթը և պատմությունը կերտած մարդկանց գործն է»: Նա նաև բարձր է գնահատել հայերի իմաստությունը, շեշտելով, որ իշխանափոխությունը տեղի է ունեցել առանց արյունահեղության:

Բայց, ինչպես հայտնի է, Սարգսյանի հրաժարականով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել: Դրան հաջորդել է Ազգային ժողովում նոր վարչապետի հաստատման և «հետհեղափոխական» կառավարության ձևավորման խնդիրը: Այն լուծվել է երկու շաբաթվա մեջ, որոնց ընթացքում թե՛ Հայաստանի ներսում և թե՛ Մոսկվայի ու Երևանի միջև անընդհատ բանակցություններ էին ընթանում: Վլադիմիր Պուտինի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև կայացած զրույցի արդյունքներով հստակեցվել են հետևյալ մոտեցումները. «Հայաստանում ճգնաժամային դրության կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում՝ գործող Սահմանադրության և 2017թ. ապրիլին կայացած օրինավոր խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա»: Այսպիսով՝ ՌԴ նախագահը, նրա մամլո քարտուղարը և ՌԴ ԱՆ-ն հաստատել են, որ չեն առաջնորդվում անձնական նախապատվություններով և Հայաստանը նրա նախկին նախագահի անձի հետ չեն նույնացնում:

Բայց չէ՞ որ Պուտինը շտապել է շնորհավորել Սարգսյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ կասի հոռետեսը: Ընդունելով այս թեզը, այնուամենայնիվ, արժե մինչև վերջ արդարամիտ լինել և շարունակել Սարգսյանին շնորհավորած անձանց ցանկը, որոնց թվում էին ԵՄ բարձրագույն պաշտոնատարներ Դոնալդ Տուսկը և Ժան-Կլոդ Յունկերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ ինտեգրման հետևողական ջատագով՝ հարևան Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Ավելին՝ Կվիրիկաշվիլին Սարգսյանին դիմելիս օգտագործել է «իմ թանկագին բարեկամ» արտահայտությունը: Այս բոլոր հապճեպ շնորհավորանքները հասկանալի են, քանի որ բողոքի գործողությունների առաջին օրերին անգամ ամենահայտնի ու փորձառու հայաստանցի քաղաքագետները չեն կարողացել կանխատեսել հանրապետության քաղաքական Օլիմպոսում գերարագ արմատական փոփոխությունների հավանականությունը: Առաջ անցնելով՝ ասենք, որ 2018թ. մայիսի 8-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի կառավարության նոր ղեկավարին. նրանց միջև կայացած հեռախոսազրույցում «զրուցակիցները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակելու ջանքեր գործադրել ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ»: Մայիսի 14-ին Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել Պուտինի ու Փաշինյանի առաջին հանդիպումը: Երկու առաջնորդներն աշխարհին ոչ երկիմաստ ուղերձ են հղել. ռազմավարական հարաբերությունները կասկածի տակ չեն դրվում: Ավելին՝ նախատեսվում է դրանց հավելյալ խթաններ հաղորդել:

Ո՞րն է պաշտոնական Մոսկվայի այսպիսի արձագանքի գաղտնիքը: Ըստ իս՝ դրա համար կան մի շարք պատճառներ: Նախ՝ Ռուսաստանը հաշվի է առել Աբխազիայի և Հարավային Օսիայի փորձը: Այդ հանրապետություններում իշխանությունը փոխվել է ժողովրդական բողոքի արդյունքում, բայց դա չի հանգեցրել աբխազական և հարավօսական վերնախավերի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ու կողմնորոշման փոփոխության: Նվազ հետաքրքիր չէ նաև Ղրղզստանի փորձը, որը Հայաստանի պես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկիր է: Այս միջինասիական երկրում տեղի են ունեցել երկու հեղափոխություններ. երկրորդից հետո ղրղզ իշխանությունները հրաժարվել են երկարաձգել երկրի տարածքում ԱՄՆ օդային ռազմաբազայի գործունեության արտոնությունը:

Հայաստանի պարագայում դրությունը մեղմվում էր նաև այն պատճառով, որ բողոքի գործողությունների ժամանակ աշխարհաքաղաքական խնդիրները չէին բարձրաձայնվում, իսկ Փաշինյանն անձամբ, նախքան իշխանության գալը, հայտարարում էր Մոսկվայի հետ ռազմավարական հարաբերություններին հավատարիմ լինելու մասին: Փողոցային հավաքների ժամանակ նա դրական էր գնահատում Մարիա Զախարովայի և Դմիտրի Պեսկովի հայտարարությունները: Երկրորդ, քաղաքագետներ Հրանտ Միքայելյանի և Էմիլ Սանամյանի կարծիքով՝ Սարգսյանը Մոսկվայում դիտվում էր որպես բարդ և անհարմար գործընկեր. Կարեն Կարապետյանը համարվում էր նախընտրելի թեկնածու: Ամեն դեպքում, բազմամյա առաջնորդի հեռանալը աղետալի իրադարձություն չէր դիտվում: Առավել ևս, որ Փաշինյանի հաստատումը վարչապետի պաշտոնում անցել է Սարգսյանի նախագահության օրոք՝ 2015 թվականին գրված  Սահմանադրության համապատասխան: Այսինքն՝ այն չէր հակասում իշխանափոխության «սահմանադրական բնույթի» մասին Պուտինի արտահայտած մոտեցմանը: Երկրորդ՝ առկա էր այն ըմբռնումը, որ Հայաստանի պարագայում արևմտյան ուղեգիծը սահմանափակված է բազմաթիվ հանգամանքներով (ՆԱՏՕ-ի անդամ և Ադրբեջանի դաշնակից Թուրքիան, Բաքվի հետ ԱՄՆ և ԵՄ ունեցած տնտեսական լայն և ապագայում ևս արժևորվելիք կապեր). այս ամենի հանրագումարը երկկողմանի հարաբերություններում մեղմ ժառանգականություն է ապահովել: Սա, իհարկե, չի նշանակում, որ ապագայում խնդիրներ և հակասություններ չեն լինելու: Բայց դրանք գոյություն ունեին և՛ Սարգսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Տեր-Պետրոսյանի ժամանակ:

Ընկալման անհամաչափությունը. Լեոնտևի դեպքը

Ռուսաստանյան արձագանքները Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին ճիշտ չէ սահմանափակել սոսկ Կրեմլով կամ Սմոլենսկի հրապարակով: Բնութագրելով այլ՝ ոչ պաշտոնական մոտեցումները՝ կամենում եմ առանձնացնել սկզբունքային նշանակություն ունեցող մի թեզ: Կարևոր է հասկանալ Մոսկվայի և Երևանի միջև գոյություն ունեցող երկկողմանի հարաբերությունների ընկալման անհամաչափությունը: Եթե Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար հայաստանյան ուղղությունը թեև կարևոր, բայց բազմաթիվ (հաճախ նաև՝ ոչ առաջնահերթ) ուղղություններից լոկ մեկն է, ապա Հայաստանի համար ռազմավարական դաշնակցի յուրաքանչյուր քայլը ենթարկվում է մանրազննին ուսումնասիրության: Լեռնային Ղարաբաղի համար չկարգավորված հակամարտության մեջ ներքաշված փոքր հանրապետության համար, որը գոյատևում է չորս ցամաքային սահմաններից երկուսի փակ լինելու պայմաններում, այսպիսի զգացմունքայնությունը բավականին հասկանալի է: Սրանով է պայմանավորված Ռուսաստանի և Ադրբեջանի եկկողմ հարաբերությունների (հատկապես ռազմական և զենքի վաճառքի ոլորտում), նաև՝ ռուս-թուրքական համագործակցության նկատմամբ Հայաստանում առկա խորը կասկածամտությունը, դժգոհ արձագանքները «հայկական հարցին» անդրադարձող պետական այլևայլ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հայտարարություններին: Այս համատեքստում արժե հիշել 2000-ականների առաջին կեսին Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի օտարատյաց արտահայտությունները, որոնք մինչև իսկ հատուկ խոսակցության նյութ են դարձել Պուտինի ու Քոչարյանի միջև:

Նման ալգորիթմի մենք ականատես ենք դարձել նաև  2018թ. ապրիլ-մայիսին: Ռուսաստանյան ալիքներով հայտնի թոք-շոուների հաղորդավարներն ու մասնակիցները Երևանում ընթացող դեպքերը համեմատում էին ուկրաինական մայդանի հետ և հայտարարում Հայաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի ահռելի թվաքանակի մասին (խոսվում էր մեկ կամ երկու հազար հոգու մասին, մինչդեռ, իրականում, Հայաստանում աշխատում են շուրջ 50 արհեստավարժ դիվանագետներ): Փաշինյանը ներկայացվում էր որպես Արևմուտքի «ազդեցության գործակալ», որն իշխանության գալու դեպքում անմիջապես դուրս է գալու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից:

Բայց, անկասկած, տեղեկատվական ուշադրության կենտրոնում հայտնված ամենաաղմկահարույց սյուժեն «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռադիոեթերում հնչած բանավեճն էր, որի ժամանակ հրապարակախոսներ Միխայիլ Լեոնտևը և Միխայիլ Յուրևը թույլ են տվել կոպիտ և վիրավորական արտահայտություններ Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հասցեին: Իրավիճակին սրություն է հաղորդել Լեոնտևի՝ «Ռոսնավթ» ընկերության մամլո քարտուղար լինելու կարգավիճակը: Հիշենք, որ «Ռոսնավթի» գործադիր տնօրեն Իգոր Սեչինը Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակի մարդ է: Սակայն այս ելույթին ի պատասխան հնչած պաշտոնական ոչ առանձնապես կոշտ արձագանքը բավական էր հասկանալու համար, որ պետական իշխանությունը չի հարում նմանատիպ կարծիքին: Երևանում ՌԴ դեսպանատունն ընդգծել է, որ այդօրինակ ելույթները չեն արտահայտում երկրի պաշտոնական դիրքորոշումը, և որ «Հայաստանի հանրապետությունում վերջին շաբաթներին ընթացող իրադարձությունները բացառապես Հայաստանի հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերն են», իսկ Դմիտրի Պեսկովը Լեոնտևի մոտեցումը որակել է որպես տվյալ անձի անհատական կարծիք, որը պետական քաղաքական գծի հետ ոչ մի առնչություն չունի: Քիչ անց Լեոնտևը (հավանաբար՝ ճնշման ներքո) Փաշինյանից ներողություն է հայցել:

Ոչ ճարտասանական. ինչո՞ւ են նմանատիպ մեկնաբանություններն ու հայտարարությունները տանելի: Կրկին անդրադառնամ մեր մատնանշած անհամաչափության թեզին: Ռուսաստանյան տեղեկատվական տարածությունը կողքից ավելորդաբար կենտրոնացված և «ցեմենտված» է թվում, մինչդեռ, իրականում, այդտեղ առկա է տեսակետների լայն ընտրանի: Մաքսիմ Շևչենկոյի, Նիկոլայ Սվանիձեի, Ալեքսեյ Վենեդիկտովի և Միխայիլ Լեոնտևի դիրքորոշումները հազիվ թե հնարավոր լինի որպես միասնական չափանիշ ընդունել: Փաստորեն մենք տեսնում ենք, որ պետության առաջին դեմքը դուրս է բերվում կոշտ քննադատության տակից, բայց մնացած սյուժեների շուրջ բանավեճը շարունակվում է: Ընդ որում՝ Հայաստանին վերաբերող խնդիրներն առաջնահերթ չեն դիտվում, իսկ պետությունը բավարար է համարում  կշռադատված դիրքորոշում արտահայտելը: Բայց Երևանում իրավիճակի ընկալումն այլ է, և «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի աղմկահարույց բանավեճի շուրջ զարգացումները հուշում են, որ գոյություն ունեցող ընկալման անհամաչափությունը պետք է հաշվի առնել՝ հատկապես այն ժամանակ, երբ խոսքը ռազմավարական դաշնակցի և նրա հետ հարաբերությունների մասին է:

Հայաստանը որպես օրինա՞կ

Եվ ըստ կարգի (բայց ոչ ըստ կարևորության) վերջին սյուժեն: Հայաստանում բողոքի զանգվածային գործողությունները հետաքրքրության մեծ ալիք են առաջացրել այնպիսի շրջանակներում, որոնք մինչ այդ Հայաստանին առանձնապես ուշադրություն չէին դարձնում: Խոսքը, նախ և առաջ, «ազատական» ընդդիմության մասին է: Հայկական բողոքի մեջ նրանք որոշակի կաղապար են տեսել: Այսպես՝ Դմիտրի Գուդկովի խոսքերով. «Հայաստանյան իրադարձություններից ռուսաստանցիները կարող են օգտակար դասեր քաղել, քանի որ անգամ անհույս թվացող իրավիճակից ելք կա: Կարևոր է այն տեսնել կարողանալ»: Հրապարակախոս Անտոն Օրեխը 2018թ. ապրիլի 24-ին նկատել է. «Մենք Հայաստանին չէինք անդրադառնա, բայց Ռուսաստանի հետ չափից շատ զուգահեռներ են կուտակվել. այնտեղ նույնպես ապրում են նախկին խորհրդային մարդիկ, բայց նրանք պատրաստ են փոփոխությունների»: Ընդ որում՝ «հայաստանյան դասերը» սերտելու հույսերին զուգահեռ ռուսաստանյան իշխանությունների քննադատներից շատերը հոռետեսություն են հայտնել այն առնչությամբ, որ Ռուսաստանի բնակչությունն ի վիճակի է երևանյան ցույցերի մասնակիցների պես գործել: Այսպիսով՝ փորձ էր արվում հայկական «թավշյա հեղափոխության» շատ պատկերներ և իրադարձություններ փոխադրել ռուսաստանյան հողի վրա:  Հենց դրանով էլ պայմանավորված է Վլադիմիր Պուտինին Սերժ Սարգսյանի, իսկ Ալեքսեյ Նավալնուն Նիկոլ Փաշինյանի հետ համեմատելու միտումը:  Այս համեմատություններն արվել են Ռուսաստանում՝ ՌԴ նախագահի երդմնակալության օրվա նախաշեմին «Նա մեր ցարը չէ» կարգախոսի ներքո անցած զանգվածային բողոքի գործողությունների ժամանակ: Մյուս կողմից՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ անձամբ ծանոթ չէ ո՛չ Նավալնուն, և ո՛չ էլ Սաակաշվիլուն:

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում տեղի ունեցած զանգվածային բողոքն ու իշխանափոխությունը Ռուսաստանում հետաքրքրություն են առաջացրել: «Թավշյա հեղափոխության» հանդեպ արձագանքը բազմաշերտ էր: Իշխանությունների մեղմ և զուսպ արձագանքը տարբերվում էր առանձին հրապարակախոսների ու փորձագետների կոշտ՝ տեղ-տեղ բարեկրթության սահմանը հատող դիրքորոշումներից, իսկ «ազատական» քաղաքական գործիչներն ու լրագրողները փորձում էին «ստեղծագործաբար սերտել» հայաստանյան իրադարձությունների դասերը:

Share

Comments are closed.