Կանադայի վարչապետ Թրյուդոյի հետ աճող թշնամանքից հետո Թրամփը դուրս հանեց ԱՄՆ-ն համատեղ հայտարարությունից

 

Մեծ յոթյակի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը սպառնացել է տուգանքներ կիրառել արտասահմանյան մեքենաների ներկրման համար, որը կարող է ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների միջև էլ ավելի մեծացնել անջրպետը:

Այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետը հրապարակայնորեն քննադատեց Թրամփի վարած առևտրային քաղաքականությունը, վերջինս հանձնարարականներ տվեց ամերիկյան պաշտոնյաներին հրաժարվել ժամեր առաջ կատարած համատեղ հայտարարության պարտավորությունները կատարելուց:Գագաթնաժողովը լքելուց հետո Թրամփն իր թվիթերի միկրոբլոգում նշել է.  «Հիմնվելով   Ջասթինի կեղծ հայտարարությունների և այն փաստի վրա, որ   Կանադան հսկայական մաքսատուրքեր է դնում մեր՝ ամերիկյան գյուղացիների, աշխատողների և ընկերությունների վրա, ես կոչ արեցի ամերիկյան պաշտոնյաներին չաջակցել հայտարարությանը, քանի որ մենք վերանայելու ենք ամերիկյան շուկան հեղեղած մեքենաների մաքսատուրքերը»:

«Կանադացիները քաղաքավարի են և պատասխանատու, սակայն մենք չենք թողնի մեզ վրա ճնշումներ կիրառվեն»,- ասել է Թրյուդոն հանդիպման վերջում կայացած իր անհատական մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես ուղղակիորեն ասացի նախագահին, որ կանադացիները հեշտ չեն տանում ԱՄՆ-ի քայլը, որը նշանակալի տուրքեր է դրել մեր ալյումինի և պողպատի արտադրության վրա: Մասնավորապես, նրանք ի զորու չեն հասկանալ, որ ԱՄՆ-ն դա արել է՝ ելնելով իր ազգային անվտանգության պաշտպանությունից: Եվ դա կանադացիների նկատմամբ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից մինչ օրս ամերիկացի զինվորների հետ մեկտեղ ուս ուսի են կանգնած եղել: Այս ամենն իսկապես վիրավորական է», – հավելել է Կանադայի վարչապետը:

G7-ի ղեկավարները հույս ունեին, որ ամենամյա գագաթնաժողովը կամրապնդեր վեճերի հետևանքով փորձության ենթարկված խարխլուն կապերը: Դրա փոխարեն այն ավարտվեց Թրամփի և ԱՄՆ-ի ամենամեծ առևտրային դաշնակցի՝ Կանադայի ղեկավարի միջև բառերի ճակատամարտով՝ սպառնալով վերաճելու լայնածավալ առևտրային պատերազմի:

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ առաջարկել է երկրներին վերացնել ներմուծման խոչընդոտները, և որ ինքն էլ, ի պատասխան, կանի նույնը: Սակայն ԱՄՆ-ի ղեկավարն սպառնացել է, որ կարող է ամբողջովին խզել առևտրային կապերը բոլոր այն երկրների հետ, որոնք պահում են ներկայիս կանոնները և օգուտներ են քաղել ԱՄՆ-ի նախկին վարչակազմերից:

«Մենք նման ենք կաթնատու կով-բանկի, որին բոլորը թալանում են»,- հայտարարել էր Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ:

Գագաթնաժողովն ավարտվեց ԱՄՆ-ի և նրա մերձավոր դաշնակիցների միջև առկա նշանակալի տարաձայնություններով: G7-ը ներկայումս բաղկացած է ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Ճապոնիայից:

Ուրբաթ օրը Թրամփը կոչ էր արել հետ ընդունել Ռուսաստանին, որը, ուկրաինական Ղրիմը բռնակցելուց հետո, դուրս էր հանվել կազմից: Բացի այդ, նա հեռացավ ավելի շուտ, բաց թողնելով կլիմայական գլոբալ փոփոխությունների մասին քննարկումները, մեկնեց Սինգապուր՝ մասնակցելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ միջուկային գագաթնաժողովին:

Այժմ, G7-ի և աշխարհի մնացած երկրների առաջնորդներն առերեսվում են առևտրային որոշումների հետ. պահե՞լ ներկայիս գլոբալ տնտեսական համակարգը, թե՞ վերաձևավորել այն, որը կհանգեցնի միլիոնավոր աշխատատեղերի և միլիարդավոր դոլարների հավասարակշռության խախտմանը:

Թրամփը, հավանաբար, կունենա Կոնգրեսի կարիքը, որպեսզի ամբողջությամբ կտրի ԱՄՆ-ի դաշնակիցների հետ առևտրային կապերը: Սակայն նա արդեն նշանակալի փոփոխություններ է կատարել առևտրային քաղաքականության մեջ՝ աշխատելով կոնգրեսյան ընդդիմության դեմ: Թրամփն օգտվել է նախկինում հազվադեպ կիրառված նախագահական իր բացառիկ իրավունքից, որը հնարավորություն է տալիս կատարել առևտրային փոփոխություններ, եթե դա բխում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունից:

Նրա գործողությունները քննադատության են արժանացել Կոնգրեսում: Ջոն Մըքքեյնը թվիթերում գրառում է կատարել, նշելով. «Մեր դաշնակիցներին. ԱՄՆ-ի՝ մեծամասնություն կազմող երկկողմանի ընդդիմությունը շարունակում է մնալ ազատ առևտրի, գլոբալացման կողմնակից և ցանկանում է աջակցություն հայտնել իր դաշնակիցներին, որոնց հետ միասին 70 տարի կիսել են միասնական արժեքներ: Ամերիկան ձեր կողքին կմնա, եթե նույնիսկ մեր նախագահը չմնա»:

Ըստ Թրամփի, մասնավոր հանդիպումների ժամանակ օտարերկրյա առաջնորդները պատրաստակամ էին, ինչը չես ասի նրանց հանրային ելույթների մասին:  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակը մի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է Թրամփի և մյուս երկրների ղեկավարների բախումը: Ի պատասխան, Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն օգտագործել է նկարը և քննադատել օտարերկրյա առաջնորդներին:

Հուսադրող չէին նաև Թրամփի և Մաքրոնի հանդիպման լուսանկարները, որտեղ ընդգծված լարվածություն էր առկա: Գագաթնաժողովից հետո Մաքրոնը թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ շաբաթ օրը Թրամփը դուրս եկավ G7 անդամների միասնական ճակատի դեմ: Մաքրոնն ավելացրել է, որ այդ մեկուսացումն ամերիկյան ավանդույթներից հեռացում է նշանակում:

Սա մի մասն է Թրամփի նախագահությամբ G7 երկրների երկրորդ հավաքի, ուր հակասություններն ավելի խորացան: G7 երկրների այլ ներկայացուցիչներ նշեցին, որ զգում էին, որ առաջընթաց են կատարել Թրամփին իրենց մոտեցումները հասցնելու գործում: Նրանք շեշտում էին, որ ստիպված են գնացել այդ քայլին ՝ իրենց երկրում ընտրողների ճնշումների ներքո:

Չնայած լարվածությանը՝ անդամ երկրների ղեկավարները, ներառյալ Թրամփը, անձնապես ջերմ էին միմյանց նկատմամբ:  ԱՄՆ-ի առաջնորդը սկսեց անուններով դիմել՝ Անգելա կամ Ջասթին և շարունակաբար պնդում էր, որ ներկայիս գլոբալ առևտրային անհավասարակշռության մեջ մեղադրում է ԱՄՆ-ի նախկին ղեկավարներին, այլ ոչ թե օտարերկրացիներին:

Թրամփը նշեց, որ քննարկել են Ռուսաստանի վերադարձի հարցը, բայց չեն եկել որևէ եզրակացության: «Մենք չենք քվեարկել, բայց այդ հարցը քննարկվել է», – նշել է ԱՄՆ-ի նախագահը:

«Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և նշանակալի դեր է կատարում համաշխարհային անվտանգության հարցերում: Բացի այդ, նա տեղ է զբաղեցնում նաև ավելի մեծ ՝ G 20-ի խմբում: Մենք ձգտում ենք խաղաղության հասնել աշխարհում: Մենք խաղեր չենք փնտրում»,- ասել էր Թրամփը:

Թրամփն առաջին քաղաքական գործիչը չէ, որ ռեալպոլիտիկ փաստարկներ է բերում Ռուսաստանի՝ G7-ի բանակցային սեղանին պատկանելու վերաբերյալ: Նրա դիրքորոշումը հարյուր ութսուն աստիճանով տարբերվում է Օբամայի վարչակազմի որոշումից, որը քննադատում էր 2014-ի բռնակցումը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ էր առաջարկում:

«Ղրիմը բռնակցվեց Օբամայի վարչակազմի օրոք: Օբաման կարող է ասել այն, ինչ ցանկանում է, սակայն հենց նա Ռուսաստանին թույլ տվեց խլելու Ղրիմը: Ես, հնարավոր է, ուրիշ պատասխան ունենայի», – ասել է Թրամփը:

Կանադայի և Բրիտանիայի առաջնորդները մերժեցին Ռուսաստանին վերադարձնելու Թրամփի առաջարկը, նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հսկայական փոփոխություններ կատարի վերադարձի արժանանալու համար: Այդուամենայնիվ, Իտալիայի նոր վարչապետ Ջուզեպպե Կոնտեն Թրամփի կողմնակիցներից էր:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մեծ վստահությամբ պնդում են, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի ընտրություններին: Ենթադրվում էր՝ այս տարվա G7-ի գագաթնաժողովի մի մասը պետք է կենտրոնացներ ուշադրությունն արտաքին միջամտության վրա: Հատուկ խորհրդական Ռոբերտ Ս. Մյուլերը հետաքննում է Ռուսաստանի հնարավոր միջամտական ջանքերը և փորձում է պարզել Թրամփի ընտրարշավում ռուսական հետքի առկայությունը:

G7-ի անդամները հավաքվել էին քննարկելու, թե ինչպես կարելի է կանխել ընտրություններում միջամտությունները, և նրանցից շատերը բարկացած էին մնում Ուկրաինայում Պուտինի գործողությունների վրա: Թրամփը Ղրիմի բռնակցմանն անդրադարձավ անուղղակի կերպով:

«Որոշ ժամանակ առաջ բան է պատահել, և Ռուսաստանն այլևս այստեղ չէ,- ասել էր նա:- Կարծում եմ, լավ կլինի Ռուսաստանը վերադառնա»:

Ակնհայտ է, որ շատ օտարերկրացի առաջնորդներ դեռևս ուղիներ են որոնում ԱՄՆ-ի անկանխատեսելի նախագահի հետ աշխատելու համար:

Ուրբաթ երեկոյան Սպիտակ տունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թրամփն ու Թրյուդոն շատ մոտ էին Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի վերագործարկմանը:

Սակայն շաբաթ առավոտյան իր մեկնաբանություններում Թրամփը բազմաթիվ տարբերակներ բարձրացրեց ՆԱՖՏԱ-ի համար: Դրանք ներառում էին նոր պայմանագիր Մեքսիկայի և Կանադայի հետ առանձին պայմանագրեր կնքելու հարցով, նաև առաջարկվում էր երկարաժամկետ պայմանագիրն արդյունավետորեն բաժանել երկու մասի:

«Եվրոպական միությունը շատ կոշտ է ԱՄՆ-ի հետ, և դա նրանք գիտեն», – ասել էր Թրամփը՝ հավելելով, որ առաջնորդները գիտակցում են այդ ամենն առանձնազրույցների ժամանակ:

Եվրոպական պաշտոնյաներն իրերն այլ կերպ են բնութագրում: Նրանք հակադրվում են Թրամփի պրոտեկցիոնիզմի քաղաքականությանը, որն այլ հնարավորություն չի տալիս նրանց հակահարված տալու սակագներին: Այդ սակագներն, ինչպես բազմիցս հայտնել են Թրամփին, կվնասեն բոլորին: Թրամփը փորձում էր պառակտել եվրոպացի առաջնորդներին՝ առանձին տարրերի շուրջ բանակցելով Գերմանիայի և այլոց շուրջ՝ Ֆրանսիայի հետ: Բայց այդ ղեկավարները միասնականություն ցուցաբերեցին:

Նրանք շատ զգույշ էին Թրամփի հետ հանդիպումից առաջ իրենց մոտեցումները բացահայտելու հարցում, չնայած ամեն ինչ լավ հաշվարկված էր երևում:

«Եթե դու ունես ռազմավարություն, մի բացատրիր այն հանդիպումից առաջ, քանի որ եթե նախքան հանդիպումն ես բացահայտում քո ռազմավարությունը, դու կորցնում ես այն», – ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը լրագրողներին:

Իսկ ինչ վերաբերում է սակագները վերացնելու Թրամփի առաջարկին, Յունկերն  ասել է, որ դեռ պարզ չէ, թե ինչպես այլ երկրներ կարձագանքեն:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար անգլերենից թարգմանեց Աննա Բարսեղյանը

Սկզբնաղբյուրը՝ The Washington Post

Comments are closed.