Անսպասելի մոտեցում

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի դիկտատոր Կիմ Չեն Ընը Սինգապուրում տոնական տրամադրությամբ մասնակցում են խաղաղության գագաթնաժողովին: Սակայն վերջինիս արդյունքներն անորոշ են. երկու ղեկավարների նպատակները հակամետ չեն:

Սինգապուրից հաղորդում է Ռոլանդ Նելեսը

Առաջին խոսքերը դժվար է հասկանալ: Բայց Կիմ Չեն Ընը, հավանաբար, ասում է. «Հաճելի է հանդիպել Ձեզ, պարոն Նախագահ, ուրախ եմ»: Դրան հետևում է Դոնալդ Թրամփի հետ ձեռքսեղմումը: Ժպիտներ: Գլխի համաձայնության նշաններ: Թրամփը ձեռքով սեղմում է Կիմի թևը: Հետևում երևում են Ամերիկայի և Հյուսիսային Կորեայի դրոշները՝ կողք-կողքի, ինչպես դաշնակիցների հանդիպման ժամանակ:

Կիմի հագին իր սիրած սև վերնաշապիկն ու լայն տաբատն են. առկա է նաև սանրվածքը՝ գլխի կողամասերի կարճ կտրվածքով: Նա՝ տարիքով կրտսերը, Թրամփից յոթ րոպե շուտ ժամանեց Սենտոսա կղզում գտնվող և դեռևս գաղութային ժամանակներից գործող «Կապելա» հյուրանոց: Ասիայում սա համարվում է հարգանքի ժեստ: Ահա Թրամփը և Կիմը միասին քայլում են հյուրանոցի ճերմակ սյունաշարի միջով:

Ապա նրանք կարճ ժամանակով նստում են: Տեսախցիկներն աշխատում են: ԱՄՆ-ում երեկո է՝ «Փրայմթայմ»1, ուստի միլիոնավոր մարդիկ, հեռուստացույցների առջև նստած, հետևում են, թե ինչպես է իրենց նախագահն ուրախանում այս հանդիպմամբ: «Ես ինձ իրոք հիանալի եմ զգում», – ասում է Թրամփը, -«Մենք հրաշալի հարաբերություններ ենք ունենալու»:

Զուգահեռաբար բասկետբոլի նախկին աստղ Դենիս Ռոդմանը, ով լավ է ճանաչում և՛ Թրամփին և՛ հյուսիսկորեացուն, հուզումնալից ապրումներով հարցազրույց տալով CNN-ին, ասում է. «Կիմը ցանկանում է տեսնել աշխարհը, նա ուզում է հաճույք ստանալ»:

Պատմության գրքերում գրվելիք պահ

Սա անսովոր օր է՝ տեղի ունեցավ սինգապուրյան այս տարօրինակ հանդիպումը, բայց և սա մի օր է, որը տեղ կգտնի համաշխարհային պատմության բոլոր դասագրքերում. ԱՄՆ նախագահը և Հյուսիսային Կորեայի առաջնորդը դեմ առ դեմ հանդիպել են միմյանց: Արդեն շուրջ 70 տարի է, ինչ երկու երկրները միմյանց վերաբերում են որպես թշնամու: Թրամփից առաջ մի շարք նախագահներ փորձել են լուծում տալ այդ հակամարտությանը, բայց հաջողության չեն հասել:

Եվ հիմա ասպարեզ է գալիս Թրամփը: Դեռ մի քանի ամիս առաջ ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի, որ այսօր նման հանդիպում կկազմակերպվի: Թրամփը Կիմին «Խենթ», «Խեղճ լակոտ» և նմանատիպ պիտակներ էր տալիս: Կիմն իր հերթին Թրամփին կոչում էր «Խելակորույս»: Այս ամենն այսօր, թվում է, մոռացվել է: Այս չորսժամյա հանդիպման ավարտին Թրամփը Կիմին անգամ Վաշինգտոն կհրավիրի, որպեսզի վերջինս այցելի իրեն, երբ «ճիշտ ժամանակը գա»:

Թրամփը կարողացավ որսալ ճիշտ պահը՝ երիտասարդ առաջնորդի հետ սեղանի շուրջ նստելու հնարավորությունը բաց չթողնելու և պրագմատիկ խաղաղարար գործընթաց սկսելու համար: Նա այժմ կանգնում է մեկ այլ, որակապես նոր խնդրի առջև. նախկին նախագահներին չի հաջողվել Հյուսիսային Կորեային հետ պահել միջուկային ներուժի զարգացումից: Ուստի Կիմի տրամադրության տակ այսօր միջուկային զենք կա, և ԱՄՆ-ն պետք է ինչ-որ կերպ այդ հարցի լուծումը գտնի: Ռմբակոծումն այս պարագայում խնդրի լուծում չի կարող դիտարկվել:

Իր հերթին Կիմն այժմ հանդես է գալիս ուժեղի դիրքից. նրա զենքն այսօր ապահովել է Թրամփի հետ նույն սեղանի շուրջ նստելու իր իրավունքը: Նա հանդիպում է ԱՄՆ-ի նախագահին դեմ առ դեմ: Վերջինիս հետ նա ճաշում է «Կապելայում». սեղանին կան ծովախեցգետնի կոկտեյլներ և վանիլային պաղպաղակ: Նա, սակայն, ըստ մտահղացման, «ծուղակում» է:

Թրամփն անգամ պատվիրել է հատուկ Կիմի համար մի տեսահոլովակ պատրաստել, որը շարունակաբար ցուցադրվում է վերջինիս. դրանում պատկերված են երկնաքերներ և մայրուղիներ: Դրանց նպատակն է ցույց տալ այն վարդագույն ապագան, որը կարող է սպասել Հյուսիսային Կորեային: Կիմը Թրամփի կողմից լրջորեն է ընկալվում` որպես պետական այր, որպես բանակցության գործընկեր: Այն ռեժիմը, որը տասնամյակներ շարունակ շահագործել է, բանտարկել ու սովի մատնել սեփական ժողովրդին, հանկարծ ընկալվում է որպես նորմալ, լեգիտիմ կառավարություն:

Թրամփը՝ խաղաղության արքայազն

Այս հանդիպումը հերթական տիպիկ դոնալդթրամփյան ակնթարթ էր, մի հանդիսավոր ներկայացում: Աշխարհը նրան է հետևում: Նա ուզում է, որ ամեն բան ընթանա ըստ սցենարի: Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պաշտպանության մասին, այն մարդկանց մասին, որոնք պահվում են ճամբարներում, Թրամփը խոսում է բավականին թռուցիկ: Փոխարենը նա միշտ շեշտում է. «Ամեն բան լավ է լինելու»: Նույնիսկ ճամբարներում գտնվող մարդկանց համար: Թրամփն ուզում է հանդես գալ որպես համաշխարհային խաղաղության արքայազն, և դա նրան հաջողվում է: Համաձայն մի հարցման՝ ամերիկացիների 72 տոկոսը ողջունում է սինգապուրյան հանդիպումը:

«Լավ նկարներ ստացվու՞մ են»,-հարցնում է Թրամփը լրագրողներին: Նա բանակցությունները որակում է «բավականին հաջողված»: Թվում է, թե հաջողվել է մի լուրջ խնդիր լուծել: Սակայն «Կապելա» հյուրանոցի բանակցությունների թերևս ամենագլխավոր այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ին կհաջողվի իրագործել Հյուսիսային Կորեայի ապառազմականացման գործընթացը ռելսերի վրա դնելու գործը, կարծես թե միանշանակ պատասխան չի հետևում:

Ծանր փայտե, դարչնագույն սեղանի վրա հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփը և Կիմը մի փաստաթուղթ են ստորագրում, որը կարելի է որակել մեկ բառով՝ «անորոշ»:

Կիմը ծալում է թուղթը, այնուհետև ևս մեկ անգամ հայացք ձգում բովանդակությանը, կարծես փորձում է վերահսկել, թե ինչի տակ է քիչ առաջ դրել իր ստորագրությունը: Նա շատ չի խոսում: Միայն երբեմն ժպտում է: Թերևս միայն ինքը գիտի, թե ինչու:

Ամերիկացիները հույսեր ունեն, որ Կիմը շուտով կհրաժարվի իր միջուկային զենքից՝ վերջնականապես և ապացույցներով: Ինչևէ, ստորագրված թղթում ասվում է, որ Փհենյանի դիկտատորը պարտավորվում է գործել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Սա կարող է նշանակել ամեն ինչ և միևնույն ժամանակ՝ ոչինչ: Սա ամենաքիչը նշանակում է, որ նա դեռևս ձեռքում կպահի իր ռազմական ներուժի կիրառման սանձերը: Սակայն, միևնույն ժամանակ, Հյուսիսային Կորեայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները դեռևս ուժի մեջ են:

Թրամփը խոսում է «անվտանգության երաշխիքների» մասին: Դրանցից բխում է, որ կորեական տարածաշրջանում ռազմական զորավարժությունները պետք է դադարեցվեն: Թրամփն ասում է, որ ամերիկյան պատժամիջոցները կդադարեն գործելուց միայն այն ժամանակ, երբ պարզ դառնա, թե երբ և ինչպես է Հյուսիսային Կորեան ապառազմականացվելու: Մնացած բոլոր խնդիրները պետք է քննարկվեն աշխատանքային խմբերում՝ դիվանագետների և մասնագետների մակարդակով: Բայց դա պետք է տեղի ունենա «շատ, շատ արագ»: Ասվում է, որ դեռ շատ հարցերի քննարկման համար հանդիպման ընթացքում «ժամանակը չի հերիքել»: Որպես արդյունք՝ այժմ կորեական կողմից ո՛չ պատասխանատվություն է ստանձնվել այն մասին, թե կոնկրետ երբ է տեղի ունենալու Հյուսիսային Կորեայի ապառազմականացումը, ո՛չ խոստում կա, թե ինչպես է դա տեղի ունենալու, այսինքն՝ ինչպիսի մեխանիզմներ է Կիմն այդ ընթացքում կիրառելու:

Պատերազմի վտանգն, այնուամենայնիվ, բացառված է

Այնուամենայնիվ, Թրամփը և Կիմը, իրոք, մեկնարկ են տվել խաղաղության գործընթացին: Լարումը պարպված է, և այն պատերազմի վտանգը, որն ամիսներ առաջ այդքան իրական էր թվում, այժմ չկա: Ո՜չ ավել: Բայց և ո՜չ պակաս:

Հանդիպման վերջում Դոնալդ Թրամփը գոհ տեսք ուներ «Կապելա» հյուրանոցում: Նա հատուկ էր հրավիրել խոշոր ԶԼՄ-ներին, որպեսզի ողջ աշխարհը տոնի իր ձեռքբերումները: Նա ոգևորված էր, կատակներ էր անում: Մինչդեռ Կիմն արդեն հեռացել էր:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար գերմաներենից թարգմանեց Նարեկ Խալաֆյանը

Սկզբնաղբյուրը՝ Spiegel, 12.06.2018

____
1  ԱՄՆ-ում «Prime Time» է կոչվում երեկոյան ամենահեղինակավոր նորությունների հաղորդումների պիկ ժամը: (Ն. Խ.)1

Comments are closed.