«Կորեական հիմնախնդիր»՝  հակամարտության լուծման հնարավոր տարբերակները



Քրիստ ՊՈՂՈՍՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

Երբ խոսքը գնում է «Կորեական հակամարտության» մասին, ապա պետք է հաշվի առնել, որ այս հակամարտությունում առկա են երկու խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հանգամանալից ուսումնասիրել՝ վերջնական կարգավորման հասնելու համար: Այդ խնդիրներն են՝ միջուկային և տարածքային:

Միջուկային: Ներկայում հյուսիսկորեական միջուկային ճգնաժամը հանդիսանում է աշխարհում միջազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից մեկը: Եւ դրա բարդությունն այն է, որ չկան հավաստի աղբյուրներ ԿԺԴՀ-ի միջուկային ծրագրերի վերաբերյալ, քանի որ այս երկիրը մեկուսացված է:Հյուսիսկորեական միջուկային ծրագրի ծագման հիմնական պատճառը կարելի է համարել այն, որ այդ երկիրը ցանկանում էր պաշտպանված լինել ամերիկյան հավանական հարձակումներից: Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն զինվածության տեսանկյունից շատ ավելի հզոր է, հյուսիսկորեական ղեկավարող շրջանակները միակ պաշտպանության միջոցը համարում էին միջուկային զենքի առկայությունը:

Միջուկային հիմնահարցի կարգավորման մեջ առաջնային նշանակություն ուներ 2007թ. փետրվարի 13-ին ստորագրված Պեկինյան համաձայնագիրը, ըստ որի՝ ԿԺԴՀ-ն պետք է իրականացներ մի շարք փուլային քայլեր, որոնք նախ ուղղված են սառեցմանը, իսկ այնուհետև միջուկային ծրագրի ամբողջական դադարեցմանը, որի փոխարեն երկիրը ստանալու էր տնտեսական օգնություն ԱՄՆ-ից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից, Ռուսաստանից և Ճապոնիայից: 60 օրվա ընթացքում պետք է կատարվեին հետևյալ քայլերը. ԿԺԴՀ-ն պարտավորվում էր փակել Ենբյոնեի միջուկային կայանը և հրավիրել ՄԱԱՏԷ-ի տեսուչներ, սկսվում էին երկկողմանի բանակցություններ ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև, Վաշինգտոնը դուրս էր բերում ԿԺԴՀ-ն ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից, սկսվում էին երկկողմանի քննարկումներ Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի միջև, ԿԺԴՀ-ն ստանում էր, որպես շտապ տնտեսական օգնություն, 500 հազար տոննա մազութ:

Ընդունված է որոշակի զուգահեռներ անցկացնել Հյուսիսային Կորեայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրերի միջև: Երկուսն էլ ունեն միջուկային ծրագրեր, սակայն Իրանի հետ բանակցությունների արդյունքում այն որոշեց դադարեցնել իր միջուկային ծրագրերը հօգուտ իր տնտեսական զարգացման, և 2015թ. հունիսի 15-ին կնքվեց «Համատեղ գործողությունների ծրագիր» համաձայնագիրը, որի անդամ են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և Ռուսաստանը: Չնայած այն բանին, որ 2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե իր երկիրը դուրս է գալիս համաձայնագրից և կրկին կիրառում է տնտեսական պատժամիջոցներ, այս համաձայնագիրը դեռևս գործում է այն ստորագրած այլ երկրների գործունեության շարունակման շնորհիվ: Բայց, միևնույն ժամանակ, Իրանն էլ զգուշացրել է, որ ցանկացած պահի կարող է վերսկսել իր միջուկային ծրագրերը:

Որոշ փորձագետներ գտնում են, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը հանդիսանում է ապագա փոխզիջումային ձևերից մեկը նաև Հյուսիսային Կորեայի պարագայում: Սակայն գոյություն ունի տարբերություն երկու երկրների միջև: Գլխավոր տարբերությունը այն է, որ Իրանի վրա ամերիկյան հարձակումն  ավելի  քիչ  հավանական է: Եվ բացի այդ, Իրանում կառավարող շրջանակները առավելս վախենում են քաղաքական և հատկապես տնտեսական ճնշումներից Արևմուտքի կողմից: Իրանը կառավարման համակարգով «թեոկրատական դեմոկրատիա» ունեցող պետություն է, որտեղ, չնայած բոլոր վերապահումներին, ընտրությունները նշանակություն ունեն և որտեղ կառավարող էլիտան պարտավոր է հաշվի առնել հասարակության կարծիքը և տրամադրությունները:

Իրադրությունը Հյուսիսային Կորեայում այլ է: Այստեղ իշխող շրջանակները գտնում են, որ լայնածավալ ռազմական գործողությունները բավական իրատեսական են: Բացի այդ` Փհենյանում լավ հասկանում են, թե հավանական անկայունությունն ինչպես կարող է ազդել իրենց ներքաղաքական իրադրության վրա: Հաշվի առնելով Նիկոլաե Չաուշեսկուի և Մուամար Քադաֆիի ճակատագիրը` Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը վստահ է, որ տնտեսական ճգնաժամի, Հարավից տնտեսական հետամնացության պայմաններում միայն միջուկային զենքի առկայությունն է ապահովում ինչպես երկրի, այնպես էլ ռեժիմի անվտանգությունը:

Բայց, միևնույն ժամանակ, հյուսիսկորեական իշխանությունը չի բախվում ներքին ճնշումների: Նրանք չեն անհանգստանում, թե ինչ տրամադրություն կունենա հասարակությունը ընտրությունների արդյունքում, քանի որ երկրում տեղի չեն ունենում ընտրություններ: 1957թ. տեղի ունեցած ընտրություններից հետո Հյուսիսային Կորեայում միշտ հաղորդվում է, որ պաշտոնական թեկնածուների օգտին քվերակել է գրանցված ընտրողների 100.0 %-ը: Հյուսիսային Կորեայի ղեկավարությունն ունի բոլոր պատճառներն անհանգստանալու, որ Արևմուտքի երկրների հետ չափազանց սերտ շփումները տնտեսական առումով շահավետ լինելու հետ միասին նաև քաղաքական անցանկալի հետևանքներ կարող են ունենալ: Հարաբերությունների սերտացման  արդյունքում կսկսի երկրում տարածվել տեղեկատվություն, որը խստորեն փակ է հասարակության համար, որ ԿԺԴՀ-ն հսկայական չափերով հետ է մնացել տարածաշրջանի երկրներից և առավել ևս Հարավային Կորեայից: Այդ պատճառով էլ ԿԺԴՀ-ի ղեկավարության համար «միջազգային մեկուսացումից դուրս գալու» գաղափարն այնքան էլ գրավիչ չի հանդիսանում:

Փհենյանում փոխզիջումային են համարում հարցի լուծմանն ուղղված հետևյալ քայլերը: Նախ՝ ԿԺԴՀ-ն համաձայնում է դադարեցնել միջուկային զենքի արդիականացման աշխատանքները: Դադարեցնում է պլուտոնիում մշակող ռեակտորի աշխատանքները և թույլ է տալիս, որ միջազգային տեսուչներն այցելեն միջուկային կայաններ:  Փոխարենը՝ Միացյալ Նահանգները և այլ հետաքրքրված երկրներ պարտավորվում են Հյուսիսային Կորեային ցուցաբերել տնտեսական օգնություն և կատարում են որոշ քաղաքական զիջումներ: Ընդ որում՝ նախատեսվում է, որ Հյուսիսային Կորեայի մոտ գտնվող միջուկային սարքերը անձեռնմխելի են մնում:

Հյուսիսային Կորեայի համար նման փոխզիջումը կարևոր է: ԿԺԴՀ-ում քաջ գիտակցում են, որ միջուկային մարտագլխիկների թվաքանակով այն չի կարող մրցակցել և լավագույն դեպքում ունենալու է միայն մի քանի տասնյակ մարտագլխիկ: Դրանց թվի ավելացումը Փհենյանի համար թանկ հաճույք է:

Մի շարք քայլեր են ձեռնարկվում հյուսիսկորեական միջուկային հիմնահարցի լուծման ուղղությամբ: Հատկապես 2018-ի փետրվարի 1-ից մի նոր միտում սկսեց նկատվել միջուկային զենքի հիմնահարցի կարգավորման գործընթացում: Մասնավորապես, Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հայտարարեց, որ պատրաստ է առանձին բանակցություններ վարել ԿԺԴՀ-ի հետ և առանձին զբաղվել հյուսիսկորեական միջուկային հարցերով: Երկխոսության պատրաստակամության մասին հայտարարեց նաև ԿԺԴՀ-ի առաջնորդը: Կարգավորման հարցում կարևոր նշանակություն ունեցավ Ձմեռային օլիմպիադան, քանի որ ԿԺԴՀ-ն պատրաստակամություն հայտնեց ուղարկել իր հավաքականը խաղերին մասնակցելու համար: Համաձայնություն ձեռք բերվեց նաև առ այն, որ Օլիմպիական խաղերի բացմանը երկու պետությունների ներկայացուցիչները հանդես են գալու մեկ դրոշի ներքո:

Ձմեռային օլիմպիական խաղերի բացման նպատակով փետրվարի 9-ին Կորեայի Հանրապետություն այցելեց Հյուսիսային Կորեան կառավարող դինաստիայի ներկայացուցիչը: Կիմ Յո Չժոն, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրն է, պաշտոնական պատվիրակության կազմով այցելեց օլիմպիական Փհենյան:  Պատվիրակության վերադարձից հետո Կիմ Չեն Ընը հայտարարեց, որ բավարարված է պատվիրակության գործունեությամբ: Երեք օրվա ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը բանակցություններ անցկացրեց Կորեայի Հանրապետության նախագահի հետ, ընդ որում՝ նրանք հանդիպեցին չորս անգամ:

2018-ի ապրիլի 18-ին պարզ դարձավ, որ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայքլ Պոմպեոն, որը ներկայումս ԱՄՆ-ի պետքարտուղարն է, այցելել էր Փհենյան՝ Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու և ամերիկա-հյուսիսկորեական գագաթնաժողովը նախապատրաստելու նպատակով:

Ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ ԿԺԴՀ-ն դադարեցնում է միջուկային և հրթիռային փորձարկումները: Իսկ արդեն ապրիլի 27-ին երկու պետությունների ղեկավարները՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հանդիպեցին դեմարկացված գծի մոտ: Նախքան բանակցությունների մեկնարկը հարավկորեական նախագահը Կիմ Չեն Ընի հրավերով անցավ դեմարկացված սահմանը, կատարելով «կայծակնային այց» ԿԺԴՀ, որի տևողությունը մեկ րոպեից էլ պակաս էր: Հետո նրանք բանակցությունների նպատակով ուղևորվեցին Խաղաղության տուն, որը տեղակայված է հարավկորեական կողմում: Սա վերջին տասը տարիների ընթացքում Հարավի և Հյուսիսի միջև առաջին հանդիպումն է այսպիսի բարձր մակարդակով: ԿԺԴՀ-ի առաջնորդը դարձավ առաջին հյուսիսկորեական ղեկավարը, որը այցելեց Հարավային Կորեայի տարածք 1953 թվականից ի վեր: Բանակցությունների ավարտին կողմերը կնքեցին համատեղ Փխանմունդժոմենյան հռչակագիրը, որը պետք է ուղղված լիներ թերակղզում խաղաղության և բարգավաճման հաստատմանը, ինչպես նաև Կորեական թերակղզու վերամիավորմանը: Փաստաթղթում խոսվում է այն մասին, որ կկազմակերպվի Հարավային Կորեայի նախագահի այցը Փհենյան: Ինչպես նաև պետք է սկսվեն աշխատանքներ երկաթուղագծերի և ավտոճանապարհների միավորման հարցում: Հռչակագրի մեջ նշվում էր ԿԺԴՀ-ի ցանկության մասին՝ ամբողջովին դադարեցնել միջուկային ծրագրերը: Բացի այդ, երկու կողմերը հայտարարեցին, որ մինչև տարվա ավարտ ցանկանում են կնքել խաղաղության պայմանագիր: Կողմերը նաև պայմանավորվեցին, որ Հյուսիսն անցում է կատարելու Հարավի ժամային գոտու և հաստատվելու է մեկ ժամային գոտի:

Հյուսիսկորեական միջուկային հիմնահարցի կարգավորման տեսանկյունից առանցքային նշանակություն է ձեռք բերում 2018-ի հունիսի 12-ին  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջև Սինգապուրում տեղի ունեցած պատմական հանդիպումը: Հանդիպման ավարտին կողմերը ստորագրեցին փաստաթուղթ, որով Հյուսիսային Կորեայի առաջնորդը Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկանացման վերաբերյալ հանձնառություն է ստանձնել, իսկ ամերիկյան կողմն էլ խոստացել է Փհենյանին տրամադրել «անվտանգության երաշխիքներ»: Բացի դրանից, կողմերն այս փաստաթղթում նշել են, որ ձգտում են «նոր հարաբերություններ» հաստատել ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև:

Սակայն վերջնական ստորագրված փաստաթղթում չկան այն միջոցառումներն ու գործիքները, որոնց միջոցով տեղի  է ունենալու Հյուսիսային Կորեայի ապամիջուկանացումը: Ոչինչ չկա նաև այն մասին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարելու ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները:

Տարածքային: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայում և Կորեայում իրադրությունը բավական բարդ էր, և այս հանգամանքով էլ պայմանավորված՝ երբեմն փորձում են համեմատության եզրեր գտնել երկու երկրների միջև: Երկու երկրներն էլ ունեն միջին մասշտաբներ: Միավորված Գերմանիան զբաղեցնում է 357 000 կմ2 տարածք, իսկ կորեական երկու պետությունների տարածքը 222 000 կմ2 է: Երկու պետությունների մասնատումը 1945թ. փաստացի պայմանավորված էր գերտերությունների միջև  քաղաքական և ռազմական հարաբերություններով: Երկու երկրներում էլ նկատվում էր ռազմական ուժերի զանգվածային կուտակում: Սակայն այս երկրների միջև տարբերությունը նրանում է, որ Գերմանիան ինքն իրեն կործանեց, իսկ Կորեան զոհ էր: Ի տարբերություն Կորեայի՝ Գերմանիայում սկսեցին զարգանալ ժողովրդավարական գործընթացները, իսկ Կորեայի երկու հատվածները փորձում էին առավելության հասնել մեկը մյուսի նկատմամբ, որպեսզի առավելության հասած կառավարող ուժը դառնա աշխարհում այդ պետության ներկայացուցիչը: Կարգավորման բարդությունը պայմանավորված էր հատկապես 1950-1953 թվականների պատերազմով, որը հարավկորեացիների ենթագիտակցության մեջ ամրագրվել է որպես կոմունիստական հյուսիսի փորձ՝ բռնության և ռազմական ճանապարհով առավելության հասնել հարավի նկատմամբ:

Լիակատար կարգավորումը հնարավոր է միայն Կորեայի միավորման պայմաններում: Գոյություն ունի տեսակետ, ըստ որի՝ մինչև 2030թ. Կորեայի միավորումը կմտնի իր բնականոն քաղաքական հունի մեջ, չնայած և մինչև վերջ չի ավարտվի: Իրադարձություններն այս ուղղությամբ կարող են զարգանալ երկու սցենարներով:

Առաջինով` կգերիշխեն աստիճանական զարգացման գործընթացները, որոնք կարող են անցնել մի քանի փուլով: Նախևառաջ պետք է փոխել բանակցային գործընթացները, որպեսզի Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեայի Հանրապետությունը մշակեն մեկ դիրքորոշում, իսկ այնուհետև վարեն բանակցություններ Փհենյանի հետ: Միևնույն ժամանակ, առանցքային պետք է մնան պահանջներն առ այն, որ Հյուսիսային Կորեան վերադառնա միջուկային զենքի չտարածման ռեժիմին:

Գլխավոր հարցը բանակցությունների առաջին փուլի ընթացքում այն է, որ Հյուսիսային Կորեան պետք է կատարի ՄԱԿ ԱԽ կողմից ընդունած բանաձևերը: Եթե Փհենյանը չկատարի դրանք, ապա պատժամիջոցները հանելու կամ տնտեսական օգնության խոստումների մասին խոսք անգամ լինել չի կարող: Երկրորդ փուլում՝ բանաձևերը ընդունելուց հետո, կարևոր է Կորեական թերակղզու ապամիջուկանացման պայմանագրի կնքումը, որի համաձայն՝ երկու կորեական պետությունները կհրաժարվեն միջուկային զենք ստեղծելու փորձերից: Միևնույն ժամանակ, Կորեայի Հանրապետությունը և ԿԺԴՀ-ն կարող են համաձայնության գալ փոխադարձ վստահության ամրապնդման հարցերում, որոնք նման կլինեն հելսինկյան գործընթացին Եվրոպայում: Երրորդ փուլում հիմնական ուշադրությունը կկենտրոնացվի տնտեսական համագործակցության հարցերին հյուսիսի ու հարավի միջև և նրանց միասնական ներգրավմանը տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: Այս փուլում ԿԺԴՀ-ին պետք է տրամադրվի խոշոր տնտեսական օգնություն, պայմանով, որ այն կանցկացնի շուկայական բարեփոխումներ ՉԺՀ-ի կամ Վիետնամի օրինակով: Վերջնական փուլում Կորեայի միավորման հարցն է: Այս փուլն իր հերթին նույնպես հնարավոր է անցնի մի քանի փուլով: Այսպես, նրանցից մեկում հյուսիսը և հարավը կարող են ձևավորել համադաշնություն (կոնֆեդերացիա),  որը պետք է մերձեցնի թերակղզու երկու մասերին:

Երկրորդ  տարբերակն իրադարձությունների զարգացման ոչ լավատեսական սցենարն է: Հյուսիսային Կորեան շարունակում է իր միջուկային հրթիռների փորձարկումները` հրաժարվելով ընդունել ՄԱԿ-ի բանաձևերը և չվերադառնալով բանակցությունների սեղանի շուրջ: Սա, բնականաբար, կհանգեցնի լարվածության աճի և կարող է հանգեցնել ռազմական բախումների Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև:

Հնարավոր են զարգացման նաև այլ տարբերակներ: Հնարավոր է մենք այլևս չտեսնենք Կորեան միասնական: Երկու երկրների հանրությունները կզարգանան ինքնուրույն, չընդունելով միմյանց որպես նախկին հայրենակիցներ: Այսպես, Կորեայի Հանրապետությունը կկողմնորոշվի դեպի Արևմուտք և քաղաքական առումով ավելի կախված կլինի ԱՄՆ-ից: Սակայն, եթե Միացյալ Նահանգները կորցնեն իրենց ազդեցությունը համաշխարհային թատերաբեմում, ապա հարավը կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն և չի բացառվում, որ առավել շատ կկողմնորոշվի դեպի Արևելքի հետ համագործակցության:

Ինչ վերաբերում է ԿԺԴՀ-ին, ապա այն պետք է բացի իր «երկաթե վարագույրները»: Միջազգային մեկուսացման պատճառով նրա տնտեսությունը քայքայված է: Հնարավոր է կարճաժամկետ շրջանում Չինաստանն աջակցի զարգացման հարցում՝ ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանում: Չի բացառվում նաև այն տարբերակը, որ Հյուսիսային Կորեան կարող է մտնել ՉԺՀ-ի կազմի մեջ: Չինացի պատմաբանները ակտիվ վարում են քարոզչություն առ այն, որ ներկայիս ԿԺԴՀ-ի տարածքը զբաղեցնում է նախկինում Կոգուրե պետության տարածքները, որը Չինաստանի մի մասն էր: Հնարավոր է նաև ԿԺԴՀ-ի կլանումը Կորեայի Հանրապետության կողմից: Հարավի կողմից ակտիվ քարոզարշավ է տարվում, որը կարող է հեղափոխություն հրահրել հյուսիսում: Այս դեպքում հյուսիսկորեական ռեժիմը կտապալվի, իսկ ԿԺԴՀ-ն էլ կփլուզվի: Այս դեպքում միավորումը Հարավի հովանու ներքո տեղի կունենա, այսպես ասած, բնական ճանապարհով, բայց այս գործընթացը բավականաչափ ծախսատար կլինի հարավի համար:

Բացի այդ, Կորեայի Հանրապետությանը ձեռնտու չէ հյուսիսկորեական կառավարող ռեժիմի տապալումը, քանի որ այդ դեպքում հասարակական ճնշման ներքո կբացվեն սահմանները և զանգվածային փախուստ կսկսվի հյուսիսից հարավ: Հարավի օրինակով տնտեսական ինտեգրումն էլ բարդ է այնքանով, որ հյուսիսկորեական տնտեսությունը զարգացած չէ: Օրինակ, ի տարբերություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության, որի տնտեսությունն ամենազարգացածն էր սոցիալիստական ճամբարի երկրների թվում, Հյուսիսային Կորեայում վերջին մի քանի տարիներին միլիոնավոր մարդիկ քաղցած են մնում: Ըստ այդմ, Կորեայի Հանրապետությունը չի ցանկանում ո՛չ ռազմական, ո՛չ հանկարծակի խաղաղ, բայց աղետաբեր միավորում: Բացարձակապես հայտնի չէ, թե ինչ հոգևոր-գաղափարական կարգավիճակում է գտնվում հյուսիսկորեական ժողովուրդը տասնամյակներ տևած տեղեկատվական շրջափակման մեջ գտնվելուց հետո: ԳԴՀ-ի բնակիչներն արևմտագերմանական ռադիոհեռուստաթողարկումների, ինչպես նաև արևմտյան գերմանացիների հետ միջանձնային հաղորդակցությունների շնորհիվ որոշ չափով պատրաստ էին արևմտյան ապրելակերպին:

ԱՄՆ-ն, բնականաբար, կցանկանար տեսնել Կորեան միավորված: Մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ, եթե Փհենյանը չգնար հրթիռամիջուկային զենքի ստեղծման ճանապարհով, ապա այն կստանար էական տնտեսական օգնություն ԱՄՆ-ից: Սակայն կարճաժամկետ հեռանկարում Կորեայի միավորումը չի մտնում Վաշինգտոնի ծրագրերի մեջ:

Ճապոնիան դժվար թե հետաքրքրված լինի Կորեայի միավորման մեջ, որը կարող է դառնալ նրա իրական մրցակիցը, և որի հետ պետք է բանակցություններ վարել վիճելի տարածքային հարցերի և պատմական իրադարձությունների վերաբերյալ:

ՉԺՀ-ն ևս այս առումով գտնվում է ոչ բարենպաստ վիճակում: Մի կողմից՝ Չինաստանը շատ տարիներ հանդիսանում է ԿԺԴՀ-ի գլխավոր հովանավորողը, ուստիև կարող է զգուշանալ, որ այդ ռեժիմի անկումը կխաթարի իր հեղինակությանն աշխարհում: Մյուս կողմից էլ՝ չինական քաղաքականությունը դառնում է համաշխարհային, ուստիև ոչ կանխատեսելի Փհենյանը վերածվում է խոչընդոտի:

Ռուսաստանի համար Կորեան կարող է վտանգ ներկայացնել միայն ռազմական հակամարտության պարագայում, քանի որ 38-րդ զուգահեռականից հյուսիս կարող են հայտնվել օտարերկրյա զորքեր, ինչը Ռուսաստանի համար անցանկալի է: Ի տարբերություն այլ հարևանների՝ Ռուսաստանը և Կորեան չունեն տարածքային վեճեր և պատմական խնդիրներ:

Share

Comments are closed.