Հայաստանի և Թուրքիայի «կիսաբաց» սահմանը

 


Գևորգ
ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

Հայաստան-Թուրքիա միջպետական [ցամաքային] սահմանը փակ է 1993 թվականի ապրիլից: Մինչ այդ էլ այն բաց էր որոշակի սահմանափակումներով: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև այդպես էլ չհաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ, թեև 1991-ի դեկտեմբերին Անկարան ճանաչեց ՀՀ անկախությունը: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ինչպես անկախությանը հաջորդած շրջանում, այնպես էլ վերջին տարիներին, հնարավոր չէ բնորոշել դրական և կառուցողական: Ընդհակառակը:

Հարաբերությունները վերականգնելու փորձեր էին հասարակության շրջանում առավել հայտնի «հայ-թուրքական արձանագրությունները», որը, սակայն, ևս չլուծեց առկա լրջագույն տարաձայնություններն ու խորքային խնդիրները: 2018 թվականի մարտի 1-ին ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստում որոշվեց դադարեցնել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաuտանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «ՀՀ և ԹՀ միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների կնքման ընթացակարգը: Այսպիսով, Արձանագրությունները պաշտոնապես դադարեցին գոյություն ունենալ:Բնականաբար, վերոնշյալ որոշումը բերեց Արձանագրությունների շուրջ տարաբովանդակ քննարկումների նոր աշխուժացման, դրանց դերի ու նշանակության վերագնահատումների: Ցյուրիխյան գործընթացի մեկնարկից 9 տարի անց էլ կան հարցեր, որոնք դեռ պատասխաններ են փնտրում, այն է՝ ի՞նչ տվեցին Հայաստանին, ի՞նչ տվեցին Թուրքիային այդ արձանագրությունները, ի՞նչ է լինելու հաջորդիվ: Ի վերջո, այս պահին ի՞նչ կետում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Հենց այս վերջին հարցի մասին էլ կխոսենք այս հոդվածում՝ փորձելով հասկանալ մեր օրերում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տարբեր շերտերն ու «գոյություն չունեցող, բայց զարգացող հարաբերությունների» ֆենոմենը:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խոսելիս առաջին հերթին ի՞նչ ենք պատկերացնում: Առաջնային համարում ունեցող Հայոց ցեղասպանության խնդրի հետ մեկտեղ, թերևս, պատկերացնում ենք փակ սահմաններ, դիվանագիտական հարաբերությունների բացակայություն, շրջափակում, պատմական ու արդիական տարաբնույթ խնդիրներ, այնպես չէ՞: Իսկ մեր օրերում՝ հատկապես վերոնշյալ որոշումից հետո, արդյո՞ք Հայաստան-Թուրքիա հարաբերություններն իրապես զրոյական մակարդակում են: Կպատասխանեմ՝ ոչ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ այստեղ ունենք բառեզրի ընտրության հարց: Այն, որ մեր օրերում Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, դեռևս չի նշանակում, որ մի շարք այլ ոլորտներում ու շերտերում հարաբերություններն իսպառ բացակայում են: Միջպետական լրջագույն խնդիրների հետ մեկտեղ կան ոլորտներ ու շերտեր, որտեղ ոչ միայն հարաբերություններ գոյություն ունեն, այլ դրանք աճում կամ զարգանում են: Շարունակաբար: Որտե՞ղ և ինչպե՞ս: Փորձենք հասկանալ:

Թերևս, սկսենք Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերություններից: Փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում կողմերի միջև ոչ միայն առկա է հայաստանյան չափանիշներով ակտիվ ապրանքաշրջանառություն, այլև 2017-ին, նախորդ տարվա համեմատ, տոկոսային զգալի աճի գրանցում: Դիմենք պաշտոնական վիճակագրությանը:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2017 թվականին Թուրքիայից Հայաստան է ներկրվել 229.3 մլն ԱՄՆ դոլարի ապրանք (ըստ ծագման երկրի), որը 2016 թվականի 163.6 մլն ԱՄՆ դոլար ցուցանիշը գերազանցել է շուրջ 40 տոկոսով: 2011-2015 թվականներին Թուրքիայից ՀՀ ներկրումը միջինացված տվյալներով տարեկան կազմել է 206.7 մլն ԱՄՆ դոլար:

Այս թվերն ավելի պատկերավոր են դառնում, երբ տեղեկանում ես, որ 2017-ի ներկրման ցուցանիշներով Թուրքիան երրորդն է Ռուսաստանից ու Չինաստանից հետո, սակայն 8-րդը՝ ընդհանուր առևտրաշրջանառության տեսանկյունից, պատճառը՝ Հայաստանից Թուրքիա արտահանման փոքր ծավալը:

2017 թվականին Հայաստանից Թուրքիա արտաքին առևտրի չափը կազմել է միայն 984.3 հազար ամերիկյան դոլար, որը 2016 թվականի համեմատ ավել է 95 տոկոսով (504.9 հազար դոլար), իսկ ընդհանուր առմամբ՝ 2011-2015 թվականներին ՀՀ-ից Թուրքիա տարեկան արտահանումը միջինացված կազմել է շուրջ 1.3 մլն դոլար: Թուրքիա են արտահանվում հիմնականում թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր և կենդանիների անմշակ մորթի:

Թուրքական ապրանքի հոսքը հիմնականում իրականացվում է ցամաքային ճանապարհով՝ օգտագործելով Վրաստանի տարածքը, մասնավորապես՝ թուրք-վրացական սահմանային երեք անցակետերը, որոնցից ամենանորը մի քանի տարի առաջ Ախալքալաքի Կարծախ գյուղի մոտ վերաբացված անցակետն է (Աքթաշ-Կարծախ): Հատկանշական է թուրքական բրենդների ներկայությունը Հայաստանում նաև առանձին խանութներով, ինչպիսին են «Բեքո» (Beko) և «Վեսթել» (Vestel) էլեկտրոնիկայի, LC Waikiki և Mavi հագուստի խանութները:

Իհարկե, չնայած 2017-ին ապրանքաշրջանառության արձանագրած տոկոսային աճին՝ Թուրքիայից ներկրումը դեպի այդ երկիր արտահանմանը գերազանցում է շուրջ 225 անգամ: Այսպիսով, փակ սահմանների բացասական տնտեսական ազդեցությունն առավել շոշափելի է մեր դիտանկյունից, քանի որ մի շարք օրենսդրական և քաղաքական արգելքների հետևանքով հայաստանյան արտադրանքը չի կարողանում հատել Թուրքիայի սահմանն ու իրացվել այդ երկրի շուկայում: Իսկ այն, որ մեր երկրում արտադրվող մի շարք ապրանքատեսակներ (ծխախոտ, ոգելից խմիչքներ, սննդի տեսակներ, քաղցրավենիք), կարող են լայն սպառում ունենալ հատկապես Թուրքիայի արևելյան, այն է՝ ՀՀ սահմանակից շրջաններում, ինձ մոտ կասկած չի հարուցում, սակայն սա արդեն առանձին քննարկման թեմա է:

Իսկ մինչ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանի հատումն անօրինական է և անիրական, օդային սահմանն ակտիվորեն օգտագործում են Երևանից Ստամբուլ և հակառակ ուղղությամբ թռչող օդանավերը: Այսպես, 2018 թվականի հունվարի տվյալներով՝ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքները շաբաթական չորս անգամ են իրականացվում: Այս ցուցանիշը վերջին տարիներին շարունակաբար աճել է՝ ներկայում հասնելով հաճախականության իր ամենաբարձր մակարդակին, ինչը խոսում է պահանջարկի մեծացման մասին: Այժմ չվերթներն իրականացնում է թուրքական «Ատլաս լոբալ» ավիաընկերությունը, սակայն մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հայտնվում նաև «Թուրքական ավիաուղիների» և «Պեգասուս» ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկայի նկատմամբ հետաքրքրության մասին: Ընդ որում, թուրքական կողմը ոչ միայն ցանկանում է Ստամբուլը տեսնել վերջնակետ Երևանից թռչողների համար, այլ նաև ցանկանում է տարանցիկ կետ դարձնել՝ դեպի Եվրոպա, Ամերիկա ու Աֆրիկա թռիչքների համար:

Մի փոքր էլ վիճակագրություն մարդկային հոսքերի վերաբերյալ. ըստ ՀՀ վիճակագրական ծառայության՝ 2017 թվականին Թուրքիայից Հայաստան է ժամանել շուրջ 10500 զբոսաշրջիկ (2016-ին ցուցանիշը եղել է 6,300 մարդ), Թուրքիայի վիճակագրական ծառայության տվյալներով՝ Թուրքիա այցելած ՀՀ քաղաքացիների թիվը 2017 թվականին կազմել է 48,300 մարդ, իսկ վերջին 5 տարիների միջին ցուցանիշը շուրջ 55,000 մարդ է: Իհարկե, գաղտնիք չէ, որ Հայաստանից Թուրքիա մեկնում են մանրածախ առևտրով զբաղվողները, ժամանակավոր աշխատանք իրականացնողները, սակայն առկա են նաև զբոսաշրջային ուղևորություններ՝ հատկապես դեպի Թուրքիայի միջերկրածովյան լողափերը (Անթալիա), ինչպես և ուղևորություններ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողներ ու քաղաքներ: Սա պատճառ է դառնում ոչ միայն տնտեսական հարաբերությունների, այլ մասնակիորեն բերում է հասարակությունների մակարդակով շփումների: Բացի այդ, ՀՀ հազարավոր քաղաքացիներ բնակվում և աշխատում են Թուրքիայում, ինչը, եթե հիշենք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները, թուրքական կողմը որպես ճնշման միջոց է օգտագործում պաշտոնական Երևանի դեմ:

Տնտեսական հարաբերություններից բացի, առկա են նաև քաղաքացիական հասարակության մակարդակով շփումներ: Թեև Արձանագրություններին նախորդած ու հաջորդած շրջանի ակտիվությունը չի պահպանվել, սակայն աշխատանքներ, այնուամենայնիվ, իրականացվում են՝ միջազգային դոնորների միջնորդությամբ: Այժմ Եվրամիության նախաձեռնությամբ իր աշխատանքներն է շարունակում «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրը, որն իրականացնում են թվով 8 հայաստանյան և թուրքական կազմակերպություններ՝ դրամաշնորհներ տրամադրում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների  կարգավորման գործընթացին: Հայաստանը ներկայացնում են «Սիվիլիթաս» հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, «Հանրային լրագրության ակումբը», Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, իսկ Թուրքիայում` «Անադոլու Քյուլթյուրը», Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և «Հրանտ Դինք» հիմնադրամը: Հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ աշխատանքներով հատկապես ակտիվ է «Հրանտ Դինք» հիմնադրամը, որն ունի նաև Հայաստան և Թուրքիա ճանապարհորդական դրամաշնորհներ, իրականացնում է նմանատիպ այլ նախագծեր:

Վերոնշյալներից բացի, առկա է նաև մշակութային համագործակցություն ու փոխադարձ հետաքրքրություն, որը ոչ միայն անհատ ստեղծագործողների միջոցով է իրականացվում, այլ որոշակիորեն խթանվում է եվրոպական ֆինանսավորմամբ ծրագրերով, ինչպես և հասարակական կազմակերպությունների ակտիվ նախաձեռնությամբ: Հատկապես ակտիվ են գեղարվեստն ու կինեմատոգրաֆիան, իսկ Ստամբուլում կարելի է տեսնել հայաստանցի նկարիչների աշխատանքների ցուցադրություններ:

Այսպիսով, ոչ միայն մի շարք ոլորտներում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ, համագործակցություն ու շփումներ գոյություն ունեն, այլ դրանք ունեն որոշակի կշիռ, շարունակաբար աճում կամ զարգանում են լրջագույն քաղաքական հակասությունների ու դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում: Սահմանը շարունակում է փակ մնալ, սակայն ինչպես այն նախկինում բաց էր մասնակիորեն, ապա այժմ էլ փակ է մասնակիորեն:

Comments are closed.