Մերժվածների, նոր Հայաստանի ներկայի և ապագայի մասին

 


Դավիթ
ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լրագրող
Երևան

2018թ. ապրիլի 23-ից Հայաստանում  ավելի հեշտ են շնչում, ավելի դյուրին են ապրում, իսկ մարդկանց երեսին հայտնվել է մի յուրահատուկ ժպիտ և միասնության մի նոր զգացում: Եվ այս ամենը լոկ մեկ մարդու հրաժարականի շնորհիվ: Սերժ Սարգսյանը, որը տասնամյակներով առանցքային պաշտոններ էր զբաղեցնում և տասը տարի բազմած էր նախագահի աթոռին, որոշել էր ցմահ ղեկավարել Հայաստանը՝ այս անգամ արդեն վարչապետի աշխատասենյակից: 2017թ. ապրիլյան խայտառակ ընտրություններից հետո, երբ Սարգսյանի հանրապետական շրջապատը 10 հազար դրամով գնել է հարյուր հազարավոր մարդկանց ձայնը, թվում էր, որ հայերը դեռ երկար տարիներ դատապարտված են Սերժ Սարգսյանին պետության ղեկին տեսնելուն: Սակայն, բարեբախտաբար, Հայաստանում իրավիճակն էապես է փոխվել, և այս փոփոխությունները հասարակությանն առնվազն ավելի արժանավոր ապագա ունենալու հույս են տվել:Հայաստանում իշխանափոխությունն սկսվել է մարտի 31-ին Գյումրիում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավորագույն շրջապատի «Իմ քայլը» երկօրյա երթից: Սակայն, ի հեճուկս արդեն ձևավորված երիտասարդ կառավարության՝ դեռևս վաղաժամ է խոսել իշխանափոխության գործընթացի ավարտի մասին: Հայաստանում իշխանափոխությունը կավարտվի միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո: Այո՜, այսօր խորհրդարանում բազմած Հանրապետական կուսակցության պատգամավորներին հասարակությունն ընկալում է որպես մերժվածների, բայց նրանք դեռ խորհրդարանական մեծամասնություն են: Սերժ Սարգսյանի դատավոր նշանակած Տաթևիկ Գրիգորյանի վերջին որոշումներն էլ վկայում են, որ Հայաստանում դատական իշխանությունը դեռ գտնվում է նրանց հսկողության տակ: Հենց այս մարդիկ են կալանքից ազատել Էրեբունիում ցույցի ելած մարդկանց ծեծի ենթարկած հանցագործներին: Հանցագործների թվում էր Մասիսի հանրապետական քաղաքապետն ու նրա տեղակալը: Նրանք, սակավ բացառություններով, կուզենային բանտերում պահել քաղբանտարկյալներին: Այո՜, նոր Հայաստանը մասամբ դեռ մերժվածների կողմից է կառավարվում: Նրանք մերժված են, քանի որ հասարակության մեծ մասը նրանց չի ընդունում: Նրանք մերժված են, որովհետև իշխանության են տիրացել բացառապես բնակչությանը կաշառելու, ահաբեկելու և կեղծ խոստումներով խաբելու միջոցով:  Նրանք մեկ ակնթարթում լքվել և միայնակ են թողնվել այն մարդու կողմից, ում հետ չարդարացված մեծ հույսեր են կապել:

Առայժմ մերժվածները շարունակում են դիմադրել: Նրանք շարունակում են զանգահարել իրենց դատավորներին և պահանջել հաստատել կամ չեղարկել այլևայլ դատական որոշումներ: Նրանք առևտրային ցանցերի տերերին հրամայում են բարձրացնել մսի և բանջարեղենի գները միայն այն բանի համար, որ նոր կառավարությունը պահանջում է հարկերը մուծել ողջ ծավալով: Այլ խոսքով՝ նրանք համառորեն չեն կամենում հաշտվել կտրուկ փոխված իրականության հետ. նրանք չեն կարողանում ընդունել, որ փլուզվել է նրանց այնչափ հարազատ դարձած աշխարհը, որում իրենք երեք միլիոն հոգու կյանքի ու ճակատագրի տեր էին: Սակայն մերժվածները շատ լավ հասկանում են, որ իրենց գործերը լավ չեն: Նրանք գիտեն, որ իրենց կուսակցությունը մազից է կախված: Նրանք գիտակցում են, որ կայանալիք նոր ընտրություններում իրենց իրական վարկանիշը զրո տոկոսն է: Եվ հենց այս պատճառով նրանք ամեն գնով հետաձգում են անխուսափելի վերջը. ուշացնում են ընտրական օրենսգրքի ընդունումը՝ արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը հնարավորինս երկարաձգելու համար:

Սակայն հանրապետականները չէին լինի հանրապետական, եթե չկարողանային ընտելանալ կյանքի ուղու փշոտ ելևէջներին, իրավիճակի փոփոխությանն ու իշխանափոխությանը: Նրանցից մեկը՝ Ֆելիքս Ցոլակյանը, վարվել է ամենաարժանավոր կերպով՝ կողմ քվեարկելով վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն այն ժամանակ, երբ իր բոլոր կուսակիցները միահամուռ դեմ են քվեարկել: Նախկին «օպեր» Ցոլակյանը պարզապես ժամանակին է զգացել մերժված դառնալու վտանգը: Ապա նրա նախկին կուսակիցներից ևս երեքը դուրս եկան ՀՀԿ շարքերից: Մարդիկ չեն կամեցել մերժվածի կարգավիճակով մնալ նավապետի լքած նավում: Ընդ որում՝ կապիտանն առաջինն է լքել նավը, թեև, ընդունված կարգի համաձայն, նա այն պետք է վերջինը լքեր: Ամենահետաքրքիրն այն է, որ հանրապետական նավը դեռ չի սուզվել… Սակայն այդ նավի թիմին ուրիշ նավերի թիմերը չեն ճանաչում, ուստիև թիմի որոշ անդամներ սկսել են լքել նավը՝ մերժված չլինելու և այլ թիմերում իրենց նոր տեղը գտնելու համար: Եվ քանի որ նրանց համար, ի տարբերություն հանրապետական նավի, դեռ ամեն ինչ կորած չէ, ՀՀԿ վերջնական փլուզումը սոսկ ժամանակի հարց է:

Սակայն եկեք էլ չխոսենք մերժվածների մասին: Խոսենք նոր կառավարության, այժմյան իրավիճակի, առկա սպառնալիքների և մարտահրավերների ու դրանց հաղթահարման միջոցների մասին: Խոսենք ապագայի մասին: Արտաքին և ներքին, քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտի սպառնալիքներն ու մարտահարվերները նոր իշխանությունը ժառանգել է նախորդից: Այնպես է դասավորվել, որ նախորդները սովոր էին սեփական լեգիտիմության պակասը լրացնել երկրի ակտիվների և հատկապես ինքնիշխանության վաճառքով: Դրա հետևանքով նոր իշխանությունը հին Հայաստանից որպես ժառանգություն ստացել է թերարժեք տնտեսություն, արտաքին գործոններից կախված անվտանգության համակարգ և սասանված ինքնիշխանություն: Այս բոլոր խնդիրների հաղթահարումն էապես կախված է նոր՝ ժամանակավոր կառավարության գործունեության արդյունավետությունից և արտահերթ խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացումից: Նոր իշխանության լեգիտիմության աստիճանից է կախված բոլոր հիշյալ մարտահրավերների հաղթահարումը: Հայաստանի նոր լեգիտիմ իշխանությունը կարող է հավասարը հավասարի բանակցել գործընկերների և հարևան Ադրբեջանի ժառանգական նախագահի հետ: Կարևոր է, որ դրա համար այլևս անհրաժեշտ չի լինի զիջել երկրի ինքնիշխանության հերթական մասնաբաժինը:

Սակայն  մեր մարդիկ արդեն այսօր են ուզում լավ և հարուստ ապրել՝ չսպասելով արտահերթ ընտրություններին: Նրանք նոր կառավարությանն անընդհատ «ռմբահարում» են համապատասխան հարցերով՝ մոռանալով նախորդ իշխանությունների թողած յոթ միլիարդ դոլար արտաքին պարտքի, թալանված տնտեսության և քայքայված ենթակառուցվածքների մասին: Սոցիալական ցանցերում հնչում են «Իսկ ե՞րբ են էժանանալու  բենզինը, գազը, շաքարավազը, կարագը…» հարցերը: Նոր իշխանության գործունեության շնորհիվ գողանալու հնարավորությունից զրկված մարդիկ, հին իշխանությունը հիշելով, անկեղծ կարոտախտ են ապրում՝ անձամբ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին նախիջևանյան պաշտպանական գծերն ու հարակից տարածքները հանձնելու մեջ: Հնչում է նաև դատարանների աշխատանքով դժգոհողների ձայնը: Նրանք պահանջում են «զանգահարել», «ճնշել» և անգամ «գնդակահարել» արցախյան պատերազմի հերոս քաղբանտարկյալներին ազատ արձակելուն խոչընդոտող դատավորներին: Մի խոսքով՝ նոր իշխանության հանդեպ դժգոհության և քննադատության ծավալն աճում է: Մյուս կողմից՝ բացակայում են առաջարկություններն ու ներկայիս բարդ ներքաղաքական վիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ սեփական տեսակետները:

Այնուամենայնիվ, բոլորը սկսել են ավելի հեշտ շնչել: Ապրելն էլ այժմ ավելի դյուրին է. մարդիկ ավելի հարուստ կամ կուշտ չեն դարձել, բայց նրանք ավելի ազատ են շնչում: Հայաստանի համար նոր՝ ավելի լավ ապագայի հույս է ծագել: Հույս է առաջացել, որ Արցախը լինելու է Հայաստանի կազմում: Արցախցիները նույնպես չեն ցանկանում ապրել հին կարգերի համաձայն: Արցախցիներն էլ ուզում են, որ Արցախում լինի «ինչպես Հայաստանում»: Հայաստանն Արցախի համար օրինակ է դարձել. արցախցիներն էլ չեն կամենում ապրել իշխանության սերմանած վախի, անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում:

Այո՜, պետական բնակարանը live հեռարձակմամբ ցուցադրող նոր վարչապետի գործելակերպում կան պոպուլիզմի տարրեր. այդ տարրերն առկա են նաև երեխաների հետ պաղպաղակ ուտող նոր նախագահի քայլերում: Բայց եկեք հիշենք, որ պոպուլիզմը, այնուամենայնիվ, հանցագործություն չէ: Իսկ հանրային կարծիք արհամարհելը, ողջ պետության թալանը, ինքնիշխանության հաշվին առևտուրը հանցագործություն են: Նոր իշխանությանն այս ամենի մեջ մեղադրելն առնվազը վաղաժամ է:

Այնպես է դասավորվել, որ նախկին իշխանությունը նոր իշխանությանը որպես ժառանգություն փոխանցել է ոչ միայն պարտքերն ու թալանված երկիրը: Սերժ Սարգսյանն ու նրա շրջապատը նոր իշխանությունն օժտել են մի կարևոր առավելությամբ՝ համեմատելու հնարավորությամբ: Հնի ու նորի միջև որևէ համեմատություն աշխատում է Նիկոլ Փաշինյանի թիմի օգտին: Այսինքն՝ ուրվագծվում է նոր՝ ավելի լավ ապագայի հեռանկարը: Այս ընտրությունները կապահովեն երկրի համար պատասխանատվության հավասար բաշխումը հասարակության բոլոր շերտերի միջև, քանի որ «մեզանից ոչինչ կախված չէ» և «ինչպես կուզենան, այնպես էլ կանեն» կարգի ասույթները չգոյության են մատնվել իրենց հեղինակ Սերժ Սարգսյանի հետ միասին:

Միասնական գաղափարի շուրջ համախմբված հայ ժողովուրդը կարողացել է ոչ լեգիտիմ մի խումբ իշխանավորների դարձնել մերժվածներ: Հաջորդ քայլը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է՝ լեգիտիմ և ընտրողներին հաշվետու իշխանության ձևավորման նպատակով:  Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենք սոսկ ժողովուրդ չեն, այլև քաղաքացի՝ դրանից բխող բոլոր պարտականություններով, ցանկություններով և պատասխանատվությամբ հանդերձ: Կարծում են, որ հենց արտահերթ ընտրությունների անցկացման օրն է ողջ հայ հասարակության համար դառնալու իսկական քննություն, որի արդյունքները կկանխորոշեն նոր Հայաստանի ապագա հեռանկարները:

Share

Comments are closed.