ՖՈԿՈՒՍ ԽՄԲԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հունվար-մարտ, 2018

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2016 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարը նախարարին կից Կոլեգիայի նիստի ընթացքում իր ելույթում առաջ քաշեց «Ազգ-բանակ» գաղափարախոսության հայեցակարգը:

Ծրագիրը միանաշանակ չընկալվեց հասարակության կողմից, և ձևավորվեց տեսակետների բազմազանություն ինչպես հատուկ փորձագիտական խմբերի, այնպես էլ լայն հասարակական դիսկուրսում (ԶԼՄ):

Այս նախագծի շրջանակներում իրականացվել է «Ազգ-բանակ» գաղափարախոսության հանրային փորձաքննություն՝ տվյալ դոկտրինի խորը վերլուծություն իրականացնելու նպատակով:Նախագծի նպատակով և խնդիրներով սահմանված հարցերի շրջանակը ուսումնասիրելու և վերլուծելու, ինչպես նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ նոր հանրօգուտ առաջարկների մշակման նպատակով սույն հետազոտության ընթացքում կիրառվել է որակական հարցազրույցների ֆոկուս խմբերի մեթոդը, որին մասնակցել են Հայաստանի քաղաքացիական պետական և ոչ պետական բուհերի ուսանողներ:

Ծրագրի այս փուլում իրականացվել է 10 ֆոկուս խումբ, որին մասնակցել են Երևանի պետական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական, Հայաստանի Ամերիկյան համալսարանների, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տարբեր մասնագիտական ուղղվածության ուսանողներև ուսանող-ակտիվիստների խառը խմբեր, ովքեր հայեցակարգին դեմ նախաձեռնող խմբերի, շարժումների անդամներ, մասնակիցներ կամ աջակիցներ են:

Հարցվածների ընտրության ժամանակ կիրառվել է նպատակաուղղված ընտրանք:

Նախ նշենք, որ հետազոտությանը մասնակցած բոլոր ուսանողներն՝ անկախ ակտիվությունից և նախաձեռնողական խմբերում ներգրավվածությունից, ընդհանուր առմամբ տեղեկացված էին «Ազգ-բանակ» ծրագրի մասին: Նրանց համար, ովքեր անմիջական ներգրավվածություն չեն ունեցել շարժումներին, հիմնական տեղեկատվության աղբյուրեն հանդիսանում առաջին հերթին լրատվամիջոցները, հետո ծանոթները, բարեկամներն ու ընկերները:

Ընդ որում, այն ուսանողները, ովքեր անձնական հետաքրրքության շրջանակներում կամ սեփական նախաձեռնությամբ տեղեկություններ չեն ստացել հայեցակարգի վերաբերյալ, հիմնականում ունեն ոչ ամբողջական պատկերացում հայեցակարգի վերաբերյալ, ինչն ակնհայտ էր հայեցակարգի նախագծերի՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ», նույնացմամբ կամ անտեղյակությամբ:

Ստորև ներկայացնում ենք ֆոկուս խմբերի վերլուծության արդյունքները.

Այն հարցի շրջանակում, թե «ազգ» և «բանակ»՝ այս երկու եզրույթների համագործակցության, փոխկապվածության ինչպիսի՞ ուղղություններ եք պատկերացնում և տեսնում, հետևյալ հիմնական տեսակետներն էին գերիշխում.

Այս հարցի շուրջ ֆոկուս խմբի մասնակիցների տեսակետներն ունեն երկու ուղղվածություն: Առաջին ուղղվածության տեսակետը վերաբերում է այս երկու եզրույթների փոխկապվածությունը հատուկ շեշտելու անհրաժեշտությանը, և այս տեսակետը կիսողների կարծիքով «ազգը» և «բանակը» մեր պատմության ողջ ընթացքում անբաժանելի են եղել, և հատուկ դրանց միավորելուկամ դրանց փոխկապակցվածությունը շեշտելու լրացուցիչ հայեցակարգի կամ գաղափարախոսության անհրաժեշտություն չկա: Ընդ որում, այս տեսակետը հնչել է իրակացված 10 ֆոկուս խմբերից 8-ում՝ առնվազն 2 անգամ:

Մյուս ուղղվածության տեսակետը ներկայացնում է ազգի և բանակի համագործակցության իդեալական մոդելը, որն, ըստ ֆոկուս խմբի մասնակիցների, յուրաքանչյուր մասնագիտական ոլորտի զարգացումը և ուղղորդումն է ի նպաստ բանակի։

Տիպական մեջբերումներ

 

Պիտի հասկանանք, որ բանակը պետք չէ գիտությունից, արվեստից և մնացած բնագավառներից կտրել: Բոլորս հասկանում ենք, որ պատերազմող երկիր ենք, լիքը խնդիրներ ունենք, բայց, միևնույն ժամանակ, եթե մի երկիր չունի մշակույթ, չի կարող զարգացած երկիր համարվել: Իսկ մենակ բանակի վրա ամեն ինչ ծախսելով՝ միլիտարիզացվում է պետությունը: Հետո էլ՝ «Ազգ-բանակ» կոնցեպցիան թղթի վրա գրված չէ, որ իմանանք, թե դա ինչ է: Դրանք գաղափարներ են, որ հազար ձևով կարող ենք մեկնաբանել: Ասացին՝ տարկետման մասին օրինագիծն ազգ-բանակի մեջ է մտնում, բայց թե ինչ է ազգ-բանակը՝ մենք ամենքս մեր ձևով ենք հասկանում: 97-98թթ. Վազգեն Սարգսյանն էր, կարծեմ, ազգ-պետություն ասել: Այս վերջին տարիներին էլ Ժիրայր Սեֆիլյանն էր «Ազգ-բանակ» կոնցեպցիա առաջարկում, այնպես որ կարելի էր բանավիճել:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի
2-րդ կուրսի ուսանող, չծառայած

 

Մեր աշխարհագրական դիրքն այն հրամայականն էր, որի պատճառով պատմության բոլոր դարաշրջաններում մենք ենթագիտակցորեն ազգ-բանակ էինք: Հնարավոր է՝ անունն է նոր, բայց մինչ այդ էլ եղել է, ու դա նույն Ավարայրում ենք տեսնում, Սարդարապատում: Ապրիլին էլ տեսանք, Արցախյան պատերազմի ժամանակ էլ տեսանք, որ հրամայականի դեպքում մենք միասնական ենք դառնում: Ազգ-բանակն ինձ մոտ ասոցացվում է այդ բռունցքի հետ, որը պատերազմի ժամանակ ուղղակի գործողություններով է ցույց տրվում, իսկ խաղաղ ժամանակ՝ ամեն մեկս իր տեղում:
ԵՊՀ փիլիսոսփայություն և հոգեբանություն ֆակուլտետի չորրորդ կուրսի, Իրավագիտության ֆակուլտետի հեռակա չորրորդ կուրսի,
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող (2018 հուլիսին կմեկնի ծառայության
որպես սպա)

Ազգ-բանակ փոխամահագործակցության այն տարբերակը, որն առաջարկում է ՊՆ-ն, ըստ հարցվողների, կարող է հանգեցնել պետության միլիտարիզացման: Մասնակիցները դա ընկալում են բացասական համատեքստով և մտահոգվում են երկրի տնտեսության, գիտության, կրթության ոլորտներում զարգացման հեռանկարներով:

Տիպական մեջբերումներ

«Ազգ-բանակ ասելով՝ մտքիս գալիս է Սպարտայի օրինակը: Այսինքն, եթե ծառայության պիտանի չես, դու սպանվում ես: Այսինքն՝ բացի բանակից, բացի միլիտարիզացված ֆունկցիայից ազգը ուրիշ բանի համար պիտանի չէ: Իրականում, փոքր ազգերի համար սա լավ է այն առումով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ներդրում ունենա պաշտպանության գործում: Բայց պաշտպանություն է նաև այն, որ ֆիզիկոսը լաբորատորիայում զենք է սարքում: Նա, ով պետությունն է զարգացնում, լինի տնտեսագետ, սոցիոլոգ, թե այլ մասնագիտության տեր՝ նպաստում է նաև նորմալ բանակի կայացմանը: Ուժեղ բանակ կառուցելու համար պետք է բանակի մակարդակը բարձրացնել, այլ ոչ թե երկրիրը դարձնել Սպարտա: Իմ պատկերացումն ազգ-բանակ եզրույթների հարաբերակցության մասին սա է: Չեմ կարծում, որ ամբողջ ազգը պետք է ծառայի: Պետք է իշխանությունները ֆիդայական մտածելակերպից դուրս գան, որդեգրեն պետականակերտ մտածելակերպ»:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, ռադիոֆիզիկոս, ասպիրանտ, ծառայած չէ

Եթե օրգանիցիզմի տեսանկյունից նայենք, ապա բանակն ու ազգը նույն օրգանիզմի տարբեր հատվածներն են: Իսկ եթե տեսությունը վերացարկենք իրականության վրա, ապա քառօրյա պատերազմը երբ սկսվեց, և պարզ դարձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Արցախի դեմ, ողջ ազգը ոտքի կանգնեց: Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ տղամարդկանց գրեթե 95%-ը պահեստազոր է, ապա պարզ կդառնա, որ ազգ-բանակը կա, ուղղակի պետք է ավելի զարգացնել ու կանոնակարգել այն:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող, ծառայած

Մյուս կողմից էլ, ըստ ֆոկուս խմբերի մասնակիցների, ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից չկա առաջարկվող հայեցակարգի հստակ ընկալում:

Տիպական մեջբերումներ

Իմ կարծիքով, «Ազգ-բանակ» հայեցակարգը հիմնված է այն գաղափարի վրա, որ տասնութ տարեկանը լրանալուն պես բոլորը ծառայելու են, որովհետև բանակի և հասարակության կապը կտրվել է: Ու խնդիրը գալիս է նրանից, որ շատերը հոգեբանորեն պատրաստ չեն ու չեն գիտակցում, թե ուր են գնում ու ինչի համար: Նպատակադրում չկա՝ գնալու հայրենիքը պաշտպանել, որովհետև հայրենիքի կոնցեպցիան էլ է մի քիչ աղավաղված: Եթե ամեն մարդ հասկանա, ինչի համար է գնում, հաճույքով կգնա, այլ ոչ թե կմտածի, թե անիմաստ երկու տարի ժամանակ է կորցնում:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի
Սոցիալական քաղաքականություն և վարչարարություն բաժնի մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհի
 

Քիչ են առողջ մտածելակերպ ունեցող քաղաքացիները, նրանք, ովքեր ճիշտ են ընկալում և´ ազգ, և´ բանակ եզրույթները: Մենք երիտասարդների շրջանում ունենք երկու վերաբերմունք` կամ առավելապաշտական տեսանկյունից են դիտարկում ամեն ինչ ու այն հասցնում ազգայնամոլության, կամ էլ ժխտում են ու ամեն ինչ պաթետիկ ներկայացնում: Երկու դեպքերն էլ խնդրահարույց են, ահա թե ինչու մենք խնդիր ունենք առողջ հայ քաղաքացի ձևավորելու: Որպեսզի կոնկրետ այս պարագայում ճիշտ ընկալվեն թե բանակը և թե ազգը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Անգլերեն և գրականություն ուղղվածությամբ մագիստրոսական ծրագրի
1-ին կուրսի ուսանողուհի

Այն հարցին, թե «Ազգ-բանակ» ծրագիրն ինչպիսի հիմնախնդիրներ է լուծում, բոլոր խմբերի շրջանում ամենատարածված և գերիշխող տեսակատը հետևյալն է.

Ֆոկուս խմբերի մասնակիցների մեծամասնությունը գտնում է, որ հայեցակարգը որևէ արմատական հիմանխնդիր չի լուծում կամ համակարգային փոփոխություն չի ենթադրում, այլ ուղղված է այս պահին անհրաժեշտու հրատապ թվացող խնդրի լուծմանը, որն, ըստ մասնակիցների, ժողովրդագրական տվյալների՝ մասնավորապես ծնելիության ցածր շեմի արդյունքում բանակում մարդաքանակի ապահովումն է:

Տիպական մեջբերումներ 

Փաստն այն է, որ մարդկային ռեսուրսները քիչ են: Արտագաղթը, կոռուպցիան՝ այս ամենն իրենց գործն անում են: Այս նոր օրենքը լուծում է այդ հարցը, այսինքն՝ մարդկանց չի թողում շարունակի ուսումը, տանում է բանակ, ապահովում է երկրի անվտանգությունն այս պահին: Բայց այդ օրենքն, ըստ այդմ, լուծում է միայն այսօրվա խնդիրը, բայց ոչ վաղվա (փոխաբերական իմաստով): Մի քանի տարի հետո ավելի մեծ խնդրի առաջ ենք կանգնելու: Մի քանի տարի հետո այդ խնդիրը, որ մենք հիմա ունենք, ավելի մեծ է լինելու:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային բաժնի 2-րդ կուրսի ուսանող, ծառայած

Առաջիկա հինգ տարիների ընթացքում ուղղակի սպաների քանակը կավելանա, իսկ հինգ տարի հետո նորից կհայտնվենք նույն վիճակում, որում հիմա ենք: Միայն սպայական կազմի և բանակի համալրման խնդիր է լուծում, այն էլ մի քանի տարվա կտրվածքով:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Համակարգչային գիտություններ ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանողուհի

«Ազգ-բանակ» ծրագրի նախագծերի («Պատիվ ունեմ», «Ես եմ») միջոցով լուծվող հիմնախնդիրների շարքում ֆոկուս խմբի մասնակիցները նշեցին նաև սոցիալ-տնտեսական, կենցաղային, զբաղվածության հիմնախնդիրները, որոնք որոշ չափով հաղթահարվում են, սակայն նույնպես կարճաժամկետ, ուստիև հեռանկարային չեն:

«Ազգ-բանակ» ծրագրի միջոցով լուծվող հիմնախնդիրների շարքում, չնայած մասնակիցներից քչերի կողմից, բայց առանձնացվեց նաև պաշտպանության ու անվտանգության ապահովումը, ռազմական ավանդույթների վերականգնումը և բանակի հիմնախնդիրների նկատմամբ քաղաքացիների զգոնության պահպանումը: Ընդ որում, այնպիսի ձևակերպումներով էին տեսակետներն արտահայտվում, որ ակնհայտ զգացվում էր մասնակիցների թերահավատությունն իրենց կողմից մատնանշված այդ հիմնախնդիրների արդյունավետ լուծման նկատմամբ, այսինքն, նրանց ընկալմամբ, հայեցակարգը ոչ թե լուծելուէ, այլ փորձելու է լուծել այդ հիմնախնդիրները:

Մասնակիցների կողմից չառանձնացվեցին այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսին են ռազմաքաղաքական դաստիարակությունը, զինվորական մասնագիտության հեղինակության բարձրացումը, կրթությունը, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացումը, ռազմական դիվանագիտության ակտիվացումը, զինված ուժերի, բանակի վերաբերյալ հասարակության վստահության ամրապնդումը:

Երբ փորձեցինք նրանց ուշադրությունը հրավիրել այս հիմնախնդիրների վրա, ստացանք միօրինակ և միանշանակ պատասխաններ առ այն, որ «Ազգ-բանակ» ծրագրի գործառույթներից, ըստ էության, ամբողջությամբ դուրս է այս խնդիրների լուծումը:

Տիպական մեջբերումներ

Լուծում է նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիր, քանի որ բանակում շատ ավելի բարձր են վարձատրում, քան այլ տեղերում: Օրինակ, եթե ես լինեի տասնութ տարեկան, ապա կօգտվեի «Պատիվ ունեմ» ծրագրից. ավարտում ես, պայմանագիր ես կնքում ու որպես սպա վերադառնում: Դա նշանակում է բարձր աշխատավարձ ստանալ: Ուղղակի մարդիկ ցանկացած փոփոխություն մեջ միայն վատն են տեսնում: Մարդիկ ուղղակի չեն ակնկալում, որ գրված բոլոր լավ բաները կիրականացվեն: Ասում են՝ երեք տարի հետո հինգ միլիոն դրամ կտանք։ Բայց քանի որ վստահություն չկա, մարդիկ մտածում են՝ ի՞նչ իմանանք, թե երեք տարի հետո ինչ կլինի: Վստահության դեֆիցիտն է ամենամեծ խնդիրը:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի Հասարակայնության հետ կապերի մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսի ուսանող, ծառայած

«Ազգ-բանակ» ծրագիրը լուծում է անվտանգության խնդիր: «Ազգ-բանակ»-ը որպես կոնցեպտ լուծում է հենց ֆիզիկական անվտանգության խնդիրը: Դա գերակա խնդիրն է, մնացածն ածանցյալ է դրանից:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, ազատված է բանակից՝ հաշվառված է պահեստազորում

Այս կոնցեպտով փորձում են հին ավանդույթները վերականգնել և մտքի հեղափոխություն իրականացնել: Չնայած մենք բանակը որպես սրբություն ենք ընկալում, բայց այս հայեցակարգը փորձում է բացառել այն վատ երևույթները, որոնց հետ նախկինում ասոցացվում էր բանակը:
ԵՊՀ փիլիսոսփայություն և հոգեբանություն ֆակուլտետի չորրորդ կուրսի, Իրավագիտության ֆակուլտետի հեռակա չորրորդ կուրսի,
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող
(2018 հուլիսին կմեկնի ծառայության որպես սպա)

Ազգային համախմբվածության խնդիրն է լուծում: Ապրիլյան քառօրյա մարտերը ցույց տվեցին, որ ամբողջ ժողովուրդը դառնում է զինվոր: Նույնիսկ հաշմանդամ մարդիկ, որ հազիվ էին քայլում, այդ օրերին զենք էին վերցնում:
ԵՊՀ փիլիոսփայության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, ծառայած

Ունեն ֆինանսական բաղադրիչ, փողը պետության ներսում շրջանառելու, քաղաքացիներին Հայաստանում պահելու: Արժեբանական հարցեր են լուծվում։ Կանոնակարգվում են զինվոր-զինվոր, զինվոր-սպա հարաբերությունները, «զեմլյակի» ինստիտուտը վերանում է, համախմբվածության միավոր դառնում է ազգը:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող, ազատված է բանակից՝ հաշվառված է պահեստազորում 

Երբ հարցվողներին խնդրեցինք առանձնացնել արդյունքներն ու հետևանքները, ապա արդյունքների տեսակետներ գրեթե չհնչեցին՝ հիմնավորելով, որ դեռ ժամանակ է պետք և վաղ է խոսել արդյունքների մասին: Իսկ հետևանքները շատ ավելի ակնհայտ էին մասնակիցների համար:

Ըստ մասնակիցների մեծամասնության՝ բանակում անհրաժեշտ թվաքանակի ապահովման հիմնախնդրի լուծման հետևանքը բանակում որակական ցուցանիշները քանակականով փոխարինելն է: Բանակը կլինի զինվորաշատ, բայց ոչ հմուտ և գիտակացված զինվորներով համալրված:

Մասնակիցների տեսակտներում արտահայտված մյուս մտավախությունն էլ վերաբերում էր ծրագրի անարդյունավետությանը։ Նրանք դաբացատրում էին նրանով, որ այս ծրագրում, ամենայն հավանականությամբ, կընդգրկվեն սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչները, որոնք այդպիսով կլուծեն ֆինանսական և օրվա հացի խնդիրները, ինչպես նաև նրանք, ովքեր կրթություն ստանալու հնարավորություն չունեն և կցանկանան այս միջոցով ստանալ կրթություն, ինչը բացասական էին գնահատում ուսանողները:

Այն հանգամանքը, որ զինվորական ծառայությունը կապել են տարկետման հետ՝ որպես հետևանք կարող ենք ունենալ հետընթաց գիտության, մշակույթի և մասնագիտական այնպիսի ուղղություններում, ինչպիսին են բժշկությունը, մաթեմատիկան: Այս հարցով հատկապես անհանգստացած էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանների ուսանողները: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների պնդմամբ՝ բանակում չկան այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտային երաժիշտներին ծառայության ժամանակ մասնագիտական հմտությունները կիրառել և զորացրվելուց հետո լինել «պիտանի»: Հնչեց նաև «պրոֆանպիտան» եզրույթը:

Տիպական մեջբերումներ

Առաջին օրերին մենք էլ միացանք դասադուլավորներին, փորձեցինք արվեստի ոլորտն էլ ներկայացնել, արվեստի հետ կապված խնդիրներն էլ, բայց մի քիչ սխալ ընկալվեցինք՝ որ, իբր, բանակ չենք ուզում գնալ: Մենք չենք ասում, որ դեմ ենք ծառայելուն, բայց մի քիչ ավելի խորքային հարց կա: Հենց մեր բնագավառում, մասնավորապես՝ կատարողական արվեստի ոլորտում, եթե նույնիսկ երկու շաբաթ չպարապենք, կդառնանք պրոֆանպիտան: Էլ չեմ խոսում երկու տարվա մասին:
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարայինբաժնի
3-րդ կուրսի ուսանողուհի

Բանակին հո մենակ մարդաքանա՞կ չի պետք: Բժշկական մասնագիտության հետ կապված ասեմ: Այսէր Հայաստանի բոլոր զորամասերում երեք-չորս բժշկի հաստիքի տեղ կա թափուր: Դա նրանից է, որ տասնութը լրանում է՝ տանում են բանակ, նրանք էլ չեն հասցնում բժիշկ դառնալ: Մի երկու-երեք տարուց էլ ընդհանրապես բժիշկներ չեն լինի զորամասերում, ռազմաբժիշկներն էլ շատ քիչ են… Ինչ-որ գնահատականների շեմ պիտի լինի՝ ով որ լավ է սովորում, պիտի թույլատրեն շարունակել ուսումը, իսկ ով թերանում է՝ գնա բանակ:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող, ծառայած

Հումանիտար մասնագիտություններ ուսումնասիրող ուսանողները քիչ թե շատ պատկերացնում էին «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում սեփական մասնագիտությունների կիրառումը՝ սոցիոլոգիա, փիլիսոփայություն, հոգեբանություն, լեզվաբանություն՝ հիմնավորելով, որ կարող են ծառայության ընթացքում կարդալ, ինչպես նաև իրենց համար ուսումնասիրության դաշտ հենց կարող է բանակը հանդիսանալ: 

Տիպական մեջբերումներ

Մանկուց չեմ երազել զինվորական դառնալ, բայց երբ առաջին կուրսում էի սովորում՝ ՊՆ-ն ներկայացրեց այդ ծրագիրը, որն էլ ինձ դուր եկավ: Մասնակցեցի ծրագրին, ու մենք առաջին սերունդն ենք, ումից շատ բան է կախված: Ծրագիրը լավն է, բայց կան բացթողումներ: Օրինակ, դասավանդման ձևին սովոր չենք: Ծրագրի բովանդակությունից գոհ ենք: Մեր խմբի մոտ կա այնբանի հստակ գիտակցումը, թե ուր ենք գնում, նաև այն համոզմունքը, որ մեզնով հնարավոր է ինչ-որ բան փոխել:
ԵՊՀ փիլիսոսփայություն և հոգեբանություն ֆակուլտետի չորրորդ կուրսի, Իրավագիտության ֆակուլտետի հեռակա չորրորդ կուրսի,
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող
(2018 հուլիսին կմեկնի ծառայության որպես սպա)

Մշակութային և կրթական հարցերը ծառայության հետ ընդհանրապես պետք չէ խառնել: Ծառայությունն անհրաժեշտ բան է, այն աշխարհայացք է զարգացնում, մի բան, որ ոչ մի բնագավառում հնարավոր չէ ձեռք բերել: Էն որ ասում են՝ տղային սարքում է տղամարդ, իրո՛ք այդպես է: Սովորում ես նաև ինքնուրույնություն: Այն, ինչ եղավ ապրիլին, ստիպում է ըմբռնես, որ կարող է գնաս ու հետ չգաս: Կան չգրված օրենքներ. հաճախ ամենավախկոտները ամենախիզախներն են դառնում: Ապրիլին ավելի շատ աչքի ընկան ոչ թե ռազամական կրթություն ունեցողները, այլ նորեկները: Չորս ամսվա զինվորները ապշեցրել էին տասնհինգ տարվա սպաներին:
ԵՊՀ փիլիոսփայության ֆակուլտետի
երկրորդ կուրսի ուսանող, ծառայած

Որպես հետևանք նշվեցին նաև նոր սերնդի սպայական ինստիտուտի և արդեն առկա, հարաբերությունների հին մշակույթ ունեցող սպաների միջև անկնկալվող խնդիրները:

Տիպական մեջբերումներ 

Նոր սերդի սպաները և արդեն համակարգում վաղուց աշխատող սպաները հաստատ բախում կունենան, քանի որ տարբեր մշկույթ և արժեհամակարգ ունեն: Դա էլ իր հերթին խնդիրներ կառաջացնի:
ԵՊՀ քիմիական ֆակուլտետի
երկրորդ կուրսի ուսանող, չծառայած

«Ազգ-բանակ» ծրագրով ազդեցություն ունենալ ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության մակարդակի և զինվորական մասնագիտության հեղինակության բարձրացման վրա, ըստ մասնակիցների, հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կունենանք արդյունքներ և հաջողված դեպքեր: Բայց քանի որ այս ծրագրում ներգրավված քաղաքացիների մեծամասնությունը սեփական կենցաղային կամ զբաղվածության խնդիրները լուծելու նպատակ ունի, ըստ այդմ էլ՝ ստիպված է եղելմասնակցել, այդ տեսանկյունից ծրագիրը խոցելի է:

Որպես «Ազգ-բանակ» ծրագրրի թերություն նշվում է նաև այլընտրանքի բացակայությունը:

Տիպական մեջբերում 

Բայց եթե այլընտրանք լիներ՝ որ քո փողով կարող ես ընդունվել, սովորել, տարկետում ստանալ, ապա այդ դեպքում «Պատիվ ունեմ»-ը ու «Ես եմ»-ը լրիվ ուրիշ կողմերից կարող են նայվել: Թե չէ ստացվում է, որ այսպես լավ շղարշի ներքո տանում է բանակ: Կոնկրետ «Պատիվ ունեմ»-ի դեպքում սպայի խնդիր է լուծվում, քանի որ աշխատավարձը չի համապատասխանում այն զրկանքներին, որ կրում է մարդը: Խնդիր է առաջանալու նաև Վազգեն Սարգսյանի անվան հաստատությունում սովորած ձիգ սպաների և «Պատիվ ունեմ» ծրագրով համալսարաններում սովորած սպաների միջև, ովքեր այդ խոհանոցով չեն անցել: Ինչն էլ խնդիրներ է հարուցելու: Եթե լիներ այլընտրանք, ու դրան զուգահեռ իրականացվեր «Պատիվ ունեմ» ծրագիրը՝ շատ ավելի լավ կլիներ: Բայց եթե տարկետման միակ տարբերակը «Պատիվ ունեմ» ծրագիրն է, այսինքն՝ 4 տարի համալսարանում սովորիր ու հետո գնա սպա դարձիր, իսկ ուսումդ էլ կիսատ թողիր, ապա դա բացասական երևույթ է:
ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող, ծառայած,  «Հանուն գիտության» զարգացման
շարժման ակտիվիստ

Չնայած հազվադեպ հանդիպող տեսակետ էր, բայց այլընտրանքի բացակայությանը հակընդեմ տեսակետ ևս նշվել է.

Տիպական մեջբերում 

Առաջին անգամ պետությունն առաջարկում է այլընտրանք: Պարտադիր ծառայությանը զուգահեռ այլընտրանք է առաջարկում, ասում է՝ արի սպա դարձի, «Պատիվ ունեմ»-ով կամ «Ես եմ»-ով: Մարդը շատ առավելություններ է ստանում:
ԵՊՀ փիլիսոսփայություն և հոգեբանություն ֆակուլտետի չորրորդ կուրսի, Իրավագիտության ֆակուլտետի հեռակա չորրորդ կուրսի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող
(2018 հուլիսին կմեկնի ծառայության որպես
սպա)

Երբ խնդրեցինք գնահատել «Ազգ-բանակ» ծրագրի արդյունավետությունը զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զորամասերի պայմանների բարելավման, «Դիտակետ» նախագծի միջոցով հնարավոր չարաշահումների կանխարգելման հավանականությունը, այս դեպքում կարիք եղավ խմբերի մասնակիցների մեծ մասին ներկայացնել «Դիտակետ»-ի էությունը: Մասնակիցները հիմնականում տեղյակ չէին: Այս նախագիծը, ըստ մասանկիցների, շատ լավ գաղափար է, սակայն խնդիրը տվյալների անաչառությունն է: Ու քանի որ պատվիրատուն ՊՆ-ն է հանդիսանում, մասնակիցներին այս հետազոտւթյան տվյալների վերլուծությունը և արդյունքների ներկայացումը վստահարժան չթվացին:

Տիպական մեջբերում

Իրենք «ֆանտաստիկ» հետազոտություն են իրականացրել ըստ որի որոշում են՝ առաջին գծում կանգնած զինվորն իրեն համարու՞մ է աղքատ, թե՞ ոչ: Նախ՝ ի՞նչ է նշանակում «համարում»: Այդ թերթիկները բաժանում են, բայց տղաներն ամաչում են իրենց ընկերների մոտ, ասենք, նշել, որ հաց ուտելու փողը չի հերիքում: Ու դրանից հետո հպարտորեն հայտարարում են, որ առաջին գծում կանգնած զինվորը իրեն չի համարում աղքատ:
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող, ծառայած, ուսանողական շարժման ակտիվիստ

Մասնակիցները նաև հայտնեցին իրենց մտավախությունն առ այն, որ ծառայության ավարտից հետոզորացրվածը կարող է պարզապես աչք փակել որոշ խնդիրների վրա՝ դիտարկելով դրանք որպես անցած փուլ, բացի դրանից՝ ծառայության ընթացքում խնդիրներն ավել սուր են թվում և ընկալվում, քան հետո, ուստի և նրանք կարող են և չնշել որոշ կարևոր խնդիրներ: Մյուս կողմից էլ՝ ֆոկուս խմբի մասնակցիները կարծում են, որ զորացրված հարցվողները գուցեև անկեղծություն չցուցաբերեն՝ վախենալով պատասխանել հարցերին: 

Տիպական մեջբերում 

Ինձ թվում է՝ որքան էլ բանակային խնդիրների մասին խոսեն, կլուսաբանվի դրանց շատ քիչ մասը, որովհետև պետությանը ձեռնտու չէ ասել, որ բանակում այս-այս-այս խնդիրները կան։ Դրանց մի զգալի մասը չի լուսաբանվի: Այսինքն, կհավաքեն էդ նյութերը, կֆիլտրեն, վերջում ինչ-որ պուպուշ բան կստանան: Հետո սիրուն ձևով կասեն՝ բանակում այս-այս խնդիրները կան, որ պատրաստվում ենք լուծել մոտակա հինգ տարիների ընթացքում, ու այդպես էլ չեն լուծի:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Համակարգչային գիտությունների ֆակլուտետի
2-րդ կուրսի ուսանող, ծառայած

Էդ սոցհարցումները նախարարի համար չեն, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ինչ խնդիրներ կան, էդ ուղղակի ժողովրդին ցույց տալու համար է:
ԵՊՀ փիլիոսփայության ֆակուլտետի
2-
րդ կուրսի ուսանող, ծառայած

Մասնակիցները որպես բանակային, ռազմական ոլորտներում քաղաքացիներին, հասարակության տարբեր խմբերին ներգրավելու անհրաժեշտ մեխանիզմներ առանձնացրեցին յուրաքանչյուր մասնագիտական բնագավառին հստակ հանձնարարական տալու կարևորությունը, որի իմաստը սեփական գործնեության շրջանակներում բանակին աջակցելն է, բայց ոչ ուղղակիորեն բանակում ներգրավելը:

Տիպական մեջբերում 

Ես կառաջարկեի արտադրությունում ներգրավել: Օրինակ, գոյություն ունեն զինատեսակներ, որոնք չեն բերվում Հայաստան: Հիմա հարց է առաջանում՝ մենք կարո՞ղ ենք ստեղծել ինչ-որ զենք, որը մրցունակ է: Ըստ իս, հնարավոր է: Օրինակ, ինժեներներին կամ մաթեմատիկոսներին նմանատիպ հանձնարարություն տան, որ բարելավվի ռազմաադրյունաբերությունը:
Ամերիկյան համալսարանի Համակարգչային գիտություններ ֆակուլտետի
4-րդ կուրսի ուսանող, չծառայած

Մյուս մեխանիզմը, որը հնչեց բոլոր խմբերում և դոմինանտ կարծիք էր ինչպես ԶՈՒ-ում ծառայած և չծառայած արական սեռի ներկայացուցիչների, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչների մոտ, այն էր, որ բանակը ներսում ունի խնդիրներ, որոնց լուծումն է առաջնահերթ: Հիմնախնդիրների շարքում հատկապես առանձնացվեցին զինվորի սոցիալ հոգեբանական վիճակը, զինվոր-զինվոր, զինվոր-սպա փոխհարաբերությունները, ներկայումս առկա բանակային մշակույթը և ոչ ֆորմալ հարաբերությունների կարգավորման մեխանիզմների բացակայությունը:

Տիպական մեջբերում 

Որովհետև մեզ թվում է, թե բանակում ամեն ինչ իդեալական է, ու այդ ծրագրերը լավ դռներ են բացում, բայց դա այդպես չէ: Նախ պետք է խնդիրը լուծել, որպեսզի հետո մարդիկ ցանկանան գնան բանակ:
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

Բացի դրանից, պետք է հաշվի առնենք այն, որ ծնողները ցանկանում են ազատել իրենց երեխաներին, քանի որ բանակում տիրող մթնոլորտն իրոք մտածելու տեղիք է տալիս ու վտանգավոր է: Ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք տղայական են, ենթադրում են ինչ-որ խիստ կանոններ, ջունգլիական վիճակ, ինչ-որ «գիշերային» հրամանատարներ կան: Բարոյահոգեբանական մթնոլորտը պետք է խստագույնս վերահսկվի: Լրիվ բարձիթողի վիճակ է: Բաներ են կատարվում, որ հասու չեն նորմալ մարդկային ուղեղին։ Մարդուն ինքնասպանության են հասցնում՝ բանակը հո բա՞նտ չէ: Ամեն ստորաբաժանումն իր խաղի կանոններն ունի, գնում ես ընկնում ես մեջը՝ դու էլ իրենց նման պետք է դառնաս: Ամոթ է ուղղակի: Առաջնայինը հենց այս հարցերի լուծումը պետք է լինի:
Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի լարային բաժնի
3-րդ կուրսի ուսանող, ծառայած

«Ազգ-բանակ» հայեցակարգի ֆինանսատնտեսական բաղադրիչի, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար Հայաստանում աշխատող անձանցից ամսական 1000 դրամի հավաքագրման մասին կարծիքները հետևյալն էին.

1000 դրամի հավաքագրումների վերաբերյալ կարծիքները բաժանվել են երկու մասի՝ «դեմ» և «կողմ», իսկ գերակշռողը «դեմ»-ն էր։ Այդ կարծիքները հիմնավորվում են հետևայլ փաստարկներով՝

  • Բանակը պետք է սնվի պետական բյուջեից
  • Սխալ է նվազագույն աշխատավարձ ստացող և ավելի մեծ եկամուտ ունեցող անձանց համար միևնույն չափաբաժնի ներդրում սահմանելը
  • Չկա վստահություն, որը այդ գումարները կծառայեն իրենց հիմնական նպատակներին
  • Ծրագիրը հրատապ կլիներ այն ժամանակ, երբ նոր ձևավարվող պետություն լինեինք, բայց հիմա այսպիսի ծրագիրն այնքան էլ ընդունելի չէ։

Տիպական մեջբերում 

Ես էլ շատ բացասական եմ վերաբերվում: Որովհետև ՊՆ-ն շատ չարդարացված ծախսեր է անում: Վերջին բացահայտումները, որ, եսիմ, քանի միլիոն դրամ ծաղիկի փող էին տվել, չհաշված մեքենաները, չհաշված, որ մեր գեներալները միլիոնատեր-բիզնեսմեններ են: Ու էս ֆոնի վրա մարդկանց էմոցիաների վրա խաղում են ու գումար վերցնում:
ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող, ծառայած

«Կողմ» կարծիքներն էլ միանշանակ չեն, հիմնականում կողմնակիցները նշում են, որ նախաձեռնության գաղափարը լավն է, բայց դա Պաշտպանության նախարարի կողմից չպետք է լիներ: Նման նախաձեռնությունը անվտանգության և հակառակորդի տեսանկյունից մեր ռեսուրսներն ըստ արժանվույն գնահատելու լուրջ գործոն է:

Տիպական մեջբերում 

էդ ուղղակի Պաշտպանության նախարարի բերանից չպետք է դուրս գար: Թող լիներ, ասենք, սոցապնախարարը կամ ով ուզում է, բայց ոչ Պաշտպանության նախարարը: Նա պետք է լիներ ամենաձիգ, ամենուժեղ մարդը: Նա կանգնած է մի կառույցի գլխին, որը պաշտպանում է մեր պետության սահմանները: Նա պետք է իր լրջությունը պահեր ու չասեր՝ մեզ պետք է հազար դրամ բանակին օգնելու համար: Հակառակը պետք է ասեր՝ մեր բանակը կայուն է ու ապահով, մեզ ոչինչ պետք չէ: Կարող էին մի քիչ այլ ձևով անել:
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

 

«Ազգ-բանակ»-ը մի ողջ ժողովրդի դարերով մշակված կոնցեպտն է, դժվար թե այլընտրանքն ավելի լավը լինի: Ուստի մենք ոչ թե նոր կոնցեպտ պետք է մշակենք, այլ եղածը ժամանակին համընթնաց փոխենք: Ժամանակ է պետք այս փոփոխությունները գնահատելու համար, ժամանակը ցույց կտա՝ դրանք լա՞վն են, թե՞ վատը:
Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, ընդհանուր բժկության ֆակուլտետ, 7-րդ կուրս, ծառայած

Չի կարող համակարգը մի օրում ստեղծվել, կամ մի հոգու կողմից ստեղծվել: Կար տարկետում ստանալու համակարգ, ու պետք չէր դա մեկ օրում վերացնել, այլ կարելի էր կատարելագործել: Օրինակ, եթե նախկինում ինչ-որ թույլ համալսարանի թույլ ուսանողներ տարկետում էին ստանում, հիմա մտցնեին ինչ-որ խիստ չափանիշներ: Բայց դա էլ միանշանակ չէ՝ կան դպրոցներ, որտեղ շատ հեշտ է բարձր բալեր հավաքել, իսկ կան խիստ դպրոցներ, որոնց արժանավոր աշակերտները շատ դժվարությամբ են բարձր բալեր ստանում, ու դա արդեն իսկ անհավասարություն է մտցնում: Այս նոր օրենքով այդ անհավասարության հարցը չի լուծվում:
Հայաստանի Ամերիկյան համալսարանի Համակարգչային գիտություններ ֆակուլտետի
2-րդ կուրսի ուսանող, չծառայած

Այն հարցին, որ եթե մասնակիցները հնարավորություն ունենային որևէ բան փոխելու «Ազգ-բանակ» ծրագրում և այն ավելի հանրօգուտ դարձնելու, ապա հատկապես ի՞նչը կփոխեին, ի՞նչն է իրենց համար առավել սկզբունքային՝ մասնակիցների մեծամասնությունը կողմ էր ծրագրի բարելավմանը, թերությունների շտկմանը, քան ամբողջ հայեցակարգի չեղարկմանը: Այլընտրանքային հիմնական առաջարկը հետևյալն էր՝ «Ազգ-բանակ» ծրագրի վեկտորներն ուղղել ԶՈՒ-ի ներքին խնդիրների լուծմանը:

 

Հիմնական առաջարկները հետևյալն էին.

  • Սկսել հանրային իրազեկման արշավ՝ ուղղված բանակի նկատմամբ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը,
  • Կատարել լուրջ համակարգային փոփոխություններ բանակի ներսում, բարելավել ծառայության պայմանները, վերացնել պաշտոնի չարաշահման դրսևորումները, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, ինչի արդյուքնում էլ կբարձրանա նաև վստահության շեմը, և քաղաքացիները նույնիսկ խաղաղ պայմաններում պատրաստակամություն կհայտնեն ծառայել ԶՈՒ-ում։

Տիպական մեջբերում 

Բոլոր ոլորտներում պետք է համակարգային փոփոխություններ անել և միայն դրանից հետո նոր բարեփոխումների մասին խոսել։ Մինչև բանակում կոռուպցիան չվերանա, բարեկամի-հարազատի ինստիտուտը չչեղարկվի, մինչև հիվանդ մարդկանց բանակ չտանեն՝ ոչինչ էլ չի փոխվի… Խնդիրը նրանում է, որ ոչ թե մարդկանց պարտադիր ներգրավեն, այլ որ մարդիկ ցանկություն հայտնեն գնալ ծառայելու: Օրինակ, բոլոր այն բնագավառները, որոնցում բարեփոփոխումներ կիրականացվեն՝ գրավիչ կլինեն մարդկանց համար: Հիմա մարդկանց մոտ կարծրատիպ կա, որ ոչինչ չի փոխվելու։ Ու ծնողներն էլ, մտահոգվելով իրենց զավակների ճակատագրով, գերադասում են, որ նրանք հեռու լինեն իրենցից, միայն թե բանակ չգնան:
ԵՊՀ, Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող, ծառայած, «Հանուն գիտության» զարգացման շարժման ակտիվիստ

Շատ կարևոր է ֆոնը: Էս ֆոնի վրա ազգ-բանակը հավելյալ վախ է ներշնչում: Ես կենթադրեի, որ պատերազմ է լինելու: Իսկ ազգ-բանակ ենթադրում է, որ արդեն միլիտարիզացիա կա: Կարելի էր ընտրել մեկ այլ բան, բայց դա մտածելու բան է: Պետք էր ընտրել այնպիսի բան, որն առնչվեր այս ամենին, բայց միլիտարիզացիա չենթադրեր:

Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող, ծառայած, «Հանուն գիտության» զարգացման շարժման ակտիվիստ

Հասարակության մի ստվար զանգվածի «բանակ» բառն արդեն իսկ վախ է ներշնչում: Եթե ուզում ես ազգ-բանակով բան փոխել, պիտի ներշնչել մարդուն, որ դեպի լավն ենք գնում։ Մարդ պիտի վստահ լինի դրանում: Նույնիսկ եթե լավն են ուզում անել՝ ժողովրդի բացասական վերաբերմունքը խանգարելու է:
ԵՊՀ քիմիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, չծառայած

Քանի որ, ըստ մասնակիցների մեծամասնության, ռազմաքաղաքական դաստիարակության և քաղաքացիական գիտակցության բարձրացմանն ուղղված արդյունավետ միջոցառումներ «Ազգ-բանակ» ծրագրը չի ներառում, նրանքառաջարկում էին ռազմական դաստիարակության նոր ծրագրեր, որոնցում ընդգրկված կլինեն նախադրպրոցական և դպրոցական տարիքի կրթական հաստատությունները (մանկապարտեզներ, դպրոցներ):

Տիպական մեջբերում 

Ռազմահայրենասիրությունը հասել է իր գագաթնակետին, և եղած ռեսուրսերը պետք է արդյունավետ օգտագործվեն: Պարտադիր չէ, որ յուրաքանչյուր քաղաքացի բանակի հետ կապ ունենա:
ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանող, ծառայած, «Հանուն գիտության» զարգացման շարժման ակտիվիստ

  • Մասնակիցները թեմայի քննարկման շրջանակներում առավելս օգտագործում էին «հասարակություն-բանակ», «իրավագիտակից քաղաքացի», «ՀՀ քաղաքացի», «պետություն-բանակ» եզրույթները, քան «հայ», «հայ ազգ» արտահայտությունները։ Նրանց դատողություններից կարելի է ենթադրել, որ բանակը ընկալում և դիտարկում են պետության անվտանգության, տնտեսական և առհասարակ՝ կայուն զարգացման գլխավոր երաշխավոր: Չնայած այդ ընկալմանը՝ այնուամենայնիվ «Ազգ-բանակ» ծրագրին այլընտրանքային անվանում չի առաջարկվել մասնակիցների կողմից։ Ըստ նրանց՝ կարևորը անվանումը չէ, այլ բովանդակությունը:
  • Հատկանշական է այն փաստը, որ բոլոր՝ և´ բացասական, և´ դրական օրինակները դիտարկվում էին հիմնականում ապրիլյան պատերազմի հետահայաց գնահատմամբ: Ըստ մասնակիցների՝ անկախ այսպիսի ծրագրերի ու հայեցակարգերի առկայության՝ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ազգի յուրաքանչյուր անդամ պատրաստ է ներգրավվել բանակում: Մյուս կողմից էլ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հանրության կողմից ցուցաբերված նյութական աջակցության ոչ նպատակային օգտագործման դեպքերը խորացրել են բանակի ինստիտուտի և համակարգի նկատմամբ առկա անվստահության աստիճանը:

Տիպական մեջբերում 

Ժողովրդի մեծ մասի գիտակցության մեջ բանակը ֆետիշացված երևույթ է: Ահա թե ինչու շատ կարևոր է բանակի համարժեք ընկալումը:

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող, ընդհանուր բժկության ֆակուլտետ, 7-րդ կուրս, ծառայած

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ամփոփելով Հայաստանի քաղաքացիական պետական և ոչ պետական բուհերի ուսանողների հետ իրականացված ֆոկուս խմբերի արդյունքները՝ կարող ենք եզրակացնել, որ ընդհանուր առմամբ «Ազգ-բանակ» ծրագիրն ուսանողների կողմից ընդունվում է լուրջ վերապահումներով: Ուսանողները հիմնականում բացասականորեն են տրամադրված, բայց ամբողջապես չեն ժխտում ծրագրային դրույթները: Մասնակիցների դիրքորոշումից ակնհայտ է ոչ բավարար վստահությունը առաջադրված հայեցակարգի արդյունավետության և այն իրականացնող կառույցի՝ ՊՆ-ի նկատմամբ, ինչով էլ բացատրվում է բացասական վերաբերմունքը: Բացի այդ, ոչ բոլոր ուսանողներն ամբողջական և լիարժեք պատկերացում ունեն «Ազգ-բանակ» ծրագրի մասին, եթե, իհարկե, ուսանողական շարժման ակտիվիստներ չեն կամ անմիջականորեն չեն առնչվել խնդրին: Մյուսների պարագայում առկա է թերի տեղեկացվածություն:

Այսպիսով, կարող ենք առանձնացնել հետևյալ եզրահանգումները՝

  • «Ազգը» և «բանակը» մեր պատմության ողջ ընթացքում անբաժանելի են եղել, և հատուկ դրանց միավորելու կամ դրանց փոխկապակցվածությունը շեշտելու լրացուցիչ հայեցակարգի կամ գաղափարախոսության անհրաժեշտություն չկար։
  • Ազգի և բանակի համագործակցության իդեալական մոդելը յուրաքանչյուր մասնագիտական ոլորտի զարգացումը և ուղղորդումն է ի նպաստ բանակի զարգացման։
  • Ազգ-բանակ փոխհամագործակցության այն տարբերակը, որն առաջարկում է ՊՆ-ն, ըստ հարցվողների, կարող է հանգեցնել պետության միլիտարիզացման
  • Մասնակիցների կարծիքով՝ հայեցակարգը որևէ արմատական հիմնախնդիր չի լուծում կամ համակարգային փոփոխություն չի ենթադրում, այլ ուղղված է այս պահին անհրաժեշտ կամ հրատապ թվացող խնդիրների լուծմանը, ժողովրդագրական տվյալների, մասնավորապես՝ ծնելիության ցածր շեմի արդյունքում բանակում մարդաքանակի ապահովմանը:
  • «Ազգ-բանակ» ծրագրի կոնկրետ նախագծերի՝ «Պատիվ ունեմ», «Ես եմ», միջոցով որոշ չափով հաղթահարվում են սոցիալ-տնտեսական, կենցաղային հիմնախնդիրները, սակայն այս միտումները ևս կարճաժամկետ և ոչ հեռանկարային են։
  • Երբ խնդրեցինք հարցվողներին առանձնացնել արդյունքներն ու հետևանքները, ապա արդյունքներին առնչված տեսակետներ գրեթե չհնչեցին՝ հիմնավորելով, որ դեռ ժամանակ է պետք և վաղ է խոսել արդյունքների մասին: Իսկ հետևանքները շատ ավելի ակնհայտ էին մասնակիցների համար:
  • Ծրագիրը բանակի թվաքանակից և որոշ առումներով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ լուծելուց բացի այլ հիմնախնդիրներ չի հաղթահարում։ Ռազմաքաղաքական դաստիարակություն, պաշտպանություն և անվտանգություն, զինվորական մասնագիտության հեղինակության բարձրացում, ռազմարդյունաբերական ոլորտի զարգացում, ռազմական դիվանագիտության ակտիվացում, զինված ուժերի, բանակի վերաբերյալ հասարակության վստահության ամրապնդում՝ այս հիմնախնդիրների լուծման տեսանկյունից հայեցակարգն, ըստ մասնակիցների, կենսունակ չէ:
  • Ըստ մասնակիցների մեծամասնության՝ բանակում անհրաժեշտ թվաքանակի ապահովման հիմնախնդրի լուծման հետևանքը բանակում որակական ցուցանիշները քանակականով փոխարինելն է: Բանակը կլինի զինվորաշատ, բայց ոչ հմուտ և գիտակից զինվորներով համալրված:
  • Այն հանգամանքը, որ զինվորական ծառայությունն առնչել են տարկետման հետ, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների գիտության և մշակույթի ոլորտներում, նպաստելով որոշակի հետընթացի: Այս հարցով հատկապես անհանգստացած էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները: Նրանց պնդմամբ՝ բանակում չկան համապատասխան պայմաններ, որոնք երաժիշտներին հնարավորություն կտային ծառայության ժամանակ մասնագիտական հմտությունները կիրառել և զորացրվելուց հետո լինել «պիտանի» (ծառայության բացասական հետևանքներից նշվեց «պրոֆանպիտանությունը»):
  • «Ազգ-բանակ» ծրագրով ազդեցություն ունենալ ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության մակարդակի և զինվորական մասնագիտության հեղինակության բարձրացման վրա, ըստ մասնակիցների, հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ կունենանք արդյունքներ և հաջողված դեպքեր: Բայց քանի որ այս ծրագրում ներգրավված քաղաքացիների մեծամասնությունը սեփական կենցաղային, զբաղվածության խնդիրները լուծելու նպատակով է այդ քայլին դիմել կամ ստիպված եղել ներգրավվել, ապա հենց այդ տեսանկյունից էլ ծրագիրը խոցելի է:
  • Որպես «Ազգ-բանակ» ծրագրի թերություն նշվում է նաև այլընտանքի բացակայությունը:
  • «Ազգ-բանակ» ծրագրի «Դիտակետ» նախագիծը զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, զորամասերի պայմանների բարելավման, հնարավոր չարաշահումների կանխարգելման մասով, ըստ մասնակիցների, շատ լավ գաղափար է, սակայն խնդիրը տվյալների անաչառությունն է: Ու քանի որ պատվիրատուն ՊՆ-ն է հանդիսանում՝ մասնակիցներին այս հետազոտության տվյալների վերլուծությունը և արդյունքների ներկայացումը վստահություն չեն ներշնչում:
  • Մասնակիցները որպես բանակային, ռազմական ոլորտներում քաղաքացիներին, հասարակության տարբեր խմբերին ներգրավելու անհրաժեշտ մեխանիզմներ առանձնացրեցին յուրաքանչյուր մասնագիտական բնագավառին հստակ հանձնարարական տալու կարևորությունը՝ գործունեության շրջանակներում բանակին աջակցելու, բայց ոչ ուղղակիորեն բանակում ներգրավելու միջոցով:
  • Մյուս մեխանիզմը, որը հնչեց բոլոր խմբերում և դոմինանտ կարծիք էր ինչպես ԶՈՒ-ում ծառայած և չծառայած արական սեռի ներկայացուցիչների, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչների մոտ, այն էր, որ բանակը ներսում ունի լուրջ խնդիրներ և հենց դրանց լուծումն է առաջնահերթ, ինչից էլ պիտի սկսեր ՊՆ-ն:
  • Մասնակիցներն ավելի շատ կողմ էին ծրագրի բարելավմանը, թերությունների շտկմանը, քան ամբողջ հայեցակարգի չեղարկմանը: Այլընտրանքային հիմնական առաջարկը հետևյալն էր՝ «Ազգ-բանակ» ծրագրի վեկտորներն ուղղել ԶՈՒ-ի ներքին խնդիրների լուծմանը:
  • Չնայած քննադատական վերաբերմունքին՝ «Ազգ-բանակ» ծրագրին այլընտրանքային անվանում չի առաջարկվել մասնակիցների կողմից՝ հիմնավորելով, որ կարևորը անվանումը չէ, այլ բովանդակությունը:
Share

Comments are closed.