Դելֆի մեթոդով փորձագիտական հարցման արդյունքների վերլուծություն


Առաջին
փուլ

Հարցմանը մասնակցել է 15 փորձագետ: Առաջին հարցաշարի՝ նրանց պատասխանների հետ կապված պատկերը բավականին բազմազան է, սակայն «Ազգ-բանակ» ծրագրի նպատակի մասին հարցի և այս փուլում առաջարկների առումով կարելի է փաստել որոշակի համակարծություն փորձագետների շրջանում:

Այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունեն ՀՀ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրինագծի վերաբերյալ, հետազոտությանը մասնակցած փորձագետներից երեքը (20%) հստակորեն դրական են գնահատել օրինագիծը՝ ակնհայտ համարելով դրա անհրաժեշտությունն ու արդիականությունը: 33%-ը միանշանակ դեմ կամ միանշանակ կողմ կարծիք չեն հայտնում, քանի որ գտնում են, որ դրանով փորձ է արվում կարգավորելու միաժամանակ մի շարք հիմնահարցեր, և որոշ ասպեկտների առումով դրական են գնահատում օրինագիծը, սակայն նաև տեսնում են բազմաթիվ բացեր ու անհասկանալի դրույթներ: Փորձագետների կեսը (47%) ունեն հստակ բացասական դիրքորոշում տվյալ օրինագծի վերաբերյալ:Արդյո՞ք«Ազգ-բանակ» ծրագիրը նպաստում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և ինչպե՞ս, և արդյո՞ք ռազմականից բացի անվտանգության ապահովման այլ մեխանիզմներ չկան հարցին փորձագետների պատասխանները տարբեր էին: Որոշ փորձագետների կարծիքով, ծրագիրն անհրաժեշտություն է, որը պայմանավորված է Հայաստանի անվտանգության հետ կապված առանձնահատկություններով՝ դրա երաշխիքի հիմնական, գուցե միակ կառույցը համարելով բանակը, սակայն շեշտելով նաև, որ զուտ մեխանիկական լուծումը՝ բանակում ծառայողների միայն թվային համալրումը, բավարար չէ: Նրանցից մեկը նշում է, որ «չհայտարարված պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար շատ է կարևորվում, իհարկե, մարտունակ բանակի դերը, սակայն մարտունակ բանակը պետք է լինի առողջ ու քաղաքական հակակշիռներով գործող պետության կարևորագույն կառուցներինց մեկը: Այդ պետությունը պետք է ունենա նաև զարգացած տնտեսություն եւ կրթական համակարգ, քանի որ բանակն առանց կրթված կադրերի ու մեծ ֆինանսական սնուցման չի կարող գործել»:

Մեկ այլ փորձագետի կարծիքով՝ «Ազգ-բանակ հայեցակարգի նպատակները հնարավոր է արտացոլել նաև Բանակ-հասարակություն մոտեցմամբ: Հայեցակարգի ձևակերպումը հաճախ սխալ է ընկալվում որպես ազգի և բանակի նույնականացում` հայաստանյան հասարակության ռազմականացում, ինչն իրականում այդպես չէ: Այն պարտավորեցնում է այլ ինստիտուտներին պատշաճ կերպով կատարել իրենց պարտականությունները և առնվազն չվնասել բանակին»:

Այս տեսակետը մյուս փորձագետներից որևէ մեկը չի կիսում, հակառակը, նրանց առնվազն կեսը գտնում է, որ այդ հայեցակարգը տանում է հայաստանյան հասարակության ռազմականացման: Մասնավորապես, փորձագետներից մեկը նշում է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգի գոյությունն իսկ քանդում է քաղաքացիական հասարակության հիմքերն ու հասարակությունը կազմակերպում բռնության ինստիտուտի շուրջ»։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ «անվտանգության երաշխավորը քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքն է, արդար ընտրությունները, կոռուպցիայի կտրուկ նվազեցումը, օլիգարխիկ-մենաշնորհային տնտեսության վերացումը, արդարադատության իրական անկախացումը: Առնվազն այդ խնդիրները պետք է լուծվեն, ինչը կբերի բանակի և այլ ոլորտների բարելավմանը»:

Փորձագետներից շատերը շեշտում էին, որ «Ազգ-բանակ» իրական ծրագիր, հայեցակարգ գոյություն չունի, և դրա մասին միայն հրապարակավ խոսում են ՀՀ պաշտպանության նախարարը և իշխանության այլ ներկայացուցիչներ: Ըստ փորձագետներից մեկի՝ «Օրենքի նախագծով առաջարկվում է պարտադիր և պայմանագրային զինծառայության միասնական մեխանիզմ: Եվ թե ինչով է նպաստելու այս առաջարկը պետության անվտանգության բարձրացմանը՝ անհասկանալի է: Ակնհայտ է, որ առաջարկվող ծրագրի միջոցով մարտական հերթապահության կազմակերպման ողջ բեռը վերստին կդրվի սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների վրա: Նախագծով կառավարությանը իրավունք է տրվում զինծառայությունից տարկետում տրամադրել և զինծառայությունից ազատել քաղաքացիների առանձին խմբերին: Քանի որ հստակ նշված չեն այն չափանիշները, որոնց հիման վրա կառավարությունը պետք է կայացնի իր որոշումները, ակնհայտ է, որ օրենսդրական նման կարգավորումը պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, քանի որ կառավարության որոշումներից օգտվելու առավել մեծ հնարավորություններ ունեն իշխանության ներկայացուցիչները և նրանց հետ կապակցված անձինք: Պետության նկատմամբ անվստահության ցածր մակարդակը կամ բացակայությունն է հենց հանդիսանում պետության անվտանգության թիվ մեկ սպառնալիքը»:

Որոշ փորձագետներ նաև տեսակետ էին հայտնում, որ այս ծրագիրն ունի քարոզչական բնույթ:

«Ազգ-բանակ» ծրագիրը ավելի շատ քարոզչական բնույթ ունի: Այս հռետորաբանությունն օգտագործվեց «1000 դրամի» հակասահմանադրական և սոցիալապես անարդար որոշումն անցկացնելու համար։ Ձևակերպումն արդեն իսկ ունի որոշակի տոտալիտար-միլիտարիստական հնչեղություն և 21-րդ դարում ժամանակավրեպ է»։

««Ազգ-բանակ» հայեցակարգն էժանագին պրոպագանդա է, հանրության միլիտարիզացիայի և ազգայնականության տարածում: Բացի ռազմականից, կան անվտանգության ապահովման այլ մեխանիզմներ` ժողովրդավարությունն է, օրենքի իշխանությունը, իրավական պետության կայացման հրամայականը և սոցիալական արդարությունը»:

«Ընտրված է անհաջող անվանում, որը չափազանց մեծ քարոզչական բաղադրիչ է պարունակում, ինչի կարիքն ամենևին էլ չկա: «Ազգ-բանակ» ծրագիրը նպաստում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը, սակայն, ներառում է մի քանի նորամուծություններ ռազմական ոլորտում, մի կողմ թողնելով մնացած՝ ոչ պակաս կարևոր ոլորտները»:

«Ազգ-բանակ» ծրագիրն ավելի լայն քաղաքականության (կրթության և առողջապահության ոլորտների էլիտարացում, միջին խավի հետևողական ճնշում՝ հարկային բեռի ավելացման, ռեսուրսների կենտրոնացման միջոցով, կրոնական դաստիրակության խորացում՝ ծայրահեղ ազգայանականության քարոզ և այլն) մի մասն է՝ ապահովել գործող քաղաքական և տնտեսական էլիտայի շարունակական վերարտադրությունը առանց հասարակական ցնցումների»:

«Ազգ-բանակ» ծրագիրը որևէ գրավոր ձևակերպում չի ստանում: 18 տարեկան տղաների ուսերին է դրվում իշխանավորների ձախողումների բեռը, որ նախևառաջ տնտեսական և դիվանագիտական ճակատներում է»։

Փորձագետներից մեկը, այս հարցին պատասխանելիս, մանրամասնել է, որ «Ազգ-բանակ» ծրագիրը միայն անվտանգության ապահովման խնդիր չի դնում, այն իրականում հայտ է հասարակության ողջ արժեհամակարգը փոխելու և այսպես կոչված նոր ընտրախավ ձևավորելու: Նախարարը ծրագրավորում է զինվորի գրագիտության բարձրացում, բայց ինչի՞ հաշվին պիտի բարձրացվի զինվորի գրագիտությունը, որը նա պիտի ստանար դպրոցում, և սպայի սոցիալական փաթեթը, որի կարիքը նա չէր ունենա բարեկեցիկ և արժանապատիվ հասարակությունում` հանրակրթության և առանց այդ էլ աղքատ բնակչության հաշվին: Հայաստան-սփյուռք համաժողովում նա ներկայացրել է «Ազգ-բանակ» հայեցակարգի քաղաքականության հինգ հիմնական ուղղությունները.

զինվորական մասնագիտության արժևորում,

մարտական պատրաստության և պատրաստականության աստիճանի բարձրացում, այդ թվում՝ սպառազինման և առաջնագծի կահավորման հարցերով,

ռազմարդյունաբերական համալիրի զարգացում,

ռազմաքաղաքական դիվանագիտության ուժեղացում,

արդարության և հանրային վստահության ամրապնդում:

Արդյո՞ք «Ազգ-բանակ» ծրագրով հնարավոր է ՀՀ Զինված ուժերում կոռուպցիայի, ոչ կանոնագրային հարաբերությունների և այլ արատավոր երևույթների դեմ արդյունավետ պայքարը, և եթե այո, ապա պայքարի ի՞նչ մեխանիզմներ են առաջարկվում հարցի պատասխանները ևս բազմազան էին:

Ըստ փորձագետներից մեկի՝ բանակում այդ երևույթների դեմ պայքարը սկսվել է դեռ նախարար Օհանյանի օրոք: «Ազգ-բանակ» ծրագրով նախատեսվում է ամրապնդել սկսված գործընթացները: Միևնույն ժամանակ, սակավ մարդկային ռեսուրսի և ազգային մտածելակերպում կոռուպցիոն և քրեական մշակույթի արմատավորվածության պատճառով այդ բարեփոխումները մեծ դժվարություններ կունենան:

Որոշ փորձագետներ գտնում են, որ հնարավոր չէ բանակի ներսում հաղթահարել այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսին են, օրինակ, սոցիալական անարդարության, կոռուպցիայի կամ նեպոտիզմի երևույթները, քանի դեռ դրանք լայն տարածում ունեն բանակից դուրս:

«Անկախ նրանից, թե ինչ նպատակներ ունի Ազգ-բանակ ռազմավարությունը, դրա իրագործումը չի կարող ծայրահեղորեն փոխել որևէ բան բանակում, եթե այն տեղի չի ունենում երկրի ընդհանուր քաղաքական-իրավական բարեփոխումների համատեքստում: Իշխող ուժի զավակների՝ բանակում ծառայությունից ազատման հետ կապված պատկերը պահպանելու պարագայում հասարակությունը կոնսոլիդացնելու փորձերն արդյունավետ լինել չեն կարող, հակառակը՝ դրանք կստեղծեն կոռուպցիայի նոր ոլորտներ ու կուժգնացնեն անարդարության աստիճանը»:

«Հնարավոր չէ այդ երևույթների դեմ պայքարել առանձին վերցրած բանակում, մինչդեռ հասարակության կյանքի այլ ոլորտներում կոռուպցիան ծաղկում է: Հայաստանում գործում է պաշտոնյաների անպատժելիության սկզբունքը, որով Հայաստանը տարբերվում է նույնիսկ իր «եվրասիական» դաշնակիցներ Ռուսաստանից և Բելառուսից, որտեղ ժամանակ առ ժամանակ բարձր դասի պաշտոնյաներ զրկվում են պաշտոնից և անգամ ձերբակալվում։ Այպիսով, երկրում ստեղծվում է անպատժելիության մթնոլորտ և, բնական է, զինված ուժերը չեն կարող դրանից զերծ մնալ»։

«Հնարավոր չէ, քանզի ծրագիրը համապարփակ չէ, եւ կարող է տալ միայն որոշակի հատվածային լուծումներ: Կապված զուտ ռազմական ոլորտի հետ, այդ համակարգային լուծումները կարող են ներառվել, եթե ծրագիրն ընդլայնվի, քարոզչական-կարգախոսային տարրը նվազեցվի, իսկ գործնականը պարզեցվի եւ ընդլայնվի»:

Փորձագետներից մեկը նշում է, որ մանրամասն վերլուծել է օրինագիծը և հետևել «Ազգ-բանակ» ծրագրին անդրադարձող հրապարակումներին, ելույթներին, մասնավորապես մեջբերում է ՊՆ նախարարի խոսքերը («Դա այն բանակն է, որն իր երկրում արդյունավետ կառավարման, կոռուպցիայի վերացման, բարեվարքության, արդիականացման, հաջորդ սերունդների էլիտայի կերտման անվիճելի առաջատարն է»): Ըստ փորձագետի, «սույն տեսլականի իրականացման մեխանիզմը ՊՆ նախարարը տեսնում է գրագետ զինվոր և նյութական բարեկեցությունն ապահովող բարձր աշխատավարձով, սոցիալական փաթեթով գրագետ սպայակազմ ունենալու մեջ: Սա նույն փաստարկն է, ինչ մեր երկրում սովորաբար բերվում է պետական պաշտոնյաների և հատկապես դատավորների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Փաստն այն է, որ դա «չաշխատեց»: Որևէ երկրում կոռուպցիան և նման արատավոր երևույթները նվազում են արդյունավետ իրավական կառավարման դեպքում: Արդյո՞ք բանակի կառավարումն իրավական և արդյունավետ կլինի՝ այդ մասին կարելի է դատել, երբ բանակի ներսում վերանան «արատավոր երևույթները»: Դա կարելի է հիմա էլ գործարկել՝ վերանայելով բանակում սպանվածների՝ տարիներով դատարաններում արդարացի լուծում չստացած գործերը, քննելով և պատժելով ներբանակային մատակարարումների չարաշահումները, ոչ կանոնակարգային հարաբերությունների բազմաթիվ դեպքերը, բնակարանային հերթերում տարիներով «ետ ընկնող» սպաների բնակարանային հատկացումնեը և ապացուցելով կոռուպցիան վերացնելու բանակի վճռականությունը: Մինչև այս ուղղությամբ տեսանելի, թափանցիկ և կոնկրետ լուծումներ չլինեն, անիմաստ է կառչել ապագա չփորձարկված ծրագրերից»:

Փորձագետներից մի քանիսը կարծում են, որ վերոնշյալ արատավոր երևույթների դեմ պայքարելու ու դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ավելի շատ իրավասություններ ու հնարավորություններ ընձեռել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

«Այս օրենսդրական փոփոխություններում կան դրական տեղաշարժեր, օրինակ, որ երիտասարադներին «Ես եմ» ծրագրի շրջանակներում առաջարկվում է ծառայության տարբեր ձևերի միջեւ ընտրություն եւ սոցիալական երաշխիքներ, սակայն մեծ հաշվով բանակում կոռուպցիայի եւ ոչ կանոնակարգային հարաբերությունների դեմ պայքարի իրական մեխանիզմներ չկան: Դրանց վառ ապացույցը կարող էր լինել մինչեւ օրս խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի վերբացման ու քննության համար, ասենք, հատուկ հանձնաժողովի ձևավորումը՝ հասարակական սեկտորի լայն ներկայացվածությամբ: Չեմ կարող նաեւ պնդել, որ նշված նախաձեռնություններով բանակը դառնում է ավելի թափանցիկ եւ ուժեղացվում է քաղաքացիական վերահսկողության բաղադրիչը»:

«Եթե իշխանությունը ցանկանում է բանակում մթնոլորտի ու դրության բարելավում, բավական է տալ ավելի շատ իրավունքներ հասարակության քաղաքացիական սեկտորին այդ իրավիճակը մշտադիտարկելու համար, այսինքն՝ ապահովել թափանցիկություն բանակի ծախսերում, վերացնել արատավոր երևույթները բանակում»:

Փորձագետների զգալի մասը հայեցակարգի բաղադրիչներ համարվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի մասին տեսակետներում հիմնականում նշում է, որ դրանք կարող են նպաստել սոցիալական անարդարության խորացմանը, սակայն կան նաև իրար խիստ հակասող տեսակետներ:

«Ես եմ» ծրագիրը լեգիտիմացնում է սոցիալական անարդարությունը: Սոցիալական խնդիրները լուծելու, կրթության, առողջապահության հասանելիությունը ՀՀ բոլոր քաղաքացիների համար ապահովելու փոխարեն փաստացի այլընտրանք չի թողնում սոցիալապես անապահով 18-ը նոր լրացած ՀՀ քաղաքացուն, քան այդ խնդիրները լուծել ավելի երկարաժամկետ ծառայության հաշվին:

«Ես եմ» ծրագրի իմաստը սոցիալապես անապահով խավերին ֆինանսապես շահագրգռելն ու առաջնագիծը համալրելն է: Այն բացահայտում է հասարակության մեջ խտրական շերտավորման խնդիրը: Գուցե ավելի ճիշտ կլիներ առաջնագիծն ապահովել պայմանագրային հիմունքներով: «Պատիվ ունեմ» ծրագիրը թերի է՝ սկզբունքորեն կողմ եմ ԲՈՒՀ-երում ռազմական կրթությանը, բայց այն պետք է լինի 2 տարի և ըստ մասնագիտության:

Սահմանը պահողը ՀՀ-ում եղել և լինելու է սոցիալապես անապահով խավի «պարտականությունը», առավել ապահովները կուսանեն արևմտյան համալսարաններում:

«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը լուծում են զինծառայության մեջ առավել մեծ թվով և ավելի երկար ժամկետով ուսանողների ներգրավմանը հարցը՝ ֆինանսական փոխհատուցման դիմաց: Քանի որ ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ ազգաբնակչության 29-30%-ը, իսկ անկախ փորձագիտական գնահատականների՝ 58-60%-ը համարվում են աղքատ, ակնհայտ է, որ առաջարկվող ծրագրի միջոցով մարտական հերթապահության կազմակերպման ողջ բեռը վերստին կդրվի սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչների վրա: Բնակչության թվի նվազումը բացասաբար է անդրադառնում նաև սպայական կազմի թվի վրա, որը լուծելու համար առաջարկում են «Պատիվ ունեմ» ծրագիրը: Մինչ այժմ «Պատիվ ունեմ» ծրագրի մոտեցումը գործում էր միայն ռազմական բժիշկների համար, իսկ հիմա այն տարածվում է բոլոր մասնագիտությունների վրա:

«Ես եմ»-ը ներկայացվում է որպես պրոֆեսիոնալ բանակի հիմքեր դնելու փորձ, բայց հասկանալի չէ, թե ինչպես։ «Պատիվ ունեմ»-ի դեպքում «Ես եմ»-ին վերաբերող խնդիրներին ավելանում են կրթական, մասնագիտական և գիտական աշխատանքի իրականացման հարցեր:

Փորձագետներից մեկը հայտնում է իր բացասական դիրքորոշումը, նշելով, որ «երկու բաղադրիչներն էլ նոր օրինագծի վնասակարության գեղեցիկ փաթեթավորումներն են»։ Մինչդեռ երկու այլ փորձագետ բավականին կարևորում են այդ ծրագրերի գոյությունը՝ համարելով դրանք դրական նշանակություն ունեցող ու նոր հնարավորություններ ընձեռող ծրագրեր:

Այդ բաղադրիչներն ավելի ճկուն են դարձնում բանակը բարձր որակավորմամբ կադրերով համալրելու համակարգը, և կնպաստեն կրտսեր հրամկազմի ինտելեկտուալ ներուժի բարձրացմանը, ինչի կարիքն ունի բանակը»: Նմանատիպ կարծիք է հայտնել ևս մեկ փորձագետ, համաձայն որի՝ եթե վերացարկվենք գոյություն ունեցող հիմնախնդիրների ընդհանուր համատեքստից, ապա այդ ծրագրերը, կարծես, վատը չեն՝ ծառայության ձևերի ընտրություն, տնտեսական խրախուսանքի ձևեր, փոխհատուցման տարբերակներ առաջարկող ծրագրեր են»:

Այս ծրագրերն ունեն նորարարական նշանակություն և կարող են ապահովել լրացուցիչ մարդկային ռեսուրսի ներհոսք զինված ուժեր: Բանակում զինվորի տնտեսական /աշխատավարձ/ ու վարչարարական /կարիերա/ մոտիվացումը համապատասխանում է ժամանակակից սպառողական հասարակության անդամների մտածելակերպին: Այս ծրագրերը չեն սահմանափակվում հայրենասիրության շեշտադրմամբ և տեղափոխում են զինծառայության մոտիվացումը ռացիոնալ, պրակտիկ դաշտ: Նոր հնաավորություններ են ստեղծվում նաև կանանց զինծառայության համար:

Փորձագետներից ոմանք էլ բավականին թերահավատ են այդ ծրագրերի բարձրաձայնված նպատակների ու դրանց հասնելու մեխանիզմների նկատմամբ:

«Արդեն 2 տասնամյակ Հայկական բանակում ծառայում են հարյուրավոր կամավորականներ՝ վճարովի սկզբունքներով: Նրանք իրենց կատարած աշխատանքի դիմաց չնչին վարձատրություն են ստանում: Աշխատավարձերը բարձացնելու գումար չի գտնվում, ու այսօր փորձում են մարդկանց գայթակղել բանակի շարքերը լրացնելով, երբ արդեն 20 տարի ծառայողների համար փող չեն գտնում բյուջեում: Մինչև «Ազգ-բանակ» կոնցեպտի ներդրումը Հայաստանը հաղթանակել է Արցախյան պատերազմում՝ պահպանել ստատուս-քվոն՝ առանց այդ կոնցեպտի: Եթե հայ ժողովուրդը պետականություն չունենար, «Ազգ-բանակ»կոնցեպտը ընկալելի կլիներ: Բայց երբ կա Հայաստան, էլ ի՞նչ «Ազգ-բանակ»։

«Ես եմ» ծրագիրը տալիս է զինվորական ծառայության ընտրություն, ինչն ինքնին դրական քայլ է: Առանձին այս ծրագրերի հետ չէ կապված հիմնական մտահոգությունը, այն ավելի գլոբալ է՝ աղքատացող հասարակությունում միլիտարիզացիայի վտանգն է, երբ դոմինանտ դեր է ստանում բանակը, որը հստակ քաղաքական հակակշիռների ու ամուր կուսակցա-քաղաքական համակարգի բացակայության պայմաններում տանում է դեպի ուժայինների իշխանության հաստատման: Այդպիսի հասարակությունը, հատկապես եկեղեցու հնազանդության քարոզչության ու Ադրբեջանի թշնամու կերպարի խորացման ֆոնին, կարող է առանց մեծ դիմադրության ընդունել ուժայինների իշխանությունը, քանի իշխանության լծակները նրա ձեռքում են լինելու կենտրոնացված:

Փորձագետներից մեկն անդրադարձել է նաև նշված ծրագրերի հետ կապված գենդերային ասպեկտին:

«Ես եմ» ծրագիրն ավելի խրախուսական է, «Պատիվ ունեմ»ը՝ պարտադրական: Առաջինը կընտրեն հիմնականում անապահով ընտանիքների երիտասարդները: Երկրորդի պարագայում ենթադրվում է, որ ծառայողներից ոմանք, գուցե շատերը, կինտեգրվեն բանակին և իրենց կյանքը կծրագրավորեն սպային խոստացվող սոցիալական փաթեթի և հասարակական բարձր դիրքի հեռանկարներով, որով հասարակության կյանքից կպակասի քաղաքացիական բաղադրիչի մի մասը և կմեծանա ռազմա-զինվորականը: Սա, նախարարի իսկ խոստովանությամբ, թե պաշտպանական, թե հասարակական կյանքը փոխելու ծրագիր է: Բանակը կստանա քաղաքացիների միջոցներով համեմատաբար որակյալ կրթություն ստացած սպաներ: Դա կկատարվի ոչ թե քաղաքացու ընտրությամբ, այլ պետական պարտադրանքով: Միաժամանակ, ծրագրի հաջողության դեպքում, առկա է քաղաքացիական կյանքի մասնակի ֆեմինացման հնարավորությունը, որովհետև բանակում հայտնված «արական սեռի» շրջանավարտների տեղը քաղաքացիական կյանքում կզբաղեցնեն նրանց հասակակից, կրթություն ստացած իգական սեռի ներկայացուցիչները: Հասարակության մեջ դերերի բաշխման նոր իրավիճակ կստեղծվի: Պատրա՞ստ է մեր հասարակությունը դրան»:

Նոր օրինագծի շրջանակներում տարկետման հետ կապված մոտեցման մասին դրական կարծիք արտահայտել է միայն մեկ փորձագետ՝ հավելելով, որ «այն, որ մինչ օրս չի հաջողվել վերացնել տարկետումները՝ խոսում է տարբեր տարիների իշխանությունների թուլության մասին»: Մեկ այլ փորձագետ նշել է, որ բարդ հարց է, քանի որ «մի կողմից, բոլորը պետք է ծառայեն, մյուս կողմից՝ մենք այս օրենքով բոլորին 18 տարեկանից տանում ենք բանակ: Գուցե հնարավոր էր գտնել երրորդ տարբերակը, երբ բանակում ծառայելն ու գիտությամբ զբաղվելը ոչ թե հակասության մեջ մտնեին, այլ լրացնեին մեկմեկու»: Կա նաև տեսակետ, որ այդ մոտեցումը հանգեցնելու է կրթական մակարդակի անկմանը:

«Տարօրինակ է, որ ուսման նպատակով տարկետումը կարող է լինել միայն հավելյալ տարվա դիմաց, այսինքն, եթե ուզում ես սովորել, ուրեմն՝ կծառայես 3 տարի։ Այդ իրավունքի բացառումը կրթության իրավունքի խախտում է։ Ստացվում է, որ իրավունքը ստորադասվում է պարտականությանը, խոչընդոտելով կրթության իրավունքի իրացմանը, ապահովվում է զինվորական ծառայության պարտականությունը»։

«Հիմնախնդրի ևս մեկ ասպեկտն այն է, որ եթե երիտասարդը դեռևս դպրոցից գիտի, որ բոլոր դեպքերում զորակոչվելու է ավարտելուն պես, դա կբերի ցածր առաջադիմության դպրոցում, այսինքն՝ դրանով խթանվում է ընդհանուր հանրակրթական առաջադիմության ցածր ցուցանիշներ ունենալը: Գիտության պարագայում էլ պետք է հիշել, որ այն չընդհատվող գործընթաց է, տաղանդավոր երիտասարդներին մի քանի տարով դրանից կտրելով կարող է վնաս հասցվել գիտությանը մեր երկրում»:

Փորձագետներից մի քանիսը նաև նշում են, որ երիտասարդների շրջանում տնտեսական ստիմուլյացիա բանակում ծառայելու հետ կապված գուցե և տեղին է կիրառել, բայց ոչ տաղանդավոր երիտասարդների տարկետման իրավունքի ոտնահարման շնորհիվ:

«Առանց տարկետման իրավունքի» տարբերակի դեպքում պետք է ջանալ կազմավորել այնպիսի բանակ, որտեղ ծառայողները հնարավորություն կունենան ծառայելուն զուգահեռ և համընթաց սովորել իրենց նախընտրած մասնագիտություններով: Ի վերջո, բանակ կարելի է ձևավորել ոչ միայն զորանոցային տարբերակով: Հարցականի տակ է հայտնվում Հայաստանի գիտական ժառանգությունը շարունակելու և առհասարակ գիտական հեռանկարի հարցը»:

Որոշ փորձագետների կարծիքով, տարկետման հետ կապված նոր մոտեցումը հարկադրված քայլ է՝ պայմանավորված արտագաղթով ու ՀՀ բնակչության սակավությամբ:

«Տարկետման բացառումը ոչ միայն արտագաղթի արդյունք է, այլև ապագա քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդից նախ «ազգի» համար զինվոր ստանալը»։

«Արտագաղթի հետևանքով կա զինակոչիկների պակաս, սակայն տարկետման վերացումը, ինչ ձևով որ դա արվում է, ավելի շատ բացասական հետևանք կունենա: Նաև հարց է, արդյո՞ք տարկետման վերացումից հետո հնարավոր կլինի համալրել կադրերը, որոնք անհրաժեշտ են Հայաստանում կրթությունն ու գիտությունը գոնե նվազագույն մակարդակի վրա պահելու համար»։

Այնուամենայնիվ, այս մոտեցումը որոշ փորձագետներ որակում են որպես անարդյունավետ մեխանիզմ, որով նախկինում եղած հիմնահարցերը չեն լուծվելու, իսկ դրանց նաև ավելանալու են նորերը:

«Այն թույլ գործիք է բանակի կազմի համալրման համար: Խոսքը կրթական համակարգի տված տարկետման մասին է, ինչը, համեմատած առողջապահական համակարգի տված տարկետումների հետ, չնչին մաս է կազմում»:

«Պետք է նկատել, որ տարկետումը վաղուց է սկսել սահմանափակվել՝ երբ վճարովի ուսանողներին զրկեցին տարկետման իրավունքից։ Խոստացվեց, որ բանակում երիտասարդները կշարունակեն զբաղվել իրենց մասնագիտությամբ, բայց մի՞թե այդքան տեղ կա բանակում, եւ ամենակարևորը՝ մի՞թե բանակում ստեղծված են այդ ենթակառույցները, լաբորատորիաները, գրադարանները, գիտական կապերը, բանակում որտե՞ղ են, ասենք, արաբագետները ներդնելու իրենց մասնագիտությունը եւ քանի՞ արաբագետ։ Անլուրջ են նաեւ իշխանության այն պնդումները, թե այս օրենքը թույլ չի տա, որ իրենց մեջ այլևս բանակից խուսափողներ լինեն։ Կրթությունը տարկետումների միայն 10%-ի պատճառն է, իսկ 90%-ի հիմնավորումը առողջական խնդիրներն են։ Սա կոռուպցիայի նոր պատուհաններ է բացելու, և կոռուպցիոն ռեսուրսի մի զգալի մասը կրթության ոլորտից տեղափոխելու է ռազմական ոլորտ, ինչը երկրի ռազմականացման ևս մի հենասյուն է։

Փորձագետները նաև անհասկանալի ու ոչ հստակ են համարում այն դրույթը, ըստ որի տարկետում տրամադրելու իրավասությունը թողնվում է ՀՀ Կառավարությանը:

«Նախագծով կառավարությանը իրավունք է տրվում զինծառայությունից տարկետում տրամադրել և զինծառայությունից ազատել քաղաքացիների առանձին խմբերին: Քանի որ օրենքում հստակ նշված չեն այն չափանիշները, որոնց հիման վրա կառավարությունը պետք է կայացնի իր որոշումները, ակնհայտ է, որ օրենսդրական նման կարգավորումը պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր»:

Հարցին, թե կա՞, արդյոք, անմիջական կապ «Ազգ-բանակ» ծրագրի և արտագաղթի ահագնացող տեմպերի միջև, երկու փորձագետ դժվարացել են պատասխանել՝ համարելով, որ նման պնդման համար անհրաժեշտ է սոցիոլոգիական հետազոտություն իրականացնել, սակայն փորձագետների զգալի մասի կարծիքով ծրագիրը կարող է խթանել ՀՀ-ից արտագաղթը: Նրանց պնդմամբ, արդեն իսկ կան ընտանիքներ, որոնք իրենց դեռահասներին երկրից դուրս են հանում: Եվս երկու փորձագետ անմիջական կապ այդ երևույթների միջև չեն տեսնում, մասնավորապես՝ հիմնավորելով իրենց տեսակետը նրանով, որ դեռ բավարար ժամանակ չի անցել նման կորրելացիա անցկացնելու համար:

«Ազգ-բանակ» ծրագրի գոյությունը բարձրաձայնվել է մեկ տարի առաջ, հետևաբար անմիջական կապ չեմ տեսնում, քանի որ տեմպերը չեն փոխվել»: 

«Չեմ տեսնում անմիջական կապ: Որպես ապացույց՝ Քառօրյա պատերազմը, որի ընթացքում ոչ միայն որևէ արտագաղթ չնկատվեց, այլեւ հազարավոր կամավորներ ինքնակամ մեկնեցին ռազմաճակատ»:

Միաժամանակ, փորձագետների գերակշռող մասի կարծիքով՝ կապ կա, և եթե անգամ այժմ դա այդքան ակնհայտ չէ, ապա արտագաղթի տեմպերի ուժգնացման հեռանկար միանգամայն տեսնում են:

«Կան դեպքեր, երբ մարդիկ արտագաղթում են, քանի որ չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն առաջնագծում և դառնան այս սողացող պատերազմի զոհը»:

«Քանի որ չկան դրա մասին հետազտություններ՝ չեմ կարող այդպիսի պնդում անել, սակայն կան ընտանքիներ, որոնք իրոք շտապում են իրենց որդիներին հեռացնել ՀՀ-ից, քանի դեռ նրանց զորակոչի տարիքը չի եկել»։

«Օրինագծի ընդունումից հետո լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից զրկվելու հեռանկարը կբերի արտագաղթի նոր հոսքի: Արդեն տեղեկություններ կան, որ որոշ ծնողներ բարձր դասարաններում սովորող իրենց որդիներին փորձում են Հայաստանից հեռացնել»:

«Ազգ-բանակ» տեքստային կերպով գոյություն չունեցող ծրագրի 2 բաղադրիչների՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ», իրականացումը ուղղակիորեն հանգեցնելու է զինվորական ծառայությունից խուսափողների թվի ավելացմանը: Դեռահասները կձգտեն մինչ զորակոչային տարիքի հասնելը միջնակարգ կրթություն ստանալ արտերկրում, որպեսզի պարտադրված չլինեն իրենց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը կապել զինծառայության հետ: Զինծառայությունը ՀՀ-ում գրավիչ չէ, քանի դեռ նշված խնդիրները չեն լուծվել»:

«Կա անմիջական կապ: Հայաստանը ժողովրդագրական աղետի առաջ է կանգնած, տարկետման այս վերացումը, կարծում եմ, խորացնելու է ճգնաժամը եւ խթանելու է արտագաղթը»:

«Արտագաղթի հետ անմիջական կապ կա՝ այն աճելու է»։

«Ցանկացած ընտանիք, որը ցանկանում է, որ նման անապահով պայմաններում իր երեխան չծառայի, ամեն բան կանի, որ տղա երեխային դուրս տանի ՀՀ-ից: Սոցիալապես ապահով ընտանիքներն արդեն դիմում են երկիրը լքելու քայլին՝ բանակի ինստիտուտից խուսափելու նպատակով։»

«Կավելանա արտագաղթողների թիվը՝ արդեն իսկ տղա երեխաներ ունեցող ընտանիքների արտագաղթը դարձել է լայնատարած սոցիալական երևույթ: Հասարակության միլիտարիզացիան, հատկապես դրա այնպիսի տարրերը, ինչպես տարկետման վերացումը, նպաստում են արտագաղթին։ Դրան նպաստում է նաև սոցիալական անարդարության զգացումը, քանի որ այս ամենից վերնախավը գրեթե չի տուժում, և բոլոր զոհողությունները պահանջվում են «հասարակ քաղաքացիներից»։

«Կապ անկասկած կա: Քանի դեռ բանակում ծառայությունից խուսափելը Հայաստանում քննադատության չի ենթարկվում, ավելին՝ արդարացվում է, հայաստանցիները շարունակելու են խուսափելու ուղիներ փնտրել, շատերն իրենց դպրոցական զավակների հետ արտագաղթելու են»:

Փորձագետները նաև պատասխանել են այն հարցին, թե ո՞րն է եկեղեցու դերը «Ազգ-բանակ» ծրագրում։ Նրանցից երկուսը նշել են, որ բանակում հոգևորականների առկայությանը դրական են վերաբերում, սակայն դա չպետք է ենթադրի եկեղեցու ամբողջական ներգրավվածություն բանակի հետ կապված հարցերում:

«Դեմ չեմ հոգևորականների ներկայությանը Հայկական բանակում: Բայց եկեղեցու դերակատարությունը չպետք է ինստիտուցիոնալացնել»:

«Եկեղեցու դերը զինվորական կոլեկտիվներում աջակցելն է անդամների համերաշխությանը, փոխօգնությանը, քրեական տարրերի չեզոքացմանը»:

Փորձագետների զգալի մասը արտահայտել են իրենց մտահոգությունն այս հարցի վերաբերյալ: Նրանց կարծիքով, ՀԱԵ-ն չպետք է ներկայիս չափ ներգավված լինի կամ արտոնություններ ունենա բանակում: Տեսակետ կա, որ ծրագիրը մշակողները, կարծես, հետ՝ դեպի անցյալ են նայում, այլ ոչ թե առաջ՝ դեպի ապագա:

«Եկեղեցու՝ արտոնյալ կարգավիճակով ներգրավումը բանակային հարցերին խնդիր է հարուցում: Կարևոր է, որ տարկետման հնարավորությունը փակվի նաև կրոնական ուսումնական հաստատությունների համար: Իսկ բանակի կրոնական ծառայողներին (կապելլաններին) ընդունեն պաշտոնի միայն ընդհանուր հիմունքներով ծառայություն անցնելուց հետո»:

«Հայ առաքելական եկեղեցին այն արտոնյալ կառույցն է, որի սպասավորները փաստորեն ազատված են զինվորական ծառայությունից։ Նրանք ծառայում են բանակում՝ որպես հոգևորական /աշխատավարձով/, ինչը խտրականության վառ դրսևորում է, նաև՝ խղճի ու կրոնի ազատության խախտում։ «Ազգ-բանակ»-ի ցանկացած միջոցառման ժամանակ եկեղեցականները աջակցում և մասն են կազմում հանրային գիտակցության ռազմականացման»:

«Արդեն իսկ արտոնություն է, որ զինծառայող հոգևորականը վարձատրվում է, հետագայում է՛լ ավելի է մեծանալու ՀԱԵ դերը այս ոլորտում կայացվող որոշումներում»:

«Եկեղեցու դերն է ձևավորել կղերական-ազգայնական միջավայր, որը հեշտ կառավարելի է,պահպանողական և հակաքաղաքակրթական՝ այս բառի եվրոպական ընկալմամբ»:

«Անհասկանալի է Գևորգյան ճեմարանի սաներին տարկետում տալու՝ կառավարության որոշումը: Կղերականությունը, ի տարբերության ԲՈՒՀ-ական կրթության, Հայաստանի զարգացման ապագա չէ: Այն հակասում է ազգ-բանակ սկզբունքին: Ազգը բազմազան է՝ տարբեր կրոնների, աթեիստների ներկայացուցիչներից բաղկացած»:

«Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտնվում է արտոնյալ վիճակում, քան մյուս ԲՈՒՀ-երը, որոնք պատրատում են մասնագերներ՝ հետագայում տնտեսության տարբեր ոլորտներում աշխատելու ու հավելյալ արժեք ստեղծելու համար: Սա ևս սոցիալական լարվածությունը խորացնող քայլ է»:

«Այս հարցում վճռորոշ նշանակություն ունի պաշտպանության նախարարի սուբյեկտիվ մոտեցումը, որը ԱԺ հանրային լսումների ժամանակ հայտարարեց, որ քանի դեռ ինքը նախարար է, Հայ առաքելական եկեղեցին մեծ դեր է ունենալու ՀՀ Զինված ուժերում: Այսինքն, գործ ունենք ոչ թե մշակված ծրագրային, ինստիտուցիոնալ մոտեցման, այլ պաշտպանության նախարարի սուբյեկտիվ մոտեցման հետ»:

Ըստ փորձագետներից մեկի՝ այն տպավորությունն է, թե նախարարի կարծիքով՝ բարոյականությունը և սկզբունքայնությունը ՀԱԵ մենաշնորհն են: Հայաստանի բանակը Հայաստանի բնակչության պաշտպանության բանակն է, ոչ թե ՀԱԵ հետևորդների բանակը: «Մեկ ազգ, մեկ մշակույթ, մեկ կրոն» ձևակերպումը, որ հաճախ կիրառվում է հայ ժողովրդի միասնության ամրության հեռանկարով, ամենևին կիրառելի չէ աշխարհիկ պետության բանակի համար, որի խնդիրը նախ և առաջ արտաքին սպառնալիքներից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է:

Փորձագետներին առաջարկվել է հստակ ձևակերպել, թե, ըստ իրենց, ո՞րն է «Ազգ-բանակ» ծրագրի նպատակը: Նրանց գերակշռող մասը պատասխանել է, որ իրական նպատակը հայաստանյան հասարակության ռազմականացումն է:

«Միլիտարիզացիա եզրույթը խորհրդանշում է երկրում ռազմականացման նկատմամբ հասարակական պահանջարկ ձևավորող և նրան սպասարկող գաղափարախոսությունը: «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ այլ ինչ է, քան հանրային գիտակցության նախապատրաստում, պահանջարկի ձևավորում ռազմականացման համատեքստում: Միլիտարիզացված հասարակություններում կառավարողներն ու նրանց աջակիցները վեր են դասվում օրենքից. սա է իրական նպատակը»:

«Ազգ-բանակ» անվան տակ իրականում միավորված են ամենատարբեր նախաձեռնություններ, որոնց մի մասն իրո՛ք ուղղված է անվտանգության բարձրացմանը (այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ), բայց այդ ծրագիրն ունի նաև զգալի քարոզչական տարր: Իրականացվում է հասարակության միլիտարիզացիայի և «գերագույն առաջնորդի» շուրջ համախմբան քարոզչություն, որը որևէ կապ չունի երկրի իրական անվտանգության հետ։ Ավելին, այս քարոզչությունը դառնում է ծխածածկույթ, որը թաքցնում է այն իրողությունը, որ ռեալ պայքար չի տարվում պետական համակարգի անարդյունավետության և համատարած կոռուպցիայի դեմ»։

Ըստ փորձագետներից մեկի՝ ծրագրի նպատակն է պատասխանատվության կանչել սոցիալական այն ինստիտուտներին և քաղաքացիներին, որոնց գործունեությունը կապված է պետության ռազմական անվտանգությունն ապահովող հիմնական կառույցի` բանակի հետ: Այն արտացոլում է բանակ-հասարակություն փոխաջակցության և փոխադարձ պատասխանատվության անհրաժեշտությունը: Մինչդեռ, փորձագետներից շատերի կարծիքով, դա պարզապես բանակը մեխանիկորեն համալրելու փորձ է, ինչն արմատապես չի փոխում հիմնախնդիրը:

Փորձագետներին առաջարկվել է պատկերացնել Հայաստանը տասը տարի հետո և պատասխանել հարցին, թե ի՞նչ հեռանկարներ ունի այս ծրագիրը ու ամբողջական կիրառման և օրինագծի ընդունման պարագայում ի՞նչ պատկեր կունենանք: Նրանցից շատերը նշել են, որ տեղի կունենա հետընթաց, և էլ ավելի շատ քաղաքացիներ կլքեն Հայաստանը:

«Եթե անգամ հաջողվի խուսափել պատերազմից, կունենանք հետընթաց և մարդաթափում»:

«Կունենանք շատ ավելի հարմարվող և աղքատ հասարակություն, մոդեռն հասարակությունից ետքայլ կիրականացվի մինչմոդեռն հասարակության»:

«10 տարի հետո ազգաբնակչությունը նվազելու է մինչև առնվազն 2,5 մլն, ինչի հետևանքով ստիպված կլինեն զինված ուժեր զորակոչելու անխտիր բոլոր 18 տարեկաններին, այդ թվում նաև աղջիկներին, եթե, իհարկե, արմատական փոփոխություն չկատարվի իրականացվող քաղաքականության մեջ»:

«10 տարուց ամբողջատիրական կառավարման մոդելի կանցնի գործող իշխանությունը՝ պահպանելով կեղծ ժողովրդավարության որոշ դրսևորումներ»:

«Այս ծրագիրը տանելու է նրան, որ ցանկացած այլախոհ դառնալու է «ժողովրդի թշնամի»։

«Տխուր պատկեր է, անգրագետ հասարակություն՝ կոնսոլիդացած բռնության ինստիտուտի շուրջ։ Բռնությունը կդիտարկվի լեգիտիմ։ Նաև՝ հասարակության հիերարխիկ, հայրիշխանական կառուցվածք, ինչն ազդելու է նաև կանանց իրավունքների վրա»։

«Կունենանք ռազմական բռնատիրությանը շատ մոտ իրավիճակ»:

Փորձագետներից եզակիներն են համեմատաբար դրական հեռանկարներ տեսնում:

«Այս ծրագիրը կարող է դառնալ հերթական քարոզչական կամպանիա, որի մասին 10 տարի անց գուցե մոռանան, սակայն, եթե խնդիր դրվի փոխելու պետության անվտանգության հայեցակարգը եւ նրա կիրառման մեխանիզմները, ապա 10 տարի հետո մենք կարող ենք ունենալ այլ որակի պետություն, պետական ինստիտուտներ, այդ թվում՝ Զինված ուժեր»:

«Կախված է, նրանից, թե ինչ տեղի կունենա 2018թ. ապրիլին։ Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի երկարաձգել իր իշխանությունը, ապա հավանական է, որ «Ազգ-բանակը» կդառնա նրա իշխանության երկարաձգման հիմնական գաղափարական հիմքը: Եթե չհաջողվի երկար պահպանել դիրքը իշխանական բուրգում, ապա, հավանաբար, դրանից հետո շուտով կմոռանան այդ ծրագրի մասին»։

Առաջին փուլում հարցման արդյունքում փորձագետների կողմից հնչած առաջարկների զգալի մասն արտահայտում է ծրագրի վերաբերյալ նրանց բացասական դիրքորոշումը: Մի մասն առաջարկում է չեղյալ հայտարարել ծրագիրը, հանել օրակարգից, մոռանալ այդ ծրագրի մասին: Մյուս մասն առաջարկում է ժամանակավոր կասեցնել այն և նախաձեռնել համընդգրկուն հանրային քննարկումներ՝ գրավոր ձևակերպելով հայեցակարգը: Փորձագետներից շատերը համակարծիք էին, որ այս ձևակերպմամբ հայեցակարգը ունի վտանգավոր միտում ու տանում է հասարակության ռազմականացման, մինչդեռ այն «որևէ կապ չունի ուժեղ հասարակության և բանակի հետ»: Առաջարկվում է հնարավորինս դիմադրել ռազմականացմանը: Ինչպես նշում է փորձագետներից մեկը, «այս հայեցակարգն ինքնին վտանգավոր է առաջադեմ, զարգացող պետության կայացման գործում»:

Մի քանի փորձագետ անդրադարձել են նաև բանակում զինծառայողների մահվան դեպքերի քննության հարցին: Առաջարկվել է, օրինակ, դարձնել բանակն ավելի թափանցիկ քաղաքացիական վերահսկողության տեսանկյունից, սկսել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերի վերբացման ու քննության գործընթաց՝ ստեղծելով առանձին հանձնաժողով իրավապահների ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների ներկայացվածությամբ: Անհրաժեշտ է շեշտադրել փոփոխությունը հանրային կյանքում բանակի դոմինանտ դերից դեպի կրթության և տնտեսության զարգացում՝ բանակը չի կարող մարտունակ լինել առանց զարգացած տնտեսության ու կրթված հասարակության(օրինակ, Ֆինլանդիայի ռազմա-կազմակերպական համակարգը, որտեղ նույնպես տարկետումներ չկան, ռեզերվի պատրաստման համակարգը պետության առաջնային հոգածության առարկան է, երկիրը ռազմականացված չէ՛, ժողովրդավարական է, իսկ անվտանգությունն ընկալվում է շատ ավելի լայն, քան նրա միայն ռազմական բաղկացուցիչն է:)»

Առաջարկ է արվել հայեցակարգի կոնկրետ բաղադրիչի՝ «Պատիվ ունեմ»-ի հետ կապված:

«Պատիվ ունեմ» ծրագրում փոփոխություն իրականացնել` արդար կլինի այն պարտադրանքից վերափոխել գայթակղիչ կամավորության: Բակալավրիատում ուսումը դարձնել անվճար կամ «Պատիվ ունեմ» ծրագրով խոստացվող ուսման բոնուսը ներդնել որպես ուսման գործընթացի վճար, և բոլոր դեպքերում հնարավորություն ստեղծել բակալավրիատում սովորող երիտասարդներին զինվորական պատրաստությունն իրականացնել ուսման վայրերում:Մյուս կողմից, ՊՆ-ի հետ պայմանագրով սովորող և ուսման վճար ստացած երիտասարդները բակալավրիատից հետո առնվազն 3 տարով կհամալրեն բանակի կրտսեր սպայակազմը, իսկ այդպիսի պայմանագիր չունեցող և ուսման համար սեփական միջոցներից վճարած երիտասարդները ձեռք կբերեն զինվորական հմտություններ և կհամալրեն պահեստազորայինների կազմը»:

Որոշ առաջարկներ, հակառակը, ավելի լայն էին ու վերաբերում էին ոչ միայն հայեցակարգին, այլև դրան առնչվող այլ հարցերին, ինչպիսին է, օրինակ, կրթության ոլորտում քաղաքականությունը:

«Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման առումով ՀՀ-ում առավել թույլ օղակ է դպրոցը, որը պետք է ապաքաղաքականացնել, բացառել դրանում կոռուպացիան և բարձրացնել կրթության, մասնավորապես՝ ֆիզիկական ու հոգևոր դաստիարակության որակը, որ ստեղծվեն պետության անվտանգության ապահովման համար ապագա քաղաքացիների պատրաստման անհրաժեշտ հիմքերը:

«Ազգ-բանակ ծրագիրը պետք է փոխվի «ազգ-գիտություն» ծրագրի, ներդրումների մեծ մասն արվի գիտության ոլորտում, այդ թվում՝ ռազմարդյունաբերական: Կրթության որակի և մակարդակի բարձրացումը որակապես կփոխի ինչպես ողջ հասարակական, այնպես էլ նաև բանակի ներուժը, կմեծացնի Հայաստանի ոչ միայն ռազմական, այլև հասարակական մարտունակությունը»:

Այսպիսով, հարցման առաջին փուլում հավաքագրված փորձագիտական կարծիքները վկայում են տվյալ օրինագծի և, մասնավորապես, «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին փորձագետների բարձր իրազեկվածության ու իրականացրած մանրամասն ուսումնասիրության մասին:

Երկրորդ փուլ

Ամփոփելով երկրորդ փուլում առաջարկված հարցերին փորձագետների պատասխանները՝ կարելի է պնդել, որ նրանք ունեն հստակ դիրքորոշում «Ազգ-բանակ» ծրագրի վերաբերյալ, և առաջին փուլից հետո յուրաքանչյուրի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Փորձագետների մեծամասնությունը դարձյալ հաստատեց իր բացասական վերաբերմունքն այդ ծրագրի նկատմամբ: Նրանցից շատերը շեշտում են, թե կարևոր է այն հանգամանքը, որ ծրագիր կամ գրավոր փաստաթուղթ, որպես այդպիսին, գոյություն չունի, կան պարզապես ՀՀ իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությունները և, առաջին հերթին, ՊՆ նախարարի ելույթները «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին:

Հարցին, թե արդյո՞ք «Ազգ-բանակ» ծրագրով հնարավոր է բարձրացնել ՀՀ բանակի նկատմամբ հանրության վստահության մակարդակը, նպաստել բանակում առկա հիմնախնդիրների լուծմանը, փորձագետների զգալի մասը նշում է, որ հիմնախնդիրները շատ խորքային են ու բազմապիսի, իսկ ներկայացված ծրագրով, կարծես, բանակի համալրման հարցն է առաջնային, այն հավակնություններ չունի լուծելու բանակում գոյություն ունեցող հիմնախնդիրները: Ինչպես նշում է փորձագետներից մեկը՝ «Ազգ-բանակ» ծրագիրը և որևէ այլ ծրագիր չի կարող բարձրացնել ՀՀ Զինված ուժերի հանդեպ վստահությունը, քանի դեռ բարեփոխումները չեն սկսվում հենց Զինված ուժերի ներսից։

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Կարևոր է առանձնացնել, թե որ հիմնախնդիրներն ենք դիտարկում, եթե կարճաժամկետ մարդաքանակի և որակյալ զինվորներով համալրվելու խնդիրը, ապա՝ այո, երկարաժամկետում որակական անկում է լինելու:»

«Ինչպե՞ս կարող տասնամյակներ կուտակված խնդիրների արդյունքում ձևավորված անվստահությունը մեկ քարոզչական կոնցեպտով վերափոխվի վստահության։ Վստահության մթնոլորտը բանակի հանդեպ կվերականգնվի միայն խնդրիների լուծման ուղղությամբ շոշափելի քայլերով, որոնք բացակայում են։»

«Կոնկրետ ծրագրերը, որոնք դրվել են գործողության մեջ («Պատիվ ունեմ», «Ես եմ» եւ այլն) կարող են որոշ ուղղություններով իրավիճակը բարելավել՝ լուծում տալով կոնկրետ խնդիրների: Սակայն խոսել այն մասին, որ դա ճանապարհ է դեպի բանակի արմատական բարեփոխումներ՝ վաղաժամ է, և որ հանրության վստահությունը բանակի նկատմամբ էապես կբարձրանա առկա մոտեցումների պայմաններում՝ նույնպես վաղաժամ է:»

«ՀՀ պաշտպանության նախարարի հրապարակային ելույթներում «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ մոտեցումներում որևէ կերպ անդրադարձ չկա զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության մակարդակի բարձրացման խնդրին:»

«Մեծ հաշվով սա «հարկադրված ծրագիր է», երկրում բազմաթիվ խնդիրների լուծումներ չառաջարկած կամ առաջարկելու դեպքում տապալած իշխանությունների կառավարման անկարողության հետևանք: «Ազգ-բանակ» ծրագրով ոչ միայն հնարավոր չէ բարձրացնել ՀՀ Զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության մակարդակը, այլև այն կնվազեցնի առանց այդ էլ շատ ցածր վստահության մակարդակը:»

«Նախ, բանակ ասելիս հանրային ընկալումը երկակի է։ Կա մեծ վստահություն «մեր տղաների» նկատմամբ, եւ չնչին վստահություն՝ բանակի ղեկավարության նկատմամբ։ Ի՞նչ խնդիրներ ունի հայկական բանակը։ Դիտավորյալ եմ օգտագործում «Հայկական բանակ» եզրույթը, քանի որ այն բաղկացած է և՛ ՀՀ, և՛ ԼՂՀ պաշտպանական ուժերից եւ ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայությունը չի սահմանափակվում ՀՀ ԶՈՒ-ով։ Գլխավորապես այդ խնդիրներն են կոռուպցիան եւ դրա հետևանքով միջոցների վատնումը, բանակի եւ զինվորի կարիքների ոչ պատշաճ բավարարումը, միջանձնային հարաբերությունների՝ սովետական բանտից որդեգրած մոդելը եւ այդ մոդելի յուրացումը սպայական անձնակազմի կողմից… «Ազգ-բանակ» ծրագիրը չի լուծելու արմատական խնդիրները. դրանք նորից կոնսերվացվելու եւ տրանսֆորմացվելու են։»

Փորձագետներին առաջարկվել է կանխատեսել ռազմական, տնտեսական և այլ առումներով ՀՀ անվտանգության վրա «Ազգ-բանակ» ծրագրի հնարավոր հետևանքները: Նրանց գերակշռող մասը նշում է դրա բացասական ազդեցության մասին՝ հատկապես կրթության ոլորտում և արտագաղթի հետ կապված հարցում:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Բանակում մարդու իրավունքների խախտումները, մահացության դեպքերը, կանոնադրական հարաբերությունների խախտումները, կոռուպցիան չեն նվազում, և նշված փաստերով անաչառ, արդյունավետ քննություն չի իրականացվում: Նման պայմաններում «Ազգ-բանակ» հայեցակարգով առաջարկվող միջոցառումները չեն կարող հանգեցնել անվտանգության մակարդակի բարձրացմանը, քանի որ հենց անվտանգությունը խարխլող գործոնները վերացնելու ուղղությամբ որևէ ծրագիր չի ներկայացվում ՀՀ ՊՆ-ի կողմից: Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգով առաջարկվող միջոցառումներն անպայման կհանգեցնեն ժողովրդագրական վիճակի էլ ավելի վատթարացման, որովհետև զինված ուժերը չեն դառնում ավելի գրավիչ կամ ապահով՝ զինվորական ծառայության համար:»

«Այսօր արդեն շատերն իրենց տղաներին դուրս են բերում երկրից: Տնտեսական հեռանկարի իմաստով ոչ միայն ՏՏ ոլորտը մեծ վնասներ կկրի, այլև գիտելիքահեն տնտեսություն կառուցելու՝ իշխանությունների տարիներ շարունակ բարձրաձայնվող քաղաքականությունն ի դերև կդառնա: Ռազմական իմաստով՝ երկարաժամկետ կտրվածքով ինչպես զինկազմը հավաքագրելու խնդիրներ են առաջանալու, այնպես էլ ցածր հրամանատարական կազմն է որակական անկում ապրելու»։

«Եթե երկրորդական տեղ է հատկացվելու կրթությանը, նշանակում է՝ հարված է հասցվելու նաև տնտեսական ու սոցիալական ոլորտներին: Հարված տնտեսությանը՝ նշանակում է աղքատության աճ, որն էլ իր հերթին արտագաղթի համար նպաստավոր գործոն է: Պետք է հասկանալ, որ պատերազմի իրական ռիսկն արդեն իսկ հայկական բանակը դարձնում է ոչ գրավիչ ծառայության համար, իսկ եթե չեն լուծվում ԶՈւ-ում առկա խնդիրներն, ապա գրավչության աստիճանը մի քանի անգամ նվազում է: Պետական լծակների միջոցով բանակին առաջնային դեր ապահովել ու չլուծել ներքին խնդիրները՝ նշանակում է նպաստել նաեւ արտագաղթին»։

«Երկրի բարձրագույն ղեկավարության բոլոր ժամանակների հիմնական առանցքը եղել է ռազմական բաղադրիչը, ընդ որում՝ միասնության ենթատեքստի ներքո։ Նրանք բոլորը անվտանգության գործոնն օգտագործել են որպես քաղաքական վերարտադրության գործիք։ Թեև բոլոր իշխանավորները ձգտում են ապահովության, անվտանգության ու միասնության հռետորաբանություն օգտագործել, սակայն ժողովրդի ընկալումն այլ է, ինչը հստակ երևում է նաև ժողովրդագրական պատկերում՝ վստահության անկում, արտագաղթ և տոտալ օտարում։ Դիտարկելով միլիտարիզացման տնտեսական բաղադրիչը՝ կարելի է տեսնել, որ 2017 թվականի հունվարին պաշտպանությանն ուղղված ՀՀ պետբյուջեի ծախսերը 21,7 տոկոսով աճել են 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի հունվարին ռազմական ոլորտում ծախսվել է 9,5 մլրդ դրամ, իսկ 2017-ի հունվարին՝ 11,6 մլրդ դրամ:»

«Ազգ-բանակ»-ի որոշ ծրագրեր՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ», հնարավոր է՝ նպաստեն, որ ավելի շատ երիտասարդներ, այն էլ՝ անապահով խավերից, ընդգրկվեն բանակի կազմում։ Դա գուցե կարող է լուծել որոշ կարճաժամկետ խնդիրներ, բայց երկարատև կտրվածքով դրանք չեն աշխատելու։ «Ազգ-բանակ»-ը հայության մի մասի համար անընդունելի է, քանի որ պարունակում է միլիտարիզմի տարրեր։ Չպետք է բացառել, որ որոշ հայաստանցիներ կսկեն ավելի շատ մտածել արտագաղթի մասին։»

«Տարիներ հետո երկիրը ձեռք է բերելու ռազմական ուղղությամբ զանազան մասնագետների ավելցուկ և քաղաքացիական ուղղությամբ մասնագետների սուր պակաս։ Այդ ժամանակ դվար է ասել, թե կկարողանա՞ պետությունն անհրաժեշտ քանակով մարդ մոբիլիզացնել բանակի համար եւ անհրաժեշտ քանակով մարդ մնացած կլինի՞, արդյոք, երբ ներդրում չի արվում տնտեսության զարգացման մեջ, և մարդիկ ապրուստի միջոց են փնտրում արտերկրում։ Այսինքն, մարդիկ Հայաստանից հեռանում են ոչ միայն իրենց որդիներին բանակից հեռացնելու համար, այլև առաջին հերթին՝ ապրուստի պատշաճ միջոցներ, բավարար բուժօգնություն, որակյալ կրթություն չստանալու պատճառով։ Իսկ քանի դեռ երկիրը տնտեսական ռելսերից հետ է տեղափոխվում ռազմական ռելսերի վրա, երկրում աղքատությունն աճելու է, տնտեսությունը գլորվելու է անդունդը։»

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար Հայաստանում աշխատող անձանցից ամսական 1000 դրամի հավաքագրման նկատմամբ գրեթե բոլոր փորձագետներն ունեն բացասական դիրքորոշում՝ համարելով այն ՀՀ սահմանադրությանը հակասող, իրավական տեսանկյունից անընդունելի, տնտեսական առումով չհիմնավորված, պարտադրված երևույթ:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«1000 դրամների մասին օրենքը հակասահմանադրական է, հանդիսանում է քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարում և պետք է վերացվի»։

«Այն հակասահմանադրական, հակաիրավական, կողոպտչական ծրագիր է՝ պարզ, հեշտ, անամոթ, գռեհիկ ուժի կիրառումով:»

«1000 դրամների օրենքը Հայաստանի մերօրյա պատմության ամենաանօրինական և բարոյազուրկ քայլերից էր։»

«Հանրության վրա նոր ֆինանսական բեռ է դրվել՝ 1000 դրամների տեսքով:»

«Իշխանությունը ոչ թե հարկատեսակ է ավելացնում, այլ տուրք, խնդիր է առաջանում տուրքի տնօրինման հարցում: Սա նախադեպ է իշխանության ցանկացած ձախողված գործառույթը ՀՀ քաղաքացիների գրպանից փոխհատուցելու:»

Փորձագետներից մի քանիսը նաև այս հարցի կարգավորման հետ կապված առաջարկներ են նշում, մասնավորապես, որ այն լինի «ոչ թե պարտադիր տուրքի ձևով, այլ լրացուցիչ հարկատեսակի՝ կախված աշխատավարձից»:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Դա պիտի արվեր պետական բյուջեի հաշվին եւ ոչ թե լրացուցիչ տուրքով ծանրաբեռնվեին աշխատողները:»

«Քաղաքացու վրա դրվում է ևս 1000 դրամի հարկ, որը չտեսնված բան է, քանի որ սովորաբար հարկերը գանձվում են ըստ եկամուտների, իսկ այստեղ, անկախ եկամտից, բոլորը վճարում են 1000 դրամ:»

«Փաստացի 1000-ական դրամների հավաքագրումը միջին խավի հաշվին ներդրվում է հենց «Ազգ-բանակ» կոնցեպցիայի իրականացման անվան տակ: Ընդ որում, մինչև վերջ էլ պարզ չդարձավ՝ արդյո՞ք դա հարկատեսակ է, թե՞ նվիրատվություն։ Ու քանի որ նվիրատվությունը կամավորության սկզբունքով է կատարվում, իսկ 1000 դրամները պարտադիր գանձվում են մարդու կամքից անկախ, ապա կարելի է ենթադրել, որ սա յուրատեսակ հարկ է, սակայն իրավական հստակեցում չի տրվում։»

«Որոշակի առումով՝ սա մոդիֆիկացված ռազմական հարկ է, որն, իմ համոզմամբ, «լավ օրից» չէ, որ ներդրվել է: Քանի Հայաստանի եւ Արցախի վրա կախված է էքզիստենցիալ վտանգը, պահանջվելու են նման ոչ ժողովրդահաճո եւ ոչ ստանդարտ մոտեցումներ: Ծրագրի հաջողվածությունը մեծապես կախված է լինելու հանրային վստահության եւ աշխատանքի թափանցիկության աստիճանից:»

Հետազոտության առաջին փուլին զուգահեռ տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կապ ունեին հետազոտության առարկայի հետ: Ամենաուշագրավ և որոշակի հանրային արձագանք ստացած իրադարձություններից է ուսանողական բողոքի ալիքը (հանրահավաք, երթ, դասադուլ, հացադուլ): Հարցման երկրորդ փուլում փորձագետները պատասխանել են, մասնավորապես, այն հարցին, թե Ինչպե՞ս են իրենք գնահատում առաջին հանրային արձագանքը տարկետման հետ կապված հարցին, և որո՞նք են ուսանողական շարժման ձեռքբերումներն ու բացթողումները: Ըստ փորձագետներից մեկի՝ մեծ արձագանք չեղավ, «քանի որ Հայաստանը պատերազմական վիճակում է, հայեցակարգը քննադատելը բարդ վիճակ է ստեղծում՝ շատերը, ներքուստ դեմ լինելով, չեն համարձակվում արտահայտվել։»

Մեկ այլ փորձագետ ներկայացրել է ուսանողական շարժման հետ կապված ձեռքբերումների ու բացթողումների հետևյալ ցանկը՝

Ձեռքբերումներ.

ա/ 2016 թվականի ապրիլից հետո հանրության մի հատված ցույց տվեց, որ ապատիան ամբողջությամբ չի կլանել քաղաքացիական հասարակության ակտորներին:

բ/ ցույց տրվեց հորիզոնական, փաստարկված բանավեճի օրինակ իշխանության ներկայացուցիչների հետ:

գ/ մի խումբ ուսանողներ ինքնակազմակերպվեցին և կարող են հետագայում ևս ակտիվ դեր խաղալ քաղաքացիական հասարակությանը հուզող խնդիրները վերհանելիս և լուծելիս: 

Բացթողումներ.

ա/ առաջ քաշված խնդրի՝ գիտության զարգացում և տեքստերի/միջոցի անհամապատասխանություն՝ միայն տարկետման իրավունքի առաջքաշում: Մինչդեռ գիտության զարգացումը ենթադրում է հարցերի մի մեծ բույլ, որտեղ տարկետման իրավունքը կարող է լինել, բայց այն չի կարող լուծել գիտության զարգացման խնդիրը:

բ/ Գործիքակազմի ընտրություն, մասնավորապես՝ հացադուլ: Հացադուլը վաղուց վարկաբեկված գործիք է:

գ/ Սեփական ուրույնությունը ցուցադրելու անկարողություն, մասնավորապես՝ մեդիա տիրույթում որոշակի իշխանական բառապաշարի փոխառում:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Ուսանողական շարժումը որևէ առարկայական հաջողություն չարձանագրեց. երիտասարդներն անփորձ էին:»

«Տարկետման կարգավորման վերաբերյալ հասարակական ընդվզումը կարևոր էր ուսանողների կրթության իրավունքին, կրթության որակին ուշադրություն դարձնելու տեսակետից: Իհարկե, հետին պլան մղվեցին «Ազգ-բանակ» հայեցակարգի հետ կապված առավել կարևոր հարցեր, բայց, այնուամենայնիվ, ԱԺ-նախաձեռնող խմբի “կլոր սեղան” ձևաչափի ձևավորումը լավ նախադրյալ է հանրային երկխոսության զարգացման տեսակետից: Այլ հարց է, երկխոսության գնացածների պատրաստվածությունը նման ձևաչափով հանրային նշանակության խնդիրները ներկայացնելու, դրանք հիմնավորելու, հետևողականություն ցուցաբերելու և դիրքորոշման սկզբունքայնության տեսանկյունից: Այդ առումով արդյունավետությունը, ցավոք, ցածր էր:»

«Առաջին արձագանքն օրինաչափ է՝ կապված ուսանողների դժգոհության հետ, որը հետագայում փոխվեց երկխոսության եւ դրդապատճառներն ավելի խորությամբ պատկերացնելու պատրաստակամության: Մյուս կողմից, ի հայտ եկավ ուսանողների ինքնակազմակերպման և քաղաքացիական գիտակցության մեծ ներուժը: Բացի դրանից, ուսանողական շարժումը վեր հանեց կրթական եւ գիտական ոլորտի ողջ արխայիկ բնույթը, ինչը հանգեցրեց այն եզրակացության, որ առանց կրթական եւ գիտական ոլորտների արդիականացման՝ պետության և հանրության առաջընթացը մեծ հաշվով բացառված է:»

«Հանրային արձագանքը տեղի ունեցավ բավականին հախուռն ու սահմանափակվեց միայն մի խումբ ուսանողների բողոքի ակցիաներով: Զգացվում էր կազմակերպվածության թուլությունը, որոշումների կայացման հարցում ոչ օպերատիվությունը եւ լիդերության պակասը: Բողոքի ակցիան սահմանափակվեց միայն այդ խմբի շրջանակներում: Որպես ուսանողական շարժման ձեռքբերում կարող եմ նշել բանակում եւ կրթության ոլորտում առկա խնդիրների շուրջ դիրսկուրսի շրջանակների կտրուկ ընդարձակումն ու ակտիվացումը:»

«Հստակ չէին ուղերձները, թե ինչու չպետք է մարդը տարկետման դիմաց հավելյալ մեկ տարի ծառայի ու դա համարվի ընտրություն, կամ՝թե ինչու պիտի արտասահմանյան Բուհ-ի ուսանողը հնարավորություն ստանա տարկետման, բացի դրանից՝ սոցիալական անարդարության ու անհավասարության մասին քիչ էր խոսվում, միայն գիտության հետընթացի մասին էին խոսում:»

«Ուսանողական այս շարժումը չունեցավ ձեռքբերում, քանի որ հետևից չգնաց գործընթացի քաղաքականացումը։ Ընդդիմադիր և այն ուժերը, որոնք համաձայն էին ուսանողների պահանջների հետ, պետք է դուրս գային փողոց՝ իրենց հետ դուրս բերելով զանգվածների։»

«Երբ բանակում չծառայած մարդիկ, գիտության կարիքն ու նշանակությունը չհասկացող կամ վատ հասկացող մարդիկ որոշում են ուսանողների ճակատագիրը հայրենասիրության սոուսով, բնականաբար գիտության եւ կրթության նշանակությունը հասկացող մարդիկ պիտի դժգոհեին, եւ դժգոհեցին: Բողոքի շարժումը չհասավ որևէ հաջողության:»

«Սա առաջին քաղաքացիական շարժումն էր, որի կազմակերպիչները համարձակորեն իրենց շարժումը քաղաքական կոչեցին, եւ ակնհայտ էր, որ նրանց վրդովեցրել է սոցիալական արդարության անունից հանդես գալով՝ սոցիալական անարդարության անջրպետի խորացումը, բայց սրա մասին նրանք բավականաչափ չխոսեցին։ Ինձ համար դա բացատրելի է եւ նույնիսկ ընդունելի այն պատճառով, որ նրանց աջակցող այլ քաղաքական կամ քաղաքացիական խմբեր չկային, եւ չորս կողմից մեծ էր ճնշումը նրանց վրա։»

«Ուսանող երիտասարդության բովանդակային արձագանքը հասուն էր, հավասարակշիռ, բայց կազմակերպական իմաստով հապճեպ և ուշացած»։

Հարցին, թե Արդյո՞ք, «Ազգ-բանակ» ծրագիրը խոչընդոտում է կրթության ու գիտության մեջ աճ ունենալուն, փորձագետների գերակշռող մասը դրական պատասխան է տալիս՝ շեշտելով տարկետման հետ կապված սահմանափակումները:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Այն հատկապես ազդում է ճշգրիտ, տեխնիկական գիտություններ ի վրա: Ծրագիրն անկասկած իջեցնելու է կրթության և գիտության մակարդակը:

Օրենքում ներկայացված տարկետման կարգավորումները միանշանակ խոչընդոտ են հանդիսանում կրթության անընդհատության ապահովման և գիտական ներուժի ազատ զարգացման համար:»

«Այս տեսքով խոչընդոտում է, կան չխոչընդոտող տարբերակներ, որոնք, սակայն, չեն դիտարկվել: Օրինակ՝ տարվա ընթացքում երեք ամիս ծառայելը և ուսումնառության ամբողջ ընթացքում 2 տարվա ծառայության ժամկետը լրացնելը:»

«Բարդ հարց է և բազմաշերտ։ Իհարկե՝ խոչընդոտում է, քանի որ երկու տարի մարդը կտրված է լինում ոչ միայն գիտությունից, այլ աշխարհից՝ կանգնելով Նոյեմբերյանի, Թալիշի կամ Քարվաճառի առաջնագծում։»

«Տարկետման նոր՝ պայմանական ձևերի ներդրումը մասնագիտական, գիտական, կրթական, մշակութային, տնտեսական, ամեն տեսակ մարդկային ռեսուրս ադապտացնում է ռազմական ոլորտին՝ թույլ չտալով որակյալ կադրերի ապահովումը քաղաքացիական կյանքի համար։ Որակյալ ինժեները պարտադիր չէ, որ գիտնական լինի, կարող է բակալավրիատն ավարտելուց հետո էլ պետք գա, ասենք, հիդրոէլեկտրակայանների ստեղծման կամ կառավարման համար։ Այս օրենքը պետությանն է զրկում այդպիսի մարդկային ռեսուրսից և ոչ միայն քաղաքացուն՝ իր մասնագիտությունն ու կրթությունը շարունակելուց։»

«Ովքեր իրենց ապագան ծրագրում են քաղաքացիական մասնագիտություններով, այո՛, կրթության և մասնագիտական աճի ընդհատում ունեն: Բանակը մեր երկրինն է, և բոլորս էլ շահագրգիռ ենք գրագետ սպայակազմ ունենալում: Բայց չտագնապել, որ մենք քաղաքացիական հասարակությունից կարող ենք կորցնել և հաստատ կկորցնենք գրագետ մարդկանց զգալի շերտ, չենք կարող:»

«Ազգ-բանակ ծրագրի ազդեցությունն առաջինն իր վրա կրում է կրթական համակարգը։ Դեռևս 2014 թվականին, երբ ՀՀ Պն, ՀՀ ԿԳՆ և Երկրապահների միջև կնքվեց հուշագիր, որպեսզի բոլոր հանրակրթական դպրոցներում բացվեն «Պատանի երկրապահների» ակումբներ, դպրոցները վերածվեցին փոքրիկ զորամասերի, որտեղ հարգի է զինվորական հագուստը, զենքը։ Այնինչ, հոգեբանորեն զինվորական հագուստը պետք է որ մահվան ու պատերազմի տագնապ առաջացներ, իսկ երեխաների մեջ ներարկում են այդ հագուստի հանդեպ կոմֆորտի զգացողություն։»

Փորձագետները նաև հավելում են, որ այսպիսի մոտեցումը ոչ միայն կրթության ու գիտության ոլորտի վրա է լրջորեն ազդում, այլև շատ ավելի լայն ու խորքային ազդեցություն է թողնում հասարակության գործառնման վրա:

«Եթե հարցը դիտարկում ենք զուտ կրթության տեսանկյունից, ապա բախվում ենք սոցիալական արդարության եւ կրթության շարունակականության հետ կապված խնդիրներին: Վերջինս հանգեցնում է նաեւ կրթության ու գիտության մեջ աճելու, առաջընթաց ունենալու հնարավորության սահմանափակմանը: Ցավոք, այս ծրագրերի ներկայացման ձեւն ու փիլիսոփայությունը հուշում են այլ բան. որ հայրենիքի պաշտպանությունը հասկանում են ոչ թե մարդու զարգացում թեկուզ բանակի տարբեր օղակներում ու նոր տեխնոլոգիաների ներդրում, որն էլ կհանգեցնի բանակի արդիականացմանը, այլ խրամատային ծառայություն:»

Փորձագետների զգալի մասը գտնում է, որ ՀՀ-ում գոյություն ունի միլիտարիստական հայրենասիրության քարոզ, որի նպատակն է հեշտ կառավարելի, չընդդիմացող, ոչ բազմազան հասարակություն ունենալը: Ընդ որում, խոսքն ավելորդ պաթոսի, միլիտարիզացիան խթանող ու, կարծես, լեգիտիմացնող կեղծ հայրենասիրության մասին է: Ինչպես նշում է փորձագետներից մեկը` «չունենալով պետության զարգացման որևէ ծրագիր, իշխանությունն այս ամենը շղարշում է հայրենասիրական հռետորաբանությամբ»:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

 «Կա որոշակի առումով այդ ամենի իմիտացիա ռուսական ձևով՝ անբովանդակ, իրականությունից կտրված, պաթետիկ միջոցառումների շարք, որը ոչ այլ ինչ է, քան բյուջեի մսխում:»

«Հայաստանում ծրագրավորված և հետևողական միլիտարիստական հայրենասիրության քարոզչություն չկա, կա պարզունակ և անհավասարակշիռ, չհաշվարկված, կեղծ, հայրենասիրության ապաշնորհ քարոզչություն: Այս քարոզչության ռոմանտիկ պաթոսը «ձգում է» մինչև չափահասություն, հետո գալիս են հարցականները:»

«Միլիտարիստական հայրենասիրության նկատելի քարոզչության նպատակներից է՝ խեղդել սթափ ձայները և սթափ ձայն հանողներին մեղադրել պակաս հայրենասեր լինելու կամ դավաճանության մեջ, քողարկել բանակի իրական խնդիրները՝ կոռուպցիա, հովանավորչություն, գնումների փակ համակարգ, ցույց տալ իշխանությունների իբր հայրենասեր լինելը։»

Որպես ծրագրի նպատակ փորձագետները նաև նշում են բանակաշինությունը, բանակի արագ համալրումը,բանակի շուրջ հանրային մոբիլիզացիան:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Ազգ-բանակ կոնցեպտի հիմքում պետք է դրված լիներ պատերազմական իրավիճակում յուրաքանչյուր քաղաքացու պատրաստավծության խնդիրը: Եթե չի լուծվում այս հարցը, և առաջին պլան է մղվում ուղղակի միլիտարիստական հայրենասիրության քարոզչությունը, ապա սա կարող է հանգեցնել ուժայինների գերակայության հաստատման նաև քաղաքական ոլորտում:»

«Ազգայնական դիսկուրսը միլիտարիստական դերեր եւ առաքելություն է վերագրում կանանց եւ տղամարդկանց՝ տղաների գործն է զինվոր մեծանել եւ զոհվելով հերոսանալ, իսկ աղջիկների գործն է՝ մայր մեծանալ ու զինվորներ արտադրել։ Քարոզչությունը այլասերում է հասարակության մշակութային հենքերը, նրան կրթում ու դաստիարակում է ոչ թե կյանքի շինարարությանը պատրաստվելու, այլ ավելի շուտ՝ մեռնելու համար։»

«Ազգ-բանակ» հայեցակարգի ու հայրենասիրության քարոզի հնարավոր հետևանքների մասին փորձագետների կարծիքները մեծամասամբ համընկնում են: Ըստ նրանց՝ բացասական ազդեցությունն է գերակշռում, որը դրսևորվում է հասարակության գործառնման գրեթե բոլոր ոլորտներում:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Բուն և հիմնական բացասական ազդեցությունը կայանում է նրանում, որ «միլիտարիստական հայրենասիրություն» ասվածը ստացավ լեգիտիմություն: Նման զարգացումները տրամաբանորեն բխում են իշխանության մենաշնորհային դիրքով թե քաղաքական դաշտում, թե տնտեսական դաշտում, թե նաև զինված ուժերի և պաշտպանության, անվտանգության բնագառում: Պետք է այս ամենին ավելացնել նաև Առաքելական եկեղեցու մենաշնորհային դիրքի ամրապնդումը զինված ուժերում:»

«Միլիտարիզացիան նվազեցնում է հասարակական կյանքում մշակութային բազմազանությունը, հանրային ընկալման մեջ սահմանափակում է մարդու, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքներն ու ազատությունները, ուժի քարոզը սկսում է ընկալվել որպես նորմ եւ գերադասելի բան: Այսպիսի սահմնափակումները թուլացնում են հասարակությունը եւ հզորացնում են իշխանությունը եւ դրա վերարտադրման մեխանիզմը»։

«Հանրային կյանքի միլիտարիզացիան «Ազգ-բանակ»-աշինության ամենաարդյունավետ գործիքն է։ Կրթություն, մշակույթ, կենցաղ, մեդիա։ Այս չորս գործոնները միասնաբար փոխում են մարդուն՝ քաղաքացիական գիտակցությունից դեպի բանակային գործիք։ Անընդհատ փակվելն ու զինվելը 21-րդ դարի ժամանակակից պետության պատկերացում չէ, քանի որ անտեսվում են մարդու իրավունքները, ազատությունները, ու այդ իսկ պատճառով մարդիկ լքում են փակ տարածքն ու ազատագրվում կեղծ հայրենասիորւթյան ու պաթոսի շղարշից։»

Երրորդ փուլ

Այս փուլում փորձագետները ձևակերպել են ծրագրի հետ կապված ցանկալի փոփոխություններն ու իրենց առաջարկները:

«Եթե «Ազգ-բանակ» ծրագրի փոխարեն այլ բան առաջարկելու հնարավորություն տրվեր Ձեզ, ապա ի՞նչ կառաջարկեիք» հարցին փորձագետներից շատերը պատասխանել են, որ պետք է փոփոխություններն սկսել այլ ոլորտներից, ավելի լայնածավալ բարեփոխումներ նախաձեռնել, և ոչ թե միայն բանակի համալրման խնդիր լուծել: Նրանց գերակշռող մասը հատկապես շեշտադրում էին արդարադատության ոլորտում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Այդ ծրագիրը կլիներ ՀՀ քաղաքացու իրավունքների և պարտականությունների հավասարակշռության ու պետության կառավարման գործում ակտիվ մասնակցության, մարդու իրավունքների և ազատությունների իրացման, հանրային կյանքում մասնակցության վերաբերյալ մի հայեցակարգ, որը հենց անվտանգության երաշխիք է»։

«Անլուրջ է կոչ անել սիրելու հայրենիքը և զոհելու կյանքը, երբ զուգահեռ անհիմն թանկացումներ են տեղի ունենում, մենաշնորհներն են ուժգնանում… Այսինքն՝ պետության ներսում կարգավորումները ցանկացած բանակային բարեփոխման կարևորագույն բաղադրիչն են»:

«Կարևորագույն խնդիր է արդարադատությունը։ Սա արդեն վերաբերում է ոչ միայն պաշտպանության գերատեսչությանը, այլև ամբողջ պետական համակարգին՝ դատական իշխանության անկախությանը, իրավական նորմերին և դրանց կատարմանը»:

«Առաջին քայլը հանրության վստահության բարձրացման ուղղությամբ արդարադատության հաստատումն է, այն է՝ իշխանության տարանջատում, դատարանների լիարժեք անկախություն»:

Փորձագետները նաև խիստ կարևորում են գիտության ու կրթության ոլորտները՝ համարելով, որ առաջարկվող ծրագիրն, ընդհակառակը, արժեզրկում և անտեսում է դրանց կարևորությունը:

Ինչպես նշում է փորձագետներից մեկը՝ «Տարկետման հնարավորությունը պետք է վերականգնվի, իսկ Զինապարտության մասին օրենքում իրականացված փոփոխությունները ժամանակավրեպ էին, դրանք ցույց տվեցին իշխանության կողմից գիտության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը»:

Մեկ այլ փորձագետի կարծիքով՝ «Իրական հնարավորությունների հեռանկարը կարող է լինել «ազգ-կրթություն, գիտություն» ծրագիրը, որը ենթադրում է, որ ներդրումների մեծ մասն արվի կրթության և գիտության ոլորտում, այդ թվում՝ ռազմաարդյունաբերական: Հանրային և մասնագիտական կրթության որակի և մակարդակի կտրուկ բարձրացումը որակապես կփոխի ինչպես ողջ հասարակական միջավայրի, այնպես էլ բանակի ներուժը, կմեծացնի Հայաստանի ոչ միայն ռազմական, այլև հասարակական մարտունակությունը, կձևակերպի անհատական և հանրային շահերի ընդհանրությունը»:

«Անկախ այն հանգամանքից, որ «Ազգ-բանակ» ծրագիրը դեռևս փաստաթղթային տեսք չունի՝ եթե հնարավորություն ունենայիք որևէ բան փոխելու կամ ավելացնելու արդեն իսկ ձեռնարկվող միջոցներում, ապա հատկապես ի՞նչը կփոխեիք կամ կավելացնեիք՝ հանրության համար դրա առավել ընկալելիության և հանրության շահերը սպասարկելու համար» հարցին ամենահաճախ տրվող պատասխաններից է բանակում Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ներգրավվածության աստիճանի ու արտոնությունների հետ կապված փոփոխության առաջարկը: Օրինակ, փորձագետներից մեկը կարծում է, որ «պետք է հոգևորականությանը հեռու պահել բանակից. կամ թող ծառայեն շարքային զինվորի նման, կամ թող մնան եկեղեցում»։ Նմանատիպ տեսակետ հանդիպում է նաև այլ փորձագետների պատասխաններում:

Փոփոխությունների հետ կապված փորձագետների տեսակետները և առաջարկները բավականին բազմազան էին, բայց մի շարք կետերում դրանք համընկնում էին, մասնավորապես՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» բաղադրիչների, կրթության ոլորտում փոփոխությունների, բանակի թափանցիկության (սննդի, հագուստի և այլնի մատակարարման) առումով:

Մեջբերումներ փորձագետների
պատասխաններից

«Կչեղարկեի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, կնվազեցնեի եկեղեցու ներկայությունը բանակում՝ պետբյուջեից չէի վճարի աշխատավարձեր, թույլ չէի տա պարտադիր-համընդհանուր աղոթքներ, քահանայի հետ շփումները կդարձնեի կամընտրական: 1000 դրամների գանձման ընթացակարգը կդարձնեի ամբողջությամբ կամընտրական և 1000 դրամով չսահմանափակվող՝ յուրաքանչյուրը որքան ուզում է: Միլիտարիզացիոն քարոզը դուրս կբերեի մանկապարտեզներից, դպրոցներից և բուհերից»:

«Անընդունելի է ժամանակակից բանակի կառուցումը միջնադարյան արժեքների վրա, երբ կրոնը սերտաճած էր իշխանությանը և համեմվում էր ազգայնականությամբ»:

«Կառաջարկեի փոփոխություն «Պատիվ ունեմ» ծրագրում՝ ճիշտ և արդար կլինի այն պարտադրանքից վերափոխել գայթակղիչ կամավորության»:

«Կարիք կա վերանայելու այն դրույթը, որ տարկետումները կտրամադրվեն միայն հետագայում առաջնագծում եռամյա սպայական ծառայություն իրականացնելու դիմաց: Սա ի սկզբանե զգալիորեն սահմանափակում է այդ ծրագրի գրավչությունը և կիրառական իմաստը հնարավոր մասնակիցների համար: Ակնհայտ է, որ երեք տարվա ընթացքում շատերի ստացած մասնագիտական կրթությունը առաջնագծի իրական պայմաններում զգալի չափով կարժեզրկվի եւ վերադառնալուց քաղաքացին ստիպված է լինելու սկսել զրոյից: Տարկետման իրավունքի գրեթե վերացման հարցն անհրաժեշտ է դնել լայն հանրային քննարկման, որպեսզի գտնվի բարդ, սակայն փոխզիջումային լուծում սոցիալական արդարության, կրթական իրավունքի հասանելիության և պաշտպանության կարիքների բավարարման տեսանկյունից: Անհրաժեշտ է ձևավորել բանակում մարդու իրավունքների պաշտպանության լուրջ մեխանիզմներ: Կարող է լինել թեժ գիծ, արագ արձագանքման խմբեր, խորհուրդներ, սակայն այս բոլորում պետք է ներգրաված լինեն հասարակական հատվածի հեղինակավոր գործիչներ ու կառույցներ»:

«Բանակային ռեֆորմը կներառեր՝

Ա. Փոփոխություն ՀՀ սահմանադրության և ՀՀ զինապարտության մասին օրենքներում։ Զինապարտությունը սահմանադրական պարտավորությունից կվերածվեր զինվորական ծառայության այն իգական և արական սեռի ներկայացուցիչների համար, որոնք անցել են զինվորական մասնագիտացում։

Բ. Դպրոցում «Քաղաքացու իրավունքները» դասընթացի շրջանակներում կդասավանդվեին զորակոչիկի իրավունքները, որպեսզի հետագայում զինվորական մասնագիտացում ստանալու ցանկություն ունեցողները հստակ իմանային իրենց իրավունքները։

Գ. Չեղյալ կհայտարարեի ՀՀ կրթության և գիտության նախարարի և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը՝ դպրոցում նախնական զինվորական պատրաստություն առարկայի դասավանդման վերաբերյալ, որի փոխարեն կանցկացվեին խաղաղության և համագործակցության դասընթացներ։

Դ. Կչեղարկեի «Երկրապահ» կամավորականների միության, Պաշտպանության և Կրթության և գիտության նախարարությունների միջև 2014 թվականին ստորագրված հուշագիրը՝ բոլոր հանրակրթական դպրոցներում «Պատանի երկրապահ» ակումբներ բացելու մասին»:

«ԲՈՒՀ-ում պարտադիր վերականգնվում են ռազմական ամբիոնները, որոնցից ամեն մեկը կցված է նաև որևէ զորամասի: Ամառային արձակուրդներին ուսանողները պրակտիկա են անցնում, այսինքն՝ զինվորական պատրաստություն ԲՈՒՀ-ին կցված զորամասում: Փաստորեն բակալավրիատի դեպքում արդեն ավարտած սպան 6 ամիս, իսկ մագիստրոսը 8 ամիս ծառայած կլինի, առանց ուսումնական պրոցեսից կտրվելու: Հետագայում նրանք բոլորը համարվում են ռեզերվիստներ և պարտադիր առաջին երկու տարին լրացնում են երկու տարվա ծառայությունը, հետագայում էլ պարբերաբար մասնակցում զորավարժությունների, հստակ իմանալով իրենց ծառայության վայրն ու ամրացված զենքը:

«Շարքային ծառայողները ծառայության ընթացքում ստանում են տարբեր մասնագիտական հմտություններ, զորացրվելուց հետո ապահովվում աշխատանքով: Շարքային ծառայություն անցածներն ստանում են արտոնություններ ոչ միայն ուսման, այլև բնակարանային և այլ ոլորտներում: Շարքայինները նույնպես համարվում են ռեզերվիստներ, հստակ իմանալով, անհրաժեշտության դեպքում որ զորամաս պետք է ներկայանան և որ զենքն է իրեն ամրացված»:

«Բացառությամբ պետական, ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվության՝ բանակը պետք է դարձնել բաց կառույց։ Օրինակ, սահմանել 20 հազար դոլար երկու տարվա չծառայության համար։ Այն ծնողները, ովքեր պատրաստ են և ունեն այդ գումարը, կարող են վճարել պետական-բանակային բյուջե, և իրենց երեխային ազատել բանակից։ Այդ գումարներով բանակում ներառել պրոֆեսիոնալների, որը նաև նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն կտա։ Չծառայելու գումարը պետք է լինի առնվազն այնքան, որ այդ գումարով հնարավոր լինի երկու տարի պայմանագրային երկու զինծառայող ունենալ”։

Բանակում, կամավորության սկզբունքով, բայց վճարովի հիմունքներով, ավելի շատ ներգրավել իգական սեռի քաղաքացիներին”։

“Բանակում, սահմանամերձ գոտում, բացել մարզական ակումբ, որտեղ կծառայեն բոլոր մարզիկները, բացառությամբ նրանց, ովքեր 18-20 տարեկանում հասել են միջազգային հաջողությունների»։

«Եթե ծառայությունն, այնուամենայնիվ, պետք է լինի պարտադիր, հակամարտության մեջ գտնվող երկրի պահանջ, ապա պետական աշխատավարձով ցանկացած չինովնիկ՝ գյուղապետից սկսած, օրենքի ուժով պետք է տեղյակ պահի իր որդու ծառայության վայրի, ծառայության տեսակի (եթե օրենքը թույլ կտա՝ նրա զորամասի) մասին։ Ծառայել չցանկացողը պետք է վճարի, եւ այդ վճարի չափն ու վճարողի անձը պետք է հրապարակվի։ Զինվոր ունեցող ընտանիքը պետք է երկու տարի անընդմեջ պետական թոշակ ստանա մոտ 100 հազար դրամի չափով։ Եթե զինվորը երկկողմանի ծնողազուրկ է, ապա այդ գումարը պետք է նստի նրա հաշվեհամարին»։

«Բանակի գոյությունն ինքնին պետք է «հանրության շահ» ընկալվի: Թվում է, կամ ամեն ջանք գործադրվում է այնպես ներկայացնելու, որ «Ազգ-բանակի» գործարկումը պիտի զգալիորեն մեղմացնի Հայաստանում բևեռացված հասարակության բևեռների փոխօտարումը, բանակը պիտի համալրվի նաև «արտոնյալներով»: Ակնհայտ է, որ հասարակության երկու բևեռներն էլ, տարբեր ձևերով, չեն հավատում այս հեռանկարին»։

«Ազգ-բանակ ձևակերպմամբ որևէ փաստաթուղթ չի կարող տեղ ունենալ ժողովրդավարական պետությունում: ՀՀ պաշտպանության ռազմավարությունը պետք է պատասխանի սահմանադրական սկզբունքների ապահովման հիման վրա պետության պաշտպանության խնդիրների լուծումը նոր քաղաքական իրավիճակում»։

Այսպիսով, փորձագետների
առաջարկները հիմնականում
կայանում են հետևյալում.

պրոֆեսիոնալ զինվորականների քանակի և դերի աստիճանական մեծացում;

բոլոր քաղաքացիների հետ տարվելիք աշխատանք՝ պատերազմական և արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ հմտությունների ձևավորման առումով (զենքի տիրապետում և ընդհանրապես այն ամենը, ինչ խորհրդային ժամանակներում կոչվում էր «քաղաքացիական պաշտպանություն», սակայն ոչ թե սովետական իմիտացիոն ձևերով, այլ՝ հաշվի առնելով այդ ոլորտում փորձ ունեցող երկներիդասերը);

բանակի տեխնոլոգիական վերազինում և Հայաստանում ռազմական տեխնոլոգիաների արտադրության տեղայնացում;

բանակի ապաքաղաքականացում և օրվա իշխանություններից տարանջատում, բայց, միևնույն ժամանակ, բանակի հանդեպ հանրային (ոչ-իշխանական) վերահսկողության մեխանիզմների ուժեղացում;

պայքար բանակում կոռուպցիայի և արտականոնադրական հարաբերությունների դեմ

բանակում առողջապահության ոլորտի խնդիրների լուծում;

զինծառայողների կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցներ;

ոստիկանական ուժերի կրճատում և ազատված ռեսուրսների հաշվին բանակի հզորացում

«Համակարգված աշխատանք մամուլի ներկայացուցիչների հետ՝ քննարկումների, սեմինարների եւ բանավեճերի ձևով, որպեսզի ԶԼՄ-ների միջոցով ապահովվի լայն հասարակական իրազեկումը»։

«Ազգ-բանակը» այլ՝ «Բանակ-հասարակություն» եզրույթով փոխարինում, որն ավելի ընդգրկուն է և թույլ է տալիս Հայաստանի անվտանգության ապահովման գործում մասնակից դարձնել ոչ միայն հայ ազգի, այլ նաև այլազգի և այլ քաղաքացիություն ունեցող անձանց, սոցիալական խմբերին»:

«Բանակում նախ պետք է ավելացնել քաղաքացիական կյանքի տարրեր: Մենք տեղյակ չենք ախտորոշմանը։ Պաշտպանության նախարարությունը փոփոխություններ է անում՝ առանց ներկայացնելու, թե ինչ իրավիճակ է և ինչ խնդիր է լուծում Ազգ-բանակ ծրագիրը։ Զինված ուժերը եւ դրա ընդհանուր վիճակի մասին տեղեկությունները փակ են նաև հասարակական կազմակերպությունների և փորձագետների համար: Զինվորականների կյանքն ու առողջությունը պետք է ապահովագրվեն, այն էլ՝ բավականին թանկ գնահատվելով։ Այդպիսով, վիրավոր կամ զոհված զինվորականի ընտանիքը կախված չի լինի ՊՆ ողորմածությունից կամ էլ համայն հայության հանգանակությունից։ Ռազմական ոստիկանությունը պետք է կա՛մ վերացնել, կա՛մ վերակազմավորել՝ զրկելով բազմաթիվ գործառույթներից»։

«Զինվորի կյանքի ու առողջության ապահովագրության ու զոհված կամ հաշմանդամություն ձեռքբերած զինվորի ընտանիքին զգալի արտոնությունների տրամադրում (նրա երեխաների անվճար կրթույթուն, աշխատատեղի ապահովում և այլն): Տարկետման կամ բանակում ծառայությունից ազատման հնարավորության ներմուծում շնորհալի/տաղանդավոր քաղաքացիների համար, և դրա համար այդպիսի քաղաքացիների ընտրության հուսալի, գործուն համակարգի ստեղծում:»

«Զինապարտության նոր փիլիսոփայության ընդունում;

Սպայակազմի և պայմանագրային զինծառայողների ուսման և ծառայության տրամաբանության վերանայում՝ բանակի/զինապարտության նոր փիլիսոփայությանը համապատասխան;

Սերտ համագործակցություն նորարարական տնտեսության հետ՝ զինվորի կյանքը և անվտանգությունը ապահովող, զինվորին որոշակի գործունեության ոլորտներում փոխարինող սարքերի և տեխնոլոգիաների մշակում-արտադրություն;

ԶՈւժ-ում սննդի, հիգիենայի, կենցաղավարությանը և առօրյային վերաբերող այլ հարցերում հանրային վերահսկողության ապահովում»։

«–Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի հիմնադրում, որն այդպես էլ չիրականացվեց, չնայած ամրագրված էր Մարդու իրավունքների ռազմավարության նախորդ գործողությունների պլանով;

– սպաների ճանապարհային քարտեզի մշակում, որը կընդգրկի պաշտոնական առաջխաղացման, կրթության, վերապատրաստման, սոցիալական ապահովության, այդ թվում կենսաթոշակի և բնակարանային ապահովվության խնդիրները;

– պաշտպանական նպատակով սպառազինությունների ձեռք բերման գործընթացի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության սահմանում, որը գոյություն չունի ներկայումս;

– Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի գործառույթների հստակ սահմանում, հարաբերությունների կարգավորում, նրանց նկատմամբ խորհրդարանական վերհասկողության սահմանում, որը ենթադրում է այդ կառույցների կողմից տարեկան հաշվետվությունների ներկայացում Ազգային Ժողովին;

– զինծառայողների իրավունքների խախտումների դեպքերում բողոքարկման մեխանիզմների արդյունավետության ապահովման հետ կապված իրավական կարգավորումների արմատավորում»։

«Պետք է հրաժարվել միլիտարիստական հնչող և հանրության որոշ հատվածներում սուր ընկալվող «Ազգ-բանակ» բառակապակցությունից։ Այս բառակապակցության մեջ նաև քողարկված նացիոնալիզմ ու պոպուլիզմ կա։ Դա անառողջ ձևակերպում է;

շփման գիծը և առաջնագիծը վերանորոգել, այլ ոչ թե ունենալ ցուցադրական մի քանի կետեր և դրանք բազմիցս ցույց տալ լրագրողներին, ռազմական փորձագետներին։ Երկրորդ, սահմանամերձ բնակավայրերում կառուցել ռմբապաստաններ;

ոչ թե հակառակորդի հետ մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ, այլ գտնել զսպումների այլ մեխանիզմներ;

անկախ հակառակորդի ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանությունից՝ նրան սիմետրիկ պատասխան չտալ և սեփական հասարակությանը չդարձնել հակաթուրք։ Հակաթուրք լինելը ոչ մի կերպ չի բարձրացնում զինվորի, սպայի հայրենասիրական ոգին;

չսադրել հակառակորդին և պատասխանել միայն անհրաժեշտության դեպքում;

հավատարիմ մնալ բանակցային գործընթացին, անվտանգության ապահովման համար չափազանց կարևոր է բանակցությունների շարունակականությունը՝ որպես նոր պատերազմի զսպող կարևոր գործոններից մեկը»։

«Հայրենիքի պաշտպանությանը կամավոր մասնակցել ցանկացողների համար համապատասխան պարբերական ուսուցումների արդյունավետ ծրագիր ունենալ, որը պետական բյուջեյից պետք է ֆինանսավորվի»։

«Ողջ չափահաս բնակչությանը՝ կին, թե տղամարդ, 18-50 տարեկանների միջակայքում, սովորեցնել ինքնապաշտպանության պարզագույն հմտություններ՝ զենքին տիրապետելու և առողջապահության առաջնային օգնության նվազագույն գիտելիքներ տալ, տեղեկացնել Հայաստանի պաշտպանության «քարտեզի»՝ ապաստարանների և այլնի մասին:»

«Ժամանակ է արդեն, որպեսզի ՀՀ-ում աստիճանաբար ներդրվի շվեյցարական մոդելին մոտ բանակային ծառայության տեսակ: Այն է՝ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի բանակում պարտադիր ծառայությունն անցնելուց հետո, մինչեւ 50 տարեկան հասակը, յուրաքանչյուր տարի մեկ անգամ 1-2 շաբաթով պետք է վերապատրաստում-ծառայություն անցնի, ցանակության դեպքում նաև մարտական հերթապահության պայմաններում: Սա միշտ մարտունակ վիճակում կպահի ռեզերվը: Մշակել ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հստակ հայեցակարգ՝ ՀՀ-ից և արտերկրից որակյալ կադրերի ներգրավման միջոցով: Սա մեծ դաշտ կարող է ստեղծել մի կողմից տնտեսության որոշակի ճյուղերի զարգացման համար, մյուս կողմից հավելյալ միջոցներ գեներացնել բանակի համար՝ նվազեցնելով նաև ռազմական ծախսային բեռը տնտեսության վրա»։

Հիմնական եզրահանգումներ եռափուլ հարցումից

Այսպիսով, հետազոտության առաջին փուլում պարզ դարձավ, որ փորձագետների գերակշռող մասը բացասական դիրքորոշում ունի «Ազգ-բանակ» ծրագրի նկատմամբ: Նրանցից շատերը մանրամասն վերլուծել էին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքը և իրենց պատասխաններում հղում էին կատարում կոնկրետ հոդվածների, կետերի, թվերի, ձևակերպումների, անհասկանալի կամ ոչ միանշանակ դրույթների և այլնի վրա: Ուշագրավ է այն, որ եթե առաջին փուլում փորձագետներից երեքը համեմատաբար դրական էին գնահատում այդ օրենքը, ապա հետազոտության վերջին փուլում ավելի շատ փորձագետներ են հնչեցնում քննադատություն և առաջարկում փոփոխություններ:

Երկրորդ փուլում բոլոր փորձագետները հնարավորություն են ունեցել ծանոթանալու առաջին փուլի արդյուքնում հավաքագրված այլ պատասխաններին՝ առանց իմանալու դրանց հեղինակների անունները: Նույնն արվել է նաև հաջորդ փուլում: Հարկ է նշել, որ որոշ փորձագետներ իրենց պատասխաններում հղում էին անում նախորդ փուլի արդյունքներին, ինչը վկայում է այն մասին, որ նրանք կարևորում էին մյուսների կարծիքներին ծանոթությունը և անգամ որոշ դեպքերում մեջբերումներ էին անում մասնակից այլ փորձագետների պատասխաններից:

Երրորդ փուլի հիմանական նպատակն էր ամփոփել դիրքորոշումները և ժողովել կոնկրետ առաջարկներ: Նախորդ երկու փուլերի համեմատ՝ այս փուլում առաջարկներն առավել բազմազան էին, մանրամասն, անդրադարձներ կային նույն ոլորտի տարբեր հայեցակետերի: Այս պատասխաններից պարզ է դառնում, որ գրեթե բոլոր փորձագետները տեսնում են «Ազգ-բանակ» ծրագրի հետ կապված բազմաթիվ բացեր, սահմանափակումներ՝ սկսած անվանումից և վերջացրած դրա հեռանկարներով: Անգամ այն փորձագետը, ով առաջին փուլում միանշանակ դրական էր արձագանքում այս ծրագրին՝ համարելով այն հայստանյան հասարակության համար անհրաժեշտ ու սոցիալական տարբեր ինստիտուտների պատասխանատվությունը խթանող, վերջին փուլում առաջարկում է մի շարք փոփոխություններ՝ առաջին հերթին հենց ծրագրի անվանումը փոխելու առումով: Այսպիսով, եթե հետազոտության երկրորդ փուլում շատերը մնում էին իրենց դիրքորոշմանը հավատարիմ ու նույնիսկ որոշ դեպքերում կրկնվում էին, ապա երրորրդ փուլում առավել ցայտուն է դառնում ծրագրի քննադատությունը, բացերի շեշտադրումը՝ հստակ փոփոխություններ առաջարկելու միջոցով:

Share

Comments are closed.