«Ազգ-բանակ» կոնցեպտն Իսրայելում

 

Կառավարման համակարգը և բանակը

Իսրայելը հանրապետություն է՝ կառավարման խորհրդարանական մոդելով։ Սահմանադրություն չունի, այն փոխարինվում է մի շարք օրենսդրական ակտերով։ Պետության ղեկավարը նախագահն է, որի լիազորությունները սահմանափակված են։ Ողջ իշխանությունն իրականացնում է կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ։ Բարձրագույն օրենսդրական մարմինը միապալատ խորհրդարանն է (Կնեսետ)։ Դատական համակարգը կազմում են աշխարհիկ և հոգևոր դատարաններն ու Գերագույն դատարանը։ Վարչապետը եւ նախարարները ընտրվում են Խորհրդարանի անդամների թվից: Կնեսետի հաստատումից հետո նախարարներն ստանում են վստահության քվե ինչպես «ներքևից»՝ ժողովրդից (mass support), այնպես էլ «վերևից»՝ Խորհրդարանից (elite support):

Իսրայելը ռազմականացված տնտեսությամբ ագրարային-արդյունաբերական երկիր է։ Արդյունաբերությունը զարգանում է ռազմատնտեսական ներուժի հզորացման ուղղությամբ՝ հիմնականում օտարերկրյա կապիտալի հաշվին։ 1970-ին երկրի բյուջեի 40%-ը հատկացվել է ռազմական ծախսերին։Սրանով հանդերձ, Իսրայելը զարգացած ժողովրդավարություն է իրենից ներկայացնում։

Պետության հիմնադիր հայրերն եկել էին այն համոզման, որ ինչպես Սիոնի հողում բնակվող հրեաների, այնպես էլ ընդհանրապես համաշխարհային հրեության համար անվտանգ ապաստան ու առաջադիմական կայուն զարգացման փարոս դառնալու համար պետք է ստեղծվի արդյունավետ կերպով գործող ժողովրդավարություն: Իսրայելն իրավամբ Մեծ Մերձավոր Արևելքում միակ արդյունավետ կերպով գործող ժողովրդավարությունն է:

Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի «Ժողովրդավարական ինդեքս – 2016»-ի ցուցակում Իսրայելը առաջին 30 ամենաժողովրդավար երկրների ցուցակում է:

Նոմինալ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2017-ին կազմել է 40,76 դոլար: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով՝ Իսրայելում կոռուպցիայի ընկալման համաթիվը 2016-ին եղելէ 64 և 176 երկրների շարքում այն զբաղեցրելէ 28-րդ տեղը (կոռուպցիայի ընկալման համաթիվը՝ ԿԸՀ, չափվում է պետական հատվածում առկա կոռուպցիայի ընկալման մակարդակը այս կամ այն երկրում, այն բաղադրյալ համաթիվ է` հիմնված գործարարների և փորձագետների շրջանում անցկացված տարբեր հարցումների վրա):

Իսրայելի պաշտպանության բանակը (եբրայերեն՝ Ցվա հագանա լե-Յիսրայել, կրճատ՝ Ցահալ) կազմավորվել է պետության հիմնադրումից երկու շաբաթ անց, անկախության համար մղվող պատերազմի ժամանակ։ Իսրայելի ժամանակավոր կառավարության ղեկավար Դավիդ բեն Գուրիոնը 1948 թվականի մայիսի 26-ին ստորագրել է «Իսրայելի Պաշտպանության բանակի մասին հրամանագիրը)։ Բանակի օգտագործման ձևը՝ գործողությունների դոկտրինը, մշակվել է 1949 թվականին՝ գնդապետ Խաիմ Լասկովի գլխավորությամբ։

Իսրայելի բնակչության մեծ մասը զորակոչվում է՝ տասնութ տարեկանից։ Տղամարդիկ ծառայում են երեք տարի, կանայք՝ երկու։ Ժամկետային ծառայությունից հետո տղամարդիկ անցնում են պահեստազոր եւ տարվա մեջ մի քանի շաբաթ մասնակցում հավաքների՝ մինչև 40 տարեկանը։ ՑԱՀԱ-ի ժամկետային ծառայողների քանակը կազմում է 168 հազար զինծառայող և ևս 408 հազար պահեստազորային։ Այս ցուցանիշներով Իսրայելի բանակի քանակությունը համեմատելի է հարևան բազմամիլիոն երկրների բանակների հետ։ 

Նմանություններ

Հայ հանրությունում ընդունված է համեմատել հայերին ու հրեաներին, զուգահեռներ անցկացնել երկու ժողովուրդների անցած ուղու և փորձառության միջև, ընդ որում՝ առավել հաճախ որպես ընդօրինակման ենթակա խոսվում է աշխարհի հրեաների ջանքերի միավորման և դրանք հրեական պետության զարգացմանն ի սպաս դնելու օրինակելի փորձառության մասին։ Այս համապատկերում էլ խոսվում է նաև Իսրայելի բանակի հայեցակարգի, ազգ-բանակի հրեական մոդելի առավելությունների մասին։

Ընդունված է նաև համեմատել երկու պետությունների աշխարհագրական միջավայրը և զուգահեռներ անցկացնել։ Սովորաբար նշվում է, որ ինչպես Իսրայելում, այնպես էլ մեր պարագայում, երկրի զինված ուժերը, դրանց բարձր մարտունակությունը պետության անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքն են։

Իսրայելում ընդունված է ընդգծել, որ փոքր տարածքը և ռազմաճակատին մոտ գտնվող բնակավայրերը երկրին զրկում են ռազմավարական որևէ նշանակալիությունից, քանի որ սահմանից մինչև ծովը հեռավորությունը ամենանեղ հատվածում կազմում է ընդամենը 14 կմ: Հայաստանում էլ ընդունված է փաստել, որ մեր երկիրը տարածքով այնքան փոքր է, որ չկան թիկունք և սահման հասկացողություններ, քանի որ, օրինակ, Նախիջևանն ընդամենը 40 րոպեի հեռավորություն ունի Երևան քաղաքից։ Երկու պարգայում էլ ընդգծվում է սեփական հայրենիքը պաշտպանելու կարողության գերակայությունը։

Ահա թե ինչպես է երկու երկրների միջև զուգահեռներ անցկացնում ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը. «Առաջավոր Ասիայում եւ Մերձավոր Արևելքում քաղաքակրթական համակարգերի ձևավորման այս երկու հնագույն մասնակիցների ակնբախ ինքնօրինակությամբ հանդերձ նրանք նման են այն քաղաքական դասերի առումով, որոնք քաղել են իրենց ազգային աղետներից՝ քսաներորդ դարի երկու համաշխարհային պատերազմներում վերապրած Հայոց ցեղասպանությունից, որը տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, եւ Եվրոպայի հրեաների Ցեղասպանություն-Ողջակիզումից: Այդ երկու ժողովրդին լրիվ բնաջնջման եզրին հասցրած համաշխարհային պատերազմների ավարտից հետո նրանք ազգային աղետներին պատասխանեցին իրենց հինավուրց բազմահազարամյա պետականության մշակույթի վերածնունդով եւ անկախ ազգային պետությունների՝ ստեղծմամբ: Այս երկու վերստեղծված ազգային պետությունների նմանության մեկ այլ կարևոր հատկանիշը այն է, որ և ՀՀ-ն 1918 թ., և Իսրայելի Պետությունը 1948թ. հռչակվեցին որպես խորհրդարանական հանրապետություններ»:

Նմանություններն, ինչ խոսք, ակնբախ են։ Իսրայելն ու Հայաստանը բնակչությամբ զիջում են հարևաններին և ստիպված են պատերազմ վարել թվապես գերազանցող հակառակորդի հետ, երկու երկրներն էլ չեն կարող հաղթանակի վրա հույսը դնել հակառակորդի ոչնչացման ճանապարհով, ուստի և իրական նպատակը հակառակորդի զինված ուժերին այնպիսի հարված հասցնելն է, որպեսզի այն շարքից դուրս գա հնարավորինս երկար ժամանակով։ Երկու երկրներն էլ գոյության էքզիստենցիալ խնդիրներ ունեն, և ռազմական պարտությունը նրանց համար կարող է նշանակել պետության կործանում։ Երկու ժողովուրդներն էլ դաժան փորձությունների միջով են անցել՝ ունենալով ահավոր կորուստներ։ Ադյունքում՝ ֆիզիկական անվտանգության և զարգացման ապահով պայմաններին առնչվող հարցերը գերակա են դարձել երկու պետությունների օրակարգերում և իրենց անփոխարինելի տեղն ունեն երկու ժողովուրդների հոգեկերտվածքներում։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ երկու ժողովուրդները ձեռնամուխ են եղել զանգվածային բանակի կամ ազգ-բանակի կառուցմանը։ Զանգվածային բանակի կամ ազգ-բանակի հրեական ու հայկական մոդելներում կան սկզբունքային տարբերություններ։ Անդրադառնանք դրանցից կարևորներին։

Հիմնական տարբերությունները

Բանակը և տնտեսությունը

Ամենահիմնական ու ամենասկզբունքային տարբերությունն այն է, որ Իսրայելում երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բանակի հզորացումը կամ անվտանգության ռազմական բաղադրիչը չեն դիտարկում մեկուսի։ Երկրի ու ժողովրդի անվտանգությունն այնտեղ դիտարկվում է ռազմական, քաղաքական, աշխարհաքաղաքական, իրավական, տնտեսական ու կրթամշակութային մի բազմաշերտ համապատկերում, որում յուրաքանչյուր շերտ ծառայում է միասնական նպատակին և յուրովի կարևոր ու անփոխարինելի է։ Իսրայելում բանակի հզորացմանը զուգընթաց կամ նույնիսկ մի քայլ առաջ ապահովվել է սեփական երկրում ազատ ու ստեղծագործ աշխատանքով զբաղվելու և այդ աշխատանքը բարեկեցության և իրավահավասարության աղբյուր ծառայեցնելուն միտված ռազմավարությունը։ Բանակի հզորացումն իրականացվել է սոցիալական արդարության պայմաններում։

Ինչպես նշում են իսրայելական փորձն ուսումնասիրած վերլուծաբանները՝ Իսրայելի պաշտպանության բանակը, թերևս, ամենաշատն է հետաքրքրված երկրի բնակչության արհեստավարժության և համակրթվածության մակարդակի բարձրացմամբ, բանակի մարտունակությունն էլ անմիջականորեն առնչված է երկրի տնտեսական հրաշքին, ուստի պատահական չէ, որ Իսրայելն անվանում են «Սթարթ-ափ պետություն»։

Այո, Իսրայելում սկսել են հենց տնտեսական գործոնից։ Այս առումով միանգամայն խորհրդանշական է Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի պատասխանը ուկրաինացի գործընկերներին։ Երբ վերջիններս հարցրել են նրան, թե արդյո՞ք Ուկրաինային կօգնի իսրայելական բանակի փորձը, նա պատասխանել է՝ «Ուկրաինան սկսել է ոչ այնտեղից, որտեղից պիտի սկսեր։ Պետք է սկսել ոչ թե բանակից, այլ տնտեսությունից»։

Բայց երկրի տնտեսական բարվոք վիճակը մեդալի միայն մի երեսն է։ Ուշագրավ է ոչ միայն այն, որ նորակոչիկները գալիս են տնտեսապես ապահով հանրությունից։ Փորձագետների կարծիքով՝ Իսրայելի բանակում ծառայությունը զարգացնում է նաև ձեռներեցության համար անհրաժեշտ ունակություններ։ Իսրայելական բանակում բարձր է գնահատվում ստեղծագործ և մտավոր աշխատանքը: Սթարթ-ափ կազմակերպությունների մեծ մասն ստեղծվում է զորացրված զինվորների կողմից: Բանակը նաև հնարավորություն է տալիս զինվորներին ստեղծելու կապեր, որոնք հետագայում օգնում են նրանց բիզնեսով զբաղվելու համար:

Ավելին՝ Իսրայելում բանակը տնտեսական զարգացման կարևոր շարժիչներից է: Բանակը, ըստ փորձագետների, Հարվարդի նման մի տեղ է, որտեղ զիվորները հնարավորություն ունեն ստեղծել սոցիալական կապիտալ և հետագայում այն օգտագործել բիզնես սկսելու կամ պարզապես կյանքում սեփական տեղը գտնելու համար:

Այսինքն, ոչ թե սկզբում հռչակել են «Ազգ-բանակ» հայեցակարգ ու բոլորին անխտիր տարել բանակ, այլ վաղօրոք ամեն ինչ նախապատրաստել են, որպեսզի բանակը զինվորների համար դառնա իրապես կյանքի դպրոց, որպեսզի չխախտվի երիտասարդների շարունակական կրթության իրավունքը, որպեսզի երիտասարդները հետ չընկնեն իրենց զարգացման բնականոն ընթացքից, այլ ծառայության տարիներն օգտագործեն իրենց մասնագիտական աճի համար։

Իսրայելում շատ են կարևորում, որ բանակը դառնա միջավայր, որտեղ զինվորները նոր հմտություններ սովորեն ու կարողանան այդ հմտությունը օգտագործել քաղաքացիական կյանքում: Նշվում է, որ համաշխարհային առաջատար PayPal վճարային համակարգի քարտերի խարդախության և էլեկտրոնային ինքնության գողության դեմ պայքարի արդյունավետ համակարգ ստեղծել է Շվաթ Շաքեդը, որը ծառայել էր իսրայելական բանակի հակաահաբեկչական վարչությունում, որտեղ և սովորել էր, թե ինչպես առցանց տիրույթում գտնել ահաբեկիչներին:

Փորձագետների կարծիքով, այս օրինակը ցույց է տալիս, որ ոչ միայն բանակում է անհրաժեշտ փոփոխություններ կատարել, այլև նաև տնտեսության կառուցվածքում: Այսինքն, տնտեսությունը պետք է դառնա մրցակցային և լավ մասնագետների պահանջարկ ստեղծի:

Բանակը ամենամեծ սպառող կառույցներից է, որը ցանկացած պետության, հատկապես անվտանգության լուրջ խնդիրներ ունեցող երկրների բյուջեների համար մեծ բեռ է։ Սակայն իսրայլում բանակը «ֆինանսական բեռից» վերածվել է տնտեսական շարժիչ ուժի, քանի որ մատակարարումները լինում են առավելագույնս թափանցիկ, և այդ գործում խրախուսվում է հատկապես փոքր ու միջին բիզնեսների մասնակցությունը։

Մի ուսանելի փորձ էլ կա իսրայելական բանակում։ Նահալը հատուկ մշտական ստորաբաժանում է իսրայելական բանակում, որում ռազմական ծառայությունը համատեղվում է նոր բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների հետ: Նահալի հենակետերը գտնվում են սահմանների մոտ և կիբուցներում: Երբ նահալի կողմից ստեղծված բնակավայրը տնտեսապես ամրանում է, բանակը այն փոխանցում է քաղաքացիական իշխանություններին: Ծառայության ավարտից հետո Նահալի զինվորները կարող են մնալ նրա կազմում և ապրեն իրենց կողմից ստեղծված բնակավայրում: Նահալի ստորաբաժանումների մարտիկները ստեղծել են տասնյակ նոր բնակավայրեր երկրի ծայրամասային շրջաններում:

Ահա այսպես բանակի հզորացման խնդիրները սերտաճվում են երկրի տնտեսության զարգացման խնդիրներին։

Բանակը և կրթությունինքնազարգացումը

Իսրայելական բանակում (Ցահալ) գոյություն ունեն ծառայության մի շարք ծրագրեր, այդ թվում Յեշիվոտ հա-հասեդեռ` շտապ ծառայության հատուկ տեսակ, որի ընթացքում ծառայությունը համատեղում են Յեշիվում կրթության հետ: Այս ծառայությունը նախատեսված է միջնակարգ դպրոց-յեշիվների սովորողների համար, որոնք զորակոչված են Ցահալ. այդպիսի ծառայության տևողությունը 4 տարի է, այդ թվում 16 ամիս մարտական ծառայություն, իսկ մնացած ժամանակը գնում է Յեշիվում սովորելուն: 2005 թվականին այդ ծրագրով Ցահալում ծառայող զինվորների և սպաների թիվը հասել էր 6000 մարդու, նրանցից 88%-ը՝ մարտական գումարտակներում:

Դեռեւս 1952 թվականին Իսրայելն իր Պաշտպանության բանակի կազմում ստեղծեց այսպես կոչված «8200 Ստորաբաժանումը», որը զբաղվում է գիտական, տեխնոլոգիական, ինֆորմացիոն, քարոզչական եւ այլ համանման խնդիրներով: Դրանում միաժամանակ ծառայում է բարձր մտավոր կարողություններով օժտված մի քանի հազար երիտասարդ զինծառայող, մեծ մասը՝ ժամկետային, որոնց ընտրությունը սկսվում է դեռ դպրոցում։ Այս ստորաբաժանումը ոչ միայն դարձել է Իսրայելի պաշտպանության բանակի ամենահզոր հաղթաթղթերից մեկը, այլեւ փաստացի հանդիսանում է երկրի հզորագույն համալսարանը, որի շրջանավարտները երկրի տեխնոլոգիական զարգացման առավել կարևոր դիրքերում են հայտնվում, ուստի ծառայությունը այստեղ ամենահարգին է։

Անդրադառնալով այս հանգամանքին՝ Մեդիամաքս տեղեկատվական կայքը գրում է. «Մենք նույն կարգի լուծում պետք է տանք, հնարավորություն տալով գիտական պոտենցիալ ունեցող երիտասարդներին ծառայել հայկական բանակի տեխնոլոգիական, հետախուզական, տեղեկատվական, հոգեբանական և այլ ստորաբաժանումներում՝ իրենց տաղանդը ի սպաս դնելով երկրի անվտանգության ապահովմանը՝ միաժամանակ շարունակելով սեփական գիտական եւ մասնագիտական զարգացումը։ Եթե մենք ցանկություն ունեք հաղթել այս պատերազմում, ապա պետք է գնահատենք յուրաքանչյուր մարդու կարողությունները, եւ հնարավորություն տանք առավելագույնս դրսևորվելու բանակում, ոչ թե բոլորին օգտագործենք որպես հետևակ։ Սա պետք է ամրագրվի օրենքով, եւ պետությունը պետք է հստակ ուղերձ հղի հասարակությանը, որ ընտրություն չենք կատարում անվտանգության ապահովման եւ գիտության զարգացման մեջ»։

Մինչդեռ այսօր Հայաստանի և Իսրայելի միջև զուգահեռները կաղում են այս ոլորտում։ Հայաստանում գիտության ֆինասավորման շեմը հասնում է 1.8%-ի։, իսկ Իսրայելը գիտության զարգացման համար տարեկան ներդնում է ՀՆԱ-ի 4.1%-ը՝ ձգտելով որակյալ կրթությամբ ապահովելով իր բոլոր քաղաքացիներին:

Իսրայելական բանակում գործում են ծառայության մի շարք այլ ուշագրավ ծրագրեր։

«Պսագոտ» գումարտակը՝ «5114 Ստորաբաժանումը», զբաղվում է էլեկտրոնային հակազդեցությամբ և կոչված է չեզոքացնելու հակառակորդի կապի համակարգերը։

«ԹԻԲԱՄ»-ը (Թիխնութ բե-էզրաթ Մախշեվ) զբաղվում է համակարգչային ծրագրավորմամբ և ըստ էության իրենից ներկայացնում է ցանցահենների (հաքերների) ստորաբաժանում։ «Կոտրում» է թշնամական համակարգչային համակարգերը, պաշտպանում սեփական՝ իսրայելական պաշտպանական համակարգերը, եռաչափ մոդելավորում ռազմագործողության օբեկտը։

«ԲԱԱԴ-15»-ն իրենից ներկայացնում է ռադիոէլեկտրոնաիյն, ռադիոտեխնիկական և համակարգչային հետախուզության դպրոց, այն կոդազերծում, թարգմանում և վերլուծում է կիբերհարթությունում առկա տեղեկությունները։

Իսրայելական բանակում ոչ միայն օգնում են, որ երիտասարդն իր տեղը գտնի բանակում, այլև աջակցում են, որ նա իր տեղը գտնի նաև քաղաքացիական կյանքում, ուստի և զորակոչում են հենց այդ հաշվարկով։ Զինկոմիսարիատից առաջին կանչը զինապարտը ստանում է 16-17 տարեկան հասակում, անցնում զանազան թեսթեր և բուժստուգումներ։ Թեսթերից հետո զինապարտին ուղարկվում է հարցաթերթիկ, որում նշված են լինում այն պաշտոնները, որոնց նա առավելս համապատասխանում է։ Զինապարտն իրավունք ունի նշելու իր նախընտրած երեք ծառայություններ։ Բանակն ամեն ինչ անում է, որպեսզի նա հայտնվի այդ երեքից մեկում՝ հաշվի առնելով նաև բանակի կարիքները։ Արդյունքում նորակոչիկների շուրջ 90 տոկոսը հայտնվում է իր նախընտրած տեղում։

Կան նաև կրթությունը շարունակելու տարբերակներ, առաջին հերթին այն մասնագիտությունների գծով, որոնք անհրաժեշտ են բանակին։ Գործում են բուհերի հետ համատեղ ծրագրեր, պատրաստվում են ապագա մասնագետներ։ իսկ օդաչուների դասընթացները ներառում են որոշ առարկաների գծով բակալավրի աստիճան։

Իսրայելական բանակում առանձնակի ուշադրություն է դարձվում տեղեկատվական դաշտին։ «Դովեր Ցահալ» անվամբ ստորաբաժանումներն աշխատում են Իսրայելի բանակի դրական իմիջի ձևավորման ուղղությամբ և որակյալ մասնագետներ են հավաքագրում սոցիալական ցանցերում տարվող աշխատանքների համար, ինչպես նաև քոպիռայթերներ և փիարի մասնագետներ, որոնց համար աշխատանք է ապահովվում նաև զորացրվելուց հետո։ Իսրայելցի հայտնի հեռուստառադիոլրագրողների կենսագրությունն ուսումնասիրելու պարագայում երևան կգա մի հետաքրքիր իրողություն՝ նրանցից շատերն աշխատել են «Գալեյ-Ցահալ» ռադիոկայանում կամ էլ «Բե Մեհանե» բանակային հանդեսում։ Մեդիա-զորքերում ծառայելու համար թեկնածուները մասնակցում են մի քանի հարցազրույցների, հանձնում թեսթեր ու քննություններ, և այդ ամենը նախքան զորակոչվելը։ Բանակում կան նաև ռազմական ռեժիսորի և օպերատորի պաշտոններ։

ՑԱՀԱԼ-ը միակ բանակն է աշխարհում, որում կան կրթական ստորաբաժանումներ, ընդ որում՝ ոչ միայն զինվորականների, այլև դպրոցականների համար։

Բանակաշինությանը զուգահեռ, առաջանցիկ տեմպերով կառուցվում է սեփական ռազմարդյունաբերական համալիրը, բոլոր տեխնոլոգիական լուծումներն իրականացվում են սեփական ուժերով:

Թեև Հայաստանում իսրայելական բանակի փորձի մասին խոսելիս ընդգծվում է, որ բոլորն անխտիր ծառայում են, իրականությունը փոքր ինչ այլ է՝ կան որոշակի արտոնություններ շնորհալի երիտասարդների և բնակչության այլ շերտերի համար։

Ամփոփում

Իսրայելական փորձն ուսումնասիրած վերլուծաբանները փաստում են, որ Իսրայելի Պաշտպանության բանակն ըստ ամենայնի երևակում է երկրում առկա իրավիճակը՝ ոչ միայն դրա քաղաքական ու կրոնական կառուցվածքի, այլև աշխատանքի շուկայի տեսանկյունից։ Բանակում մասնագիտություն ստանալու և ապա քաղաքացիական կյանքում այն կիրառելու հնարավորությունը երիտասարդի համար դառնում է ցատկահարթակ՝ իր մասնագիտական գործնեության մեջ։

Այստեղ հարկ է նշել, որ Հայաստանում ևս իշխանությունները խոսում էին այս մասին՝ փորձելով նաև դրանով փաստարկել «Ազգ-բանակ» հայեցակարգի անհրաժեշտությունը, սակայն խնդիրն այն է, որ այդ ամենը դեկլարատիվ բնույթ էր կրում, այլ կերպ ասած՝ խոսքը գործի չէր վերածվում։ Մոտավորապես նույն պատմությունը եղավ կրթական բարեփոխումների և 12-ամյա կրթության անցման ժամանակ, երբ բավարար նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու փոխարեն ոլորտի պատասխանատուները դեկլարատիվ հայտարարություններ էին անում, ինչը բարի մտադրություններից այն կողմ չէր անցնում։

Ահա թե որքան բարդ ու բազմաշերտ է ազգ-բանակի կամ զանգվածային բանակի իսրայելական մոդելը։ Նրա բոլոր բաղադրիչները մի կողմ դնելով շեշտը դնել միայն համատարած զորակոչման վրա՝ պարզունակ ու վնասակար մոտեցում է։ Իսրայելում երիտասարդներին պատրաստում են բանակի համար՝ ուշադրություն դարձնելով ամեն մի մանրուքի վրա։ Իսրայելի բանակին պետք են ոչ միայն նվիրված ու հայրենասեր, այլև գիտակից ու բազմահմուտ զինծառայողներ, ինչի ուղղությամբ էլ բանակը լուրջ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական կյանքում։

Հայաստանում աստիճանաբար գիտակցվում է այս հանգամանքը։ Նորերս այդ հիմնախնդրին անդրադարձել է «Հետք» առցանց պարբերականը։ Պարբերականը գտնում է, որ, հաշվի առնելով զորակոչի ենթակա տղաների կրթական ու անձնային աճին վերաբերող ծանր բացթողումները և դրանցից բխող վտանգները, Պաշտպանության նախարարությունն իրեն ուղղված մեղադրանքներից խուսափելու համար պետք է իր վրա վերցնի զորակոչի ենթակա անձանց այս խնդրի լուծումը: «Անհրաժեշտ է ստեղծել հատուկ և շատ որակյալ կրթական, զարգացման, ոչ ռազմական կենտրոններ, որտեղ անխտիր բոլոր զորակոչիկները կսովորեն, կհղկվեն, կկրթվեն, կշփվեն տարբեր մտածողության հետաքրքիր մարդկանց հետ,– գրում է «Հետքը»:– Դրանք կարող են լինել փաբերում նվագող ռոք երգիչներից ու խմբերից մինչև գիտության, սպորտի ոլորտում ինչ-որ բաների հասած ազատ մտածող մարդիկ, ծանր հիվանդություններ հաղթահարած մարդիկ, բժիշկներ, երիտասարդ գրողներ, որոնք երկու տարվա ընթացքում կարող են փոխել քարանձավային մտածողություն, վախեցած գիշատիչի բնազդները կարող են փոխարինել մտածող ու լավ իմաստով հարմարվող ու ինտեգրվող երիտասարդ մարդու կերպարով: Նրանց կարելի է կրթել ու հասունացնել արշավների ընթացքում, առաջարկել հետաքրքիր ու անսպասելի աշխատանք օրավճարով, ինչից հետո նոր կզորակոչվեն մարդու ուղեղի ու հոգեկանի համար շատ բարդ պայմաններ պարտադրող մի միջավայր»:

Պարբերականի կարծիքով՝ շատ լավ կլիներ, եթե այս առաջարկը լրջանար ու ավելի լավ ձևակերպումներով ու ավելի խելացի առաջարկներով լրացվեր և «քանի որ կրթական համակարգի բացը չենք կարող լրացնել երկու-երեք տարում, ապա գոնե միայն զորակոչիկների համար որևէ ոչ ռազմական, այլ հենց կրթական, մտահորիզոնի ու անձնային աճին նպաստող մի լուրջ հաստատություն ստեղծվեր»։

Ինչու՞ Պաշտպանության նախարարությունը՝ հարցնում է պարբերականն ու ինքն էլ պատասխանում. «Եթե կրթական համակարգի բացը մնում է Պաշտպանության նախարարության վրա՝ սա խնդիր է, բայց քանի որ այդ բացից բխող մահերի համար հասարակությունն` առանց վերլուծությունների, մեղադրում է զինվորական գերատեսչությանը, ինչը հասկանալի է, քանի որ հողագործ կամ Ռուսաստանում աղյուս շարող հայրը, չտեսնված դժվարություններով երեխա մեծացնող կինը պարտավոր չեն վերլուծել երեսուն տարվա հասարակական երևույթներն ու դրանց հետևանքները, նա մեղադրում է այն գերատեսչությանը, որը զորակոչել է իր տղային ու չի վերադարձրել»:

Ինչ վերաբերում է բանակ-հանրություն, բանակ-տնտեսություն կապերին, ապա հարկ է նշել, որ ժամանակին որոշակի դրական փորձառություն եղել է նաև Հայոց բանակում, ինչի մասին խոսում է Սարգիս Սարգսյանն իր «Հայ ռազմական արվեստի պատմություն» գրքում. «Անկարելի է, որ Տիգրան II-ր կարողանար դիմադրել, իսկ երբեմն նույնիսկ պարտության մատնել աշխարհասասան Հռոմին,- գրում է նա,- եթե Հայաստանում ստեղծված չլինեին տնտեսական բարենպաստ պայմաններ հզոր բանակի ստեղծման, սպառազինման, հանդերձավորման և մատակարարման համար»։

Ու ամենակարևորը՝ հնարավոր չէ երկրի ու ժողովրդի անվտանգությունը, բանակի հզորացումը կամ անվտանգության ռազմական բաղադրիչը դիտարկել մեկուսի։ Այն պետք է դիտարկել երկրի ընդհանուր զարգացածության համապատկերում՝ դրանից էլ բխեցնելով անելիքը։

Անդրադառնալով Իսրայել-Հայաստան զուգահեռներին՝ նորերս հետաքրքիր դիտարկումներ է արել քաղաքագետ Անուշ Սեդրակյանը. «Իսրայելի ծաղկման միֆերը բազմաթիվ են՝ համահրեական դավադրությունից մինչև համահրեական փոխօգնություն: Բայց պետության կառուցման և ապակառուցման կոնցեպտները միշտ նույնական են՝ նորարարություն, կոռուպցիայի վերացում, ժողովրդավարություն։ Այդ ծանոթ, սովորական ճշմարտությունները փոխարինում են օգտակար հանածոներին, բարենպաստ աշխարհագրական դիրքին, բազմամարդ բանակներին»:

Ու հավելում՝ «Կբացվի մի օր Հայաստանի վրա Իսրայելի լուսաբացը»։

Աղբյուրներ

https://goo.gl/CzHLgB

https://goo.gl/2Bm5Fj

https://goo.gl/ewD5jC

http://eleven.co.il/article/11734

https://militaryarms.ru/armii-mira/israel/

http://mfa.gov.il/MFARUS/AboutIsrael/State/Pages/StateArmy.aspx

http://beinisrael.com/social/ourlife/armiya-izrailya-chast-1-tramplin-dlya-karery/

https://news.am/arm/news/284978.html

http://hetq.am/arm/news/85434/karevorenq-zinvori-andznayin-atchy.html

http://www.armenianhouse.org/sargsyan/razmarvest/intro.html

http://www.mediamax.am/am/column/12769/

http://www.1in.am/2290345.html#undefined.gbpl

https://goo.gl/8xWb6y

https://www.civilnet.am/news/2015/01/28/voices-armen-grigoryan-israel-army-vs-armenian/259616

Share

Comments are closed.