Ինչու՞ է ՀՀ իշխանությունն անվտանգության քաղաքական բաղադրիչը ստորադասում ռազմականին

 

Ռազմական բաղադրիչի ֆետիշացում

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս վկայեց, որ հայ հանրությունն անվտանգության խնդիրը կապում է միայնումիայն ռազմական բաղադրիչի հետ։ Փորձագիտական-վերլուծաբանական շրջանակներում էլ տարածված է այն կարծիքը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սկսվել է ռազմական հավասարակշռության խախտման պատճառով։ Նման պնդման համար, ինչ խոսք, լուրջ հիմքեր կան՝ Ադրբեջանը վերջին տարիներին սրընթաց մեծացրել է իր ռազմական բյուջեն, ձեռք բերել ժամանակակից մահաբեր հարձակողական զենքեր և լրջորեն նախապատրաստվել լայնածավալ ռազմական գործողությունների։ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ոչ միայն արագընթաց տեմպերով զինել է Ադրբեջանին, այլև դանդաղեցրել հայկական բանակի վերազինման պայմանավորվածությունները` դրանով իսկ նպաստելով ռազմական հավասարակշռության էական խախտմանը և բարենպաստ պայմաններ ստեղծելով պատերազմի վերսկսման համար։

Այս ամենն, իհարկե, կար։ Բայց արդյո՞ք միայն սա էր հրադադարի լայնածավալ խախտման պատճառը։ Արդյո՞ք ռազմական հավասարակշռության փոփոխումը որակական ու որոշիչ մակարդակի էր։ Թե՞ սա մեդալի միայն մի երեսն է։Այս մասին կարծես թե ընդունված չէ խոսել. իշխանություններն էլ չեն խրախուսում հարցի նման դրվածքը։ Խրախուսվում է միանգամայն այլ բան։ Սկսված կամավորական շարժման շնորհիվ հայ հանրության զգալի հատվածը զինվորական հագուստ հագավ, մեկնեց առաջին գիծ՝ կռվելու կամ կռվողներին բարոյապես սատարելու նպատակով։ Օրակարգն էլ, բնականաբար, ռազմական էր։ Քննարկման առարկա՝ ռազմական հարցեր։ Եզրաբանությունը՝ նույնպես ռազմական։

Ինչ խոսք, զինվորական համազգեստով այսուայնտեղ հրապարակային երևակվելու՝ հանրության ամենատարբեր շերտերի ներկայացուցիչների գայթակղությունն ինքնին կարևոր էր պատերազմի սպառնալիքի տակ ապրող հանրությանը գոտեպնդելու և ոգեկոչելու, զինվորի հերոսությունն ընդգծելու ու դրա մասը կազմելու, ինչպես նաև բանակի նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը ցույց տալու առումով, բայց բավականին խնդրահարույց էր քաղաքական հարթությունից հարցերը հեռացնելու կամ դրանք չկարևորելու, ինչպես նաև նույն այդ հարթությունում իշխանությունների պասիվությունն ու տարիների անգործությունը պարզաջրելու առումով։ Համատարած համազգեստայնացումն ի ցույց դրեց անվտանգության բաղադրիչը քաղաքականության հետ առնչելու՝ մեր հանրության անկարողությունը։

Հայ հանրությունն առանձնապես հակված չէ օրակարգային դարձնելու այն հարցը, թե միգուցե շփման գծում դեպքերը զարգացել են զուտ այն պատճառով, որ դրանք պիտի զարգանային այլ տեղ։ Խոսքը քաղաքական-դիվանագիտական ոլորտի մասին է՝ մեծ հաշվով, այլ ոչ միայն ղարաբաղյան կարգավորման առումով։ Ինչ խոսք, հատուկենտ բարձրաձայնվեցին նաև կարծիքներ առ այն, որ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի քաղաքական ինքնիշխանության ռեսուրսների մսխումն ու քաղաքական սուբյեկտայնության կորուստն են դեպքերի զարգացումը տանում դեպի շփման գիծ` ըստ այդմ էլ բանակը դարձնելով մեր վերջին հույսն ու ապավենը և ֆետիշացնելով անվտանգության ռազմական բաղադրիչի դերը՝ ի հաշիվ քաղաքականի։ Խոսվեց նաև այն մասին, որ բանակն իր առանձնակի կարևորությամբ հանդերձ չի կարող մեր անվտանգության միակ հույսն ու երաշխիքը լինել, ավելին՝ բանակի ամրության հույսն ու գրավականն էլ մեր համարժեք, միջազգային թրենդներին համահունչ քաղաքականությունը պիտի լինի։

Հանրության գերակշիռ մասը, սակայն, որպես անվտանգության մարտահարավերներ չի ընկալում ավտորիտար վարչակարգը, ժողովրդի կողմից չվերահսկվող և ըստ այդմ էլ` օտար ուժային կենտրոնի կողմից վերահսկվող իշխանությունը։

Քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից անմիջապես հետո թվում էր, թե հայ հանրությունում սկիզբ է առնում արժեքների վերագնահատման գործընթաց։ Մասնավորապես, եթե մարդկանց մի զգալի մասին մինչ այդ թվում էր, թե իրենց թշվառ կյանքի ու ոտնահարված իրավունքների գնով գոնե ապահովում են իրենց ու զավակների անվտանգությունը, ապա ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ հակառակը՝ իրականում ավելի ապահով ու անվտանգ կլինեին իրենք ու իրենց զավակները սեփական իրավունքներից թիզ անգամ չզիջելու և դրանով իսկ սեփական իշխանությունը վերահսկելու դեպքում: 

Բարեփոխումների «անվտանգայնացում» ու չեզոքացում

Վերարժևորման այս գործընթացը, սակայն, չխորացավ ու չարմատավորվեց, քանի որ իշխանություններին հերթական անգամ հաջողվեց մենաշնորհած վարչական ռեսուրսներով և «պատասխանատու» լրատվամիջոցներով-քարոզչամիջոցներով այդ զարթոնքը խեղդել նախահարձակ հայրենասիրական պաթոսի և ֆիզիկական անվտանգության ֆետիշացման օգնությամբ։ Նոր մտածողությունը հերթական անգամ թպրտաց «անվտանգայնացման» (securitisation) ճիրաններում։

Սա արդեն ավանդույթ է դարձել, երբ քաղաքականացված հարցն անվտանգայնացվում է՝ հարցը քաղաքական և այլ մակարդակներից տեղափոխվում է անվտանգային մակարդակ. խնդիրը ներկայացվում է որպես էքզիստենցիալ սպառնալիք, որին դիմակայելու համար անհրաժեշտ է հանրային համախմբում, ռեսուրսների հավաքագրում և նույնիսկ պայքարի համար նախատեսված ծայրահեղ միջոցների ներառում: Արդյունքում անվտանգայնացման տեխնոլոգիան լայնորեն ի սպաս է դրվում հասարակության կոնսոլիդացմանը, իշխանությունների համար ցանկալի հնազանդությանը, վերահսկելի ու կանխատեսելի հասարակության ստեղծմանը:

Ինչպես քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն է դիպուկ բնորոշել՝ ««Ալիբի» դարձած մեր «անվտանգությունը» մեզ համար սպառնալիք է դարձել, այնպես որ մենք, ինչպես և հարյուր տարի առաջ, կանգնած ենք վերահաս մարտահրավերներին դիմադրել չկարողանալու և մոտ ապագայում բացվելիք նոր հնարավորություններից չօգտվելու վտանգի առջև»։ 

Քաղաքականության մեջ ներառական մոտեցման անհրաժեշտություն 

Անվտանգության համակարգը միայն ռազմական բաղադրիչի վրա խարսխելն, ամեն ինչից զատ, նաև արդիական չէ։ Ինչպես նշում է փորձառու դիվանագետ Արման Նավասարդյանը՝ «Անվտանգության արդյունավետ իրագործումը պայմանավորվում է խորքային աշխարհաքաղաքական և միջազգային հարաբերությունների արդի գործընթացներով։ Սա իր հերթին դիվանագիտության առաջ, որը գործում է միջազգային միջավայրի փոփոխվող պարադիգմում, դնում է նոր, ծայրաստիճան բարդ խնդիրներ»։

Ժողովրդավարական երկրներում պետական և ոչ պետական դերակատարների համագործակցության շնորհիվ կազմավորվում է հարաբերությունների հատուկ համակարգ։ Համաշխարհային քաղաքականության, ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարների համագործակցության արդյունքում դիվանագիտության ոլորտում ստեղծվում է յուրահատուկ սիմբիոզ, տանդեմ։ Դիվանագիտության տեսաբաններն այն անվանում են կատալիզատորային դիվանագիտություն (catalytic diplomacy)։ Ասպիսով, դիվանագիտությունը դադարում է դասական միջոցներով իրականացնել պետության քաղաքականությունը։

Կատալիզատորային դիվանագիտության փորձված միջոցներն են փափուկ ուժի (soft power) և խելացի ուժի (smart power) դիվանագիտությունը։ Այդ միջոցներն արդյունավետ կիրառում են աշխարհի զորեղ երկրները, որոնց ռազմական ներուժը չի կարող համեմատվել այլ երկրների հետ։ Ռազմական նվազ ներուժ ունեցող երկրների պարագայում խելացի ուժի դերը երիցս կարևորվում է։

Անվտանգության քաղաքական-դիվանագիտական-հանրային բաղադրիչի օգտագործման պարագայում իշխանությունները ստիպված պիտի լինեին ներգրավել նորանոր ակտորների հանրության ներսում, ինչն իրենց համար անընդունելի է քաղաքականության մենաշնորհման ներկայիս պայմաններում։ Այս համապատկերում ամենևին էլ պատահական չէ, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախագահի հանրապետական թեկնածուին ներկայացնելիս հատուկ շեշտել է քաղաքական դեմք չլինելու հանգամանքը՝ էն գլխից փորձելով նրան հեռու պահել քաղաքական որոշումների վրա ազդելու հավակնություններից։ Իշխանությունը գիտակցաբար բացառում է ներառական մոտեցումը քաղաքականության մեջ՝ ավելի խորացնելով ու ավելի խստացնելով քաղաքական մենաշնորհը։

Ինքնիշխանության դեֆիցիտը
ամենամեծ մարտահրավերն է

Մեկ այլ խնդիր է ինքնիշխանության բավարար ռեսուրսի առկայությունը։ Ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի՝ «Հայկական քաղաքական դասակարգը ստիպված է գիտակցել, որ ինքնիշխանության հակադրումն ազգային անվտանգությանը մեր պետական քաղաքականության գլխավոր արատն էԱրմատական փոփոխությունների ներկայիս ժամանակաշրջանը ստիպում է նորովի գնահատել ինքնիշխան քայլերի ուժն ու պետության ինքնուրույնաբար կայացրած որոշումների արդյունավետությունը։ Պետք է հաղթահարել անվտանգության օգտին իրավունքներից հրաժարվելու ցայսօր վարվող քաղաքականության իներցիան և վերանայել ազգային քաղաքականության հիմնատարրերը։ 25 տարիների ընթացքում Հայաստանի և ԼՂՀ բոլոր «բաշխված» իրավունքները պետք է վերադարձվեն, իսկ ճորտացնող պայմանագրերը՝ վերանայվեն»։

Ըստ քաղաքագետի՝ «ինքնիշխանություն» հասկացության իմաստը հայ քաղաքական մտքի համար շարունակում է անհասանելի մնալ։ «Մասնավորապես, չըմբռնված է մնում ինքնիշխանության՝ կայուն անվտանգություն ապահովելու հատկությունը,– պնդում է Սարգսյանը։– Հայկական քաղաքական դասակարգն ընդունակ չէ լրջորեն ըմբռնել այն ակներև հանգամանքը, որ միայն ինքնիշխան սուբյեկտը կարող է լինել միջազգային ուժերի հավասարակշռության կայուն տարր՝ դրանով իսկ ապահովելով սեփական անվտանգությունը։ Մինչդեռ մեզ մոտ անվտանգությունը կապվում է արտաքին հովանավորչության և իրավունքներից հրաժարվելու հետ»։

Վերջին ժամանակներս այս կտրվածքով թեման քննարկվեց Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի գտնվելու նպատակահարմարության առնչությամբ։ Ինչպես նշվում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծության մեջ՝ «…Հայաստանում քանի՞ հոգու է հետաքրքում ինքնորոշման ասպեկտը՝ սա է այսօրվա առանցքային հարցը… Իսկ մեր ինքնիշխանությունը ոտնահարող օտար «բարեկամի» զորքերի ներկայությունն ու մեր ինքնասիրությունը շարժող արտաքին մյուս դրսևորումները ընդամենը այդ չլուծված հարցի հետևանքներն են: Մեր հանրությունը փորձում է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում իր անվտանգության ապահովման հետ այնպիսի ունիվերսալ մեխանիզմի պարագայում, ինչպիսին ինքնիշխան ազգային պետությունն է, որը կոչված է պաշտպանել իր քաղաքացիների կյանքն ու առողջությունը։ Դրա հետ մեկտեղ, սակայն, հոգու խորքում հայ հանրությունը, միևնույն է, մտածում է (կամ հույս է փայփայում), որ այլոք կպաշտպանեն իրեն, քանի որ նրանց շահերը մեր երկրի շահերի հետ համընկնում են, նրանց խիղճն է խոսելու, միջազգային իրավունքն է գործելու և այլն։ Խաբկանքներ, որոնց պարզապես ուզում է հավատալ հանրությունը։ Այդպես հեշտ է ապրելը»։

«Ազգբանակ» հայեցակարգի
բովանդակային վերանայման կարիք

 Առաջ քաշելով «Ազգ-բանակ» հայեցակարգը՝ իշխանությունները ուշադրություն են բևեռում անվտանգության միայնումիայն ռազմական բաղադրիչի վրա, մինչդեռ հանրությունը շատ ավելի լայն է պատկերացնում դրա շրջանակները։ Այս առնչությամբ ուշագրավ դիտարկում է արել «Լրագիր» էլեկտրոնային թերթի մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ըստ նրա, Հայաստանն իրոք ունի առանձնահատուկ ռեսուրսային մոբիլիզացիայի անհրաժեշտություն, զուտ մեխանիզմի առումով Հայաստանը չունի այլընտրանք, քան անվտանգության կորիզ ստեղծել իր ամբողջ բնակչությամբ: Սակայն «Ստեղծել անվտանգության կորիզ՝ ամենևին չի նշանակում ստեղծել բացառապես ռումբ, զինվորական համազգեստ, պատիվ առնել ու պատրաստ լինել մեկնել ռազմաճակատ: Ստեղծել անվտանգություն՝ նշանակում է ստեղծել մրցունակ պետություն և կենսունակ հասարակություն, ստեղծել արդիական քաղաքակրթական հասարակարգ՝ սկսած զինված ուժերից մինչեւ արտադրող տնտեսություն եւ միտք ու արժեք «արտադրող», եւ ոչ իրականությունից կտրված տրաֆարետների վրա մակաբուծող հասարակական ինստիտուտներ, որոնք կկարողանան խստագույնս վերահսկել իշխանության գործողությունն այդ առումով եւ թույլ չտալ, որպեսզի անվտանգության եւ պետական ինքնիշխանության տեսանկյունից այլընտրանք չունեցող մոդելը ծառայեցվի ընդամենը իշխանության կենսունակությանն ու հանրային գիտակցության մանիպուլյացիային»:

Միանգամայն տեղին է Բադալյանի մեկ այլ պնդում ևս՝ «Ազգ-բանակ» գրված թե չգրված մոդելի հիմնարար նպատակներից մեկը պետք է լինի նաեւ այնպիսի արդյունք ստեղծելը, որը կունենա նաեւ համաշխարհային նշանակություն, դեր, որպեսզի այդ արդյունքի պաշտպանությունը լինի այլեւս ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային հանրության խնդիրը, կամ այլ կերպ ասած՝ երբ Ալիևը հայտարարի, թե իր նպատակը Երևանն է, դա միջազգային ընկալման մեջ հավասարազոր լինի հայտարարության, թե նրա նպատակն ասենք Մոսկվան է, Վիեննան կամ Բրյուսելը»:

Այս վերջին հանգամանքի դերն, իրոք, շատ դժվար է գերագնահատել։ Հայաստանը կարող է առավելագույնս ապահովել իր անվտանգությունը, եթե դառնա միջազգային-տարածաշրջանային անվտանգության համակարգի ինքնուրույն բաղկացուցիչ մաս։ Այլ կերպ ասած՝ ոչ թե անվտանգության համակարգի մակաբույծ սպառող, այլ դրա մատակարարներից մեկը։

Փորձագիտական քննարկումներում արվել է մի ուշագրավ դիտարկում առ այն, որ «անվտանգություն» հասկացության իմաստային շրջանակները հնարավորինս նեղացվել են և ամփոփվել «պաշտպանություն» հասկացության եզերքում։ Իրենց հերթին «պաշտպանություն» հասկացության իմաստային շրջանակներն էլ են հնարավորինս նեղացվել և զետեղվել միայնումիայն ֆիզիկական պաշտպանության կամ պաշտպանության միայնումիայն ռազմական բաղադրիչի սահմաններում, այն էլ՝ պայմանավորված միայն արտաքին սպառնալիքով, իմա՝ դրսի գործոնով։ Այսպիսով, «անվտանգություն» հասկացության իմաստային շրջանակներից դուրս են մնացել ներքին խնդիրները, ներքին գործոնը՝ մարդու իրավունքները, սոցիալական արդարությունը, ժողովրդավարության արմատավորմանն առնչված հարցերը։ Եվ, իհարկե, ամենակարևորը՝ անվտանգության քաղաքական-դիվանագիտական բաղադրիչը։

Թույլ տվեք հարցնել՝ իսկ ու՞մ
անվտանգության մասին է խոսքը

Անվտանգության առաջնահերթության և գերկարևորության մասին իշխանական քարոզչության ժամանակ պարբերաբար հնչում էր մի պարզ ու տրամաբանական հարց՝ ու՞մ անվտանգությունն է առաջնահերթ ու գերկարևոր։ Նույն ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ երկրի ու ժողովրդի անվտանգության մասին չէր ժամանակին խոսք գնում, երբ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը անվտանգության նկատառումներից ելնելով անպատվաբեր ձևով հրաժարվեց եվրաինտեգրումից և անհասկանալիորեն անդամագրվեց Հայաստան պետության խնդիրների, ակնկալիքների ու իղձերի հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵԱՏՄ-ին։

Միանգամայն տրամաբանական է հանրության տարբեր շրջանակներում հնչած այն եզրահանգումը, որ, ըստ երևույթին, խոսքը վերաբերում էր ՀՀ բարձրագույն ղեկավարության անվտանգության մասին, ավելի ընդգրկուն՝ Հայաստանում գործող քաղաքական համակարգի անվտանգության մասին։ Նման պարագայում հարցի այսպիսի դրվածքը կարող է մահացու լինել հանրային վստահության փշրանքներ ունեցող բուն իշխանության համար, ուստի և այն պետք էր շղարշել համազգային ու համապետական օրակարգով։ Ահա թե ինչու է մեր հարցմանը մասնակցած փորձագետներից մեկը խմբագրել հայեցակարգն այսպես՝ «իշխանություն-բանակ» հայեցակարգ։ Վստահանալու համար դրա ճշմարտացիության մեջ պարզապես պիտի վերհիշել, թե ում է, որպես կանոն, պաշտպանում բանակը համապետական ընտրությունների ժամանակ և ում օգտին է բանակը սովորաբար միջամտում իշխանափոխության վտանգի դեպքում։ Սակայն «իշխանություն-բանակ» հայեցակարգն էլ մեր պարագայում հնարավորինս նեղացվում է, երբ երկրի ու ժողովրդի անվտանգությունը պայմանավորվում է կոնկրետ անձով, անփոխարինելի անձով՝ հայեցակարգն ըստ էության վերածելով «ղեկավար-բանակ» չափորոշիչի։

Վերոնշյալը վկայում է, որ անվտանգության ռազմական բաղադրիչի ֆետիշացումն իշխանությանը պետք է ներքին խնդիրների լուծման համար, սեփական դիրքերի ամրապնդման և ցանկացած այլընտրանք արմատախիլ անելու նպատակով։

«Ազգոստիկանությու՞ն»

Հենց ուժային-ռազմական բաղադրիչի վրա շեշտադրումն էլ թույլ է տալիս ըստ ամենայնի պահպանել քաղաքական մենաշնորհը և սանձած պահել հանրությանը։ Ու ամենևին էլ պատահական չէ, որ Հայաստանն աստիճանաբար դառնում է աշխարհի ամենաոստիկանացված երկրներից մեկը։

Այս հարցին մի քանի տարի առաջ հանգամանորեն անդրադարձել է «Հայկական ժամանակ» թերթը՝ «ՄԱԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ տարբեր երկրների միջին վիճակագրական ցուցանիշներով, 100 հազար բնակչին բաժին է ընկնում ոստիկանության մոտ 300 աշխատակից: Հայաստանում այդ ցուցանիշը մոտ 1000 է: Այսինքն՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կա մոտ հազար ոստիկան, ինչը ավելի քան 3 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը: Ոստիկանների մեծ թիվ սովորաբար ունեն խիստ կասկածելի, անհեռանկար, ավտորիտար, տարօրինակ ու էկզոտիկ երկրները: Օրինակ՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով 720 ոստիկան ունի Ամերիկյան Սամոա կոչվող երկիրը: Անտիգուա եւ Բարբուդայում այդ ցուցանիշը 733 է: Բահամներում՝ 848, Բերմուդներում՝ 729, Գրենադայում՝ 818, Դոմինիկում՝ 709, Կայմաններում՝ 625, Նաուրուում՝ 800, Սենտ Կիդս եւ Նևիսում՝ 899 եւ այլն, եւ այսպես շարունակ: Ոստիկանների թվի մեծությամբ աչքի ընկնող այս երկրների անունները շատերիս նույնիսկ անծանոթ են: Իսկ ահա մեզ շատ ծանոթ երկրներում 100 հազար բնակչին բաժին է հասնում շատ ավելի քիչ ոստիկան: Օրինակ՝ ԱՄՆ-ում 256 է, Գերմանիայում՝ 298, Բելգիայում՝ 373, Ավստրիայում՝ 326, Մեծ Բրիտանիայում՝ 307, Ճապոնիայում՝ 197, Ռուսաստանում՝ 285, եւ այլն: Եվ ուրեմն, մենք աշխարհի «ամենաոստիկանացված» ու էկզոտիկ պետությունների շարքում ենք»:

Թերթը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, թե ինչպես է ֆինանսավորվում ոստիկանությունը` ներկայացնելով վերջին մի քանի տարիներին «Հասարակական կարգի պահպանություն եւ անվտանգություն» հոդվածով ՀՀ պետբյուջեից հատկացված գումարները՝ արտահայտված թե՛ դրամով եւ թե՛ դոլարով: Ահա այն՝

2010թ. – 34.7 մլրդ դր. ($ 93 մլն )
2011թ. – 36.8 մլրդ դր. ($99 մլն)
2012թ. – 37.8 մլրդ դր. ($94.2 մլն)
2013թ. – 46.3 մլրդ դր. ($113 մլն)
2014թ. – 52.4 մլրդ դր. ($127 մլն)
2015թ. – 61.7 մլրդ դր. ($146 մլն)

Այլ կերպ ասած՝ 2010-15 թվականներին՝ ընդամենը 6 տարում, ոստիկանությանը պետբյուջեից, այսինքն՝ հարկատուների հաշվին հատկացված գումարները գրեթե կրկնապատկվել են՝ 34.7 մլրդ դրամից հասնելով 61.7 մլրդ դրամի կամ 93 մլն դոլարից հասնելով 146-ի:

Աբսուրդն այն է, ինչպես փաստում է թերթը, որ ձեռնարկված միջոցներն ամենևին էլ չեն նպաստել հանցագործությունների թվի նվազմանը։ Թերթը նշում է, որ մինչև 2015-ը՝ տասը տարվա ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում հանցագործությունների թիվը նույնպես կրկնապատկվել է՝ 9 հազարից հասնելով 18 հազարի: Այսինքն՝ որքան ավելանում է ոստիկանության ֆինանսավորումը, այնքան շատանում են հանցագործությունները:

Այս ամենից կարելի է հանգել այն տրամաբանական եզրակացության, որ ՀՀ ոստիկանության հիմնական գործառույթը հանցագործությունների կանխումը եւ բացահայտումը չէ, այլ իշխող ռեժիմի պահպանումը։

Այս առումով իշխանությունն ամենևին էլ անկեղծ չէ, երբ առաջ է քաշում «Ազգ-բանակ» կոնցեպտը, քանի որ իրականում սա, ըստ էության, նաև ազգ-ոստիկանություն, կամ, հավաքական իմաստով, ազգ-ուժայիններ կոնցեպտ է։ Բայց քանի որ սա այնքան էլ գրավիչ չէ, ավելին՝ հայրենասիրական նախահարձակ պաթոսի քիչ ռեսուրս է պարունակում, «խելամտորեն» այն անվանվել է ազգ-բանակ։ Եզրաբանական այս «շփոթությունն» ամենևին էլ պատահական չէ՝ այն կոչված է խառնաշփոթ առաջացնելու հանրային գիտակցության մեջ և վարագուրելու իշխանությունների իրական ու հեռագնա նպատակները։

Ոստիկանության նկատմամբ հատուկ վերաբերմունքը շարունակվում է ցայսօր։ Սա երևակվել է նաև սոցցանցերում՝ դառնալով հրատապ թեմա։

 

 

 

Ռազմահայրենասիրական
քարոզչությունից հանրային մտքի
ռազմականացում 

Նախահարձակ քարոզչությունը, սակայն, տալիս է իր արդյունքները։ Ցավալի է, բայց փաստ՝ «Ազգ-բանակ» կոնցեպտին անկեղծորեն հավատում է հանրության մի զգալի հատված, որին դժվար է մեղադրել իշխանությունների ջերմեռանդ պաշտպանության մեջ։ Այս արդյունքը գրանցվել է նախահարձակ ու համատարած քարոզչության միջոցների շնորհիվ։ «Ազգ-բանակ» քարոզը ոչ միայն տոտալ կերպով իրականացվել է համալսարաններում ու դպրոցներում, այլև նույնիսկ մանկապարտեզներում ու ներկայումս հասարակական նոր հորիզոններ է գրավում՝ ներխուժելով ռեստորաններ և այլ հանդիսավայրեր։

Այս ամենն ոչ այլ ինչ է, քան հանրային կարծիքի ռազմականացում։
Ինչ խոսք, նաև հնչում են հանրային տրամադրությունների ռազմականացման բացասական անխուսափելի հետևանքների ու վտանգների մասին կարծիքներ։

«Երկրի անվտանգության երաշխավորը ոչ թե բանակն է, այլ դպրոցը»,– գրում է կինովավերագրող, լրագրող Վարդուհի Սիմոնյանը. «Բանակը երկրի անվտանգության երաշխավորը չէ. երկրի անվտանգության երաշխավորը դպրոցն է, կրթությունը։ Այսօրվա մեր բոլոր ողբերգությունների արմատն այստեղ փնտրենք։ Այս նոր քաղաքակրթությունը պատժելու է հենց նրանց, ովքեր ժամանակակից, նոր գիտելիքի պակասը կփորձեն զոռուզենքով լրացնել։ Այդպիսի ժողովուրդներից կխլվի ոչ միայն պետականությունը, այլև՝ ինքնությունը։ Այսօր ամբողջ աշխարհում հենց ինքնությունների պատերազմ է. պետք չէ խուճապի մատնվել, որ մեզ էլ են ներքաշում դրա մեջ, մանավանդ՝ չկարգավորված հակամարտության բեռուբարձով։ Մեր անվտանգության երաշխիքը չի կարող լինել ոչ սահմանին կանգնած մեր որդին, ոչ էլ առավել ևս՝ մեզ վրա կրակող այդ զենքի մատակարարը, որի բանակում կարող է միշտ էլ հայտնվել մի օլիգոֆրենիկ, որը «թյուրիմացությամբ» կարող է այդ զենքն ուղղել մեր ընտանիքների վրա… Ինքնությունը խոցելի է դառնում ոչ թե անբարեհաճ հարևանի խելակորույս շարժերից, այլ երբ տասնամյակներ շարունակ չի ունենում կրթական հստակ կոնցեպտ, երբ վախենում է նոր գաղափարներից և հատկապես՝ դրանք կրողներից, երբ պետության կադրային բանկը բերնեբերան լցվում է բարոյապես և ֆիզիկապես մաշված կույտերով»։

«Ազգ-բանակ» հայեցակարգի հանրային փորձաքննություն» ծրագրի շրջանակներում անցկացված փորձագիտական հարցման ժամանակ մասնակիցների մեծ մասն (հարցմանը մասնակցել է 15 հանրաճանաչ փորձագետ) ուշադրություն է հրավիրել հանրային մտքի ռազմականացման բացասական հետևանքների վրա։ «Միլիտարիզացիա եզրույթը խորհրդանշում է երկրում ռազմականացման նկատմամբ հասարակական պահանջարկ ձևավորող և նրան սպասարկող գաղափարախոսությունը»,– կարծում է փորձագետներից մեկը: «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ այլ ինչ է, քան հանրային գիտակցության նախապատրաստում, պահանջարկի ձևավորում ռազմականացման համատեքստում: Միլիտարիզացված հասարակություններում կառավարողներն ու նրանց աջակիցները վեր են դասվում օրենքից. սա է իրական նպատակը»:

«Իրականացվում է հասարակության միլիտարիզացիայի և «գերագույն առաջնորդի» շուրջ համախմբան քարոզչություն, որը որևէ կապ չունի երկրի իրական անվտանգության հետ,– պնդում է մեկ այլ փորձագետ։– Ավելին, այս քարոզչությունը դառնում է ծխածածկույթ, որը թաքցնում է այն իրողությունը, որ ռեալ պայքար չի տարվում պետական համակարգի անարդյունավետության և համատարած կոռուպցիայի դեմ»։

 «Երկրի բարձրագույն ղեկավարության բոլոր ժամանակների հիմնական առանցքը եղել է ռազմական բաղադրիչը, ընդ որում՝ միասնության ենթատեքստի ներքո։ Նրանք բոլորը անվտանգության գործոնն օգտագործել են որպես քաղաքական վերարտադրության գործիք»,– համոզված է մեկ այլ փորձագետ։

Փորձագետներից մեկի կարծիքով՝ «Ազգ-բանակ» կոնցեպտը ոչ այլ ինչ է, քան միլիտարիզացիա՝ «Այն հակասության մեջ է մտնում քաղաքացիության ինստիտուտի հետ, և կարծում եմ, որ նման կոնցեպտի գոյությունն իսկ քանդում է քաղաքացիական հասարակության հիմքերն ու հասարակությունը կազմակերպում բռնության ինստիտուտի շուրջ»։

 

 Իշխանությունները խոսքից անցնում են գործի

Ռազմահայրենասիրական հրետանային նախապատրաստությունից հետո իշխանություններն անցան գործի։ Կառավարությունը դպրոցականների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն է մշակել, e-draft.am կայքում ս.թ. մարտի 28-ին հրապարակելով որոշման նախագիծը, որում նշում է, որ ռազմավարության նպատակներից է

զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացումը, ազգային արժեքների, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցումը և այլն։ Նախագիծը ներկայացրել է Կրթության և գիտության նախարարությունը։

Փաստաթղթում նշված են նաև այն մարտահրավերները, որոնք այս ռազմավարությամբ փորձելու են լուծել։ Դրանք բաժանված են երկու մասի՝ արտաքին մարտահրավերներից են աշխարհում և հարևան երկրներում մոլեգնող ահաբեկչությունն ու պատերազմները։ Ներքին մարտահրավերներից են հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը։ Ներքին մարտահրավերների թվում է նաև անկարգապահությունն ու անդաստիարակությունը, սեռական այլասերվածությունը:

Ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացմանը կմասնակցի նաև Եկեղեցին։ Ռազմավարության մեջ նշվում է, որ բարձր դասարանի աշակերտները եկեղեցիներում

հոգևոր հովիվի հետ «Եկեղեցի և ընտանիք», «Հայ ընտանիքը որպես հոգևոր-ազգային արժեքների պահապան և ժառանգորդ» թեմաներով զրույց-քննարկումներ կունենան։

Ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությունը բևեռային արձագանքներ է գտել հայ հանրությունում։ Դատելով սոցիալական ցանցերից՝ բացասական արձագանքներն անհամեմատ շատ էին և ընդգրկում էին հասարակական-քաղաքական ամենատարբեր շերտերի։Օրինակ, կրթական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ սա ստալինյան ժամանակների փաստաթուղթ է, քանի որ այսպես խորհրդային բռնապետի իշխանության տարիներին էին փորձում բարձրացնել ռազմահայրենասիրական ոգին։ Սողոմոնյանը վստահ է, որ այսպես փորձում են երիտասարդներին զբաղեցնել և շեղել երկրում առկա խնդիրներից․– «Սա քաղաքական ծրագիր է և ուղղված է երիտասարդ սերնդի ուղեղների լվացմանը, որպեսզի հանկարծ դպրոցում ազատության, քննադատական մտքի կամ քննարկումների հարթակներ չստեղծվեն, և մարդիկ կենտրոնանան տոտալիտար, կոնկրետ գաղափարախոսության վրա»:

Նոր ռազմավարությունը ոչ միայն սուր քննադատության է ենթարկվել, այլև հեգնանքի ու սարկազմի արժանացել հանրության լայն շրջանակներում։

«Ազգբանակ» կոնցեպտը և մարդու իրավունքները

 Փորձագետների մի մասն ընդհանրապես «Ազգ-բանակ» հայեցակարգը դիտարկում է մարդու իրավունքների սահմանափակման տեսանկյունից։

Սակայն այսօրվա դրությամբ դրանք ոչ այլ ինչ են, քան ձայն բարբառո հանապատի։ Շատ ավելի ուժեղ ու տագնապալից են հնչում «Ազգ-բանակ» հայեցակարգը հանրային քննարկման մեջ դնել փորձողների, հայեցակարգի մասին քննադատական մոտեցում ունեցողների և անգամ հայեցակարգը փոփոխությունների միջոցով հանրության շահերին առավելագույնս ծառայեցնելու մասին արտահայտվողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելու մասին կոչ անողների ձայները, որոնք համակարգված ու նպատակային են։

«Ազգբանակ» հայեցակարգին պե՞տք չէ ազգի կարծիքը

 Փորձագետները փաստել են այն տարօրինակ հանգամանքը, որ իշխանությունը «Ազգ-բանակ» հայեցակարգի հանրային քննարկումները և դրանց ժամանակ արված դիտողությունները հիվանդագին է ընկալում, ինչն առնվազն կասկածի տակ է դնում հայեցակարգի «ազգ»-ային բաղադրիչը, քանի որ ինքնին «Ազգ-բանակ» հայեցակարգը պիտի ենթադրեր ազգի, հանրության շահագրգիռ մասնակցություն և քննարկում, որոնք էլ պիտի միտված լինեին հանրային վստահության բավարար ռեսուրսի ապահովմանը։

«Ազգ-բանակ» հայեցակարգի հանրային փորձաքննություն» ծրագրի շրջանակներում անցկացված փորձագիտական հարցման մասնակիցներից մեկի համոզմամբ՝ «Միլիտարիստական հայրենասիրության նկատելի քարոզչության նպատակներից է՝ խեղդել սթափ ձայները և սթափ ձայն հանողներին մեղադրել պակաս հայրենասեր լինելու կամ դավաճանության մեջ, քողարկել բանակի իրական խնդիրները՝ կոռուպցիա, հովանավորչություն, գնումների փակ համակարգ, ցույց տալ իշխանությունների իբր հայրենասեր լինելը»։

Ավելին, հետևողականորեն սերմանվում է այն միտքը, որ պետությունը պետք է պատժի «Ազգ-բանակ» կոնցեպտի նկատմամբ բացասական կամ նույնիսկ ոչ միանշանակ վերաբերմունք ունեցողներին։

Արդյունքում հավելյալ խոչընդոտ է ստեղծվում շահագրգիռ հանրային քննարկումների, խնդրո առարկայի շուրջ հանրային օրակարգ ձևավորելու ճանապարհին՝ ասպարեզում թողնելով խնդրո առարկայի շուրջ միայն իշխանական օրակարգը։

Ամենացավալին այն է, որ հանրային մտքի ռազմականացման անհրաժեշտությունն օրըստօրե արմատավորվում է հանրության նորանոր շերտերի գիտակցության մեջ։ Սրան նպաստում է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը։ Այն Հայաստանում ծառայեցվում է հանրային մտքի ռազմականացման, անվտանգության ռազմական բաղադրիչի ֆետիշացման և հերթական անգամ անվտանգության քաղաքական բաղադրիչի թերագնահատման նպատակով։

«Любите Родину, Мать вашу!!!»

«Ազգ-բանակ» հայեցակարգի քարոզչությունն ուղեկցվում է ռազմահայրենասիրական նախահարձակ պաթոսով։ Եվ ուշագրավն այն է, այն ուղղված է հանրությանը և միայն հանրությանը։ Այն նույն հանրությանը, որը բազմիցս,

իսկ ժամանակագրական առումով էլ վերջին անգամ իր լիաբուռն ու ափեափ խփող հայրենասիրությունն ապացուցել էր ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ՝ հայրենիքի անվտանգության համար չխնայելով ոչինչ և ցույց տալով, որ կարող է մոռանալ իշխանություններից իր վիրավորանքն ու նվաստացումը, իր խորտակված հույսերը, իր ծանր ու չարքաշ կյանքը, ավելին՝ որ չունի որևէ բան, որը հնարավոր չլինի զոհաբերել հանուն հայրենիքի։ Եվ հիմա այս նույն հանրության հետ խոսել նախահարձակ հայրենասիրական պաթոսով, «Любите Родину, Мать вашу!!!» հրամայականով՝ առնվազն անարդար է։

Ու ամենակարևորը՝ հրամայական սիրուց դուրս է մնում իշխանությունը՝ այս նախահարձակ քարոզչության նախաձեռնողը։ Իր բոլոր սխալներով ու մեղավորությամբ, որոնք էլ տարիների ընթացքում հանգեցրել էին բանակում տիրած նախաապրիլյան վիճակին։ Ինչպես իշխանության նախաձեռնած քննարկումներից մեկի ժամանակ միանշանակ պնդել է հայտնի մտավորականներից մեկը՝ մենք պարտադրված ենք ռազմապետություն լինելու՝ անկախ դղյակների քանակից ու դրանց պատկանելությունից։ Ահա այսպես՝ իր սպասարկու մտավորականության միջնորդությամբ ու ջանքերով իշխանությունն «Ազգ-բանակ» հայեցակարգը հեռացնում է իր իսկ սխալներից ու թերացումներից և այն օտարում սոցիալական արդարության սկզբունքից՝ դրանով իսկ ավելի ամրապնդելով արատավոր համակարգը և ինդուլգենցիա ապահովելով իշխանավորների համար։

 

Ու՞մ է գայթակղում հայեցակարգը

Փորձագիտական քննարկման ժամանակ նաև ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, թե ում համար են ի վերջո գրավիչ

«Ազգ-բանակ» հայեցակարգի բաղադրիչներ հանդիսացող բանակային ծրագրերը։ Պատկերացրեք օլիգարխի կամ մեծահարուստի որդու արձագանքը սույն առաջարկությանը՝ ծառայիր բանակում 3 տարի և ծառայության վերջում կունենաս լուրջ կապիտալ 5 միլիոն դրամի չափով, որի շնորհիվ կարող ես լուծել թե ամուսնության և թե ձեռնարկատիրական գործնեություն սկսելու համար անհրաժեշտ նախնական կապիտալի հետ կապված հարցերը։ Պարզ է, որ այս առաջարկը կարող է գրավիչ լինել սոցիալապես անպաշտպան խավերի ներկայացուցիչների համար, որոնք էլ հանդիսանում են «Ազգ-բանակ» հիմնական թիրախը։

 

Ուժեղ բանակն, իհարկե,
անհրաժեշտություն է, բայց
հանրությունն իր անելիքն ունի

 

Փորձագիտական հարցման ժամանակ ապրիորի ընդունվում էր այն իրողությունը, որ մի շարք աներկբա հանգամանքներով պայմանավորված՝ Հայաստանին անհրաժեշտ է արդիական հզոր ու մարտունակ բանակ, այսինքն՝ հզոր ու մարտունակ բանակ ունենալու հանգամանքը

վեր էր բոլոր կասկածներից։ Քննարկման և տարակարծության ենթակա էր, սակայն, այն, թե ովքեր են իրականացնում նման բանակ ունենալուն միտված «Ազգ-բանակ» հայեցակարգը, ինչպես են այն իմաստավորում և ինչ նպատակներ են հետապնդում, իմա՝ արդյո՞ք դա հանրային օրակարգ է, թե՞ ոչ։ Նման «կասկածամիտ» վերաբերմունքի համար ավելի քան բավարար հիմքեր կային։ Ինչպես նշել է մեր փորձագետներից մեկը՝ «Այն, որ Հայաստանը Լյուքսեմբուրգ չէ եւ առաջիկայում չի դառնա Լյուքսեմբուրգ, դա, ինչպես ասում են, բժշկական փաստ է, հետևապես պետք է ունենա ուժեղ բանակ. սա աքսիոմա է: Այն, որ մեր իշխանությունը լավը չէ, դա էլ է բժշկական փաստ եւ այն, որ այդ ոչ լավ իշխանությանը հասարակությունը պետք է վատ վերաբերվի, դա փաստ է: Բայց սա չի նշանակում, որ հասարակությունը չպետք է անի այն, ինչ պետք է»:

Աղբյուրներ՝

http://www.armtimes.com/hy/article/58355

http://www.acnis.am/hy/editoral/03-2018

http://www.tert.am/am/news/2015/02/06/vard-simonyan/1581756

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/169938

http://theanalyticon.com/?m=201707

https://www.azatutyun.am/a/29131302.html

Share

Comments are closed.