Հանրահայտ գաղտնալսում․ ի՞նչ թաքնված խնդիրներ է այն բացահայտում


Սամվել ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական անվտանգության մասնագետ
Երևան

 

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը եւ դրա հրապարակումը մի շարք խնդիրներ են բացահայտում, որոնք նոր չեն Հայաստանում, բայց դրանց հնարավոր ազդեցության մասին հասարակության եւ պետականության վրա նոր են սկսում քննարկումները։

Արդյո՞ք նման մակարդակի պաշտոնյաների գաղտնասլումը աննախադեպ երեւույթ է։  Բնականաբար, Հայաստանի դեպքում աննախադեպ է, քանի որ նման բանի մասին մենք չենք լսել մինչ օրս։ Սակայն, համաձայնենք, որ չլսելը չի նշանակում, որ նման բան չի եղել։ Պարզապես մենք դրա մասին չգիտենք։

Այսօրվա տեխնիկայի զարգացումը, միջոցների հանրայնացումը, էժանացումը ստեղծել են մի իրավիճակ, երբ զանազան հետախուզական գործողություններ կարող են կատարվել ոչ միայն այլ երկրների հատուկ ծառայությունների կողմից հեռահար միջոցներով, այլ նաեւ մասնավոր կազմակերպությունների, նույնիսկ անհատների կողմից։Տարբեր բացահայտումներ, որոնք եղել են վերջին տարիներին, թույլ են տալիս հասկանալ, որ լրտեսությունը իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ Օրինակ, Էդվարդ Սնոուդենի բացահայտումները թույլ են տալիս ենթադրել, որ ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը, վարակել են եվրոպական բջջային օպերատորի սերվերը եւ լսել են քաղաքական գործիչների զանգերը։ Ռուսական հաքերները հացրել են մտնել Սպիտակ տուն։ Ցուցակը կարելի է շարունակել։ Ու սա այն դեպքերն են, որոնց մասին մենք իմանում ենք այստեղ կամ այնտեղ հայտնված կցկտուր տեղեկատվության շնորհիվ։

ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյորոյի տնօրեն Ջեյմս Քոմին մի անգամ, անդրադառնալով Չինաստանի պետական հաքերների ակտիվությանը, ասել էր․ «Ամերիկայում գոյություն ունեն երկու տիպի խոշոր կազմակերպություններ․ նրանք, որոնց արդեն կոտրել են չինական հաքերները, եւ նրանք, որ դեռ տեղյակ չեն, որ իրենց արդեն կոտրել են չինական հաքերները»։

Հարցը հենց հանրայնացման մեջ է։ Եթե դիտարկենք այն բացահայտումները, որոնք եղել են վերջին հինգ տարվա մեջ տարբեր պետական հաքերային խմբերի կողմից իրականացված լայնածավալ գործողությունների վերաբերյալ, ապա Վանեցյան֊Խաչատրյան դեպքը միանգամից դադարում է լինել եղակի։ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերից երեւում է, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը միջինից բարձր հետաքրքրություն է ունեցել Հայաստանի հանդեպ եւ այստեղից եղել է ծավալուն տեղեկատվության արտահոսք։ Կարելի է ենթադրել, որ հոսքը չի դադարել։ Եղել է երկարատեւ հարձակում պետական, հիմնականում՝ դիվանագիտական, հաստատությունների վրա մի շարք երկներում, որոնց ցանկում նաեւ Հայաստանն էր։ Առայսօր հստակ հայտնի չէ, թե որ երկրի պետական հաքերներն են իրականացրել այդ «Կարմիր հոկտեմբեր» անվանումը ստացած լայնամասշտաբ եւ տարիներ տեւած հարձակումը (հիմնական կասկածները ուղղված են դեպի Չինաստան)։ Նաեւ վերջին հինգ տարիները ընթացքում առնվազն չորս անգամ բացահայտվել են հարձակումներ Fancy Bear կոչվող հաքերային խմբի կողմից (ըստ արեւմտյան փորձագետների՝ խումբը պատկանում է Ռուսաստանի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչությանը), երբ թիրախում եղել է նաեւ Հայսատանը։ Հարձակումների են ենթարկվել ինչպես դիվանագետներւ եւ բարձրաստիճան զինվորականներ, այնպես էլ լրագրողներ, հասրակական գործիչներ եւ այլք։

Այսինքն, Հայաստանն անընդհատ ենթարկվում է զանազան հարձակումների, որոնք իրականացվում են տարբեր երկների հատուկ ծառայությունների կողմից։ Դրանց ընթացքում մեծ հավանականությամբ լինում է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության արտահոսք։ Իհարկե, սրանք դասական գաղտնալսումներ չեն, սակայն կարեւոր չէ, թե ինչ ալիքով է արտահոսքը լինում, կարեւորը ներթափանցման փաստն է։  Սակայն այս բազմաթիվ դեպքերը Հայաստանի հասարակությանն այդքան էլ չեն մտահոգել։ Դեպքերի մի մասը նույնիսկ չի էլ լուսաբանվել հայաստանյան մամուլի կողմից։ Շատ պարզ պատճառով․ հայտնի չէ, թե ինչ է հայտնվել ուրիշի ձեռքերում։ Իսկ Վանեցյանի-Խաչատրյանի դեպքում հայտնի է։ Սա է միակ տարբերությւոնը։ Չնայած, այս դեպքում էլ ամեն ինչ չէ, որ հայտնի է։ Օրինակ, մենք չգիտենք, թե քանի այլ Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազանգ է ձայնագրվել։ Բացի դրանից, մենք պատկերացում էլ չունեք այդ հարձակման մասշտաբների մասին․ քանի՞ այլ մարդ է գաղտնալսվել, քանի՞ այլ մարդու հետ Վանեցյանի կամ Խաչատրյանի զանգերն են ձայնագրվել եւ այլն։  Այսինքն, հանրությունը նայում է այն կողմը, դեպի ուր իրեն ցույց են տալիս, սակայն բազմաթիվ այլ հարցեր մնում են թաքնված։

Մյուս խնդիրն այն է, թե ինչու են երկու նման կառույցների ղեկավարներ խոսակցությունը վարել հասարակ բջջային կապով, որը շուտվանից չի համարվում բավարար պաշտպանված, առավել ևս, որ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին հարաբերություններն այն վիճակում չեն, երբ հնարավոր է թույլ տալ նման վրիպումներ։ Հատկապես հաշվի առնելով, որ գաղտնալսման հնարավոր աղբյուրներն ի սզբանե քիչ չեն․ այսօր հասկանալի է, որ հնարավոր է ներքին (ԱԱԾ֊ում) դավադրություն, որ հնարավոր է արտաքին ուժերի ներգրավում, որ հնարավոր է հրավիրել մասնավոր մասնագետների, որոնք կարող են իրականացնել գաղտնալսումը պատշաճ մակարդակով։

Կարծում եմ, խնդիրը նրանում է, որ Հայաստանում առայսօր մշակված չեն տեղեկատվական անվտանգությանը վերաբերող հստակ հայեցակարգ եւ գործառույթներ։ Դարը փոխվել է, սակայն անվտանգության մոտեցումները՝ դեռեւս ոչ։ Չկան հստակ գործառույթներ, որոնք կվերաբերվեին հեռախոսներից օգտվելուն, սմարթֆոնների գործածությանը։ Հնարավոր է, որ ԱԱԾ֊ն ունի իր ներքին նման մոտեցումները։ Սակայն, այս ոլորտում կարեւոր է, որ երկու կողմերն էլ ապահովեն նույն մակարդակի անցտանգություն․ եթե խոսողներից մեկը չի տիրապետում գաղտնագրման եւ պաշտպանության միջոցներին, մյուսի ողջ իմացությւոնը դառնում է անիմաստ, քանի որ զրույցին մասնակցում են երկու հոգի։ Իսկ սմարթֆոնները վտանգավոր են ոչ միայն այն պատճառով, որ հեռախոսազանգը կարող է գաղտնալսվել, այլ նաեւ՝ որ հեռախոսը հարձակման հետեւանքով կարող է առավել մեծ քանակի տեղեկատվություն տրամադրել երրորդ անձին․ շրջակա խոսակցությունների ձայնագրություն, բոլոր հաղորդագրությունները, նույնիսկ մարդու տեղաշարժը օրվա ընթացքում եւ գաղտնի ձայնագրություններ տեսախցիկից։

Եւ սրանք հեռախոսի վտանգներից մի քանիսն են միայն։ Իսկ կան պլանշետներ, համակարգիչներ, խելացի հեռախոսներ։ Եվ դրանք բոլորը կարող են դառնալ պետական գաղտնիքի արտահոսքի աղբյուրներ։ Դրանից պաշտպանվելու երաշխիքը համակարգված մոտեցումն է։ Ընդ որում, հաշվի առնելով տեխնիկական միջոցների գերարագ զարգացումը, այս մոտեցումները պետք է պարբերաբար վերանայվեն եւ թարմացվեն։ Եվ քիչ է այս ամենը պարազպես թղթին հանձնելը, հարկավոր է նաեւ իրականացնել կրթություն, որպեսզի դա դառնա հմտություն, այլ ոչ թե տեսական գիտելիք։ Իսկ այս ամենը հնարավոր կլինի իրականացնել ընդհանուր մոտեցումների մշակումից հետո։ Բացի դրանից, պետք է լինեն պատասխանատու մարմիններ, որոնք դա պետք է իրականացնեն։ Այսօր մեր երկիրը չունի, օրինակ,  կիբերանվտանգության ազգային մարմին, որը կարող էր նմանատիպ գործառույթներ կամ դրանց մի մասը իրականացներ։ Քանի չկա ընդհանրացված մոտեցում տեղեկատվական անվտանգության հարցերին՝ գաղտնալսումները եւ տեղեկատվության արտահոսքերը շարունակվելու են։ Եւ ամենավատը այն է, որ մենք այդ արտահոսքերի մասին չենք իմանալու, ուստի եւ ստեղծվելու է թվացյալ անվտանգության մթնոլորտ։

Share

Comments are closed.