Պայքար կոռուպցիայի՞, թե՞ խորքային պետության դեմ.

«պետության զավթումը» որպես անվտանգության մարտահրավեր


Միքայել Զ
ՈԼՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Երևան

 

Ի՞նչ է պետության զավթումը

Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանի ներքին կյանքի գրեթե ամենաքննարկվող թեման պայքարն է կոռուպցիայի դեմ: Այս թեման քննարկվում է ամենատարբեր տեսանկյուններից՝ բարոյական, իրավական, տնտեսական և այլն: Քննարկվում է նաև անվտանգության տեսանկյունից, այն առումով, որ կոռուպցիան բացասաբար է ազդում պետական համակարգի արդյունավետության վրա, ինչն իր հերթին անդրադառնում է երկրի պաշտպանունակության վրա: Բոլորը հիանալի հիշում են, թե ինչպես 2016թ.  ապրիլյան քառօրյա պատերազմն ի ցույց դրեց զինված ուժերում կոռուպցիայի  ողբերգական հետևանքները: Վերջին ամիսների աղմկահարույց բացահայտումները, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի «կալվածքում» հայտնաբերված «տուշոնկաները», կասկած չեն թողնում առ այն, որ այդ մտավախությունները տեղին էին, և կոռուպցիան անմիջականորեն հարվածում է մեր երկրի պաշտպանունակությանը:

Սակայն, հեղափոխական իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը սրանով չի սահմանափակվում: Ավելին, ինքնին «կոռուպցիայի դեմ պայքար» եզրույթը չափազանց նեղ է՝ նկարագրելու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում այսօր Հայաստանում: Սովորաբար, կոռուպցիայի դեմ պայքար ասելով հասկանում ենք պայքարը կոռուպցիայի այս կամ այն դրսևորումների դեմ, որոնք առկա են պետական համակարգում՝ լինի դա կաշառակերություն, «ատկատներ» կամ նեպոտիզմ (երբ նշանակումները կատարվում են հայերեն ասած «ԽԾԲ» սկզբունքով՝ խնամի, ծանոթ, բարեկամ): Այսինքն, ենթադրվում  է, որ գոյությւոն ունի գործող պետական համակարգ, որի առանձին ներկայացուցիչներ կամ օղակներ «վարակված են» կոռուպցիայով: Սակայն, Հայաստանում, ցավոք, մենք գործ ունենք շատ ավելի լուրջ իրավիճակի հետ, որը քաղաքագիտական գրականության մեջ ընդունված է անվանել «state capture», այսինքն՝ «պետության զավթում»:

Ի՞նչ է նշանակում «state capture» կամ «պետության զավթում»: Խոսքն այն իրավիճակի մասին է, երբ պետության ինստիտուտները զավթվում են որոշակի կազմակերպված ոչ-ֆորմալ խմբերի կողմից և սկսում են ծառայել ոչ թե պետության, այլ այդ խմբերի շահերին: Այդպիսի խմբերը կարելի է անվանել տարբեր կերպ՝ «մաֆիա», «խորքային պետություն», կամ պարզապես «ոչ-ֆորմալ ցանցեր»: Այդ խմբերը կարող են ունենալ տարբեր ծագում. դրանք կարող են ձևավորված լինել քրեական շրջանակների, կուսակցական նոմոնկլատուրայի, գաղտնի ծառայությունների և ուժայինների ներկայացուցիչներից: Մեզանում, կարծես թե, այս երեք աբյուրներն էլ մասնակցել են պետության զավթման գործընթացին:

Պետության զավթումը և խորքային պետությունը Հայաստանում

Կարելի է երկար խոսել Հայաստանում «պետության զավթման» գործընթացի մասին, մասնավորապես՝ այն մասին, թե երբ է սկսվել այդ գործընթացը, որ գործիչները կամ որ խմբերն ու կլաններն են առավել դրան նպաստել, և այլն: Իրականում, սա մի առանձին հետազոտության թեմա է, և մենք այժմ ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունենք մտնելու այդ հարցի մանրամասների մեջ: Առավել ևս, որ, մասնավորապես, «պետության զավթման» գործընթացի սկզբի մասին Հայաստանում առկա են տարբեր տեսակետներ: Այսպես, ոմանք այդ գործըթնացը կկապեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման հետ, ոմանք հետ կգնան դեպի 1990-ականների սկիզբ, ոմանք էլ էլ ավելի հետ՝ դեպի «Լճացման» շրջանի խորհրդային Հայաստան:

Ամեն դեպքում, պետք է արձանագրել, որ 2018թ. «թավշյա» հեղափոխության նախօրեին պետության զավթման գործընթացն այնքան հեռու էր գնացել, որ պետական համակարգը հայտնվել էր կազմալուծման վտանգի առջև: Արտաքինից դա այնքան էլ ակնհայտ չէր, բայց թերևս հենց այդ հանգամանքն էր պատճառներից մեկը՝ թե ինչու այդքան հզոր թվացող ՀՀԿ-ական իշխանության բուրգը փլուզվեց մի քանի շաբաթվա ընթացքում: Մյուս կողմից, հենց պետության զավթման տրամաբանությունն է նաև բացատրում, թե ինչու իշխանությունը կորցնելուց հետո, հակառակ որոշ կանխատեսումների, ՀՀԿ-ն չլուծարվեց, ինչպես դա տեղի է ունեցել նման իրավիճակներում այլ երկրների «իշխող կուսակցությունների» հետ: Բանն է այն է, որ ՀՀԿ-ն ոչ թե ընդամենը քաղաքական կուսակցություն էր, այլ պետությունը զավթած ոչ-ֆորմալ ցանցի մի հատված:

Բավականին հաճախ կարելի է լսել, որ նախահեղափոխական Հայաստանի պետական համակարգն անարդյունավետ էր գործում: Իրականում, դա այնքան էլ ճիշտ չէ: Այո, համակարգը անարդյունավետ էր, եթե ենթադրում ենք, որ այդ համակարգի գործունեության իմաստը Հայաստանի քաղաքացիների շահերը սպասարկելն էր: Սակայն, եթե ընդունենք, որ Հայաստանում տեղի էր ունեցել պետության զավթում, ակնհայտ է դառնում, որ իրականում համակարգը շատ էլ արդյունավետ էր գործում, պարզապես նրա գործունեության առաջնահերթություններն էին ուրիշ: Պետական համակարգի գործունեության առաջնային նպատակը ոչ թե երկրի և նրա քաղաքացիների, այլ պետական ինստիտուտները գրաված խմբերի շահերի սպասարկումն էր: Իհարկե, ճիշտ չէր լինի ասել, որ երկրի քաղաքացիները շահերը համակարգին ընդհանրապես չէին հետաքրքրում: Ինչ-որ չափով համակարգը աշխատում էր նաև այդ ուղղությամբ, բայց դա առաջնային նպատակը չէր, և երբ դրանք հակասության մեջ էին մտնում պետական ինստիտուտները գրաված խմբերի շահերի հետ՝ քաղաքացիների շահերը, բնականաբար, պետք է անտեսվեին:

Եվ եթե մենք այդ տեսակետից ենք նայում հեղափոխոթյունից առաջ Հայաստանում գոյություն ունեցած համակարգին, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում՝ թե՛ ընտրաշառքները, թե՛ Մանվել Գրիգորյանի տուշոնկաները, թե՛ Սուրիկ Խաչատրյանի կամ Ալեքսանդր Սարգսյանի որդիների արկածները, թե՛ զրահամաքենաների մեջ վառելիքի փոխարեն լցված ջուրը, թե՛ հանուն Հյուսիսային պողոտայի կառուցման իրենց տներից զրկված մարդիկ, թե՛ մնացած ամեն ինչը: Վերցնենք, օրինակ, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որի շինարարության ժամանակ, ինչպես վերջերս պարզվեց, փոշիացվել էր 23.5 մլրդ դրամ: Երկրի քաղաքացիների շահերը սպասարկելու տեսակետից, իրոք, գործ ունենք խայտառակ արդյունավետության հետ: Բայց, եթե հաշվի առնենք, որ պետության զավթման պայմաններում համակարգի առաջնահերթությունները միանգամայն այլ են, պարզ է դառնում, որ, ընդհակառակը, Հյուսիս-Հարավ մայրուղին խիստ արդյունավետ պրոյեկտ էր, որի շնորհիվ մի շարք պաշտոնյաներ զգալիորեն հարստացան: Այսինքն, պետության զավթման պայմաններում նման պրոյեկտների հիմնական նպատակը հենց իշխող խավի ներկայացուցիչների հարստացումն էր, իսկ ճանապարհը կկառուցվի, թե ոչ՝ արդեն երկրորդական հարց էր: Իհարկե, եթե ձեռի հետ մի հատ էլ ճանապարհ կառուցվեր, դա չէր խանգարի, բայց համակարգի գործունեության հիմնական նպատակը դա չէր:

Խորքային պետությունը նահանջում է, բայց չի հանձնվում

Եւ ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ հեղափոխության արդյունքում: Պետությունն  ազատագրվեց, սակայն այդ ազատագրումը լիարժեք չէ: Պետության զավթմանը մասնակցած խմբերի բազմաթիվ ներկայացուցիչներ այս կամ այն կարգավիճակով շարունակում են մնալ պետական ինստիտուտներում: Ըստ էության, առայժմ, ազատագրվել է պետական իշխանության միայն մեկ ճյուղը՝ գործադիրը, այն էլ ոչ ամբողջապես: Օրենսդիր իշխանությունը, ըստ էության, շարունակում է մնալ խորքային պետության քաղաքական թևի՝ ՀՀԿ-ի վերահսկողության տակ: Դատական իշխանությունում շարունակում են գերակշռել մարդիկ, ովքեր կապված են խորքային պետության հետ: Խորքային պետության ներկայացուցիչները կամ դրա հետ ակտիվ համագործակցած մարդիկ շատ են տեղական ինքնակառավարման մարմիններում, ուժային կառույցներում, ԲՈՒՀ-երի և դպրոցների ղեկավարությունում, և այլն: Խորքային պետությունը տիրապետում է ֆինանսական հսկայական ռեսուրսների, որոնք նաև թույլ են տալիս ձեռք բերել համապատասխան մեդիա ռեսուրսներ, ինչպես նաև ծավալել ակտիվ լոբբիստական գործունեություն արտասահմանում:

Եվ այսպիսով, այն գործընթացը, որն այսօր տեսնում ենք, շատ ավելին է, քան պարզապես պայքար կոռուպցիայի դեմ: Կոռուպցիան, այս կամ այն չափով, առկա է ցանկացած երկրում, այնգամ ամենազարգացած պետություններում: Սակայն, շատ ավելի քիչ են պետությունները, որոնք վերահսկվում են ոչ-ֆորմալ կազմակերպված խմբերի, այլ կերպ ասած՝ մաֆիայի կամ խորքային պետության կողմից: Հայաստանում այսօր այդ խորքային պետությունը կրել է մի շարք պարտություններ, հայտնվել է ոչնչացման եզրին և այժմ մղում է կենաց ու մահու պայքար իր գոյատևման համար: Այդ պայքարում օգտագործվում են ցանկացած մեթոդներ՝ ԶԼՄ-երի միջոցով կեղծ նորություններ տարածելուց մինչև ՀՀ ներքին գործերին օտար պետությունների միջամտության մասին աղերսանքներ:

Կարծում եմ, խորքային պետության ռեվանշի շանսերը նվազագույն են: Ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի բնակչության մեծամասնությունը դուրս եկավ այդ խորքային պետության դեմ և ցանկացած պահին, երբ այդ խորքային պետությունը փորձի նորից տիրանալ իշխանության լծակներին, փողոցները նորից կհեղեղվեն բողոքող մարդկանցով: Սակայն, դա չի նշանակում, որ խորքային պետության ներկայացրած վտանգն այսօր կարելի է թերագնահատել: ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսումը հենց դրա վկայություն է: Որքան էլ հուժկու են այն հարվածները, որոնք ստացել է խորքային պետությունը, այն դեռևս ունի լայն հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել ի վնաս մեր երկրի: Հետևաբար, այդ խորքային պետության մնացորդների ապամոնտաժումը, պետության մնացած ինստիտուտների ազատագրումը և պետության զավթման հետևանքների վերացումն այսօր մեր երկրի առջև կանգնած կաևորագույն մարտահրավերներից են:

Share

Comments are closed.