Անվտանգության միջավայրի գորշ գոտիները


Հրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Քաղաքագետ
Ստեփանակերտ

Արձանագրելով, որ միջազգային անվտանգության միջավայրը կրում է որակական փոփոխություններ, նոր մարտահրավերներին արձագանք ձևավորող կազմակերպություններն իրավունք չունեն հետագային թողնել մարտահրավերների տեսաբանական իմաստավորումն ու արձագանքների ձևավորումը՝ վկայակոչելով խույս տվող դինամիկան «բռնելու» և ապագայի ոչ հակասական ներքին տեսլականը ստեղծելու անհնարինությունը։  Ազգային անվտանգությունը (ԱԱ) ներառում է հասարակության և հասարակական կյանքի մաս կազմող տարրերն ու համակարգերը։ Տվյալ համակարգերի զարգացումն ու գործառնությունը պահանջում են հայեցակարգեր և գիտակարգեր, որոնց հիման վրա կառուցվում է հասարակությանը սպառնացող մարտահրավերների ու վտանգների և դրանց արձագանքելու միջոցների թեպետև ոչ անթերի, բայց արդյունավետ ըմբռնումը։

Ազգային անվտանգության, պատերազմի և ռազմավարության հետազոտողները, խորացնելով անվտանգության միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների ըմբռնումը, նոր հասկացություններ, մոդելներ և հայեցակարգեր են մշակում։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում խաղաղության, ճգնաժամի և պատերազմի, ինչպես նաև ազգային հզորության ռազմական և ոչ ռազմական տարրերի միջև սահմանների տարրալուծման խնդրին։ Հիշյալի արդյունքը անվտանգության «գորշ գոտիների» ձևավորումն է, որոնց մեջ գործում են միջազգային հանրության կողմից ճանաչված և չճանաչված պետական և ոչ պետական դերակատարները։Գորշ գոտում ծավալվող գործընթացների գնահատման անդրադարձային մոտեցումը թույլ չի տալիս ըմբռնել, որ մի շարք դերակատարների համար գորշ գոտին միայն ռազմամարտի տարածության յուրահատուկ տեղանք, տարածաշրջան կամ անվտանգության միջավայր չէ։ Խոսքը ազգային հզորության բոլոր տարրերի վրա հիմնված՝ խաղաղության, ճգնաժամի և պատերազմի ողջ երանգային տիրույթում գործող ռազմավարության և մարտավարության, ազգային նպատակներն իրագործելու համակարգված ջանքերի մասին է։[1] «Գորշ գոտի» եզրույթն առաջին անգամ ի հայտ է եկել 2010թ. ԱՄՆ «Պաշտպանության նախարարության քառամյա կանխատեսման» մեջ՝ օտարերկրյա պետություններին ռազմական օգնություն ցուցաբերելու հետ կապված խնդիրների քննարկման բաժնում։[2] Հոդվածում նշվում էր, որ «պաշտպանության, դիվանագիտության և զարգացման միջև տարանջատում…պարզապես գոյություն չունի»,[3]ուստի Պենտագոնը պահանջում էր, որ այլ նախարարությունները, գերատեսչություններն ու գործակալությունները համակարգեին իրենց ջանքերը գորշ գոտուց բխող սպառնալիքներին պատշաճ արձագանք ձևավորելու համար։

Բանակային ռազմական քոլեջի ներկայացուցիչ Մայքլ Մազարայի կարծիքով՝ գորշ գոտու ամենակարևոր բնութագրումները վերաբերում են ոչ ավանդական զինված ուժերն ու գործողությունները լայնորեն օգտագործող դերակատարների մարտավարությանն ու մտադրություններին՝ միջազգային ասպարեզի պետական և ոչ պետական դերակատարների վրա ազդեցություն գործելու նպատակով։[4] Ընդ որում, հակամարտությունն իրականացվում է այնպիսի միջոցներով, որոնք թույլ են տալիս խուսափել դիմակայության այնպիսի սրացումից, որին կհետևեր տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ուժի կենտրոնների միջամտությունը։ Այսպիսի գործողությունները «հզոր և գիտակցված» ջանքերն են՝ լայնածավալ ռազմական հակամարտությունից խուսափելու ճանապարհով քաղաքական և ռազմավարական նպատակներին սահմանափակ կառավարվող սրացման միջոցով հասնելու համար։[5]

Անտուլիո Էչևարիան նույնպես կարծում է, որ գորշ գոտու հայեցակարգն օգտագործող դերակատարների գործողությունները նպատակադիր կերպով մնում են  միջազգային հանրության ռազմական պատասխան արձագանքը պահանջող նշաձողից ներքև։ Ընդ որում, նրանք գիտակցաբար օգտագործում են «ռազմական հակամարտության արևմտյան հայեցակարգը և պատերազմի հանդեպ վաղեմի «նողկանքը»՝ իրենց առջև դնելով հենց «ռազմանման» նպատակներ»։[6] Դա մի շարք դերակատարների թույլ է տալիս կիրառել թույլատրելիի սահմանին գործելու (brinksmanship)[7] ռազմավարություն, որը Թոմաս Շելինգն անվանել է «ռիսկի դիմելու կարողության մրցույթ»։[8]

Ֆրենկ Հոֆմանը նշում է, որ Միացյալ Նահանգները տառապում են այն«ռազմավարական մշակույթից», որը չի ճանաչում «մարդկային հակամարտությանը հանգեցնող տարբեր ձևերի բազմազանությունը»։[9] Ասվածի հետևանք են դառնում հաջողության քաղաքական և հասարակական չարդարացված սպասումները, ռազմական հզորության կիրառման արդյունավետության հանդեպ պարզեցված մոտեցումները և հակառակորդների ու միջազգային հակամարտության ողջ համատեքստի մասին «միամիտ» պատկերացումները։[10]

Կարելի է համաձայնվել ուսումնասիրողների այն մտքին, որ դերակատարների մի մասը գիտակցաբար ծրագրում և ռազմարշավ է իրականացնում հենց գորշ գոտու ներսում։ Սակայն ազգային հզորության ռազմական և ոչ ռազմական գործիքներն ու հակամարտության խաղաղ և բռնի ձևերը տարանջատող շրջանակային կաղապարն ինքնին ճիշտ չէ։ Գորշ գոտում գործող դերակատարներն օգտագործում են ազգային հզորության բոլոր գործիքները՝ թե որոշ հաջորդականությամբ, և թե՜ միաժամանակ՝ կիրառելով դրանք ճգնաժամի և պատերազմի ողջ երանգային տիրույթում։[11]

Օրինակ՝ Չինաստանի ռազմավարական միտքը նախընտրում է չտարբերակել ազգային հզորության ռազմական և ոչ ռազմական գործիքները և խուսափում է հակամարտության ռազմական և ոչ ռազմական փուլերի տարանջատումից։ 1999թ. Ցյաո Լյանը և Վան Քսիենգսուին հրատարակել են «Անսահմանափակ պատերազմ»[12] գիրքը, որում քննում են ամերիկյան հզորությանը դիմագրավելու ռազմավարությունը։ Չինացի տեսաբանները լավագույն դեպքում զանազանում են պատերազմի կինետիկ և ոչ կինետիկ ձևերը՝ 21-րդ դարի դիմակայությունների շարունակականությունը դիտելով որպես պատերազմի ընդհանրական տիրույթ։  Ցյաո Լյանը և Վան Քսիենգսուին ձևակերպում են ութ սկզբունք, որոնցով պետք է առաջնորդվեն զարգացող երկրները սեփական ազգային շահը հետապնդելու համար՝ բազմուղղվածություն, սինքրոնացում, սահմանափակ նպատակներ, անսահմանափակ միջոցներ, ապագծայնություն, նվազագույն սպառում, բազմաչափումային համակարգում և ողջ գործընթացի կարգավորում և կառավարում։

Կարելի է հիշատակել նաև «ռազմական գործողությունների երեք տեսակի» կամ «երեք պատերազմների» չինական ռազմավարական հայեցակարգը, որը 2003թ. Չինաստանի Կոմունիստական կուսակցության և Կենտրոնական ռազմական խորհրդի կողմից ճանաչվել է ռազմական գործողությունները վարելու կարևոր տարր։ Նշված հայեցակարգը ԱԱ արևմտյան մասնագետների ուշադրության կիզակետում է հայտնվել մի քանի տարի առաջ, երբ 2014թ. պատրաստվել է Պենտագոնի «Ընդհանուր գնահատականների վարչության» համար զեկույցը։[13]

Այսպիսով՝ գորշ գոտիներ պարունակող անվտանգության միջավայրը հարկադրում է պատրաստ լինել տարբեր տեսակի (դասական, անկանոն, հիբրիդ) և մակարդակի ռազմական հակամարտություններին մասնակցելուն, ընդ որում՝ այնպիսի պայմաններում, երբ խաղաղության, ճգնաժամի և պատերազմի միջև սահմանները պայմանական են։ Գորշ գոտու իսկական բնույթի բացահայտման սխալը որոշ դերակատարներին հնարավորություն է տալիս օգտագործել միջազգային հանրության՝ ռազմական միջամտությունից խոուսափելու ցանկությունը՝ սեփական նպատակներին միջազգային իրավունքի, էթիկայի և բարոյականության տեսանկյունից անընդունելի մեթոդներով հասնելու համար։ Ադրբեջանը պատկանում է հենց այդ դերակատարների շարքին։

 

Reference

Echevarria II, Antulio J.Operating in the Gray Zone: An Alternative Paradigm for U.S. Military Strategy.Carlisle, PA: US Army Strategic Studies Institute, April, 2016.

Hermberg, Nicholas. “The Danger of the Gray Zone: Flawed Responses to Emerging Unconventional Threats,” Small War Journal, December 6, 2016.

Hoffman, Frank G. “The Contemporary Spectrum of Conflict: Protracted, Gray Zone, Ambiguous, and Hybrid Modes of War,” in 2016 Index of US Military Strength, The Heritage Foundation, 2015.

Mazarr, Michael J.Mastering the Gray Zone: Understanding a Changing Era of Conflict.Carlisle, PA: US Army Strategic Studies Institute, December, 2015.

Qiao, Liang and Wang Xiangsui.Unrestricted Warfare: Assumptions on War and Tactics in the Age of Globalization. FBIS trans., Beijing: PLA Literature Arts Publishing House, February 1999.

Schelling, C. Thomas. Arms and influence. New Haven, CT: Yale University Press, 1966.

U.S.Department of Defense, Quadrennial Defense Review Report. Washington, D.C.February, 2010, p. 73.

U.S. Department of Defense. Chine: The Three Warfare.Stefan Halper, for Andy Marshall, Director of Office of Net Assessment, Office of the Secretary of Defense, Washington, DC, May 2013.

Арзуманян, Рачья В. Стратегия иррегулярной войны: теория и практика применения. Теоретические и стратегические проблемы концептуализации, религиозные и военно-политические отношения в операционной среде иррегулярных военных действий.Подобщ. ред. А.Б. Михайловского, серия (Новаястратегия, 4) ЦентрСтратегических оценок и прогнозов, Москва, 2015.

 

________
[1]Hermberg, Nicholas. “The Danger of the Gray Zone: Flawed Responses to Emerging Unconventional Threats,” Small War Journal, December 6, 2016.

[2]U.S.Department of Defense, Quadrennial Defense Review Report. Washington, D.C.February, 2010, p. 73.

[3]Ibid, p. 74.

[4]Mazarr, Michael J.Mastering the Gray Zone: Understanding a Changing Era of Conflict.Carlisle, PA: US Army Strategic Studies Institute, December, 2015, p. 2.

[5]Ibid, pp. 11-13.

[6]Echevarria II, Antulio J.Operating in the Gray Zone: An Alternative Paradigm for U.S. Military Strategy.Carlisle, PA: US Army Strategic Studies Institute, April, 2016, pp. 12-13.

[7]Brinkmanship – политика балансирования на грани допустимого (чаще всего войны). Будучи искусным политиком, вы сознательно толкаете ситуацию как можно ближе к кромке хаоса и войны, чтобы достичь желаемых для себя результатов. Причем §в любой игре brinkmanship возможно, что одна из сторон внезапно окажется в состоянии коллапса¦.

[8]Schelling, C. Thomas. Arms and influence. New Haven, CT: Yale University Press, 1966, p. 166.

[9]Hoffman, Frank G. “The Contemporary Spectrum of Conflict: Protracted, Gray Zone, Ambiguous, and Hybrid Modes of War,” in 2016 Index of US Military Strength, The Heritage Foundation, 2015 p. 25.

[10]Ibid, p. 25.

[11]Арзуманян, Рачья В. Стратегия иррегулярной войны: теория и практика применения. Теоретические и стратегические проблемы концептуализации, религиозные и военно-политические отношения в операционной среде иррегулярных военных действий. [Irregular war strategy: theory and practical application. Theoretic and strategic problems of conceptualization, religious and political-military relations in operational environment of irregular warfare]. Под общ. ред. А.Б. Михайловского, серия (Новая стратегия, 4) Центр Стратегических оценок и прогнозов, Москва, 2015.

[12]Qiao, Liang and Wang Xiangsui.Unrestricted Warfare: Assumptions on War and Tactics in the Age of Globalization. FBIS trans., Beijing: PLA Literature Arts Publishing House, February 1999.

[13]U.S. Department of Defense. Chine: The Three Warfare.Stefan Halper, for Andy Marshall, Director of Office of Net Assessment, Office of the Secretary of Defense, Washington, DC, May 2013.

Share

Comments are closed.