«Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը հակամարտության կարգավորման հարցում»

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

Պարոն Գրիգորյան, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանությունները նոր ազդակներով հանդես եկան՝ ԼՂՀ անվերապահ ներգրավում բանակցություններում, բանակցային բնականոն մթնոլորտի ապահովում։ Արդյո՞ք սրանք նախապայմաններ են բանակցությունները վերսկսելու համար, և եթե այո, ապա ի՞նչ եք կարծում՝ դրանք օրակարգ բերելը հեշտացնու՞մ, թե բարդացնում է բանակցությունները։

– Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության ներգրավմանը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, ապա հայկական կողմերը ելնում են այն անշրջելի իրողությունից, որ Հայաստանը չի կարող ստորագրել և չի ստորագրի ԼՂ հակամարտության հանգուցալուծմանն ուղղված որևէ փաստաթուղթ, եթե այն չի ստորագրում նաև Արցախի Հանրապետությունը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ բանակցությունների մի որոշակի փուլում Արցախի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը պիտի ունենա իր որոշիչ ձայնը, այլապես խոսք անգամ լինել չի կարող հակամարտության հանգուցալուծման մասին: Սա նախապայման չէ , սա բխում է վերջնական արդյունքի հասնելու տրամաբանությունից:

Ինչ վերաբերում է բանակցային բնականոն մթնոլորտի վերականգնմանը, ապա մենք տարիներ շարունակ ականատես ենք եղել համանախագահների տարածաշրջան կատարած այցերից, ԵԱՀԿ գագաթնաժողովներից, Նախարարների խորհրդի նիստերից, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումներից հետո Ադրբեջանի կողմից ոչ միայն սահմանային լարվածության սրացմանը, այլ նաև ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու քաղաքականությանը: Անհերքելի է, որ սա լուրջ հարված է հասցրել բանակցային մթնոլորտին: Ըստ այդմ էլ, երբ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային մթնոլորտը, նկատի ունենք փոխվստահության միջոցների ամրապնդումը,    ձեռք բերված   պայմանավորվածությունները  կյանքի կոչելու նպատակով կառուցողական և առարկայական քայլերի իրականացմանը միտված հանձնառության անհրաժեշտությունը: Եթե Ադրբեջանն իսկապես շահագրգիռ է բանակցությունների միջոցով իր լուման ներդնել ԼՂ հակամարտության կարգավորման գործում, ապա պետք է ընդունի, որ բանակցային բարենպաստ մթնոլորտի վերականգնումը, ինչպես նաև Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ այն կանաչ ճանապարհն է, որը կտանի դեպի հիմնախնդրի հանգուցալուծմանը:

Պարոն Գրիգորյան, Հայաստանում անվտանգության ռազմական բաղադրիչը հասկանալի պատճառներով գերկարևորվում է, ստվերելով դրա քաղաքական բաղադրիչը։ Իսկ քաղաքական անվտանգության խոշոր բաղադրիչները, ինչպես հայտնի է, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն են։ Ապրիլմայիս ամիսներին տեղի ունեցածի արդյունքում արդյո՞ք Հայաստանը կարողացել է որոշ չափով նշված երկու բաղադրիչներ անհավասարակշռությունը վերականգնել, և եթե այո, ապա ինչպե՞ս։

– Ինքնիշխանության կարևոր նախապայմաններից մեկը լեգիտիմ իշխանության առկայությունն է, որի պարագայում իշխանությունը, հենվելով ժողովրդի աջակցության վրա, վարում է բացառապես պետական և ազգային շահերի վրա խարսխված քաղաքականություն։ Ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ առանց ժողովրդի մանդատի ժամանակավոր կառավարությունն ի վիճակի չէր լինի նման ծավալի բարեփոխումներ կատարել երկրի ներսում։ Ըստ այդմ, կարող ենք փաստել, որ քաղաքական անվտանգության բաղադրիչներ հանդիսացող ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը հայ ժողովրդի և այս իշխանության գիտակցված ընտրությունն է, ինչը միանշանակ հանգեցնելու է անվտանգության քաղաքական և ռազմական բաղադրիչների հավասարակշռության վերականգնմանը:

– Միանշանակ է, որ Հայաստանի նոր իշխանություններն արմատական քայլեր են կատարում ժողովրդավարության ու ինքնիշխանության ապահովման ուղղությամբ։ Դրանք որոշակի լարում կամ թյուրընկալում կարող են առաջացնել Ռուսաստանում։ Դրա վկայությունն են ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի մասին, ինչպես նաև հայաստանյան գործընթացների վերաբերյալ պատկերացումները ռուսական մամուլում։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր մեխանիզմը հայկական կողմին թույլ կտա կիրառել ինքնիշխանության ու ժողովրդավարության զարգացման գործիքներ՝ միևնույն ժամանակ պահպանելով հարաբերությունների պատշաճ մակարդակը Ռուսաստանի հետ։

– «Թավշյա հեղափոխությանը» հաջորդիվ մենք ականատես ենք լինում Հայաստանում այնպիսի բացառապես ներքին գործընթացների, որոնք ամբողջովին ելնում են հեղափոխության տրամաբանությունից: ՀՀ կառավարության ծրագրի համաձայն ներկայիս կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործումը` որպես մշտական քաղաքական իրողություն: Մենք հետևողականորեն գնում ենք  երկրում կաշառակերության վերացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության հաստատման ուղղությամբ: Այս համապատկերում ներկայումս ինքնիշխանության կիրարկմամբ երկրում տեղի ունեցող ներքին գործընթացները եթե ոչ բացառիկ են, ապա ոչ հաճախ տեղի ունեցող երևույթներ են հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար: Ըստ այդմ, ես օրինաչափ եմ համարում այն, որ մեր միջազգային գործընկերների կողմից կլինեն թյուրըմբռնումներ այս գործընթացների վերաբերյալ, իսկ փորձագիտական մակարդակում, ինչու չէ, նաև հեղափոխության բնույթը խեղաթյուրելուն միտված վերլուծություններ, «հակա» կամ «մետ» որակավորմամբ տարատեսակ հոդվածներ և այլն: Սակայն սա ամենևին չի նշանակում, որ մենք այստեղ անելիք չունենք: Ես բազմիցս իմ հարցազրույցներում և ելույթներում բարձրաձայնել եմ, որ մենք այսօր, առավել քան երբևէ, ինտենսիվ երկխոսության կարիք ունենք Ռուսաստանի և մեր բոլոր միջազգային գործընկերների հետ, ինչի շնորհիվ ոչ միայն դիվանագիտական միջոցներով կշտկվեն առկա թյուրըմբռնումները, այլև ապագայում կբացառենք դրանց օրակարգ մտնելու որևէ հնարավորություն:

Հայաստանը տարիներ շարունակ իր ինտերգրացիոն գործընթացները կապել է Ռուսաստանի հետ։ Մենք ռազմաքաղաքականտնտեսական միևնույն առանցքում ենք։ Մեր նշած քաղաքական անվտանգության երկու բաղադրիչները՝ ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը, արդյո՞ք համատեղելի են այդ ինտեգրացիոն գործընթացների հետ։ Արդյո՞ք դրանք չեն գտնվում հակասության մեջ։

– Ես բազմիցս նշել եմ, որ նույնիսկ մեծ ցանկության պարագայում մենք չենք գտնի աշխարհում ինտեգրացիոն խմբավորում, որտեղ դաշնակիցների միջև չլինեն սուր անկյուններ, թյուրըմբռնումներ և տարաձայնություններ: Եթե նույնիսկ այդպիսի հանգամանքներ կան, ապա դա վկայությունն է այն բանի, որ հարաբերություններում մի կողմի շահը մշտապես գերակայում է մյուսի նկատմամբ: Հայաստանը չի կարող մասնակցել որևէ ինտեգրացիոն գործընթացի, որը այս կամ այն կերպ կսահմանափակի մեր ինքնիշխանության իրավունքը և դրանից բխող որևէ համոզմունք, ինչպիսին, օրինակ, ժողովրդավարությունն է:  Այլ բան է, որ մեր ներքին գործընթացները ճիշտ ըմբռնելու համար որոշ դեպքերում մեր դաշնակիցները և գործընկերները կարող են զգալ լրացուցիչ պարզաբանման կարիք և իրենց մտահոգությունը հայտնել դիվանագիտական խողովակներով կամ երկկողմ պետական մակարդակի հանդիպումների ժամանակ: Այս պարագայում տեղին չէ դա դիտարկելը ինտեգրացիոն գործընթացների հետ հնարավոր հակասության մեջ մտնելու տեսանկյունից:

Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքական շրջադարձեր չեն լինելու։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանն այս պարագայում արդյո՞ք կարողացել է իր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել։ Ու ի՞նչ է անհրաժեշտ անել այդ ուղղությամբ։

– Այն, որ մեր արտաքին քաղաքականության օրակարգը՝ և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերում, առավել քան հագեցած է, արդեն իսկ վկայում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման առկայության մասին:

Հայաստանը զարգացնում է իր ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ ամենատարբեր բնագավառներում:

ԱՄՆ-ն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, հանդիսանում է Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորը, և ներկայիս կառավարությունը նպատակադրված է խորացնելու այդ գործակցությունը՝ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգին աջակցելու ուղղությամբ։

Իրանի և Վրաստանի հետ հետևողականորեն գնում ենք առանձնահատուկ հարաբերություններ զարգացնելու ճանապարհով, որոնք բնորոշ կլինեն անմիջական հարևաններին և հնարավորինս զերծ կլինեն այլ աշխարհաքաղաքական ազդեցություններից։

Ընդլայնվում է փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ: Անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, որը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է և, միևնույն ժամանակ, համագործակցությունը Եվրոպական Միության հետ մեր արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է:

ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը, միևնույն ժամանակ՝ շարունակում ենք քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ արդեն գոյություն ունեցող ձևաչափերում: Եվ այս ցանկը շարունակելի է: Ներկայիս կառավարությունը հենվում է այն համոզմունքի վրա, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն ապահովում է արտաքին քաղաքականության արդյունավետությունը, որի բարձրացման հենքը իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնության մթնոլորտն է և ժողովրդի վստահությունը վայելող կառավարության գոյությունը։

Դիվերսիֆիկացման ապահովման հետագա քայլերից մեկը կլինի օտարերկրյա երկրներում ՀՀ դեսպանատների, մշտական ներկայացուցչությունների,  դիվանագիտական անձնակազմի թվի ավելացումը, ինչն էլ իր հերթին առավել նպաստավոր պայմաններ կընձեռի ՀՀ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնելու համար:

 

Հատուկ «Անալիտիկոնի» համար հարցազրույցը վարեց Մկրտիչ Կարապետյանը

Share

Comments are closed.