Արժանապատվության հեղափոխություն vs արժանապատիվ հեղափոխություն

 


Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Վարշավա

 

ԽՍՀՄ փլուզումից հետո հետախորհրդային տարածքում բազմաթիվ հաջող և անհաջող հեղափոխության փորձեր են տեղի ունեցել, ինչպիսին են, օրինակ, 2003-ին Վրաստանում վարդերի հեղափոխությունը, 2004-ին Ուկրաինայում` նարնջագույն, 2005-ին Ղրղզստանում` կակաչների, նույն տարում Ուզբեկստանում գունավոր հեղափոխություն կատարելու փորձը, 2006-ին Բելառուսում տերեփուկների հեղափոխության փորձը, 2009-ին Մոլդովայում գունավոր հեղափոխությունը, որի արդյունքում Կոմկուսը կորցրեց խորհրդարանում մեծամասնություն ունենալու մենաշնորհը։ 2010-ին Ղրղզստանում տեղի ունեցավ սեխերի հեղափոխությունը՝ երկրորդը, որը պատմության մեջ մտավ Ղրղզստանի Ժողովրդական հեղափոխություն անվամբ։ 2011-2013 թվականներին Ռուսաստանում սպիտակ հեղափոխություն կատարելու փորձեր կատարվեցին:2014-ին աշխարհը ցնցվեց ուկրաինական արյունոտ իրադարձություններով, որոնք պսակվեցին Եվրամայդանի հաղթանակով: Իսկ ահա 2018-ին թավշյա հեղափոխությունների շարքը համալրվեց հայկական ոչ բռնի հեղափոխությամբ: Իհարկե, թվարկվածներից մեծամասնության դեպքում հեղափոխություն եզրույթի չարաշահում կա, քանի որ քաղաքագիտական գրականության մեջ հեղափոխություն է համարվում քաղաքական իշխանության կամ քաղաքական կազմակերպության հիմնարար և հարաբերականորեն հանկարծակի փոփոխության փորձը, որը տեղի է ունենում, երբ բնակչությունը, ելնելով տնտեսական, քաղաքական, սոցիալական կամ այլ պատճառներից, ապստամբում է գործող իշխանությունների դեմ : Իսկ վերոնշյալ դեպքերից շատերում  քաղաքական համակարգը ոչ թե հիմնովին փոփոխության էր ենթարկվում, այլ պարզապես իշխանափոխություն էր տեղի ունենում. մի կոռումպացված իշխանությանը փոխարինում էր մյուսը:

Թվարկվածների շարքում դիտարկենք 2014-ի ուկրաինական հեղափոխությունը և 2018-ի հայկական թավշյա հեղափոխությունը: Չնայած Ուկրաինայում 2004-ին էր տեղի ունեցել գունավոր հեղափոխություն, սակայն հետհեղափոխական իրավիճակը ցույց տվեց, որ չէին արդարացել բնակչության մի ստվար զանգվածի հույսերն ու սպասելիքները: Եվ նույնիսկ 2010-ի նախագահական ընտրությունների արդյունքներով պետության գլուխը դարձավ Վիկտոր Յանուկովիչն, ում ընտրվելուն դեմ էին պայքարում հեղափոխական ուժերը: Այս ամենը երկիրը վերածեց վառոդով լի տակառի, որը պայթեց 2013-ի նոյեմբերին սկսված իրադարձություններով: Նոյեմբերի 21-ին ուկրաինական իշխանությունները հայտարարեցին, որ ետ են կանգնում Եվրամիության հետ բանակցություններից և Արևելյան գործընկերության Վիլնյուսյան գագաթաժողովում չեն պատրաստվում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:

Ավելին` իշխանությունները պատրաստակամություն էին հայտնում խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս ամենը Կիևում և արևմտյան Ուկրաինայում բողոքի մեծ ալիք բարձրացրեց նախ ուսանողության շրջանում, իսկ այնուհետև վերածվեց համազգային ցույցերի: Երկար ամիսների ընթացքում Կիևի կենտրոնը  դարձել էր ռազմադաշտ, ուր ուկրաինացիները պայքարում էին ուկրաինացիների դեմ: Այնտեղ այլևս կարևոր չէին ազգությունն ու կրոնը, այլ կարևոր էր հանուն գաղափարի պայքարը: Կառավարությունը չէր խորշում նույնիսկ դիպուկահարների կիրառումից, որի հետևանքով հարյուրից ավելի զոհեր եղան: Սակայն ուկրաինացիները որոշեցին չընկրկել և պայքարել մինչև վերջ, եթե նույնիսկ այդ վերջը հանգեցնելու էր մահվան: Արյունոտ իրադարձությունները և ժողովրդի աննկուն կամքը ստիպեցին իշխանություններին քաղաքական ճգնաժամի հաղթահարման համաձայնագիր պատրաստել, որը ստորագրվեց Վիտալի Կլիչկոյի, Արսենի Յացենյուկի և Օլեհ Տյահնիբոկի միջև: Իսկ այնուհետև օրվա նախագահ Յանուկովիչը ապաստան ստացավ Ռուսաստանում:

Երբ ապրիլին Երևանի փողոցներում առաջին եիրտասարդական շարժումները ծավալվեցին, ռուսական մամուլի տարբեր հրապարակումներում սկսեցին խոսել նոր Եվրամայդանի մասին: Սակայն ուկրաինական և հայկական հեղափոխությունները առանցքային մի շարք տարբերություններ ունեին: Եթե ուկրաինական հեղափոխության պարագայում սկզբունքային էր արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարցը, ապա Հաայստանի դեպքում նման հրամայական ամենևին էլ չկար: Հայկական հեղափոխությունը հայաստանակենտրոն էր և միտված Հայաստանի ներքաղաքական խնդիրների լուծմանը: Ներկայումս ուկրաինացիներն իրենց հեղափոխությունը կոչում են արժանապատվության հեղափոխություն` այսպիսով ընգծելով, որ չնայած հեղափոխության նպատակը եվրոպամետ արտաքին քաղաքականություն վարելն էր, հեղափոխության արդյունքում վերածնվեց և ամրապնդվեց ուկրաինաական ինքնությունը: Հեղափոխության հետևանքով Ուկրաինայում հայրենասիրության և ագզայնականության կտրուկ աճ է նկատվում: Ուկրաիներենն ավելի մեծ տարածում ունի, վերականգնվել է եկեղեցու մեծ դերակատարությունը, որ ձգտում է առանձնանալ ռուսական ուղղափառ եկեղեցուց:  Արձանագրվում է նաև ռազմական հռետորաբանության կտրուկ աճ:

Հեղափոխությանը հաջորդեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության կորուստը և երկրի արևելյան շրջաններում ցայսօր շարունակվող պատերազմը: Հեղափոխությունից հետո անցկացված ընտրություններում երկրի նախագահ ընտրվեց Պյոտոր Պորոշենկոն, որ մինչ այդ հայտնի օլիգարխներից մեկն էր:  Այնուամենայնիվ,  Կիևի միջազգային սոցիոլոգիական կենտրոնի կողմից անցկացված հարցումները ցույց են տալիս, որ հեղափոխությունից հետո վերականգնվել է նախագահական ինստուտի նկատմամբ վստահությունը: Եթե 2012-ի հարցումների արդյունքներով՝ բնակչության միայն 22%-ն էր վստահում նախագահի ինստիտուտին,  իսկ առաջատար եռյակում էին եկեղեցին, մեդիան և ոչ կառավարական կազմակերպությունները, ապա 2014-ին պատկերը բավականին փոխվել է: Առաջատար եռյակում են բանակը, որին վստահում է բնակչության 76 տոկոսը, նախագահի ինստիտուտը (68%) և եկեղեցին (55%):

Եվրամայդանի արդյունքում կտրուկ մեծացավ եվրոպական ինտեգրման քաղաքականության կողմնակիցների թիվը, ավելացավ նաև ՆԱՏՕ-ի անդամ դառնալու պատրաստակամություն հայտնողների քանակը, անկախության կողմնակաիցների թիվը, ավելի լայն հնարավորություններ ստեղծվեցին մամուլի բնականոն գործունեության և խոսքի ազատության համար: Միաժամանակ՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանի դեմ պատերազմն իշխանությունները դարձրել են պատրվակ` երկրում առկա սոցիալ-քաղաքական ծանր վիճակը արդարացնելու համար: Ինչպես շատ պատերազմող երկրների պարագայում, այնպես էլ Ուկրաինայի դեպքում,  իշխանություններն օգտագործվում են  պատերազմի խաղաքարտը` կոծկելու համար ձախողումները: Սակայն Ուկրաինայում այդ ամենը հակառակ արդյունքն է տալիս: Այսպես, հարցումները ցույց են տալիս, որ չնայած երկրում տնտեսական աճ է գրանցվել և աղքատության նվազում, սակայան բնակչության մոտ հակառակ ընկալումները կան: Ուկրաինացիների մի ստվար զանգված համարում է , որ նրանք ավելի լավ էին ապրում 2014-ի հեղափոխությունից առաջ: Այս պարագայում գործ ունենք հակահեղափոխական քարոզչության հետ: Չնայած ուկրաինացիները գնալով հարաժարվում են ռուսական մեդիաաղբյորներից, սակայն դեռևս բավականին մեծ է դրանց քարոզչական ազդեցությունը:

Բացի այդ, մարդկանց սպասելիքները չափազանց մեծ էին հեղափոխությունից, իսկ կատարված աշխատանքը` բավականին քիչ: Համաձայն Transparency International միջազգային կազմակերպության դասակարգման՝ Ուկրաինան աշխարհի 80 երկրների շարքում 130-րդ տեղն է զբաղեցնում կոռուպցիայի մակարդակով: Ernst & Young-ը 2012-ին Ուկրաինան, Բրազիլիայի և Կոլումբիայի հետ միասին, համարել էր աշխարհի ամենակոռումպացված երեք երկներից մեկը, իսկ ահա 2017-ին այդ կազմակերպության մասնագետները Ուկրաինան համարել են աշխարհի ամենակոռումպացված երկիրը: Ավելին` նույնիսկ Guardian–ը հրապարակումներից շատերում Ուկրաինային անվանում է Եվրոպայի ամենակոռումպացված պետությունը: Այսպիսով, չնայած օբյեկտիվ պատճառներին, ինչպիսին պատերազմն է, կա նաև քաղաքական կամքի բացակայություն, որն ուկրաինացիներին զրկում է արժանապատիվ ապրելու հնարավորությունից նույնիսկ արժանապատվության հեղափոխությունից հետո:

Հայաստանի պարագայում հեղափոխության դրդապատճառները բոլորվին այլ էին, և արտաքին քաղաքականության ուղեգծի փոփոխության օրակարգ ամենևին էլ չկար: Պատահական չէ, որ այն ստացավ «թավշյա հեղափոխություն» անվանումը: «Թավշյա հեղափոխություն» անվանումը առաջին անգամ կիրառվել է 1989-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Չեխոսլովակիայում ծավալված խաղաղ քաղաքացիական ապստամբության համար: 1989 թվականի նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ուսանողների առաջին զանգվածային ցույցը, իսկ դեկտեմբերի 29-ին խորհրդարանը այլախոհ գրող Վացլավ Հավելին ընտրեց Չեխոսլովակիայի նախագահ: Հետագայում «թավշյա հեղափոխություն» եզրույթը սկսեցին օգտագործել խաղաղ իշխանափոխության դեպքերի համար: Իսկ արտահայտության հեղինակը Չեխոսլովակիայի Քաղաքացիական ֆորումի մամուլի քարտուղար Ռիտա Կլիմովան է, ով նաեւ Վացլավ Հավելի թարգմանիչն էր:

Ի տարբերություն Եվրամայդանի՝ Հյաստանում, բարեբախտաբար, զոհեր չեղան, ինչը վկայում է քաղաքացիական հասունության և ժամանակի իշխանությունների դրսևորած խոհեմ վարքագծի մասին: Հայաստանի պարագայում ոչ թե արժանապատվության, այլ արժանապատիվ հեղափոխություն տեղի ունեցավ: Սակայն մի հարցում հայաստանյան և ուկրաինական հասարակությունները բավականին նման են: Երկուսն էլ հետհեղափոխական շրջանում ահռելի մեծ սպասելիքներ ունեն իշխանություններից: Մարդիկ ցանկանում են անմիջապես տեսնել իրենց պայքարի պտուղները: Այս տեսանկյունից հետհեղափոխական իշխանությունները պատասխանատվության մեծ չափաբաժին են ստանձնում, ցանկացած թերացում խիստ քննադատության է արժանանում: Չնայած հետհեղափոխական շրջանում  Հայաստանում տեսանելի արդյունքներ կան, սակայն առայժմ վաղ է դատել հեղափոխության պտուղների մասին:  Դեկտեմբերին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք Խորհրդարանն ու կառավարությունն էլ կստանձնեն երկիրը վերափոխելու ծանր պատասխանատվությունը:

Share

Comments are closed.