Որտեղ փնտրել հակահեղափոխությունը

 


Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ
Քաղաքագետ
Երևան

 

Մայիս ամսից սկսած Հայաստանի քաղաքական դիսկուրսի գլխավոր թեմաներից էր հակահեղափոխություն, կամհակահեղափոխության վտանգը ։

Այն հարցը, թե արդյոք ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ուղղակի ժողովրդի ճնշմամբ իշխանափոխություն, դեռևս գաղափարաբանական առումով չի քննարկվել, ինչպես նաև հիմնավորված չէ հակահեղափոխության հնարավորության թեզը։ Այնուամենայնիվ, այդ հարցադրումը դարձել է քաղաքական գործընթացների առանցքը։ Փաստորեն հիմնական թեման ոչ թե հեղափոխությունն է և դրա իմաստավորումը, քաղաքական ու իրավական տեքստերի հանրային քննարկումները, այլ հակահեղափոխության, կամ ավելի ճիշտ՝ նախկին իշխանության ռեստավրացիայի վտանգը։ Դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ «հակահեղափոխությունը» բարձրացրել է «սպիտակ դրոշը» և հանձնվել, որից հետո քաղաքական  դաշտը ինտելեկտուալ կոմայի մեջ է մտել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտություն է առաջանում այդ խնդրին ևս մեկ անգամ անդրադառնալ՝ արդեն հանգիստ մթնոլորտում, առանց վտանգի սպասումների։

«Հակահեղափոխության վտանգի» սպառնալիքն իր ազդեցությունն ունեցավ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքի վրա։ Քաղաքացիները ընտրեցին ոչ թե ավագանի, այլ «ոչ» ասացին «հակահեղափոխությանը»։  Ցանկացած հեղափոխություն, կամ ժողովրդի ճնշմամբ իրականացված իշխանափոխություն  նման դրսևորումներ է ունենում։ «Հակահեղափոխության» իրական, կամ չափազանցացված վտանգը որոշ ժամանակ դառնում է քաղաքական գործընթացների առանցքը։ Դա կարող է տևել տարիներ, կարող է կարճատև դրսևորումներ ունենալ։ Դա ավելի շուտ հիշեցնում է քաղաքական տեխնոլոգիա՝ որոշակի նպատակների հասնելու համար։

Նման դիսկուրսները խոչընդոտում են քաղաքական դաշտի ձևավորմանը։ «Հակահեղափոխության» վտանգի պայմաններում հանրությունից պահանջում են մոբիլիզացիա և թշնամիների օջախների վերացում։ Հասկանալի է, որ հին համակարգը մերժելու և նոր համակարգ հաստատելու համար նոր գաղափարներ և նոր քաղաքական կառույցներ են անհրաժեշտ,սակայն դա կարող է տեղի ունենալ ազատ մթնոլորտում, ազատ խոսքի և քննարկումների արդյունքում, երբ հանրությունն ազատվում է տարբեր ֆոբիաներից,  ու սկսվում է ստեղծագործական փուլը։

Ակնհայտ է, որ Երևանի ավագանիում չեն կարող տեսակետների իրական բախումներ լինել, քանի որ քննարկումների և որոշումներ ընդունելու համար կա ճնշող մեծամասնություն կազմող ֆրակցիա։ Ակնհայտ փոքրամասնություն կազմող ընդդիմությունն որոշումների վրա ազդելու որևէ լծակ չունի։

Նույն պատկերը մենք կարող ստանալ հաջորդ ԱԺ-ում։ Այս առումով կարևոր է ավելի հանգամանալից անդրադառնալ «հեղափոխություն-հակահեղափոխություն» դիսկուրսին լրիվ այլ տեսանկյունից։

Հեղափոխությունների պատճառը միշտ չէ, որ անարդարությունն է լինում, կամ կոռուպցիան, դրանց պատճառներն ավելի խորքային են, օրինակ՝ անաշխատունակ կամ ցածր վարձատրվող երիտասարդների քանակի աճը, կամ անգամ կլիմայական փոփոխությունները: Օրինակ, Սիրիայի դեպքերի պատճառը շատ բարձր բնական աճն էր, երբ մի քանի տասնամյակի ընթացքում բնակչությունը 6 միլիոնից հասավ մոտ 20-ի, որին հաջորդեց  երկարատև երաշտը։ Առանց աշխատանքի մնացին միլիոնավոր երիտասարդներ, որոնք գյուղերից լցվեցին քաղաքներ, հետագայում համալրեցին ընդդիմության, կամ իսլամական ֆունդամենտալիստների շարքերը: Իշխանությունն ի վիճակի չէր այդ խնդիրները լուծել, իսկ իսլամում սոցիալական արդարության տեսությունները բավականին ուժեղ են։

Նույնը Ֆրանսիական հեղափոխության մասին է կարելի ասել, երբ բնակչության կտրուկ աճ արձանագրվեց, որին հաջորդեց տնտեսական խորը ճգնաժամ: Հեղափոխական իդեալներն ունենում են մոտիվացիոն նշանակություն, այլ ոչ թե պատճառ են հանդիսանում: Նման պայմաններում «կաբինետներում» մշակված տեսությունները դառնում են հրապարակների սեփականությունը և հեղափոխության գաղափարաբանական հիմնավորումները։ Պատերազմներում Նապոլեոնը երեք սերունդ ֆրանսիացի տղամարդ ոչնչացրեց, որից հետո Ֆրանսիան խաղաղվեց:

Պատմությունից օրինակներ շատ կարելի է բերել, մասնավորապես՝ Խաչակրաց արշավանքների հիմնական պատճառներից էր Եվրոպայի բնակչության աճը, որի ավելցուկը տանում էին արշավանքների, նրանցից ազատվելու և հեղափոխություններից զերծ մնալու համար:Սակայն «ավելորդ» բնակչության քանակի աճը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի ժողովրդագրական պայթյունով։ Տնտեսության անկումը կարող է առաջ բերել սոցիալական լարվածության ու տնտեսապես  «ավելորդ» բնակչության գոյացմանը։ Տարբեր պատճառներով էմիգրացիայի տեմպերի նվազումը նույնպես կարող է սոցիալական լարվածություն առաջ բերել, հատկապես երբ երիտասարդներն իրենց երկրում անկարող են լինում արժանապատիվ կյանքով ապրել։ Հայաստանում, ըստ վիճակագրության, գործազուրկների տոկոսը մոտ 20%-ի է հասնում, և նոր կառավարությունը այդ խնդրի լուծումը դեռևս չունի։

Հեղափոխությունների մյուս պատճառը «սոցիալական լիֆտերի» բացակայությունն է լինում, երբ ավելի ընդունակների ու հավակնոտների համար սոցիալական կարգավիճակի բարձրացումը դառնում է անհնարին, իսկ բարձր շերտերում գտնվող անհաջողակներն արհեստականորեն մնում են իրենց դիրքերում։ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նման իրավիճակ էր, երբ տնտեսական մենաշնորհների ու նոմենկլատուրային շարքերի արհեստական արգելանքները փակել էին «սոցիալական լիֆտերի» դռները, ինչի արդյունքում ևս լրացուցիչ լարվածություն էր առաջանում։ Հեղափոխությունից հետո ակտիվ երիտասարդները միանգամից բարձրացրեցին իրենց սոցիալական կարգավիճակը, սակայն դա չի նշանակում, որ հետագայում սոցիալական լիֆտը կկարողանա աշխատել, «լիֆտի դռները» կարող են նորից փակվել։

Եթե փորձենք դուրս գալ  ձևավորված մտավոր մատրիցայից և այս տեսանկյունով մոտենանք իրավիճակին, ապա  «հեղափոխության-հակահեղափոխության»  թեման այլ դրսևորումներ է ստանում։

Հիմա խնդիրը հետևյալն է. արդյո՞ք հեղափոխության շարժիչ ուժի` երիտասարդների սպասելիքները կառավարությունը կկարողանա արդարացնել, հատկապես երբ խորհրդարանը մնա առանց իրական ընդդիմության, և ողջ պատասխանատվությունը ատանձնի ապագա կառավարությունը, հետագայում ձևավորվող ընդդիմությանը հանձնելով փողոցը: Այդ ընդդիմությունը ոչ ՀՀԿ-ն է լինելու, ոչ ԲՀԿ-ն ու ոչ էլ ՀՅԴ-ն, դա «սպիտակ» և «հեղափոխական» ընդդիմություն է լինելու, որը շատ խոսել չի սիրելու:

Հեղափոխությունների հիմնական պատճառը սոցիալական խնդիրներն են, սակայն երբ ինտելոկտուալ էլիտան ձևակերպում է նոր աշխարհայացք և հանրությանը հիմնավորում է, որ իր խնդիրների պատճառը անարդյունավետ կառավարման ձևն էր և հին արժեքային դաշտը ու առաջարկում է նոր կառավարման ձև ու նոր արժեքներ, որոնք նոր կարգախոսներով են մատուցվում, ապա տեղի ունեցող իշխանափոխությունը կոչվում է հեղափոխություն։ Հեղափոխվում է հանրության աշխարհայացքը, փոխվում են կառավարման ձևերը և ձևավորվում է նոր ազգ ( տվյալ պարագում «ազգ» եզրույթի քաղաքական իմաստը նկատի ունեմ), իսկ երբ էլիտան ի վիճակի չի լինում հանրությանը առաջարկել նոր արժեքային համակարգ, որը հեղափոխի հանրության կյանքը, ապա գործ ունենք սովորական իշխանափոխության հետ։ Այս դեպքում «հակահեղափոխությունը» նման աշխատանք կատարելու անկարողությունն է։ Այլ տեղ հակահեղափոխություն փնտրել պետք չէ։

Share

Comments are closed.