Ումի՞ց սպասել հակահեղափոխություն


Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լրագրող
CivilNet.TV

 

Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ներքաղաքական կյանքի օրակարգում հայտնվող հարցերը սկսեցին ուրվագծվել ու քննարկվել հեղափոխության ու հակահեղափոխության դիտանկյունից։ Ու քանի որ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների պահպանումը քաղաքականապես ակտիվացած հանրության համար առաջնային է ու սկզբունքային, հնարավոր հակահեղափոխության դեմ քաղաքական խոսքը ընդունելի էր հանրային լայն հատվածի համար։Հայաստանի նախկին իշխանություններն իրենց հերթին ջանք չխնայեցին սեփական հայտարարություններով ու քայլերով ստեղծելու մի այնպիսի մթնոլորտ, որտեղ իրենք իրենց դրեցին հակահեղափոխության թիրախի կարգավիճակում։ Սկսած Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը հաջորդած հայտարարություններից, վերջացրած ԱԺ կանոնակարգ-օրենքում հոկտեմբերի սկզին կատարած հանկարծակի ու հապճեպ փոփոխություններով՝ Հանրապետականը գրեթե ամեն ինչ արեց հեղափոխության ու հակահեղափոխության դիսկուրսում որպես երկրորդի կողմնակից  երևալու համար։ Սա, իհարկե, դեռ իր քաղաքական հետևանքները կունենա ՀՀԿ-ի վրա, ու սրա լավագույն ստուգատեսը կլինի խորհրդարանական արտահերթ ընտրություններում այս ուժի ցուցադրած արդյունքը։ Ու թեև Երևան քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքներն ու հոկտեմբերի 2-ին վարչապետի մեկ կանչով տասնյակ հազարների ներկայությունը խորհրդարանի մատույցներում տալիս են հակահեղափոխության հնարավորության մասին որոշակի ու ընդհանրական պատկերացումներ, անհրաժեշտ է չոր փաստերի համադրմամբ գնահատել ու հասկանալ Հայաստանում հակահեղափոխության հնարավորությունը։

Ո՞վ կարող է Հայաստանում իրականացնել հակահեղափոխություն։ Որո՞նք են այն ուժերը, որ ունակ են կառավարության շուրջ ձևավորված վստահության ու համակրանքի պայմաններում իրականացնել այնպիսի քայլեր, որոնք հետ կշրջեն հեղափոխության անիվը։ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին նման ուժերի շարքում դասեց ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին։ Բայց ակնհայտ է, որ բացի այս ուժերից՝ պետական ապարատի որոշ շերտեր՝ միջին, որոշ գերատեսչությունների դեպքում ներառյալ նաև բարձր օղակերում, այնքան էլ ոգևորված չեն հեղափոխությամբ և դեռ ավելին՝ այս շերտերը առնվազն տեսականորեն կարող են լինել հնարավոր հակահեղափոխության առաջին աջակիցները։ Կոռուպցիոն ուղղաձիգ սխեմաների վերացումից հետո այդ սխեմաների մեջ նախկինում ընդգրկված բազմաթիվ պետական աշխատակիցներ՝ սկսած հարկային-մաքսային ծառայություններից  և վերջացրած ոստիկանական ծառայություններով, հայտնվում են եկամտի անօրինական աղբյուրները կորցնելու վտանգի առաջ։ Կասկածից վեր է, որ որոշ քաղաքական գործընթացի ու նախադրյաների առկայության պարագայում այս շերտը պատրաստ է լինելու առնվազն աջակցել հակահեղափոխությանը։

Այս շերտից բացի՝ կա պետական ապարատում «դիրքավորված» մեկ այլ շերտ, որը,  պետական ուռճացված ապարատի առկայությամբ պայմանավորված, ենթակա է օպտիմալացման՝ սրանից բխող հետևանքներով։  Նշված շերտերն, իհարկե, չեն կարող հակահեղափոխության առաջամարտիկներ լինել, սակայն բնական պատճառներով պայմանավորված՝ վերջիններս անհրաժեշտության դեպքում հանդես են գալու հեղափոխության դեմ՝ փորձելով վերականգնել հին սխեմաները։ Պետական ապարատի այս շերտի խնդիրների լուծումը ու տեսական հակահեղափոխության մասնակցությունը չեզոքացնելու լավագույն լուծումը, իհարկե, կլիներ վերջիններիս եկամուտների ավելացումը, այլ կերպ ասած՝ աշխատավարձերի բարձրացումը, որը 2019-ի բյուջեի նախագծով նախատեսված չէ։

Թեև ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները մեծապես ժողովրդական լայն զանգվածների մասնակցությամբ կազմակերպված անհնազանդությունների արդյունք էին, դեպքերի զարգացման վրա էականորեն ազդում էր նաև վիճակը, որն առկա էր նախկին իշխանությունների ներսում։ Թեև տարբեր քաղաքական վերլուծաբանների ու գործիչների ներկայացմամբ՝ Սերժ Սարգսյանին հաջողվել էր «կառուցել» ամուր ու մոնոլիտ իշխանություն, դեպքերն ապացուցեցին, որ իրականում Սարգսյանի քաղաքական հենարանը էականորեն թուլացել էր իշխանության ներսում տարբեր կլանների միջև շահերի բախման ու բաժանման հետևանքով։ Հանրապետականի ներսում առաջացած խմբավորումների ու դրանց շահերի բախման հետևանքները մինչ օրս շարունակում են դրսևորվել։ Ներիշխանական կլանային պայքարը, որ կար ՀՀԿ-ի ներսում, այս պահին բացակայում է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում։ Սրա պատճառներից մեկը և հիմնականն այն է, որ ներկայիս իշխանությունն իր առաջ խնդիր չի դրել տիրապետել Հայաստանի շահութաբեր ոլորտներին, բաժանել այն կուսակիցների միջև՝ այդպիսով փորձելով գոհացնել ու շահագրգռել վերջիններիս՝ իշխանությունում կուսակցության երկարակեցությունն ապահովելու համար։

Հայաստանում քաղաքական ուժերի միջև պայքարը պայքար է նաև ռեսուրսների միջև։ Ներկայում այդ ռեսուրսներից յուրահատուկ նշանակություն ունի քարոզչական ռեսուրսը։ Նախկին իշխանությունները մեդիադաշտում շարունակում են տիրապետել էական միջոցների, իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նույնիսկ ֆորմալ առումով նախկին իշխանությունների հետ փոխկապակցված լրատվամիջոցների թիվն ավելացավ։ Ու եթե գործադիր իշխանությունը մայիսին փոխվել է, օրենսդիրը կփոխվի մինչ տարեվերջ, իսկ դատականը փորձ է արվում կարգի բերել, երկրի չորրորդ իշխանության խոշոր լսարան ունեցող տարբեր հարթակներ շարունակում են տնօրինվել նախկին իշխանությունների կողմից, և կասկածից վեր է, որ անհրաժեշտ պահին այդ ռեսուրսն ուղղվելու է անհրաժեշտ ֆոնի ու հասարակական տրամադրությունների ձևավորման ուղղությամբ։ Չնայած ներկայումս հանրության տրամադրություններն ու Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը կարողանում են մեղմել կամ չեզոքացնել քարոզչական գրոհները կառավարության դեմ, հասկանալի է, որ առաջիկայում, երբ կառավարության ու վարչապետի շուրջ էյֆորիան նվազի, կամ կառավարությունը գնա ոչ պոպուլյար քայլերի, հակահեղափոխության քարոզչական ռեսուրսն իր ողջ ուժով գործի կդրվի և դրա ազդեցությունը կմեծանա։

Հայաստանում հեղափոխություն, ըստ էության, տեղի ունեցավ աշխարհաքաղաքական կենտրոնների չեզոքության պահպանման մթնոլորտում։ Սրա պատճառներից մեկը և գլխավորը, հավանաբար, Փաշինյանի հավաստիացումներն էին, որ Հայաստանը աշխարհաքաղաքական կտրուկ շրջադարձեր չի կատարելու։ Հակահեղափոխության կազմակերպումը բարդ է պատկերացնել առանց արտաքին քաղաքական աջակցության։ Թերևս, հենց այս գործոնը էական ու վճռորոշ դեր կարող է ունենալ հեղափոխության հետագա զարգացման ու նույնիսկ հակահեղափոխության կազմակերպման գործում։ Հայաստանյան տարբեր ուժեր աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին իրենց հավատարմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել են։ Արտաքին միջամտությամբ հեղափոխության դեմ գործողությունները, սակայն,  կարող են կասկածելի հեռանկարի տակ դրվել, եթե, այնուհանդերձ, դրա միջամտության համար ներքին դաշտում չստեղծվեն նպաստավոր պայմաններ։ Հայաստանի հասարակական-քաղաքական տրամադրություններն ու քաղաքական ուժերի ներկա դասավորությունը, համենայնդեպս, հիմքեր չեն տալիս ենթադրելու, որ ներքաղաքական-հասարակական տրամադրություններում նախադրյալներ կան արտաքին միջամտության համար։ Միևնույն ժամանակ՝ ակնհայտ է, որ Փաշինյանի կառավարության դեմ հանդես եկող որոշ գործիչներ փորձում են առնվազն քարոզչական դաշտում գերագնահատված ներկայացնել իրենց և Մոսկվայի միջև կապը՝ այդպիսով պատրանք ստեղծելով հնարավոր հակահեղափոխության արտաքին քաղաքական հետքի շուրջ։

Դեկտեմբերին Հայաստանում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հակահեղափոխության ևս մեկ օջախ կչեզոքացվի։ Սա, իհարկե, չի նշանակում, որ նախկին իշխանությունները չեն փորձելու ռևանշ վերցնել Փաշինյանից։ Դրա համար կարող են պատրվակ հանդիսանալ այն ոչ պոպուլյար քայլերը, որոնք, հնարավոր է, կատարվեն կառավարության կողմից, իսկ նախկին արատավոր համակարգը կազմաքանդելու և ռեֆորմների իրականացման ճանապարհին լինելու են հենց ոչ պոպուլյար քայլեր, որոնք շոշափելու են տարբեր հանրային շերտերի շահեր։ Այսուհանդերձ, հաշվի առնելով, որ մայիսից-հոկտեմբեր ձևավորված կառավարության գործունեության օրակարգի առաջնային կետը արտահերթ ընտրությունների կազմակերպումն էր, գալիս է ժամանակը, որ նոր ձևավորվելիք կառավարությունը սկսի տարբեր ոլորտներում քաղաքականության ու հայեցակարգի մշակումը։

Կուտակված խնդիրների լուծմանը ու հակահեղափոխության հնարավորության նվազեցմանը զուգընթաց քաղաքական դաշտում պետք է ստեղծվի հակակշիռների համակարգ՝  չնայած արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ մասով տալու  են նման մեխանիզմների առկայության երաշխիքներ։ Մյուս կողմից՝ արտահերթ ընտրությունների անցկացումը պետք է որոշ մասով փարատի հակահեղափոխության հնարավորության վերաբերյալ կասկածները՝ պետական կառավարման դաշտում սկիզբ դնելով նոր քաղաքականությունների, ռազմավարությունների կազմման ու բարեփոխումների անցկացման փուլի։

Share

Comments are closed.