Արդյո՞ք կա հակահեղափոխություն Հայաստանում

 


Աննա ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Երևան

 

Ի՞նչ սպասել հակահեղափոխությունց

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում հանրային քննարկման ուշադրության կենտրոնում են գտնվում հեղափոխություն և հակահեղափոխություն եզրույթները։ Ամեն ինչ սկսվեց ապրիլ-մայիս ամիսներին հեղափոխություն եզրույթի կիրառելիության վերաբերյալ հանրային քննարկումներից։ Ոմանք պնդեցին, թե հայաստանյան իրականությունը հեղափոխության դասական բնորոշմանը չի համապատասխանում, մյուսները ուրախությամբ սկսեցին կիրառել «Թավշյա հեղափոխություն» եզրը,իրավիճակը գնալով սրվեց լրատվական դաշտում կեղծ լուրերի և քարոզչական նյութերի շատացմանը զուգընթաց՝ հանգեցնելով նրան, որ հուլիս ամսվա կեսերից Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարության անդամները սկսեցին պարբերաբար հայտարարել, որ հակահեղափոխություն չի լինելու։ Հանրային քննարկումն ու հասարակության բաժանումը «սպիտակների և սևերի» գնալով խորացավ՝ հասնելով իր գագաթնակետին սեպտեմբերի 11-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթի ընթացքում,[1] որը հաջորդել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակմանը։[2]Հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանում իսկապես գոյություն ունի հակահեղափոխություն և եթե այո, ապա ի՞նչ սպասել դրանից։

Հեղափոխություն և հակահեղափոխություն եզրերը

Թե ինչ է հեղափոխությունը, մենք, թերևս, արդեն բոլորս հասկացել ենք անցած մի քանի ամիսների ընթացքում։ Դա քաղաքական գործընթաց է, որը սովորաբար հաջորդում է քաղաքական ճնշումներին և հանգեցնում է քաղաքական համակարգի, մշակույթի և տնտեսության կտրուկ փոփոխությունների։ Ընդ որում, հասարակական գիտություններում հեղափոխություն եզրույթը հիմնականում ընդունված է կիրառել որպես դրական, այն է՝ որպես ոչ ժողովրդավար կառավարությունների դեմ ազատատատենչ հասարակական շարժում մարմնավորող հասկացություն։ Ուշագրավ է, որ 2018 թվականի գարնանը՝ շարժման սկզբնական շրջանում, Հայաստանյան կոնտեքստում հեղափոխություն եզրը կիրառվում էր զգուշությամբ։ Այս զգուշավորության պատճառը հետխորհրդային տարածքում հայտնի երկու՝ ուկրաինական և վրացական հեղափոխությունների բացասական հետևանքների կրկնության վախն էր։ Այդուհանդերձ՝ աստիճանաբար եզրույթն սկսեց կիրառվել ավելի համարձակ կերպով, և ներկայումս Հայաստանյան կոնտեքստում այն ևս դրական իմաստով է կիրառվում։

Մարդկության պատմության նոր շրջանում հակահեղափոխության մասին քննարկումներն առաջին անգամ ի հայտ են եկել 1789 թվականին ֆրանսիական հեղափոխությունից հետո։ 18-րդ դարի վերջին ֆրանսիական քաղաքական միտքը ձևակերպեց հակահեղափոխության նշանակությունը որպես հեղափոխության հայեցակարգի դեմ ուղղված ջանքերի մոբիլիազացիա, որը ենթադրում է հետընթաց և նախկին քաղաքական ռեժիմի վերականգնում։[3]Այդուհանդերձ, բազմաթիվ հեղափոխությունների և դրանց հակադրված շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ հակահեղափոխությունը գրեթե երբեք չի հանգեցնում նախորդ ռեժիմի ամբողջական վերականգնմանը, այլ բերում է հիմնականում մասնակի ռեգրեսի՝ խոչընդոտելով արագ բարեփոխումներին։ Թե հեղափոխությունը և թե հակահեղափոխությունը կարող են պարտադրված լինել դրսից կամ ունենալ արտաքին ուժերի օժանդակությունը։ Ինչպես հեղափոխական, այնպես և հակահեղափոխական ջանքերը ենթադրում են որոշակի համակարգված մոբիլիզացիա։ Ուշագրավ է, որ հակահեղափոխության կարևոր հատկանիշներից մեկն էլ հեղափոխության մեթոդների արագ փոխառումն է։ Հայաստանյան կոնտեքստում դրա ամենավառ օրինակը ֆեյսբուքյան լայվ տեսանյութերն են, որոնք ակտիվ տարածում ստացան Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների շնորհիվ, սակայն հետո արագ փոխառվեցին հեղափոխության հակառակորդների կողմից, ովքեր նախկինում երբևէ նմանատիպ տեսանյութեր չէին պատրաստել։

Հակահեղափոխությունը Հայաստանում

Արդյո՞ք կա հակահեղափոխություն Հայաստանում։ Բնականաբար, ինչպես և ցանկացած քաղաքական շարժման դեպքում, Հայաստանում հեղափոխական շարժումն ունի մի շարք ընդդիմադիրներ, որոնք հիմնականում այն մարդիկ են, ում նախկին համակարգը՝ իր արժեքներով հանդերձ, այս կամ այն պատճառով ձեռնտու էր։ Այդ մարդկանց թվին են պատկանում ապօրինի հարստացած մի շարք անհատներ, նախկին համակարգից սնվող պետական պաշտոնյաներ (միջին և բարձր օղակը հատկապես), մարդիկ, որոնք չեն կարողանում ադապտացվել և գտնել իրենց տեղը փոփոխված իրականությունում, ինչպես նաև բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք տարիներ շարունակ գոյատևում էին նախկին համակարգի հաշվին, իսկ ընտրությունների՝ հեղափոխությանը ձեռնտու ավարտից հետու կունենան գոյատևման խնդիր։ Այս իրավիճակում բնական է, որ կան համապատասխան քաղաքական ուժեր, որոնք ձգտում են կանգնեցնել հեղափոխությունն ու վերականգնել նախկին համակարգը։ Հարց է ծագում, թե ինչ մեթոդներով են նրանք դա իրականացնում։ Հեղափոխության դեմ կանոնավոր հրապարակումներ կատարող լրատվամիջոցների և անհատների հայտարարությունների հիման վրա կարելի է առանձնացնել մի քանի հստակ գիծ «հակահեղափոխական» դիսկուրսում։

Հեղափոխության կողմնակիցների վարկաբեկում 

Հեղափոխության կողմնակիցների վարկաբեկումը հակահեղափոխական տեսակետներ տարածողների կարևորագույն մարտավարությունն է։ Վարկաբեկումն ունի մի քանի հիմնական ուղղություն։ Դրանցից առաջինը հեղափոխականներին «աղանդավորականի» պիտակ կպցնելն է։ Հուլիս ամսին BlogNews.am կայքի գլխավոր խմբագիր Կոստանտին Տեր-Նակալյանը պատրաստեց մի տեսանյութ, որում ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի արդեն նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանի «Կյանքի խոսքի» հետևորդ լինելու կոնտեքստում հայտարարել էր. «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ամենագործուն մասնակցությունն է ունեցել «թավշյա հեղափոխությանը։ Ի դեպ, այդպիսի կարծիք ունենալու բավարար հիմք է հանդիսանում նաև իշխանությունների կարդային նշանակումը, օրինակ՝ «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչներից»։[4] Տեր-Նակալյանի տեսանյութի հիման վրա «168 ժամը» նյութ էր հրապարակել[5], որն էլ արդեն վերահրապարակել էին Asekose.am-ը, Lurer.com-ը, Fbnews.am-ը և մի շարք այլ անհայտ ֆինանսավորման աղբյուրներով կայքեր։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին իր խորհրդականի պաշտոնում նշանակեց Սոֆյա Նավասարդյանին, ինչից հետո ֆեյսբուքյան «Ադեկվադ» նախաձեռնության անդամներ Արթուր Դանիելյանն ու Նարեկ Մալյանը իրենց հերթական տեսանյութում հայտարարեցին, որ Նավասարդյանը ևս պատկանում է «Կյանքի խոսք» աղանդին։ Ըստ Դանիելյանի՝ Նավասարդյանի նշանակման դեդպքում էլ «կառավարությունը հետամուտ է լինում իր կրոնական հավասարակշիռ կադրային քաղաքականությանը։ Նորից կյանքի խոսքի անդամ է»։[6] Այս հայտարարությունները բացի նրանից, որ ուղղված են ՀՀ սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ կրոնի ազատության իրավունքի դեմ, միաժամանակ թիրախավորում են հեղափոխությունն ու փորձում այն ներկայացնել որպես ազգային արժեքներին հակասող։ Հանրային կարծիքի ձևավորման վրա ազդելու նպատակով նույնանման քարոզչական հնարքներ են կիրառվում նաև ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ թեմաների շահարկմամբ։ Մեկ այլ ուղղություն է հեղափոխության կողմնակիցներին և քաղաքացիական հասարակությանը սորոսականներ անվանելն ու նրանց մեղադրելը արտաքին ուժերի շահերն առաջ տանելու մեջ։

Հեղափոխության վարկաբեկում

Միաժամանակ ընթանում է նաև բուն հեղափոխության վարկաբեկում։ Մասնավորապես, փորձ է կատարվում հեղափոխությունը ներկայացնել որպես ավտորիտար և բռնի։ Այսպես, օրինակ, Ահարոն Ադիբեկյանը «168 ժամին» հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ «Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ունենալ բացարձակ ավտորիտար ռեժիմ՝ ամբողջ իշխանությունը վերցնելով իրեն՝ իրականացնել Հայաստանի վերաբերյալ իր բոլոր պատկերացումները»։[7] Ընդ որում՝ Փաշինյանը բազմիցս տարբեր անհատների կողմից համեմատվում է Հիտլերի հետ,[8] իսկ «Ադեկվադ» նախաձեռնության հեղինակներ Մալյանն ու Դանիելյանն անգամ հորինել են #փաշիզմ հեշթեգը՝ Փաշինյանի ազգանվան և ֆաշիզմ բառերի համադրությունից։[9]

Հեղափոխության վարկաբեկմանն ուղղված մյուս տակտիկան դա տնտեսության թռիչքային աճի վերաբերյալ հանրային քննարկում մոբիլիզացնելու փորձերն են։ Պարբերաբար կատարվում են հայտարարություններ այն մասին, որ հեղափոխությունը չի բերել տնտեսական զարգացման, արտաքին պարտքը չի մարել, ներդրումներ Հայաստան չեն եկել, կոռուպցիայի դեմ պայքար գոյություն չունի։ Միաժամանակ՝ հնչում են պնդումներ առ այն, որ տեղի է ունեցել սարսափելի գնաճ, իսկ ցանկացած դրական զարգացում ներկայացվում է որպես նախկին իշխանությունների ձեռքբերում։ Անիրատեսական արագ տնտեսական աճի ակնակլիքների ձևավորումը հանրության շրջանում թույլ կտա հետագայում մանիպուլացնել քաղաքացիների հիասթափությունը՝ ստեղծելով դժգոհության ալիք հեղափոխության դեմ։

Ուշագրավ է, որ վերոնշյալ բոլոր պնդումները կատարվում են հիմնականում նույն անհատների կողմից և հրապարակվում միևնույն լրատվամիջոցներում։ Ավելորդ է նշել, որ այս լրատվամիջոցները չեն պահպանում լրագրողական էթիկայի կանոնները, չեն պահում լրագրողական չեզոքությունը, հաճախ մարդկային արժանապատվություն և համբավ են վարկաբեկում՝ բամբասանքների տարածման միջոցով և, բնականաբար, երբեք չեն ներկայացնում հակադիր կողմի տեսակետը։ Տարբեր «հակահեղափոխական» քարոզչական թեզերի կրկնությունը նույն անձանց և լրատվամիջոցների կողմից և դրանց ժամանակային համընկնումը համակարգված քարոզչության տպավորություն է ստեղծում և թույլ տալիս պնդել, որ իսկապես կա որոշակի ուժերի մոբիլիզացիա հեղափոխության դեմ։

Այդուհանդերձ՝ այդ մոբիլիզացիան այս պահին չի ընդգրկում հանրության լայն շերտերը և վերաբերում է հանրության մի փոքր շերտի միայն։

 

 

___________________
[1]«Նիկոլ Փաշինյան. Հրահանգում եմ իրականացնել ռեյդ, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին», 11.09. 2018, Hayastan24.com, http://hayastan24.com/hy/politics/nikol-pasinyan-hrahangum-em-irakanacnel-reyd-oligarxnerin-barjrastican-pastonyanerin-tiknazornerin-parkecnel-asfaltnerin

[2]«ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման և հրապարակման դեպքով նոր քրեական գործ է հարուցվել», 13.09.2018, Azatutyun.am, https://www.azatutyun.am/a/29488055.html

[3]FriedemannPestel, “On Counterrevolution Semantic Investigations of a Counterconcept during the French Revolution”, Contributions to the History of Concepts Journal, Volume 13 / 2018, p.50

[4]Կիրակնօրյա Междусобойчик Կոստյայիհետ #08, 09.07.2018, https://www.youtube.com/watch?v=92nJZ_hM9G4

[5] «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դաէ». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ, 10.07.2018, https://168.am/2018/07/10/980263.html

[6] Ադեկվադ, 07.09.2018,

[7]«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ունենալ բացարձակ ավտորիտար ռեժիմ». Սոցիոլոգ, 08.10.2018, https://168.am/2018/10/08/1022252.html

[8]Փաշինյանի ժողովրդականությունը ներկայացվում է որպես ավտորիտարիզմ, 02.10.2018, https://fip.am/4184

[9]Ադեկվադ, 17.10.2018, https://web.facebook.com/adekvadism/videos/254573465254834/?source=feed_text&__xts__[0]=68.ARBVRQ2CVqi9A1P4D0TCNTUGxKp6POFAqtwauRZO1YTLA9sH9isnDzfTAbJdE39QF8M3IUgNxdx51dj1MS4lfOYHnhKtomHVPVdx17EtPfYCNfvgQ8FVAPt9fR97S9rJoBc_JV9_ICi0Vk9E6GfMfxHwMqrvU5nbEByI_l3QqKLnWeVrFZYa&__tn__=*NK-R

Share

Comments are closed.