Հարցվածների կողմից ղարաբաղյան հակամարտության գնի և այն գործոնների ընկալումը, որոնք ազդում են ներկայիս վիճակում հակամարտությունը պահպանելու վրա



Լիանա ԿՎԱՐՉԵԼԻԱ
Սուխում

 

Ներածություն

Սույն բաժինը նվիրված է հարցվածների կարծիքների նախնական վերլուծությանը հետևյալ հարցերի վերաբերյալ՝

  • Ղարաբաղյան հակամարտության գինը ընդհանուր առմամբ հանրության համար և առանձին մարդու համար բոլոր երեք հանրություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում
  • Հակամարտությունը ներկայիս վիճակում պահպանելուն նպաստող գործոնները
  • Կարգավորման վերաբերյալ վերահսկողությանի լոկուսը

Բաժնում արտացոլված են այս հարցերի շուրջ հարցվածների հիմնական կարծիքները, ինչպես նաև այն ուղեկից թեմաները, որոնք ծագել են հարցազրույցի ընթացքում։ Հարցազրույցն անցակացողների առաջ խնդիր էր դրված գնահատել, թե որքանով են ռելևանտ հարցվողներին տրվող հարցերը՝ ինչ աստիճանի են հարցվողները մտորել այն բանի շուրջ, թե իրենք ինչ են կորցնում հակամարտության չկարգավորվածության հետևանքով, արդյո՞ք նրանց մոտ կա կորստի զգացողություն իրենց ճարահատ կախյալ վիճակով պայմանավորված, և ինչպիսին է վերահսկողության լոկուսը հակամարտության կարգավորման վերաբերյալ։Նյութերը վերլուծելիս հարկ է հաշվի առնել մի քանի գործոններ՝

  • Սույն հետազոտությունը քանակական չէ, այն թույլ չի տալիս ընդհանրացնող եզրահանգումներ անել, որոնք կարելի է ամբողջությամբ տարածել երեք հանրություններից յուրաքանչյուրի վրա։ Այն, ավելի շուտ, պատկերացում է տալիս այդ հանրություներում առկա որոշ միտումների մասին։
  • Վերլուծությունն իրականացվել է ոչ թե աուտենտիկ (վավերական) հարցազրույցների հիման վրա, այլ դրանց կարճառոտ տարբերակներով, որոշ դեպքերում էլ՝ հարցազրույցը վարողների կողմից բնագրից թարգմանաբար։ Բարդ է գնահատել, թե ինչ որքանով է երկրորդային նյութը ճշգրիտ (նրբերանգված և ամբողջովին) արտացոլում բնագիր հարցազրույցների բովանդակությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք եղել է հարցազրույցը վարողների կողմից բնագրի սրբագրում՝ նրանց կողմից որոշ արտահայտությունների նրբացում կամ կոշտացում։
  • Քանի որ մենք գործ ունենք երկրորդային նյութի հետ՝ անհնար է հարցվածների ասածներից բացարձակ ճշգրիտ մեջբերումներ անել այս կամ այն կարծիքը կամ միտումը լուսաբանելու համար։
  • Հետազոտության թեման, ինչպես և ենթադրվում էր, բավականին զգայուն էր։ Այդ մասին է խոսում այն փաստը, որ բոլոր երեք հանրություններում ու հատկապես սահմանամերձ շրջաններում շատերը հրաժարվում էին պատասխանել հարցերին, իսկ ինքնին թեման համարում էին սադրիչ։ Եթե հարցվողի և ընդհանուր առմամբ հանրության վրա հակամարտության ազդեցությանն առնչվող հարցերին հարցվողները բավական հանգամանալից են պատասխանել, ապա հակամարտությունն իր ներկայիս վիճակում պահպանելուն նպաստող գործոններին առնչվող հարցերին հարցվածների մի մասը, հատկապես շփման գծին մոտ շրջաններում, զգուշորեն են պատասխանել՝ գերադասելով վերացական պատասխաններ տալ կամ էլ զրույցը տանելով դեպի արտաքին ուժերի ազդեցության թեման։

Հակամարտության գինը

Նախևառաջ հարկ է նշել, որ հարցազրույցներից ստացված պատկերի հիման վրա տպավորություն է ստեղծվում, որ բոլոր երեք հանրությունների ներկայացուցիչները հարմարվել են հակամարտային իրավիճակին։ Չնայած այն բանին, որ հակամարտության գնի մասին հարցին պատասխանելիս նրանք նշում են հակամարտային հարաբերությունների բացասական լուրջ հետևանքները, այնուամենայնիվ, հարցվածներն ավելի շատ պասիվ դիրքորոշում են ընդունում իրավիճակի նկատմամբ։ Նրանք հակամարտությունն ընդունում են որպես անխուսափելի ինչ-որ բան և պատրաստ են հետագայում ևս հարմարվել առկա հանգամանքներին։ Այս առումով փոքր ինչ տարբերվում են շփման գծին մոտ բնակավայրերում ապրող մարդկանց կարծիքները, քանի որ այս մարդկանց առօրյայի վրա հակամարտությունն ազդում է անմիջականորեն, և նրանց համար չափազանց հրատապ են անվտանգության հարցերը։ Հարցվածների այս շերտի արձագանքը հակամարտությանը հետևյալն է՝ ավելի ակտիվ շահագրգռվածություն իրավիճակի փոփոխման հարցում՝ ի նպաստ երկխոսության և հակամարտության լուծման։ Հաճախ հենց սահմանամերձ շրջանների բնակիչներն են խոսում (հակամարտություն երկու կողմում էլ) մյուս կողմի հետ փոխզիջում որոնելու և երկխոսելու անհրաժեշտության մասին։ Սահմանամերձ շրջանների որոշ բնակիչների ծայրահեղ դիրքորոշումն արտահայտվում էր նրանում, որ նրանք պատրաստ են արտագաղթել մշտական բնակության վայրերից կամ էլ իրենց զավակներին հեռու պահել վտանգից։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ գին են մարդիկ ճարահատ վճարում հակամարտությունն իր ներկայիս վիճակում գտնվելու համար, բոլոր երեք հանրություններում հարցվածները նշել են մի ամբողջ շարք բացասական հետևանքներ, որոնց մասին խոսվելու է ստորև։ Միևնույն ժամանակ, հակամարտության գնի մասին հարցը ոմանց մղել է հակամարտության, նրանց կարծիքով, դրական կողմերի մասին մտորելու։ Օրինակ, երևանաբնակ տարեց մարդը, որը չի գտնվում հակամարտության գոտու հարևանությամբ, բայց իր ողջ գիտակցական կյանքում կապված լինելով ազգային շարժման հետ, դրական բան է տեսնում հակամարտության համախմբող ուժում։ Նրա համար դրականը կայանում է նրանում, որ հակամարտությունն ու արտաքին թշնամու առկայությունը հանրությանը մղում է մտորելու և գործելու հայրենասիրության ոգով, որն էլ պահանջում է սեփական սահմանների, ազգային շահերի և այլնի պաշտպանություն (այդ թվում՝ զենքը ձեռքին)։ Ավելին՝ նրա համար ղարաբաղյան պատերազմի արդյունքները, չնայած վերջնական խաղաղ կարգավորման բացակայությանը, մի յուրատեսակ փոխհատուցում է և ինքն իրեն «հաղթող» զգալու հնարավորություն՝ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը հաշվի առնելով. «Խոցելիության ազգային զգացումը խարսխվում է համահայկական հոգեբանական դրամայի վրա, և այս առումով Ղարաբաղն ունի որոշակի բուժիչ էֆեկտ։ Ղարաբաղում ձեռքբերված հաղթանակն ազգին օգնում է վերագտնել իր ինքնությունը և հավատալ, որ մենք կարող ենք հաղթող լինել» (Հայաստան, Երևան, մշակույթի ոլորտի ներկայացուցիչ)։

Լեռնային Ղարաբաղում հարցվածները, որոնք ռազմական անվտանգության առումով անմիջականորեն կախված են հակամարտությունից, ինչպես նաև Ադրբեջանում այն հարցվածները, որոնք իրենց համարում են հակամարտության պարտված կողմ, ընդհանուր առմամբ հակամարտության դրական կողմերի մասին չեն խոսել։ Այդուհանդերձ, ապագա սերունդների վրա չկարգավորված հակամարտության ազդեցության առնչությամբ Լեռնային Ղարաբաղում հարցվածներից մեկը որպես դրական գնահատել է այն, որ երիտասարդ սերունդը ոգով ամուր է, արտաքին սպառնալիքը երիտասարդներին դարձրել է ավելի հայրենասեր, ավելի քաջ ու պատրաստակամ՝ հարկ եղած դեպքում սեփական երկիրը զենքը ձեռքին պաշտպանելու։ Իսկ Ադրբեջանում հարցվածներից մեկն ապրիլյան դեպքերի առնչությամբ (խոսքը 2016-ի իրադարձությունների մասին է) գտնում է, որ ևս մի ռազմական ջանք կարող է հանրությանը ոգևորել ավելի լայնածավալ հաջող գրոհի։

Ինչ վերաբերում է այն կորուստներին ու սահմանափակումներին, որոնք հակամարտության ուղեկիցն են, բոլոր երեք հանրություններում հարցվածները նշել են միանման բացասական գործոններ՝

  1. Տնտեսական բարդ իրավիճակ

Բոլոր երեք խմբերում էլ հարցվածները նշել են, որ հակամարտությունը, հարաճուն ռազմական ծախսերը, փակ սահմանները բացասական են անդրադառնում տնտեսական վիճակի վրա՝ «Սովորական մարդը շատ բան է կորցնում, քանի որ եթե պատերազմը չլիներ, մեր ֆինանսական վիճակն ավելի կայուն կլիներ։ Հիմա շատ ծրագրեր ուղղված են բանակին, մենք ձգտում են ամրապնդել սահմանները» (Շուշի, ուսանողուհի)։ «Իսկ հիմա պետությունը և հողեր է կորցրել, և արդյունաբերություն, որը կարող էր եկամուտ բերել այդ հողերից։ Չէ՞ որ այն փողերը, որոնք հատկացվում են փախստականներին, կարող էին ուղղվել շրջանների զարգացմանը։ Կորցրել ենք 20 տոկոս տարածքներ, ասել է թե՝ կորցրել ենք 20 տոկոս զարգացում» (Ադրբեջան, Բաքու, գործազուրկ տղամարդ)։

Այլ հարցազրույցներում  խոսքը գնում էր գործազրկության բարձր մակարդակի մասին, սոցիալական շերտավորման, երրորդ երկրներ արտագաղթի, տնտեսության լճացման, երիտասարդների համար հեռանկարների բացակայության մասին։ Բոլոր երեք խմբերում հարցվածներն էլ խոսել են այն մասին, որ իշխանությունները փորձում են ձեռնածություն անել հասարակական կարծիքով և ամեն ինչ պատճառաբանում են հակամարտային իրավիճակով, փորձելով քողարկել ներքին կյանքում առկա ձախողումները, առաջին հերթին՝ տնտեսության մեջ։ Ինչպես նշել է բաքվեցի երիտասարդ հարցվածը՝ տնտեսական հերթական անկման ժամանակ հրատապացվում է հակամարտության թեման, սկսվում են միջադեպերը սահմանին։ Հակամարտության թեման օգնում է ուշադրությունը շեղել կոռուպցիայից։ Ստեղծվում է մի փակ շրջան։

  1. Ժողովրդավարական գործընթացների արգելակում

Նշվել է, որ հակամարտությունը որպես արդարացում է ծառայում կառավարման համակարգում ավտորիտար միտումների համար։ Հարցվածների առավել կրթված մասը, հատկապես մայրաքաղաքներում, նշել է, որ եթե չլիներ հակամարտությունը, ապա իրենց երկրներն ավելի ժողովրդավարական կլինեին։ Երևանում հարցվածները խոսել են ժողովրդավարական հաստատություների ընդհանուր արժեզրկման և քաղաքացիական հասարակության վրա իշխանության ճնշումների մասին։ Նրանցից մեկը նշել է, որ հակամարտային իրավիճակում հանրությունը փակ է դառնում, քաղաքացիական հասարակության զարգացման համար պայմանները սահմանափակ են։ Բաքվում հարցվածները նշել են, որ հակամարտության թեմայի քողի տակ ոտնահարվում են մարդու իրավունքները։ Արտաքին սպառնալիքի վտանգի պայմաններում հանրության համախմբման անհրաժեշտության վրա հղում անելով՝ պաշտոնյաները փորձում են երկարաձգել իրենց իշխանությունը։

Մյուս կողմից՝ վերևների ռազմատենչ հռետորությունը ռազմական հիստերիա է ծնում հանրությունում՝ ինչպես նշել է հարցվածներից մեկը (Բաքու), իս դա խանգարում ժողովրդավարական գիտակցությանը, բազմակարծությանը, առանց ինքնագրաքննության ազատ քննարկումներ անցկացնելուն։

  1. Բնակչության արտագաղթ

Ադրբեջանական խմբում, մյուս խմբերի համեմատ, ավելի շատ  են խոսել տեղահանված անձանց վիճակի մասին։ Փախստականների հարցի կապակցությամբ ծագել են այնպիսի թեմաներ, ինչպիսին են տեղահանված անձանց աղետալի վիճակը, նրանց տառապանքները՝ կապված այն հանգամանքի հետ, որ չեն կարողանում վերադառնալ իրենց նախնիների հողերը, կարոտախտը, ինչպես նաև այն ծախսերը, որ պետությունն անում է փախստականներին պահելու համար՝ «Ահռելի թվով մարդիկ կան, որոնք, ցավոք, ստիպված են սպասել, թե երբ կարող են վերադառնալ հայրենի հողեր։ Նրանք ուզում են տեսնել իրենց տները. . .Շատերը մահանում են՝ այդպես էլ չտեսնելով իրենց օջախները» (Ադրբեջան, Բարդա, ուսուցիչ, տեղահանված անձ, տղամարդ)։

Սահմանամերձ շրջաններում առկա բարդ իրավիճակի, ինչպես նաև տնտեսությունում առկա խնդիրների, գյուղատնտեսությունում գրանցված կոլապսի պատճառով  բոլոր երեք հանրություններում առկա է բնակչության տեղաշարժ երկրի ներսում՝ սահմանամերձ և այլ շրջաններից մարդիկ տեղափոխվում են, համապատասխանաբար՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ. «Հակամարտության երկարաձգումը հանգեցնում է վաղվա օրվա նկատմամբ անվստահության։ Շատերն իրենք իրենց հարց են տալիս՝ իսկ միգուցե արժե՞ ավելի հանգիստ տեղ մեկնել» (Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ, մշակույթի ոլորտի աշխատող)։

Այս հարցը շատ սուր են դրել Բաքվում հարցվածները, որոնք որոշակի դժգոհությամբ նշել են, որ ադրբեջանական մայրաքաղաքի դեմքը զգալիորեն փոխվել է գյուղական բնակչության ներհոսքով՝ իր գյուղական հոգեկերտվածքով և ապրելակերպով՝ «Ծագել է եկվորների խնդիրը։ Այս հանգամանքն ինձ էլ է մտահոգում։ Շատերը եկել են գյուղարանքներից և իրենց կենսակերպը տեղափոխել քաղաք։ Առաջներում էլ էին գյուղերից մարդիկ գալիս քաղաք, բայց քաղաքը նրանց մարսում էր, ներգրում։ Սակայն այս անգամ եղել է մեծ հոսք սահմանափակ տարածքային և ֆինանսական պայմաններում» (Ադրբեջան, Բաքու, գործազուրկ տղամարդ)։

Խոսվել է նաև երկրից դուրս եկածների ու արտագաղթի մասին։ Հարցվածներն ուղղակիորեն չեն մեղադրում հայրենիքը լքածներին, բայց Լեռնային Ղարաբաղում հարցվածների շրջանում եղել են հանդիմանություն պարունակող  արտահայտություններ՝ «Շատերը չդիմացան, հեռացան՝ լավագույն կյանքի ակնկալիքով։ Բայց մենք սիրում ենք մեր հարազատներին ու բարեկամներին, մեր հայոց հողը և չենք ցանկացել լքեզ մեր հայրենիքը։ Թեև ապրում ենք մշտական վախի պայմաններում» (Լեռնային Ղարաբաղ, Մարտակերտի շրջան, փախստական կին)։

  1. Անկումային տրամադրություններ հանրությունում

Բոլոր երեք խմբերում էլ հարցվածների մեծ մասն այսպիսի եզրույթներով է նկարագրել հակամարտության ազդեցության պայմաններում հասարակ մարդկանց վիճակը՝ սթրես, տրավմա, դեպրեսիա, ապագայի նկատմամբ հավատի բացակայություն, անելանելիության զգացում՝ «Եթե մարդ մշտապես մտածում է հակամարտության մասին, ապա ինքն իր վրա հոգեբանական ճնշում է գործադրում և դադարում է սթափ մտածել։ Ի հայտ է գալիս «ադրբեջանական մելանխոլիայի» զգացողություն, և, ըստ իս, ոմանք հաճույք են ստանում դրանից» (Ադրբեջան, Բաքու, մշակույթի ոլորտի աշխատող)։ «Հասապակ մարդը կորցնում է «խաղաղությունը»։ Նա չի կարողանում հանգիստ ապրել և անընդհատ ինչ-որ բանի է սպասում։ Շատ ընտանիքներում մարդիկ են զոհվում, շատերն աշխատանք չունեն, ոմանք էլ հեռանում են» (Հայաստան, Վանաձոր, կին)»։

Հարցվածներից ոմանք խոսում են հանրությունում հոգևոր արժեքների կորստի, քաղաքականությունից հիասթափվելու մասին։ Այս ամենը նպաստում է նրան, որ մարդ օտարանում է քաղաքական գործընթացներից, հարմարվում իրականությանը և լավագույն դեպքում փորձում ընդհանուր ոչ բարենպաստ համապատկերում մի նեղ ու ապաքաղաքականացված խորշ գտել ինքնադրսևորման համար։

  1. Հակամարտության բեռի անհավասար բաշխում

Բոլոր երեք խմբերում հարցվածներն էլ խոսել են այն մասին, որ հասարակ մարդիկ ավելի շատ են կրում հակամարտության բեռը և դրա բացասական հետևանքները։ Ավելին՝ հենց նրանց զավակներն են առաջին հերթին պաշտպանում սահմանները և զոհվում ընդհարումների ու ռմբակոծությունների ժամանակ, մինչդեռ ահա հարուստ ընդտանիքներից սերած երիտասարդները, որպես կանոն, խուսափում են զինվորական ծառայությունից, հատկապես սահմաններին, ավելին՝ նրանք ուսման և աշխատանքի անհամեմատ մեծ հնարավորություններ ունեն թե երկրի ներսում և թե դրսում։

  1. Ապամարդկայնացում

Որոշ հարցվողներ խոսել են հանրությունում ագրեսիայի մակարդակի աճի մասին, այն մասին, որ թշնամու ապամարդկայնացման և մարդկային կյանքի արժեզրկման հակառակ կողմը սեփական մարդկային դեմքի ու մարդկային արժանապատվության կորուստն է։

Շարունակվող հակամարտության բացասական հետևանքների թվում նշվել են նաև այնպիսիները, որոնց անդրադարձել են միայն մի խմբի հարցվածները։

Օրինակ, Լեռնային Ղարաբաղում հարցվածները խոսել են բնապահպանությանը հասցված վնասի, արտաքին աշխարհից ղարաբաղյան հանրության կտրվածության մասին, ինչն արտահայտվում է Լեռնային Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների բացակայությամբ, ղարաբաղցիների համար միջազգային ծրագրերի անհասանելիությամբ  և ընդհանուր առմամբ՝ միջազգային զարգացումներից ղարաբաղյան հանրության օտարացվածության և մեկուսացվածության մասին։ Խոսվել է նաև արտաքին ներդրումների ներգրավման բարդությունների մասին։ Հարցվածների կարծիքով՝ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում հակամարտության կարգավորման բանակցություններին, հանգեցնում է նրան, որ ղարաբաղյան հանրության շահերը քիչ են հաշվի առնվում։ Հարցվածներից մեկը խոսել է նաև այն մասին, որ իշխանությունների ճնշումների պատճառով ադրբեջանական քաղաքացիական հասարակությունը հրաժարվում է մասնակցել խաղաղարար այն նախաձեռնություններին, որոնցում պատրաստ են մասնակցել ղարաբաղցիները։

Բաքվում հարցվածները հակամարտության գնի մասին խորհրդածում են ավելի շատ Ադրբեջանի համար քաղաքական հետևանքների տեսանկյունից։ Նրանք խոսում են տարածքային կորուստների պատճառով ի հայտ եկած ազգային հպարտության կորստի մասին, այն մասին, որ հողերի կորստյան պատճառով ներկայիս սերունդն ամոթի զգացում է ունենալու ապագա սերունդների հանդեպ, խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հետ առնչված մշակութային շերտի կորստի մասին։ Բաքվում հարցված երիտասարդներից մեկը խոսել է «վհուկորսի» և թշնամու նկատմամբ համակրանքի համար մեղադրանքի մասին այն հիմքով, որ այդ մարդն ընկերական հարաբերություններ ունի հակամարտության մյուս կողմի ներկայացուցչի հետ։ Հակամարտության համապատկերում «շպիոնոմանիայի» մասին խոսել է նաև Գյանջայում հարցվածներից մեկը։ Հարցվածներից շատերը տարածքային կորստի մասին խոսում են ոչ միայն «ազգային նվաստացման» տեսանկյունից, այլև այն տեսանկյունից, որ փախստականները չեն կարողանում վերադառնալ հայրենի օջախները։ Ի տարբերություն Բաքվում հարցվածների՝ Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերում հարցվածներն ավելի շատ խոսում են սոցիալական հիմնախնդիրների և անվտանգության, ինչպես նաև հոգեբանական ծանր վիճակի մասին՝ «Մենք ապրում ենք մշտական վախի պայմաններում, մի իսկական սարսափ ենք ապրում, բայց գտնվում ենք մեր իսկ տանը» (Ադրբեջան, Թովուզ, տղամարդ)։

Հայազգի հարցվածների համար, հատկապես Երևանում, հրատապ է հակամարտային իրավիճակների (Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա) պատճառով փակ սահմանների հաղթահարման հիմնախնդիրը, քանի որ փակ սահմաններն արգելակում են Հայաստանի զարգացումը մի շարք առումներով։

Իսկ տևական ժամանակով հակամարտության շարունակման պարագայում ապագա սերունդների վճարելիք գնի մասին բոլոր երեք խմբերում էլ տարբեր հարցվածներ միանման պատասխաններ են տվել՝

  1. Համատեղ գոյակցության և համագործակցության փորձ չունենալով՝ հայերի ու ադրբեջանցիների ապագա սերունդները կմեծանան միմյանցից էլ ավելի օտարացվածության պայմաններում։ Նրանք ավագ սերնդից կժառանգեն «թշնամու կերպարը», իսկ այն ամենը, ինչ կապված է հակամարտության հետ, կվերաճի ատելության մշտական խորհրդանիշի, որը հանրությունը բաժանում է յուրայինների ու օտարների։ Հակամարտության պայմաններում կյանքը կընկալվի սովորականի պես։
  2. Որքան երկար տևի հակամարտությունը, այնքան բարդ կլինի այն կարգավորել։ Կնկատվի նախահարձակության, ազգայնամոլության և արմատական տրամադրություների աճ։ Բոլոր երեք խմբերում էլ կային հարցվածներ, որոնց կարծիքով՝ իշխանությունները շահագրգռված չեն հակամարտության կարգավորմամբ, ուստի քիչ շանս կա, որ գալիք սերունդները կապրեն այլ հանգամանքներում։ Բաքվում և Լեռնային Ղարաբաղում հարցվածներից ոմանք նշել են, որ հակադիր կողմի նկատմամբ ատելության և չարացածության զգացումը միտումնավոր սնուցվում է լրատվամիջոցներում տարվող քարոզչությամբ։ Ուստի և մարդկանց վերաբերմունքում սկզբունքային փոփոխություններ դեռևս տևական ժամանակ չեն լինելու, այնպես որ գալիք սերունդները ստիպված կլինեն այսօրվա մոդելով մասնակցել հակամարտ հարաբերություններին։
  3. Գալիք սերունդները, ինչպես և նրանց նախորդները, հարմարվելու են հակամարտային իրավիճակին, օտարվելու են քաղաքականությունից և իրենց «խորշն» են որոնելու ապաքաղաքականացված ոլորտներում։
  4. Հակամարտությամբ և հանրության համար դրա հետևանքներով ծանրաբեռնված այս կոնտեքստից դուրս պրծնելու եղանակներից մեկն էլ լինելու է արտագաղթը։ Ընդ որում, ավելի բարեկեցիկ ընտանիքներից սերած երիտասարդները բացահայտ առավելություն կունենան արտերկում սովորելու և աշխատելու հնարավորություն ստանալու հարցում։
  5. Ուսուցիչների, բժիշկների և ուսանողների շրջանում անցկացված հարցման մասնակիցներից ոմանք ավելի լավատեսորեն էին տրամադրված և խոսում էին այն մասին, որ կգա նոր սերունդ՝ հակամարտության լուծման իր նոր գաղափարներով։
  6.  Հարցվածների մի մասն էլ գտնում է, որ եթե այսօր լռեն ու ոչինչ չձեռնարկեն՝ ապագայում էլ գրեթե ոչինչ չի փոխվի։ Բայց շատ քիչ էին կոնկրետ գաղափարներն առ այն, թե ինչ կարելի է անել այսօր։
  7. Եղել են հարցվածներ, ըստ որոնց՝ լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները հիմնականում խոսում են ատելության լեզվով, խաղալով մարդկանց զգացմունքների հետ ու հատկապես նրանց հետ, ովքեր անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի և շարունակվող հակամարտության տառապանքները։ Իսկ ահա գալիք սերունդները զգայապես նվազ առնչված են լինելու հակամարտությանը, ուստի և, հնարավոր է, նրանք առավել կառուցողական և առավել գործնական կլինեն կարգավորման հարցերում։
  8.  Շփման գծին հարող տարածքներում՝ երկու կողմերում էլ, ընդհանուր գծերով էին խոսում ապագայի մասին։ Նրանց համար դժվար է ապագայի վրա սևեռվելը, նրանք ուզում առավելս խոսել այստեղ և այսօր իրենց հուզող հարցերի մասին։ Գալիք սերունդների վրա հակամարտության ազդեցության մասին խոսելիս նրանք հաճախ սահմանափակվել են այն ենթադրությամբ, որ երիտասարդներից շատերը կուզենային արտագաղթել, թեև նաև հակառակ կարծիքը կար այն մասին, որ պետք չէ լքել իրենց նախնիների հողերը։

Թեև կային համընկնող կարծիքներ առ այն, թե արդյո՞ք ապագայում իրավիճակը կարող է փոխվել, երեք հանրություններում էլ նաև այնպիսի կարծիքներ են արտահայտել, որոնք փոքրիշատե բացառիկ են այս կամ այն խմբի համար։

Ադրբեջանական խումբ

  1. Բաքվում հարցվածների մի մասը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղ երբևէ չայցելած և հայերի հետ համակեցության փորձ չունեցող գալիք սերունդներն առավել անտարբեր կլինեն ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ։ Նրանք կհամակերպվեն տարածքների կորստին, և աստիճանաբար հակամարտության սրությունը կնվազի, թեև հանրությունների միջև անտարբերությունը կմնա, ինչպես նաև կմնան հակամարտությունն և տարածքների կորուստը կոլեկտիվ գիտակցության մեջ՝ որպես տրավմա և անարդարություն, թեև՝ ավելի շատ անցյալին, քան ներկային առնչվող։
  2. Հարցվածների մեկ այլ խումբ գտնում է, որ հանրությունների արմատականացումը կուժեղանա, և կաճեն ազգայնական տրամադրությունները, քանի որ երիտասարդներն իրենց հայրերից ժառանգելու են նսեմացման և վիրավորված արժանապատվության զգացումը՝ տարածքային կորուստների հետ կապված։
  3. Ծայրագավառներում որոշ հարցվածներ հակամարտությունը դիտարկում են կրոնական տարբերությունների տեսանկյունից և խոսում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է միավորի մահմեդական աշխարհը քրիստոնեական Հայաստանին և երրորդ երկրներից նրա հավատակիցներին դիմակայելու համար։
  4. Բաքվում հարցվածներից մի քանիսը, հատկապես մտավորական շրջանակներից, ենթադրում են, որ երիտասարդությունն ապակողմնորոշված է լինելու և կոգնիտիվ դիսոնանս է ապրելու. մի կողմից՝ պատմության դասագրքերը լի են քարոզչությամբ և հայերի նկատմամբ ատելությամբ, մյուս կողմից էլ՝ կյանքն ընթանալու է իր հունով և երիտասարդությանը զարգացման նոր հնարավորություներ է ընձեռելու։

Հայաստանյան խումբ

  1. Հակամարտության չկարգավորվածությունը՝ այստեղից բխող և վերոնկարագրյալ հետևանքներով, աստիճանաբար հանգեցնելու է հանրության սոցիալական և մշակութային դեգրադացման։
  2. Բազմաթիվ հարցվածներ խոսել են ժողովրդագրական լուրջ մարտահրավերների մասին՝ կապված բնակչության առավել գործունակ մասի արտագաղթի հետ։
  3. Հետխորհրդային և հետպատերազմյան սերունդները, որոնք ծանոթ չեն այն ժամանակներին, երբ Լեռնային Ղարաբաղը գտնվում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմում, հասունանալու և կայանալու են այն բանի գիտակցմամբ, որ Լեռնաիյն Ղարաբաղն անկախ պետություն է, որի վրա չի տարածվում Ադրբեջանի իրավասությունը։ Հակամարտության նկատմամբ նրանց վերաբերմունքը հիմնվելու է այդ գիտելիքի վրա՝ որպես ելակետ։
  4. Առանձին հարցվածներ մտավախություն ունեն, որ երիտասարդ սերունդը կարող է «ռացիոնալիզմի մեջ խրվել», այսինքն՝ փոխզիջումների գնալ ազգային շահեր համարվող արժեքների հաշվին։

Ղարաբաղյան խումբ

  1. Հարցվածների մի մասը չի կասկածում և վստահ է, որ հակամարտությունը կոփել է հանրությանը և նրանում հզոր ոգի կռել ազգային շահերի պաշտպանության համար։ Հարցվածներից մի քանիսն օգտագործել են «գենետիկ կոդ» արտահայտությունը, որում ամրակայված է Հայրենիքի նկատմամբ պարտքի զգացումը։
  2. Ոմանք կարծում են, որ հակամարտությունը սնուցող քարոզչությանը հարկ է այսօր հակադրել առավել ռացիոնալ բանավեճեր։ Հենց նման հենքի վրա կարող է աճել առավել կառուցողական երիտասարդ սերունդը, որը բանակցային գործընթաց կբերի նոր գաղափարներ։
  3. Հարցվածներից մեկը, որ համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ, մտավախություն ունի, որ երիտասարդությունը, ի հեճուկս հայրենասիրական ոգով դաստիարակվելուն, կարող է անվերահսկելի լինել միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում, եթե վերջիներս առավել լայն ներգրավվեն Լեռնային Ղարաբաղում։ Ու թեև հարցվածն ուղղակիորեն չի խոսել միջազգային կազմակերպությունների հնարավոր «բացասական» ազդեցության մասին, կարելի է ենթադրել, որ մտավախությունն առնչվում է խաղաղարար գործնեությանը, որը նրա կողմից մեկնաբանվում է որպես մի հանգամանք, որը կարող է հանգեցնել ազգային շահերից «նահանջի»։

Գործոններ, որոնք նպաստում են հակամարտության պահպանմանն իր ներկայիս վիճակում

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի պայմաններում հակամարտությունը կարող է երբեք էլ չվերջանալ, բոլոր երեք խմբերում էլ հարցվածների մեծամասնությունը խոստովանել է, որ այն չի ավարտվի, եթե պահպանվեն ներկայիս պայմանները։ Հարցվածների հետագա պատասխանները ցույց են տալիս, որ «արտաքին պայմանների» տակ հասկացվում են ինչպես արտաքին գործոնները, այնպես էլ սեփական կառավարության քաղաքականությունը։ Իր ներկայիս վիճակում հակամարտության պահպանման վրա ներազդող գործոնները գնահատելիս բոլոր երեք խմբերում հարցվածները խոստովանել են, որ հնարավոր է օգուտ ստանալ շարունակվող հակամարտությունից։

Խմբերի ներսում  կարծիքները կիսվել են գլխավոր «օգուտ ստացողների» վերաբերյալ։ Սակայն բոլոր երեք խմբերում էլ կային ներքոբերյալ համանման կարծիքներ՝

. Յուրաքանչյուր խմբի ներսում հարցվածների մի մասը վճռորոշ ու միակ գործոնը համարում է արտաքին խաղացողներին։ Նրանք գլոբալ արտաքին խաղացողներին են պատվիրակում իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը, ինչ-որ բան փոփոխելու ունակության մեջ մերժելով տեղական իշխանություններին և, առավել ևս, հանրություններին։

. Նրանք, ովքեր, բացարձակ գերակայություն են տալիս արտաքին խաղացողներին, որպես հակամարտության շարունակումից օգուտ ստացող առավել կարևոր խաղացողներ նշում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իրանը, ռազմարդյունաբերական կորպորացիաները։ Հարցվածները հաճախ խուսափում են կոնկրետ երկիր նշել, նախընտրելով խոսել «զենքի առևտրով զբաղվողների» մասին։

. Հարցվածների մի մասը, հատկապես շրջաններում, սահմանափակվում են հակամարտության մյուս կողմի կառավարության քննադատությամբ՝ հակամարտության չկարգավորվածության և դրա ներկայիս վիճակի պատասխանատվությունը դնելով բացառապես նրա վրա։

. Սեփական իշխանությունների նկատմամբ ավելի քննադատական են տրամադրված երեք մայրաքաղաքաներում հարցվածները, հիմնականում՝ մտավորական շրջանակներից, ինչպես նաև՝ երիտասարդությունը։ Ընդունելով ազդեցիկ արտաքին խաղացողների առկայությունը՝ նրանք, դրանով հանդերձ, հակամարտությունում և բանակցային գործընթացում գործերի ներկայիս վիճակի համար պատասխանատվության մեծ բաժին են հատկացնում հակամարտության մեջ ներգրավված կողմերի կառավարություններին. «Սա ավելի շատ նշանակում է բոլոր կողմերում էլ որոշակի փոխզիջումների գնալու դժկամություն և անպատրաստություն» (Լեռնային Ղարաբաղ, Ասկերան, հանրային գործիչ, տղամարդ)։ «Իշխանություններին ձեռնտու է չկարգավորվածությունը։ Սա հաղթաթուղթ է՝ ինչու՞ լուծել հակամարտությունը, եթե ամեն ինչ կարելի է բարդել նրա վրա» (Բաքու, գործազուրկ տղամարդ)։ «Կարող եմ ենթադրել, որ հենց երկու երկրներն էլ, նկատի ունեմ երկու կառավարությունները, պատրաստ չեն խաղաղությանը, դա նրանց ձեռնտու չէ» (Հայաստան, Վանաձոր, կին)։

. Սահմանամերձ գոտիների բնակիչները հիմնականում ձեռնպահ են մնում սեփական իշխանությունների քննադատությունից։

. Կասկածամտորեն տրամադրված հարցվածները ընդհանուր առմամբ խոսել են իշխանություններում և հանրությունում առկա այնպիսի մարդկանց մասին, որոնք փորձում են «պղտոր ջրում ձուկ որսալ»։ Հարցվածներից մի քանի հոգի նշել են, որ իրենց հանրություններում կան միանգամից հարստացած մարդիկ։ Հարցվածների ենթադրությամբ՝ այս մարդիկ նույնպես օգուտ ստացողներ են, որոնք հարստություն են դիզել «մարդկանց վշտի վրա»։

. Բոլոր երեք խմբերում էլ եղել են հարցվածներ, ում կարծիքով մյուս կողմի դեմ քարոզչությունը, նրա ապամարդկայնացումը այն գործոններն են, որոնք ազդում են հակամարտության շարունակման վրա։ Ղարաբաղում և Հայաստանում հարցվածներն ընդհանուր առմամբ են խոսել քարոզչության բացասական դերի մասին, իսկ ահա Բաքվում հարցվածները կոնկրետ խոսել են պատմության դասագրքերի և դպրոցում դաստիարակչական աշխատանքների այն առանձնահատկությունների մասին, որոնք նպաստում են թշնամու կերպարի ամրապնդմանը։

Հակամարտության առնչությամբ վերահսկողության լոկուսը

Բոլոր երեք խմբերում էլ բազմաթիվ հարցվածներ գտնում են, որ եթե պահպանվեն ներկայիս պայմանները, ապա հակամարտությունը երբեք էլ չի լուծվի. «Ներկայիս պայմաններում ես պարզապես չեմ տեսնում և չգիտեմ, թե ինչպես կարող է լուծվել հակամարտությունը» (Հայաստան, Երևան, սփյուռքահայ տղամարդ)։ «Այսօրվա պայմաններում հակամարտությունը երբեք չի լուծվի» (Ադրբեջան, Բարդա, գործարար, տղամարդ)։

Հակամարտությունը ներկայիս պայմաններում պահպանող պայմանների մասին հարցը խորհրդածությունների տեղիք է տվել հետևյալ թեմայով՝ կարո՞ղ է ինչ-որ բան և ինչ-որ մեկը դրական ազդել իրավիճակի վրա, և ի՞նչը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը։ Ինչպես և նախորդ թեմաներում, այս հարցում ևս կան նմանություններ ու տարբերություններ ինչպես խմբերի ներսում, այնպես էլ խմբերի միջև։

Բոլոր երեք խմբերում էլ հակամարտության լուծման հարցերի նկատմամբ հարցվածների մոտեցումները կարելի է պայմանականորեն բաժանել ուժայինի և խաղաղի, ինչպես նաև դրանք դիտարկել վերահսկողության լոկուսի տեսանկյունից՝ էքստեռնալ և ինտեռնալ։

Ուժային մոտեցում՝

. Բոլոր երեք խմբերում էլ հարցվածների մի մասը շեշտը դնում է ուժի վրա։ Նրանք ելքը տեսնում են իրենց երկրի պաշտպանունակության ամրապնդման մեջ միայն, խոսում են այն մասին, որ պետք է զարգանաս, որպեսզի կարողանաս թշնամուն ճզմել ուժով, միայն այդ դեպքում կարելի կլինի խաղաղության պայմաններ թելադրել։ Բաքվում հարցվածներից մեկն, օրինակ, գտնում է, որ ապրիլյան դեպքերից հետո Ղարաբաղին հասցվելիք ևս մի հարված կբարձրացնի ադրբեջանական բնակչության ոգին և կօգնի հակամարտությունը լուծել ի նպաստ Ադրբեջանի։ Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղում հարցվածը խոսում է այն մասին, որ Արցախում տղաները կարծես թե ռազմիկ են ծնվում՝ նրանք բոլորն էլ մի մարդու պես պատրաստ են կռվել հանուն հայրենիքի։ Իսկ Հայաստանում հարցվածներից մեկն էլ պնդում է, որ վերջնական հաղթանակ է պետք, ինչն էլ կարող է ապահովել հզոր բանակը միայն։ Հակամարտության տարբեր կողմերում գտնվող հարցվածների մի մասի համար այս իմաստով ոգևորիչ օրինակ է ծառայում Իսրայելը, որը հիշատակվել է բոլոր երեք խմբերում էլ։

. Որոշ հարցվածներ հույս են հայտնել, որ հակամարտ մյուս կողմը տարբեր պատճառներով կթուլանա և չի դիմանա հակառակորդի հետ մրցակցությանը, ու այն ժամանակ հեշտ կլինի հաղթանակ ապահովել։

. Հակամարտության երկու կողմերում ապրող այլ հարցվածներ էլ մտավախություն ունեն, որ տարբեր, այդ թվում՝ արտագաղթի ու տնտեսական անկման, հակամարտության նկատմամբ երիտասարդների անտարբերության ու արտաքին ուժերի կողմից հակառակորդին սատարելու պատճառներով և այլն, իրենց կողմն է թուլանալու, ինչից էլ անհապաղ օգտվելու է հակադիր կողմը։

 

Էքստերնալ մոտեցում

. Հարցվածների մի մասը հակամարտության լուծումը տեսնում է բացառապես գերտերությունների մակարդակով։ Նրանք չեն հավատում, որ տեղական հանրությունները և տեղական իշխանությունները կարող են ինքնուրույնաբար ազդել իրավիճակի վրա։

. Հարցվածներից ոմանք կարծում են, որ կարող է նպաստավոր լինել բանակցային գործընթացում միջնորդների փոփոխությունը, քանի որ ներկայիս միջնորդներն իրենց սեփական շահերն ունեն։

. Հարցվածներից մի քանիսը (Ադրբեջանում) հակամարտությունը և դրա լուծումը տեսնում են կրոնական տեսանկյունից և գտնում են, որ ելքը հավատակիցների աջակցությունն է միջազգային մակարդակով։

. Շրջաններում հարցվածներից շատերը գտնում են, որ բանակցային գործընթացը և հակամարտությանը վերաբերող բոլոր հարցերը իշխանությունների առանձնաշնորհն է, և շարքային մարդկանց գործը չէ այդ ոլորտին խառնվելը։

Վերոնշյալը կարող է վկայել հանրության ապատիայի մասին, սեփական ուժերին չհավատալու և այնպիսի գլոբալ հարցի վրա ազդելու հնարավորության բացակայության մասին, ինչպիսին է հակամարտության կարգավորումը։ Սա կարող է փաստել նաև սեփական կառավարությանը բացահայտ  քննադատելու չկամությունը հարցվածների մի մասի մոտ։ Վերջին հանգամանքը հատկապես նկատելի է սահմանամերձ շրջաննների բնակիչների մոտ, որոնք չափազանց զգուշավոր են հակամարտության համատեքստում սեփական ղեկավարության մասին արտահայտություններում։

Խաղաղ մոտեցում

. Յուրաքանչյուր խմբում եղել են հարցվածներ, որոնք տրամադրված են եղել հակամարտության խաղաղ լուծման։ Հարկ է նշել, որ այս առումով խոսքն առավելս գնում է հակամարտության խաղաղ կարգավորման ընդհանուր տրամադրվածության մասին, քան կոնկրետ քայլերի, գաղափարների ու առաջարկների մասին։ Նրանք, ովքեր խոսել են փոխզիջման անհրաժեշտության մասին, մեծամասամբ չեն բացել փակագծերը։

. Կարևոր է նաև նշել, որ ավելի խաղաղ հայացքների տեր հարցվածներից շատերը գտնում են, որ իշխանությունները շահագրգռված չեն, որպեսզի հանրությունն ակտիվորեն  ներգրավվի հակամարտության ու բանակցային գործընթացին առնչվող հարցերի շուրջ բանավեճին։  Ուստիև, ըստ այդ հարցվածների, քաղաքացիական հասարակությունը պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի և իր պահանջները ներկայացնի իշխանություներին։

. Հարցազրույցների ժամանակ հնչած կոնկրետ գաղափարների (հիմնականում՝ հարցման երիտասարդ մասնակիցների կողմից) մեծ մասը վերաբերում է այն գործողություններին, որոնք, ըստ հարցվածների, պետք է ձեռնարկեն իշխանությունները, իսկ փոքր մասը վերաբերում է նրան, թե ինչ կարող է անել հանրությունը։ Խոսելով այն մասին, թե կոնկրետ ինչ կարող են անել իշխանությունները, հակամարտության երկու կողմերում էլ հարցված առանձին մարդիկ հիշատակել են սահմանամերձ գոտու ապառազմականացումը, տարածքների փոխանակումը, խաղաղարար զորքերի տեղաբաշխումը և անմիջական բանակցությունները։

. Հարցվածները խոսել են հանրությունների մակարդակով վստահության կառուցման անհրաժեշտության, կոոպերացման մասին, սակայն նրանց պատասխաններում կոնկրետություն չի եղել։

. Շփման գծին հարող շրջանների բնակիչները, ի տարբերություն մյուս հարցվածների, ավելի մեծ շահագրգռվածություն են դրսևորել խաղաղության հաստատման և ավելի մեծ պատրաստակամություն՝ փոխզիջումների գնալու գործում։ Իսկ փախստականների շրջանում հարցվածներից մի քանիսը (Լեռնային Ղարաբաղ) խոսել են այն մասին, որ փախստականները տիրապետում են նախապատերազմյան շրջանում հակադիր կողմի հետ կառուցողական հաղորդակցության փորձի և կարող են որպես կամուրջ ծառայել երկու թշնամական կողմերի միջև։ Որոշ հարցվածներ (Ադրբեջան) գտնում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ոչ թե կռվախնձոր լինի, այլ տարանջատված հանրությունների հաղորդակցման կամուրջ։

-Ռեֆլեքսող հարցվածները, որոնք մեծամասամբ ուսանողներ, բժիշկներ ու մանկավարժներ են, տեսնում են ամբոխահաճության մյուս երեսը՝ համեմված «թշնամու կերպարով» և քաղաքացիների հայրենասիրական զգացումների շահագործմամբ։ Երիտասարդ հարցվածները գտնում են, որ առանց հանրությունների ժողովրդավարացման, առանց ամբոխահաճությունից, ֆոբիաներից և դավադրաբանական տեսություններից հրաժարվելու բարդ կլինի շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ։

Ամփոփիչ դիտարկումներ

Հարցվածների մեծամասնության համար (սահմանամերձ շրջանների բնակիչներից բացի) հակամարտության թեման գերիշխողը չէ իրենց առօրյա կյանքում։ Հարցվածներից շատերը հարմարվել են հակամարտային իրավիճակին և պատրաստ են հարմարվել ներկայիս ստատուս-քվոյով պայմանավորված սահմանափակումներին։ Բացառություն են կազմում սահմանամերձ գոտիներում ապրող մարդիկ, որոնց մտահոգությունն ամենօրյա է՝ կապված և անվտանգության հարցերի, և տեղաշարժի ազատության սահմանափակումների հետ, և վաղվա նկատմամբ անվստահությամբ։ Հարցմանը նրանք իրենց դրսևորել են որպես մարդիկ, որոնք շահագրգռված են հակամարտության շուտափույթ լուծմամբ, երկխոսությամբ և երկուստեք փոխզիջումներով, դեպքերի մասին ավելի շատ տեղեկացվածությամբ և այլն։ Չնայած այն բանին, որ ինքնին այնպիսի իրավիճակը, որում ակտիվորեն օգտագործվում է «թշնամու կերպարը», չի նպաստում խաղաղարար նախաձեռնություններին, նրանք, այնուամենայնիվ, չեն վախենում խոսել հակադիր կողմի հետ երկխոսության անհրաժեշտության մասին։ Դա խոսում է այն մասին, որ սահմանամերձ բնակչության համար շարունակվող հակամարտության գինը չափազանց բարձր է։

Փաստացի ապրելով ռազմաճակատային գծում՝ սահմանամերձ բնակչությունը միևնույն ժամանակ ապրում է սեփական պետության ծայրագավառում։ Իսկ ծայրագավառում, ի տարբերություն մայրաքաղաքի, քաղաքացիական հասարակությունն այնքան էլ ուժեղ չէ՝ այստեղից էլ իշխանությունների հասցեին քննադատության բացակայությունը (համենայն դեպս՝ հրապարակային ելույթներում) և սեփական անզորության զգացողությունը։ Մյուս կողմից՝ մայրաքաղաքները ծայրագավառներին վերաբերում են որպես բուֆերի, որը հարկ է ամրացնել միայն զինուժով։ Ռազմական կարիքների շրջանակներից դուրս սահմանամերձ շրջանները չեն գտնվում իշխանությունների ու մայրաքաղաքների բնակչության ուշադրության կենտրոնում։ Հարկ է ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակչության աջակցության, սահմանամերձ շրջանների տնտեսական զարգացման համար պայմանների ստեղծման, ներքևից եկող նախաձեռնությունների խրախուսման վրա։ Հարկ է նաև մայրաքաղաքներում աշխատանքներ տանել սահմանամերձ բնակչության նկատմամբ սպառողական վերաբերմունքի հաղթահարման ուղղությամբ։

Ծայրագավառներում ապրող առավել պահպանողական և փակ մարդիկ հակամարտության շարժիչ ուժի մասին հարցին պատասխանելիս խոսել են պետական քաղաքականության շրջանակնեերում։ Գավառների բնակիչները, որպես կանոն, չեն քննադատում իշխանություններին, էքստերնալ են դարձնում կարգավորման վերահսկողության լոկուսը։ Չնայած այն բանին, որ նրանք դժգոհ են իրենց կենսապայմաններից՝ հարցման ժամանակ նրանք իրենց դրսևորել են որպես այնպիսի քաղաքացիներ, որոնք պատրաստ են ակտիվորեն մասնակցել եթե ոչ հակամարտային իրավիճակի, ապա գոնե իրենց առօրյայում ծագող խնդիրների քննարկումներին։ Հարկ է ուշադրություն դարձնել այն բանի վրա, որ տնտեսական զարգացմանն ուղղված օգնությունն ու քաղաքացիական կազմակերպություններին միջազգային աջակցությունը, որպես կանոն, կենտրոնացված են մայրաքաղաքներում ու խոշոր քաղաքներում, ինչն էլ ուշադրությունից դուրս է թողնում գավառների բնակիչներին։

Այն փաստը, որ Ադրբեջանի գավառներոմւ հարցվածներից ոմանք հակամարտությունը դիտարկում են կրոնական տեսանկյունից, կարող է վկայությունը լինել այն բանի, որ գավառներում արմատականացումն ընթանալու է հենց կրոնական ուղղությամբ։ Ուստի և հարկ է քայլեր ձեռնարկել այս հանգամանքի հաշվառումով գավառների զարգացման ուղղությամբ։

Լեռնային Ղարաբաղում հարցվածները նշում են, որ չնայած այն բանին, որ ղարաբաղյան հանրությունը գտնվում է անմիջականորեն հակամարտության գոտում, այն մեծապես օտարացված է բանակցային գործընթացից։ Ահա թե ինչու նրանց միջավայրից կարծիք է  հնչել առ այն, որ ԼՂ-ն պետք է որպես կողմ ներկայացված լինի ցանկացած բանակցություններում։ Ավելին՝ հենց ԼՂ-ում հարցվածներն են խոսել խաղաղարարության ոլորտում ոչ կառավարական մակարդակով տարվող աշխատանքի կարևորության մասին, ինչպես նաև արտաքին աշխարհից ԼՂ-ի մեկուսացումը հաղթահարելու անհրաժեշտության մասին։ Ու հենց ԼՂ-ում է հարցվածն անվստահություն հայտնել խաղաղարարության ոլորտում տեղական և միջազգային կազմակերպություններին։ Որքան մեկուսացված ու փակ է հանրությունը, այնքան պարարտ է հողը շպիոնոմանիայի ու դավադրաբանական տեսությունների և վերջնարդյունքում՝ ինքնամեկուսացման համար։ Անհրաժեշտ է ավելի հետևողականորեն խրախուսել ԼՂ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը ամենատարբեր ձևաչափերով (երկկողմանի, տարածաշրջանային, գլոբալ) նախաձեռնություններին։ Հարկ է ավելի ակտիվ տեղեկատվական աշխատանքներ ծավալել, որպեսզի հանրությունում կասկածներ չծագեն երկխոսային նախաձեռնությունների նպատակների ու խնդիրների շուրջ։ Անհրաժեշտ է միջազգային օգնություն ցուցաբերել ԼՂ-ում քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդման, ազատ ու բազմակարծիք քաղաքացիական դաշտի աջակցման նպատակով։

Մայրաքաղաում ապրող հարցվածներն առավելս մտահոգված են իրենց պետություններում առկա ներքին կացությամբ՝ կառավարությունների անարդյունավետությամբ, կոռուպցիայով, տնտեսական իարվիճակով, գործազրկությամբ, մարդու իրավունքների ու ժողովրդավարական հաստատությունների վիճակով և այլն։ Նրանց մի մասն ընտրել է էսկեյպիզմի և առկա իրողություններին հարմարվելու ուղին, մի մասն էլ ելքը տեսնում է երկրից հեռանալու մեջ։ Այս ամենն անդրադառնում է ոչ միայն այն բանի վրա, որ հակամարտությունը դեռևս երկար է մնալու մարմանդ վառվող կրակի վիճակում՝ հակամարտության վերսկսման մշտական սպառնալիքի պահպանմամբ, այլև ժողովրդավարական հաստատությունների վիճակի վրա, քանի որ նման դեպքերում քաղաքացիական ակտիվությունը նվազում է։  Ուստի և կարևոր է ուշադրություն դարձնել այն երիտասարդներին աջակցելուն, որոնք խոսում են այն մասին, թե ելքը հանրությունների ժողովրդավարացումն է, հաստատությունների ամրապնդումը և այլն։ Հարկ է ավելի շատ ուշադրություն դարձնել երիտասարդական կազմակերպություններին և երիտասարդների մասնակցությանը։

Փախստականների շրջանում հարցվածները հարկադիր տեղափոխվածների մասին խոսել են որպես մի ռեսուրսի մասին, որը կարող է գործարկվել խաղաղարար գործընթացում։ Բացասական փորձից զատ նրանք ունեն նաև մյուս կողմի ներկայացուցիչների հետ դրական գոյակցության փորձ։ Անհրաժեշտ է քաղաքացիական նախաձեռնություններում օգտագործել այս խմբի ներուժը։

Որոշ հարցվածներ նշել են պատմության դասագրքերի բացասական դերը հակադիր կողմի ներկայացուցիչների նկատմամբ ատելություն սերմանելու գործում։ Խոսել են նաև ատելության լեզուն լայնորեն կիրառող սոցիալական ցանցերի ու ԶԼՄ-ների մասին։ Հարկ է ուշադրություն դարձնել ատելության լեզվին այլ պատմույթներ հակադրող նախաձեռնություններին, հարկ է խրախուսել քննադատական մտածողության զարգացումը։

Բոլոր երեք խմբերում էլ եղել են հարցվածներ, որոնք խոսել են փոխզիջում գտնելու անհրաժեշտության մասին։ Նրանք գիտակցում են ուժային եղանակով կարգավորման հասնելու անհնարինությունը, ընդսմին՝ չեն բացատրում, թե կոնկրետ ինչ նկատի ունեն փոխզիջում ասելով և ինչ զիջումների, ըստ նրանց, պիտի գնա կողմերից յուրաքանչյուրը։ Ընդհանուր առմամբ հարցման ժամանակ երևակվել է հակամարտության կարգավորման հնարավորությունների առնչությամբ ավելի շատ գլոբալ ու աբստրակտ բաների մասին խոսելու միտում։ Բայց ահա այն հարցը, թե իսկ հարցվողն ինքը ի՞նչ ներդրում կարող է ունենալ խաղաղության կառուցման գործում,  հարցվածներին  աշխարհաքաղաքականության, քարոզչական կաղապարների ու «քաղաքական կոռեկտության» ոլորտից տանում էր դեպի առավել կոնկրետ հարթություն և մարդկանց ստիպում խորհել ավելի գետնամերձ, առաջարկելով թեկուզ փոքրիկ, բայց, այդուհանդերձ, կոնկրետ քայլեր՝ մերձավոր շրջապատի և տեղական համայնքների մակարդակով։ Հարցվածներից շատերը խոսել են այն մասին, որ հարցազրույցներն իրենց ստիպել են առաջին անգամ լրջորեն մտորելու հակամարտությանն առնչված բազմաթիվ հարցերի շուրջ։ Կարծում ենք, կարող են օգտակար լինել սույն հետազոտության հարցերի ու արդյունքների շուրջ տարբեր խմբերում խորացված բանավեճերը։  

Share

Comments are closed.