Հակամարտությունը՝ որպես վաղեմի հիվանդություն. ինչու մենք չենք հավատում հակամարտության լուծմանը

(նոթեր՝ սոցիոլոգիական հետազոտության լուսանցքներում)

 


Միքայել ԶՈԼՅԱՆ
Երևան

 

Վերջերս՝ խաղաղարար մի ծրագրի շրջանակներում, որակական սոցիոլոգիական ուսումնասիրություն է անցկացվել ղարաբաղյան հակամարտության ընկալումների մասին։ Սա լավ առիթ էր այս թեմայով մտքերս կիսելու համար։ Էն գլխից ասեմ, որ անդրադառնալու եմ հակամարտության ընկալմանը Հայաստանի Հանրապետությունում, իսկ թե հակամարտությունն ինչպես է ընկալվում, ասենք, Ստեփանակերտում և Բաքվում, հուսով եմ՝ կգրեն իմ գործընկերները։

Եւ այսպես, ինչպես սովորաբար ֆիլմերում են ասում, կա երկու նորություն՝ լավ և վատ։ Վատի մասին՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ տասնամյակների ընթացքում տեղի է ունեցել հակամարտության բնականոնացում, իմա՝ այն սկսել է մարդկանց կողմից ընկալվել որպես աներկբա իրողություն, որպես մի մասն այն  իրականության, որը հնարավոր չէ փոխել։ Բայց նաև լավ նորություն կա՝ հետազոտությունը ցույց է տալիս, որ ճիշտ հարցադրումների միջոցով կարելի է խթանել հակամարտության քննադատական վերլուծությունը։ Այլ կերպ ասած՝ հանրության հետ աշխատանքի ճիշտ ռազմավարությունը կարող է օգնել, որպեսզի հանրությունը սկսի խնդրահարույց համարել հակամարտությունը, իմա՝ հակամարտության՝ որպես ինքնըստինքյան հասկանալի երևույթի մասին պատկերացումներից անցնի հակամարտության քննադատական վերլուծությանը և դրա լուծման որոնումներին։ Բայց ամեն ինչի մասին՝ հերթով։

«Հակամարտության բնականոնացումն», իմ կարծիքով, հիմնականում բացատրում է այն ոչ միշտ հաճելի իրավիճակները, որի մեջ սովորաբար հայտնվում են «դրսի» խաղաղարարները, երբ, պայմանականորեն ասած, «տեղացիները»  կասկածանքով, իսկ երբեմն էլ թշնամանքով են վերաբարվում խաղաղարար նախաձեռնություններին։ Ընդ որում, «դրսի խաղաղարարները» պարտադիր չէ, որ օտարերկրացիներ լինեն, այդպիսիք կարող են լինել և մեր այն հայրենակիցները, որոնց նկատմամբ ինչ-ինչ պատճառներով կասկածանքով են վերաբերվում «ՈԿԿ-ականները» (ՈԿԿ՝ ոչ կառավարական կազմակերպություն) և  «գրանտակերները»։ Կասկածամտությունն ու անվստահությունը ոչ միշտ են արտահայտվում անմիջապես, քանի որ դա սովորաբար քողարկում են, ելնելով «հյուրի նկատմամբ» բարյացակամ վերաբերմունքի անհրաժեշտությունից։ Առավել ևս, որ իրենց նկատմամբ «դրսի» հետաքրքրությունից «տեղացիներն» իրենց շոյված են զգում, քանի որ իրենք սովորաբար քիչ հնարավորություն են ունենում դուրս գալ հաղորդակցվելու սովորական շրջանակից։ Իսկ երբեմն էլ անձնական շահագրգռվածություն է լինում՝ «երկխոսությանը» մասնակցելը կարող է «տեղացիների» համար գրավիչ լինել այն պատճառով, որ այն առնչվում է ինչ-որ դրական բաների ակնկալիքի հետ, ոչ միայն և ոչ այնքան նյութական, օրինակ՝ արտերկիր մեկնելու հնարավորություն, ժամանց, նոր ծանոթություններ և այլն։ Բայց, ընդհանուր առմամբ, խաղաղարար գործնեության հիմնական նպատակի նկատմամբ վերաբերմունքն իրենից ներկայացնում է կասկածամտության և անտարբերության խառնուրդ։ Իր հերթին՝ արդեն «միջնորդների» ու «խաղաղարարների» մոտ սա տարակուսանք ու չընկալում է առաջացնում («այս ի՞նչ մարդիկ են՝ չեն ուզում իրենք լուծեն իրենց հակամարտությունը»), ինչն էլ վերաճում է մեծ հիասթափության՝ «եթե անգամ իրենք չեն ուզում, որ հակամարտությունը լուծվի, ապա մենք ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց»։

Ինչպես ինձ է թվում՝ սույն հետազոտությունն օգնում է հասկանալու այս կասկածամտության բնությունը, որը կապված է այն ընկալման հետ, ըստ որի հակամարտությունը «բնականոնացվել է» և արդեն ընկալվում է որպես մեզ շրջապատող օբյեկտիվ իրականության մաս։ Այս իրականությունը հնարավոր չէ փոխել, այլ պարզապես հարկ է այն հաշվի առնել՝ սեփական գործողությունները

պլանավորելիս և ապագայի մասին մտորելիս։ Հակամարտության լուծումն ընկալվում է որպես մի ուտոպիա, որի մասին կարելի է խոսել, բայց որը ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ինչպես հարցվողներից մեկն է ասել, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող է հակամարտությունը լուծվել՝ «ես նույնիսկ չեմ մտածել, թե իմ կյանքն ինչպես կդասավորվի առանց հակամարտության, քանի որ այն կա… Հիմարություն կլիներ պատասխանել այդ հարցին, քանի որ դա կլիներ ոտից գլուխ տեսություն» (բժիշկ, 29 տարեկան)։

Մարդկանց մոտ այն ընկալումը կա, որ հակամարտությունը դեռ երկար է տևելու։ Հենց սրանում է, ըստ իս, կայանում այս փուլի տարբերությունը այն բանից, թե ինչպես էր մեր երկրներում իրավիճակն ընկալվում ռազմական գործողություների դադարեցմանը հաջորդած առաջին տարիներին, այսինքն՝ 1990-ականների երկրորդ կեսին և 2000-ականների սկզբներին։ Այն ժամանակ իրավիճակն իրոք ծանր էր՝ և տնտեսական, և հումանիտար տեսանկյուններից, դեռևս թարմ էին պատերազմի արհավիրքների մասին հիշողությունները։ Բայց հույս կար ապագայի նկատմամբ, շատերը հուսով էին, որ եթե ոչ մեկ-երկու տարի անց, ապա մի քսան տարուց հետո լուծում, այնուամենայնիվ, կգտնվի։ Անցել է քսան տարի, իսկ հակամարտություն լուծում չկա ու չկա, ու չի էլ սպասվում։ Դժվար թե, ասենք, 1997-ին ծնված երեխաների ծնողները մտածեին, որ 2017-ին իրենց զավակները կլինեն խրամատներում՝ հակառակորդի հրետակոծության տակ։

Այս «կայուն անկայունության» զգացման հետ է կապված, ինչպես ինձ է թվում, մի հանգամանք, որն աչքի է զարնվում հետազոտության նյութերում։ Շատերի մոտ առկա է պլանավորման բավականին կարճ հորիզոն։ Հարցվածների մեծամասնությունն անորոշ պատասխան է տվել կյանքի ծրագրերի, հեռանկարների ու նպատակների մասին հարցին։ Ինչ խոսք, եղել են նաև բացառություններ, ինչպես, օրինակ, 91-ամյա հարցվածը, որը հստակ նպատակ ուներ ապրելու մինչև 95 տարեկանը (նա, ի դեպ, մեր ամենահետաքրքիր հարցվածներից է, առողջություն և երկարակեցություն եմ մաղթում նրան)։ Երբ երիտասարդ հարցվածներն ասում են, որ իմաստ չունի տևական հեռանկարով պլանավորել իրենց կյանքը, դա կարելի է վերագրել ջահելական առավելապաշտությանը։ Բայց երբ նույն բանը լսում ենք, ասենք, 2 թոռ ունեցող 53-ամյա տղամարդուց, դա արդեն խոսում է այն մասին, որ այստեղ մենք արդեն գործ ունենք շատ ավելի լուրջ բանի հետ։ Նա մեջբերում է Լենոնի այն միտքը, որ «կյանքն այն է, ինչ տեղի է ունենում ձեզ հետ այն ժամանակ, երբ դուք ապագայի մասին պլաններ եք կազմում», ինչը հակամարտության ենթատեքստում չափազանց մռայլ է հնչում։ Սա հարմարվելու մի յուրօրինակ ռազմավարություն է մի այնպիսի իրավիճակի, որում անկայունությունն ու ռիսկը ինքնին հասկանալի բաներ են։ Ու անկանխատեսելիության և մշտական վտանգի այս զգացողությունը միայն հակամարտությամբ չէ պայմանավորված։ Իհարկե, հակամարտության առկայությունն ուժեղացնում է այն, բարձրացնում է սթրեսի մակարդակը, բայց այն չի ընկալվում որպես անհանգստության, անկայունության, սեփական ապագան պլանավորելու անհնարինության միակ պատճառ։ Մեր հանրություններում մարդիկ ապրում են մշտական ու համատարած անկայունության ու անկանխատեսելիության զգացողությամբ, և հակամարտությունը պարզապես այդ անկայունության աղբյուրներից մեկն է սոսկ։

Այս ամենը ես տեսնում եմ հարցվածների պատասխաններում։ Բայց, միևնույն ժամանակ, ես տեսնում եմ հակամարտության վրա քննադատական հայացք ձգելու ներուժ, որը խթանվում է հետազոտողների հարցերի շնորհիվ։ Քանի դեռ հակամարտությունն ընկալվում է որպես օբյեկտիվ իրականություն, դրա՝ որպես երևույթի,  քննադատական վերլուծություն էլ չկա։ Սակայն հետազոտողներն իրենց հարցերով սադրում են հարցվողներին և մղում դեպի հակամարտությունների քննադատական վերլուծություն, ու պարզվում է, որ շատ մարդիկ շատ հեշտությամբ են ձերբազատվում «ուռռա-հայրենասիրական» կամ հոռետեսական կլիշեներից և սկսում են վերլուծել հակամարտությունն ու դրա լուծման ուղիները։ Այսպես, օրինակ, շատ հարցվածներ այս կամ այն կերպ անդրադառնում են էլիտաների պատասխանատվության հարցին։ Տարբեր ձևերով բավականին հաճախ է արտահայտվում այն միտքը, որ իշխանությունը կամ էլիտայի մի մասը շահագրգռված է հակամարտության շարունակմամբ, իսկ ահա հանրության մյուս՝ նվազ ապահովված մասն իր վրա է կրում հակամարտության բացասական հետևանքների հիմնական բեռը։ Կարծում եմ, այս առումով հայ հանրության ընկալումների վրա զգալիորեն ազդել են 2016 թվականի ապրիլի իրադարձությունները։ Դրանք ցույց են տվել, որ առաջին գծում՝ հակառակորդի գնդակոծության տակ հայտնվելու հավանականությունն այնքան բարձր է, որքան  ցածր է գտնվում զորակոչիկի ընտանիքը սոցիալական սանդղակում (լինի դա նյութական վիճակը կամ սոցիալական կարգավիճակը)։ Ավելի սուր են սկսել ընկալվել այնպիսի խնդիրներ, ինչպիսին է էլիտաների կոռումպացվածությունը, հատկապես՝ կոռուպցիան ու գողությունը զինված ուժերում։ Ի դեպ, հիմնականում հենց այս պատկերացումներն են էական դեր խաղացել 2018-ի գարնան իրադարձությունների ժամանակ։

Հարցվածներից ոմանք բավականին միանշանակ են տեսնում հակամարտության և սեփական վիճակի կապը։ Օրինակ, հարցվածներից մեկը պատմում է, որ 1990-ականներին հակամարտության պատճառով լույս չկար և այլն, մյուսն ասում է՝ «միգուցե եթե հակամարտությունը չլիներ՝ ես աշխատանք ունենայի», երրորդը մտածում է, որ հնարավոր է իր եղբայրը չմեկներ մեկ այլ տեղ և այլն։ Ուշագրավ է, որ չնայած դրան, երբ խոսք է գնում հակամարտության հնարավոր լուծման մասին՝ հարցվածները հաճախ կամ ասում են, որ լուծում չկա, կամ էլ հնչեցնում են ակնհայտորեն անիրատեսական, առավելապաշտական պահանջներ։ Ընդսմին, հնչեցնելով դրանք՝ նրանք միևնույն ժամանակ չեն գտնում, որ իրենք՝ «հասարակ մարդիկ», պատասխանատվություն են կրում հակամարտության համար։ Պատասխանատվությունը նրանք բարդում են իրենց ընկալմամբ արտաքին ուժերի վրա՝ մյուս կողմի վրա, իշխանավորների վրա, անցյալի գործիչների վրա, համաշխարհային հանրության վրա, երրորդ երկրների և այլոց վրա։ Այսպես, հիշատակվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Արևմուտքը, Մինսկի խումբը և այլն։ Բաժին է հասնում նաև սեփական իշխանություններին։ Այսպես, հարցվածներից մեկը գտնում է, որ պատասխանատվություն կրում են կոնկրետ երեք հոգի՝ Պուտինը, Ալիևը և Սարգսյանը (հետաքրքիր կլիներ նրան լսել այսօր՝ հասկանալու համար, թե արդյո՞ք նա «եռյակում» կներգրավեր Փաշինյանին)։ Ընդհանուր առմամբ, տպավորություն է ստեղծվում, որ հարցվածներից շատերը հակամարտության չլուծման պատճառները չեն փնտրում հայկական և ադրբեջանական հանրություններում։

Մի խոսքով, ոչ լավատեսական պատկեր է ստեղծվում։ Զգացվում է մի կողմից՝ սեփական ուժերի, ինչ-որ բան փոխելու սեփական ունակության նկատմամբ անվստահություն, մյուս կողմից՝ սեփական պատկերացումներից ինչ-որ չափով հրաժարվելու, իմա՝ փոխզիջման գնալու անպատրաստություն։ Այս երկու երևույթներն, ամենայն հավանականությամբ, փոխկապակցված են. եթե միևնույն է՝ լուծում հնարավոր չէ, ապա ինչու հրաժարվել առավելապաշտական դիրքորոշումից և փորձել փոխզիջման գնալ հակառակորդի հետ, եթե փոխզիջում սկզբունքորեն հնարավոր չէ։ Այսպիսով, մենք հայտնվում են մի արատավոր շրջանում, երբ մի կողմի առավելապաշտությունը բախվում է մյուս կողմի առավելապաշտության հետ, և երկուսն էլ կոչված են քողարկելու սեփական անզորությունը։ Հակամարտությունը  վաղեմի հիվանդության նման դարձել է մեր մի մասը, և որպեսզի հակամարտության լուծումը հնարավոր լինի՝ մենք ջանքեր պիտի թափենք, ինչին մեր հանրություններն առայժմ պատրաստ չեն։ Այդուհանդերձ, հետազոտության նյութերում հիմքեր կան նաև լավատեսության համար։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ամենատարբեր մարդիկ սկսում քննադատաբար վերլուծել հակամարտությունը և հանգում այնպիսի եզրակացությունների, որոնց մասին տարիներ շարունակ խոսում են քաղաքագետներն ու հակամարտաբանները։ Ու դա հույս է ներշնչում։

Եւ ամենավերջինը՝ ինչքանո՞վ են այս ամենին առնչվում հայաստանյան վերջին իրադարձություները։ Դժվար է այս հարցին միանշանակ պատասխանել։ Հնարավոր է՝ կարճաժամկետ հեռանկարում դրանք էական ազդեցություն չեն թողնի հակամարտության ընկալման վրա։ Ավելին՝ որոշ վերլուծաբաններ մտահոգություն են հայտնում, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո երկու կողմերի բանակցային դիրքորոշումներն ավելի են կոշտացել, իսկ լայնածավալ պատերազմի հեռանկարն էլ մեծացել է։ Ինքս նման մտահոգություները փոքր ինչ չափազանցված եմ համարում, բայց դրանք անտեսել խորհուրդ չէի տա։ Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ երկարատև հեռանկարում «թավշյա հեղափոխությունը» նպաստելու է, որպեսզի հակամարտության նկատմամբ վերաբերմունքը փոխվի հակամարտության մեջ ներգրավված բոլոր հանրություններում։ Որոշակի պատկերացումներ ունեմ առ այն, թե ինչպես է դա տեղի ունենալու, բայց այդ մասին խոսելն առայժմ վաղ է։ Սակայն մի հանգամանք, այնուամենայնիվ, կուզեի նշել։ 2018- ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների շնորհիվ Հայաստանի քաղաքացիները վերջապես սկսել են հասկանալ, որ հենց իրենք են որոշում երկրի ապագան, հետևաբար և՝ պատասխանատվություն են կրում այն բանի համար, թե ինչպիսին է լինելու այդ ապագան։ Ինչպես ինձ է թվում՝ երբ մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդները գիտակցեն դա, ապա աստիճանաբար կսկսեն նախադրյալներ ստեղծվել հակամարտության լուծման համար։ Սա երկար ու դժվարին գործընթաց է լինելու, և այսօր դեռևս անհնար է կանխատեսել, թե երբ ու ինչպես դա տեղի տունենա, բայց որ դա տեղի կունենա՝ կասկած չունեմ։

 

Share

Comments are closed.