Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում․ Նիկոլ Փաշինյանի թավշյա մոտեցումները

 


Թաթուլ Հ
ԱԿՈԲՅԱՆ
Լրագրող
Երևան

 

Հայաստանի առաջնորդներից միակը, որ հրապարակավ չի խոսել Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին, Նիկոլ Փաշինյանն է։ Սա, անշուշտ, չի նշանակում, որ Ադրբեջանի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքը փաստաթղթով ճանաչելու դեպքում Փաշինյանը չի գնա տարածքային զիջումների։ Փաշինյանը մասնավոր զրույցներում և հրապարակավ ակնարկում է, որ

ա) դժգոհ է կարգավորման այն ժառանգությունից, որ ստացել է Սերժ Սարգսյանից,

բ) ինքը չի կարող խոսել Արցախի ղեկավարության և ժողովրդի անունից,

գ) Մադրիդյան սկզբունքներն անընդունելի են, քանի դեռ այնտեղ ամրագրված է հետաձգված հանրաքվեի գաղափարը և ոչ անմիջական հանրաքվեն։

Այժմ՝ ավելի մանրամասն։

Նախ՝ հիշեցնենք Հայաստանի նախորդ երեք ղեկավարների՝ արցախյան կարգավորման կարմիր գծերը և մեջբերենք հատվածներ նրանց հրապարակային հայտարարություններից։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը խորապես հավատացած էր, որ ղարաբաղյան հարցը լուծում չի ունենա, քանի դեռ կողմերը խոսում են կարգավիճակից։ Այսինքն՝ Ադրբեջանը չի ընդունի Արցախի որևէ կարգավիճակ իր սահմաններից դուրս, իսկ Հայաստանն ու Արցախը չեն ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Հետևաբար, կարգավիճակի հարցը պետք է թողնել և լուծել մյուս առանցքային հարցերը՝ տարածքներ, փախստականներ, անվտանգություն և հաղորդակցության ուղիներ։

1997-ի փուլային առաջարկը, որ ընդունելի էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար որպես չարյաց փոքրագույն, նախատեսում էր Ադրբեջանին վերադարձնել 6 շրջան, բացառությամբ Լաչինի ամբողջ շրջանի (այդ փաստաթղթում խոսք չէր գնում միջանցքի մասին, այլ Լաչինի ամբողջ շրջանի՝ ի տարբերություն, օրինակ, Մադրիդյանի և մյուս առաջարկների, որտեղ խոսք է գնում Լաչինի նեղ միջանցքի շուրջ)։ Դրա դիմաց Ադրբեջանը, հետևաբար նաև՝ Թուրքիան, բացում էին հաղորդակցության ճանապարհները, վերջ տալիս շրջափակումներին, Արցախը անորոշ կարգավիճակով, բայց ոչ Ադրբեջանի կազմում, դառնում էր Հայաստանի փաստացի շարունակություն։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարմիր գծերը ամփոփված են միանգամից երեք առաջարկներում, որոնք արվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից։ Խոսքը Հայաստանի կողմից որպես բանակցային հիմք ընդունված փաստաթղթերի մասին է՝ 1998-ի Ընդհանուր պետություն, 2001-ի Քի Վեսթ և 2007-ի Մադրիդյան սկզբունքներ։ Քի Վեսթը շեղում էր բանակցային գործընթացի ողջ տրամաբանությունից և ենթադրում էր նախկին ԼՂԻՄ-ի և Լաչինի նեղ միջանցքի կցում Հայաստանին, որի դիմաց Ադրբեջանը ստանում էր յոթ շրջան և Հայաստանի վրայով «սուվերեն միջանցք»՝ Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահավելու նպատակով։

Ընդհանուր պետության առաջարկով որոշվում էր Արցախի հետևյալ կարգավիճակը․ «ԼՂ-ն հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է Ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: Հայաստանն ու Արցախը, ըստ այս փաստաթղթի, զորքերը դուրս էին բերում 6 շրջաններից ու Լաչինի ոչ միջանցքային մասերից։ «ԼՂ կողմից Լաչինի միջանցքն օգտագործելու հարցը առանձին պայմանավորվածության առարկա է, եթե Ադրբեջանի և ԼՂ համաձայնությամբ չընդունվեն այլ որոշումներ Լաչինի շրջանի հատուկ ռեժիմի վերաբերյալ: Լաչինի շրջանը մշտապես պետք է մնա լիովին ապառազմականացված գոտի», ասվում էր Ընդհանուր պետության փաստաթղթում:

Եւ, վերջապես, Մադրիդյան առաջարկները ենթադրում են տարածքների վերադարձ կարգավիճակի դիմաց՝ հետաձգված հանրաքվեի խոստումով։ Ըստ առաջարկների, նախ վերադարձվում են 5 շրջաններ, ապա Քարվաճառը՝ հանրաքվեի անցկացման դիմաց, և վերջում Լաչինի շրջանի ոչ միջանցքային մասերը։

Ռոբերտ Քոչարյանը 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում ասել է. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ բանակցային սեղանին դրված է եղել Մադրիդյան առաջարկների նորացված տարբերակը, որն ավելի հայտնի է Կազանյան անունով։ Այդ տարբերակը, ըստ տեղեկությունների, ավելի վատն է, քան Մադրիդյանը, քանի որ հետաձգված հանրաքվեի հարցը ավելի մշուշոտ է դարձել։

Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին ռուս հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, մասնավորապես նշելով. «Հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով»։

Հայաստանի որևէ առաջնորդ, բացի Սերժ Սարգսյանից, չի խոսել 7 շրջան վերադարձնելու մասին։ Միշտ խոսք է գնացել 6 կամ 5 շրջանի մասին։

Հիմա հասկանանք, թե ինչ է նշանակում Նիկոլ Փաշինյանի մոտեցումը. ղարաբաղյան կարգավորման լուծումը պետք է լինի այնպիսին, որ ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

Որքան էլ դժվար լինի պատկերացնելը, բայց երեք միավորների և հասարակությունների համար լուծումը հնարավոր կլինի, եթե Բաքուն ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և պատրաստ լինի Արցախում հանրաքվեի անցկացումից հետո ընդունել դրա արդյունքները։ Սակայն հասկանալի նաև, որ Ադրբեջանը ևս պետք է ինչ-որ բան ստանա։ Հետևաբար, առանց տարածք վերադարձնելու ոչ Ադրբեջանի իշխանությունները, ոչ հասարակությունը չի ընդունի կարգավորման որևէ տարբերակ։ Գաղտնիք չէ, որ երկար տարիներ բանակցություններում քննարկվել են տարածքներ՝խաղաղության դիմաց, ապա տարածքներ՝ կարգավիճակի դիմաց բանաձևը։

Եթե Նիկոլ Փաշինյանը չի խոսում տարածքներ վերադարձնելու մասին, ապա դա չի նշանակում, թե նա դեմ է դրան և չի գա մի պահ, որ նա էլ կխոսի այդ մասին, ինչպես խոսել են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը և Սարգսյանը։ Փաշինյանը մի քանի առիթներով ասել է, որ քանի դեռ Ադրբեջանը խոսում է պատերազմից, ու ռազմական հռետորաբանությունն է գերիշխողը ադրբեջանական հասարակության մեջ ու քաղաքական-պետական շրջանակներում, անիմաստ է խոսել փոխզիջումների մասին։

Վերջերս մի փակ հանդիպման ընթացքում Փաշինյանը բավականին բաց խոսել է ղարաբաղյան կարգավորման ներկա վիճակի և իր պատկերացումների մասին։ Ի դեպ, մայիսի 9-ից, երբ արդեն վարչապետի պաշտոնում Փաշինյանը առաջին անգամ այցելեց Արցախ, բազմաթիվ առիթներով նա խոսել է կարգավորման իր պատկերացումների մասին։ Դրանք ներկայացնենք առանձին կետերով՝ առանց մեկնաբանությունների։

Առաջին՝ Փաշինյանը մտահոգությամբ նշում է, որ ինքը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը ժառանգել է մի կետից, երբ Հայաստանի դաշնակից պետությունները համոզված են, որ առանց որևէ կարգավիճակի՝ ազատագրված 5 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին։

Երկրորդ՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ընդ որում՝ Ադրբեջանի կազմից դուրս, հակամարտության կարգավորում հնարավոր չէ։ Նա ընդգծել է, որ հետաձգված հանրաքվեն, որ Մադրիդյան առաջարկների հիմնական նորությունն էր, իր համար անընդունելի է։

Երրորդ՝ առանց Արցախի ժողովրդի և կառավարության մասնակցության չի կարող լինել կարգավորում,

Չորրորդ՝ վարչապետը չի կարող խոսել Արցախի կառավարության և ժողովրդի անունից, նա կարող է խոսել միայն Հայաստանի կառավարության ու նրա ժողովրդի անունից։ Գուցե Քոչարյանն ու Սարգսյանը նման իրավունք ունեցել են, քանի որ նրանց ծագումնաբանությունը ղարաբաղյան է․ ծնվել են այնտեղ, մասնակցել շարժմանն ու պատերազմին։

Հինգերորդ՝ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև գիտակցում է դրա անխուսափելիությունը և պատրաստ է դրան, եթե Երևանը, Ստեփանակերտը և Բաքուն չկարողանան համաձայնության գալ տարածքներ՝կարգավիճակի դիմաց բանաձևի մանրամասների շուրջ։

 

*Թաթուլ Հակոբյանը ՍիվիլՆեթի լրագրող է և ԱՆԻ կենտրոնի համակարգող։ Նա հեղինակն է “Արցախյան օրագիր” , “Կանաչ ու սև” և “Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գրքերի։

Share

Comments are closed.