2018. Ընտրությունների տարին Թուրքիայում

 


Գևորգ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Թուրքագետ
Երևան

 

Թուրքիայում անցնող տարվա իրադարձությունները, թերևս, մեծապես կապված էին պատմական նշանակություն ունեցող ընտրությունների հետ, որոնց ժամանակ Թուրքիայի քաղաքացիներն ընտրում էին ինչպես լայն լիազորություններով երկրի ղեկավարին առաջիկա 5 տարիների համար, այնպես էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կազմը: Ընդ որում, սա նման ձևաչափով առաջին ընտրությունն էր մեր արևմտյան հարևանի ճամբարում, որտեղ նախորդ տարի նախագահ Էրդողանի նախաձեռնած հանրաքվեի արդյունքում փոխել էին սահմանադրությունը, և երկիրը խորհրդարանական համակարգով կառավարումից անցում էր կատարել նախագահական կառավարման:

2019 թվականի նոյեմբերի 3-ի փոխարեն 2018 թվականի հունիսի 24-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդը գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր և նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը. Էրդողանն ու իր կուսակցությունը թուրքական պետության ղեկը ձեռքից բաց չեն թողնում վերջին 16 տարիներին, ինչն արեցին այս անգամ ևս՝ հաղթելով ընտրություններում: Թեև Թուրքիայում առկա դժգոհության կուտակմանը, բռնությունների ու ճնշումների աճին, տնտեսական խնդիրներին, Էրդողանը, օգտագործելով իր փորձն ու վարչական լծակները, կարողացավ դառնալ կառավարման համակարգը փոխած Թուրքիայի նախագահը, իսկ իրենց պարտությունը, մեծ հաշվով, ընդունեցին մնացած կողմերը: Սա բերեց հետընտրական Թուրքիայում ներքաղաքական ժամանակավոր կայունացման, սակայն տնտեսական խնդիրները, որոնք թակում են թուրքական պետության դռները վերջին տարիներին, ոչ միայն չհեռացան, այլ ավելի համառ են դառնում իրենց դրսևորումներում: Թուրքիայում հասարակ քաղաքացիների գրպանին բավական ծանր հարվածներ են հասցվում. թուրքական արժույթի՝ լիրայի արժեզրկում, համատարած գնաճ և այլն, իսկ սա լրջագույն խնդիր է պետության՝ ժողովրդականություն վայելող ղեկավարի համար:

Ընդհանրապես, 2018-ը Թուրքիայում կարելի է բաժանել նախընտրական ու հետընտրական ժամանակահատվածների: Սա վերաբերում էր ինչպես ներքին քաղաքական հարցերին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը: Ակնհայտ էր, որ ներքաղաքական խնդիրների և նախընտրական քարոզարշավի ժամանակ Էրդողանի և թիմի կողմից «հակաների» (իմա՛ հակաամերիկյան, հակաքրդական, հակաեվրոպական) հռետորաբանությունն ու քայլերը մեղմվելու միտում պիտի ունենային:

Քրդական հարցը, որը մերօրյա Թուրքիայի կարևորագույն ներքին խնդիրն է, անցնող տարում ևս դիտարկելի էր ընտրությունների ծիրում: Թեև նախագահ Էրդողանի իշխանությունից ստացած ծանր հարվածներին՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը հաղթահարեց Թուրքիայի խորհրդարան մուտք գործելու անցողիկ շեմն ու ապահովեց իր ներկայությունը թուրքական օրենսդիր մարմնում՝ իր հետևում թողնելով անգամ «Ազգայնական շարժում» կուսակցությանը: Եւ թեև թուրքական իշխանությունների՝ քրդերի հաջողությունից ակներև դժգոհությանը, և Էրդողանը, և քրդերը, մեծ հաշվով, գոհ մնացին. քրդերը լուծեցին խորհրդարան անցնելու խնդիրը, ինչը թուլացրեց քրդերի շրջանում լարումը, իսկ լարման նվազումն էլ արդեն պետք էր Էրդողանին: Եթե կարճ բնութագրենք, ապա 2018-ը թուրքական պետության և քրդական կազմակերպությունների ուժերի վերադասավորման շրջան էր:

Թուրքիայի ներքին դիսկուրսում, ընտրական, տնտեսական և քրդական հարցին առնչվող թեմաներին զուգընթաց, օրակարգ էր ձևավորում նաև Թուրքիայում Գյուլենի կողմնակիցների դեմ տարվող պատերազմը: Ինչպես և նախորդ տարիներին, ընդհանրապես չնկատվեց գյուլենականների դեմ պայքարի ծավալների նվազումը. Էրդողանի կառավարությունը շարունակեց Գյուլենի համախոհ լինելու մեջ մեղադրվողների զանգվածային ձերբակալությունները, աշխատանքից ազատումներն ու ճնշումները:

Բարդ տարի էր Թուրքիայի համար իր գլխավոր գոծընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների դիտանկյունից: Սրա օրինակներից էր այն, որ պաշտոնական Անկարան ծանր դիմադրությունից հետո ստիպված էր ազատ արձակել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, որին Թուրքիայում մեղադրում էին 2016 թվական հեղաշրջման փորձի մասնակցության համար՝ կալանավորած պահելով շուրջ 2 տարի: Ստիպված էր, քանի որ ամերիկյան ճնշումների ներքո թուրքական լիրան հզոր հարվածներ էր ստանում: Ի վերջո, հակաամերիկյան հայտարարություններով կարելի է ազդել թուրքական հասարակության խոշոր մի շերտի վրա, բայց ոչ երբեք կերակրել նրան: Բացի վերը նշածից, պետք է շեշտել, որ չնայած Անկարայի փորձերին՝ Վաշինգտոնն անդրդվելի է ԱՄՆ-ում ապաստանած թուրք կրոնական և հասարակական գործիչ, Էրդողանի թիվ մեկ թշնամի Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային հանձնելու հարցում. Գյուլենին ու նրա համախոհներին Թուրքիայում մեղադրում են 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու, ինչպես և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ:

Իհարկե, անցնող տարվա նշանակալի իրադարձություններից էր  սաուդցի լրագրող Ջամալ Խաշոջիի՝ համաշխարհային հնչեղություն ստացած սպանությունը Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում, որը նոր ու լուրջ պատճառ դարձավ Թուրքիայի՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում լարվածության հետագա խորացմանը: Թուրքիան այս դեպքն օգտագործեց Սաուդյան Արաբիայի նկատմամբ ճնշումներ կիրառելու համար. Թուրքիա-Սաուդյան Արաբիա տարածաշրջանային ազդեցության համար մղվող առճակատումը շարունակվում է:

Արտաքին-քաղաքական ուղեգծում նախորդ տարիների նման սկզբունքային փոփոխություն չեղավ. ավանդական խնդիրներն ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ ոչ միանշանակ դինամիկայով հարաբերությունները, ագրեսիվ քաղաքականություն Սիրիայի և Իրաքի հարցում (հատկապես իր հարավային հարևանների նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունում կարելի է գտնել ուղիղ կապերը քրդական թնջուկի հետ):

Թեև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում նոր գործընթացներ ու խորքային քայլեր չարձանագրվեցին, սակայն հայաստանյան նոր իշխանությունները ևս ամենաբարձր մակարդակով քանիցս հնչեցրեցին հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ շեշտելով, որ իրականում սահմանը փակ է հենց Թուրքիայի կողմից: Թեև ոչ շոշափելի քայլերին, տարբեր շերտերում երևում է Թուրքիայի ուշադրությունը և հետաքրքրության աճը Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների նկատմամբ: Ամեն դեպքում, ներկայումս ադրբեջանական գործոնը դոմինանտ է Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման հարցում. Թուրքիայում ադրբեջանական ներդրումների աճի ֆոնին ու ադրբեջանական լոբբիի շարունակական ակտիվացման պարագայում խնդիրը բազմակի բարդանում է:

Անցնող տարին կհիշվի նաև պոլսահայ մեծանուն ֆոտոլրագրող Արա Գյուլերի մահվամբ: 90 տարեկանում կյանքից հեռացավ Ստամբուլի աչքը՝ մարդ-ֆենոմեն, որն իր աշխատանքով աշխարհին ներկայացրեց Ստամբուլն իր ողջ գեղեցկությամբ: Վերջինիս հուղարկավորությունը ևս ցույց տվեց նրա մեծ կշիռը Թուրքիայում. Ստամբուլը հրաժեշտ տվեց իրեն սիրահարվածին ու բացահայտածին:

2018 թվականի կարևոր իրադարձությունների շարքում  պետք է նշել նաև «Ձիթենու ճյուղ» գործողությունն Աֆրինում, TANAP գազատարի բացումը,  «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը, ինչպես և Ստամբուլի թվով երրորդ միջազգային օդանավակայանի բացումը, որը հավակնում է դառնալ աշխարհի խոշորագույն օդանավակայանը:

Թուրքիայում 2018-ի պայմանական խաղաղությունն այժմ կարելի է բնորոշել որպես դադար փոթորկից առաջ: Էրդողանի ազգայնական հռետորաբանությանը, կրոնին ու ավանդույթներին հաճախ հղում անելը ժամանակավոր խաղաքարտեր են, նրա գլխավոր հաղթաթուղթը՝ տնտեսության զարգացումն ու շարքային քաղաքացու՝ նյութապես ավելի բարեկեցիկ ապրելու հնարավորության ստեղծումը, ոչ միայն չի գործում, այլ սկսել է հակառակ ուղղությամբ գնալ, ինչը կուտակում է լրջագույն դժգոհություն լայն զանգվածների շրջանում: Տնտեսության կայունացումն ու զարգացումը լինելու է 2019-ի Թուրքիայի գլխավոր խնդիրը, հակառակ դեպքում Էրդողանի իշխանության հիմքերը կարող են ցնցվել ու ճեղքեր տալ:

Share

Comments are closed.