2018-ի պատմությունը դեռ նոր է սկսվում

 


Մովսես ԴԵՄԻՐՃՅԱՆ
Վերլուծաբան
Երևան

 

Այն, որ 2018-ին տեղի ունեցան Հայաստանի և հայերի համար կարևոր քաղաքական իրադարձություններ, փաստ է: Դրանք հետագայում միայն ցույց կտան իրենց ազդեցությունը պետության և հասարակության զարգացման վրա, սակայն այս պահին նույնպես կարելի է որոշ ընդհանրացումներ և եզրակացություններ անել:

Հայաստանի նորագույն պատմության մեջ այս տարին կմտնի որպես քաղաքացիական հասարակության ամենաազդեցիկ դրսևորման շրջան: Նման փորձեր նախկինում նույնպես եղել են, սակայն չէին գտնում հասարակության լայն շրջանակների աջակցությունը: Բնական է, որ ժամանակի ընթացքում հասարակության ամենաակտիվ՝ քաղաքացիական հատվածի դրսևորումները պետք է ավելի հաճախակի և ազդեցիկ դառնային: Ի վերջո, այն պետք է հաստատվեր որպես երկրում հանրային հարաբերություններ գեներացնող ազդեցիկ գործոններից մեկը: Իրականում Հայաստանում քաղաքացիական հասարակությունն ունի և արդեն մի քանի տարի է, ինչ ուներ ոչ թե սիտուատիվ, այլ ինստիտուցիոնալ բնույթ, ինչը հավաստելու համար բավարար է ասել, որ հենց նա հանդես եկավ որպես ամենամեծ և ազդեցիկ ընդդիմություն ու արեց այն, ինչ տասնամյակներ շարունակ չէին կարողանում իրականացնել ընդդիմադիր կուսակցությունները: Թեպետ քաղհասարակության ակտիվությունն այժմ դրսևորվում է առավելապես քաղաքական գործընթացներում, սակայն ժամանակի ընթացքում այն իր խոսքը կասի նաև կրթության և մշակույթի, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական այլ ոլորտներում:Հասարակական լայն շրջանակների համախմբման հիմքում ընկած էր ոչ միայն քաղհասարակության ակտիվությունը, այլ մեկ այլ գործոն ևս՝ ազգի, որպես քաղաքական հանրույթի, ձևավորումը: Դասագրքային ճշմարտություն է, որ էթնոսը /ժողովուրդը/ ազգ է դառնում այն ժամանակ, երբ իր կյանքը սկսում է կազմակերպել ոչ թե ավանդույթի, այլ օրենքի և իրավունքի ուժով: Այլ կերպ ասած, էթնոսը վերածվում է ազգի, երբ նրա կյանքը կազմակերպվում է քաղաքական, քաղաքացիական և իրավական, ոչ թե ավանդական-մշակութային նորմերով:

Հայերի պարագայում ազգի ձևավորման գործընթացը պատմության ընթացքում մի քանի անգամ ընդհատվել է՝ պետության կամ անկախության կորստի, զանգվածային տեղահանման և գաղթի, ինքնությունը պահպանող և վերարտադրող կառույցների՝ ազգային դպրոցի, մշակութային հաստատությունների, գործունեության դադարեցման և այլ պատճառներով: Անկախության առաջին տարիներին մենք նույնպես ունեինք որպես ազգ–քաղաքական հանրույթ ձևակերպվելու և ապրելու հնարավորություն, սակայն այդ գործընթացը կասեցվեց քաղաքական և քաղաքացիական ինքնադրսևորման ու ինքնահաստատման սահմանափակմամբ, ինչն, ըստ էության, հաղթահարվեց միայն վերջերս և արտահայտվեց 2018-ին: Այս իմաստով նույնպես, նաև եթե հաշվի առնենք աշխարհասփյուռ հայության հեռահար մասնակցությունը 2018 թվականի քաղաքական գլխավոր գործընթացներին, կարելի է փաստել, որ մենք, ըստ էության, նոր ենք ազգ դարձել:

Սրանով է պայմանավորված, որ հանրային քննարկումներում ակտիվանում են այսպես կոչված ազգային թեմաները, կապված, օրինակ, Հայաստան-Սփյուռք, Հայաստան-Արցախ հարաբերությունների նոր ձևաչափերի հետ: Անկասկած, հետագայում, ազգայինի մեր հանրային ընկալումը (էթնիկականի և քաղաքացիականի բևեռներում) ճշգրտելուց հետո հանրային քննարկման կհանվեն այլ խնդիրներ ևս՝ կապված կրթության, վարքի նորմերի, եկեղեցու արդիականացման և այլ հարցերի հետ: Սրա պատճառն այն է, որ ազգը, որպես կյանքի կազմակերպման սոցիալ-մշակութային մոդել, խնդիր ունի ստեղծելու և յուրացնելու իր կենսագործունեության տարածքը, այն միջավայրը, որտեղ տարածվելու է ազգային մշակույթը:

Այդ մշակույթը, որը ձևավորվում և տարածվում է այսօր Հայաստանում, ավանդական մշակույթ չէ, և զգալի չափով չի էլ համապատասխանում կյանքի կազմակերպման մասին մեր ինչ-որ չափով դեռևս ավանդական հասարակության պատկերացումներին: Սա, իր հերթին, նշանակում է, որ 2018 թվականին մենք ականատես եղանք Հայաստանում բազմամշակութային հասարակության լեգիտիմացման: Մեր սոցիալական տարածությունն այլևս լրացվում է ոչ միայն ավանդական մշակույթով, այլև ժամանակակից սպառողական, բուրժուական (ժամանցային, խաղային), քաղաքացիական և այլ ձևերով: Մշակութային այդ խառնուրդում այլևս անհնար է ձևակերպել մեկ ճշմարիտ կարծիք որևէ երևույթի մասին, քանի որ սոցիալ-մշակութային բոլոր մոդելները տալիս են իրենց պատկերացումները, և բոլորն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն: Սա նշանակում է, որ ամենատարբեր՝ սկսած վարքի նորմերից և կրթությունից, վերջացրած եկեղեցուն և բանակին առնչվող հարցերի վերաբերյալ հայ հասարակությունն այլևս չի կարող ունենալ միասնական տեսակետ: Նման պայմաններում ավելի մեծ կարևորություն է ստանում ուժեղ պետությունը, որը կարող է հաստատել օրենքի և իրավունքի գերակայությունը վարքի այլ նորմերի և հանրային հարաբերությունների մասին բոլոր այլ պատկերացումների նկատմամբ: Այս ժամանակ ի հայտ է գալու 2018 թվականի իրադարձությունների ամենահիմնական հետևանքներից մեկը, երբ մենք պետք է ընտրենք, թե որն է մեզ համար հանրային կյանքի կազմակերպման լավագույն ձևը՝ ազգային մշակու՞յթը, թե՞ պետությունը:

Խնդիրն իրականում ոչ այնքան այս երկու տարբերակներինց որևէ մեկն ընտրելն է, այլ՝ ստեղծել այդ երկուսի համատեղման մոդել, որն իր մեջ կներառի ազգային և քաղաքացիական կեցությունները: Բանն այն է, որ հասարակական կյանքի կազմակերպման այդ երկու մոդելները տարբերվում են իրենց նպատակներով: Ազգային կեցությունը ձգտում է ամբողջականության,  իսկ պետական կեցությունը՝ արդյունավետության: Այլ կերպ ասած, ազգային կեցությունը փորձում է իր մեջ ներառել կյանքի բոլոր ոլորտները՝ պատմություն, կրոն, մշակույթ, բարոյականություն, կրթություն և այլն, իսկ պետությունը ձգտում է լինել հանրային կյանքի ամենաարդյունավետ կազմակերպիչը: Խնդիրը, որի հետ բախվելու է հայ հասարակությունը մոտ ապագայում և որի հիմքերը դրվել են այս տարի, վերաբերում է նրան, թե ինչպես համատեղել ազգային-մշակութային երևույթները հանրային կյանքի պետական արդյունավետ կառավարման հետ:

Ազգ դառնալու և պետության հետ նորովի հարաբերվելու գործընթացին զուգահեռ անցնող տարին աչքի ընկավ մի կարևոր հանգամանքով նույնպես՝ անկախության վերաիմաստավորմամբ և հաստատմամբ: Ստացվեց այնպես, որ մենք միայն 2018-ին ազատվեցինք խորհրդային շրջանից իներցիայով մեզ հասած կարգերից և մտածելակերպից: Անկախության ողջ շրջանում մեր անկախությունն ուներ դեկլարատիվ բնույթ, նրա մասին խոսվում էր, բայց ոչ ոք այն չէր զգում և չէր տեսնում կիրառության մեջ: Այլ կերպ ասած՝ ժամանակաշրջանը փոխվել էր, երկրի կարգավիճակը փոխվել էր, բայց սոցիալական իրականությունը չէր փոխվել: Այն արմատական փոփոխություն կրեց միայն 2018-ին, և վստահաբար կարելի է ասել, որ մենք միայն այս տարի անկախացանք: Դա կարող է ունենալ իր հսկայական դրական ազդեցությունը պետության և հասարակության զարգացման վրա, եթե մենք հաշվի առնենք, որ լայն իմաստով չունենք երկրի ինքնուրույն երկարամյա կառավարման փորձ և պետք է շատ զգույշ լինենք անկախության հետ:

Հաշվի առնելով այս և բազմաթիվ այլ հանգամանքներ, կարելի է արձանագրել, որ 2018-ով ավարտվում է ոչ թե միայն մեկ օրացույցային տարի, այլ մի ամբողջ սոցիալ-մշակութային շրջան: Կարելի է ասել, որ այդ շրջանը ոչ այնքան ժամանակի հետ եկավ-անցավ, այլ հոգեբանորեն և գործնականում հաղթահարվեց հայ հասարակության և աշխարհասփյուռ հայության կողմից, և այդ իմաստով նույնպես կրում է անցանկալի անցյալից ազատվելու և մեր կենսական տարածքն այդ անցյալից ազատագրելու խորհուրդը:

Share

Comments are closed.