Հեռացող տարին նշանավորվել է իշխանության և ընդդիմության նկատմամբ հասարակության լիակատար հիասթափությամբ

 


Իզիդա
ՃԱՆԻԱ
«Нужная газета»
թերթի գլխավոր խմբագիր
Սուխում

 

Եթե խոսենք տարվա ամենակարևոր արդյունքների մասին, ապա դրանց մեջ անկասկած պետք է հիշատակել արտաքին-քաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կողմից Աբխազիայի անկախության ճանաչումն ու երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դրան ի պատասխան՝ Վրաստանը հայտարարել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։ Արևմտյան մի շարք երկրներ հանդես են եկել Սիրիայի Արաբական Հանրապետության ղեկավարության քննադատությամբ, որին ի պատասխան Աբխազիայի ԱԳՆ-ն իր վերաբերմունքն է արտահայտել «ԱՄՆ Պետդեպարտամենտի և «կոլեկտիվ Արևմուտքի» այլ երկրների՝ հիստերիային սահմանակցող չափազանց նյարդային» արձագանքի հանդեպ։

«ԱՄՆև նրա արբանյակների նմանատիպ վարքագիծը միանգամայն կանխատեսելի է և բխում է Հարավային Կովկասում այդ երկրների վարած քաղաքականությունից, որը միտված է վրացաբխազական հակամարտության հիմքում ընկած պատմական և իրավական գործոնների ամբողջական անտեսմանը», – հայտարարել է փոխարտգործնախարար Իրակլի Տուժբան՝ ի պատասխան ԱՄՆ և «կոլեկտիվ Արևմուտքի»  այլ երկրների դժգոհության։  Աբխազիայի արտաքին-քաղաքական գերատեսչությունում համարում են, որ բոլոր հարցերն առարկայական իրողությունների արհամարհմամբ՝ Վրաստանի ղեկավարության շահերի համատեքստում լուծելու «Արևմուտքի ներկայացուցիչների» ձգտումը հանգեցրել է Աբխազիայի և Վրաստան միջև խաղաղ բանակցությունների բազմամյա արգելակմանը։

Ընդ որում՝ ո՛չ Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզած Վրաստանի, և ո՛չ Արևմուտքի երկրների արձագանքը չեն ազդել Աբխազիայի և Սիրիայի փոխադարձ ճանաչման վրա։ Աբխազիայի անկախության ճանաչումից քիչ անց Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան պաշտոնական այցով մեկնել է Սիրիա, իսկ երկու երկրների խորհրդարանները վավերացրել են բարեկամության, համագործակցության և ռազմական օգնության մասին համաձայնագրեր. ստորագրվել են տնտեսական և մշակութային ոլորտներին վերաբերող մի շարք պայմանագրեր։

Կարևոր հոբելյանական տարեթվերից այս տարին Աբխազիան նշել է վրաց-աբխազական պատերազմում հաղթանակի 25-ամյակը և Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման10-ամյակը։

Հաղթանակի օրվա առթիվ Աբխազիա այցելած հյուրերի մեջ կար նաև Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝  ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ղեկավարությամբ։

Վրաստանի հետ հարաբերություններում նույնպես ոչ մի դրական փոփոխություն չի արձանագրվել։ Աբխազիան և Վրաստանը ողջ տարի փոխանակվում էին անբարյացակամ հռետորաբանությամբ։

Աբխազիան մեղադրում էր Վրաստանին խաղաղ պայմանագիրը ստորագրել չկամենալու, Աբխազիայի մարդասիրական շրջափակման քաղաքականությունը շարունակելու և երկրի՝ հարևաններին սպառնացող ռազմականացումը  խորացնլու մեջ։

Վրաստանը մեղադրում էր Աբխազիային իր տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը խրախուսելու մեջ և ԵՄ երկրներից պահանջում էր Աբխազիայի մեկուսացման միջոցների խստացում։

Հասկանալի է, որ միջազգային Ժնևյան քննարկումները, որոնք Աբխազիայի և Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների բանակցային շփման միակ հարթակն են, նույնպես ոչ մի օգուտ չի տվել։ Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ «բանակցությունների» այս ձևաչափը, որում Աբխազիան և Հարավային Օսիան հանդես են գալիս ոչ թե մասնակիցների, այլ դիտորդների կարգավիճակով, ոչ միայն ձեռնտու չէ նրանց, այլև հիմնովին իմաստազուրկ է։ Դրա համար էլ Աբխազիայի և Հարավային Օսիայի դիրքորոշումն արձանագրում է ԵԱՀԿ հովանավորությամբ և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող այս անարդյունավետ քննարկումների ձևաչափի փոփոխության անհրաժեշտությունը։

Այժմ արտաքին քաղաքականությունից անցնենք ներքին գործերին։ Անցնող տարին նշանավորվել է իշխանության և ընդդիմության նկատմամբ հասարակության լիակատար հիասթափությամբ։ Դրա համար էլ ողջ տարի քաղաքական գործիչները ձգտել են վերադասավորել իրենց ուժերը 2019թ. Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։

Ընդհանուր պատկերն այդպիսին է. 2018թ. հունվարին ստեղծվել է Հասարակական և քաղաքական կազմակերպությունների միություն, որը փորձել է բոլոր ընդդիմադիր քաղաքական կազմակերպություններին միավորել գործող նախագահի վաղաժամկետ հրաժարականի կարգախոսի ներքո։ Նրանք հենց այդպես էլ հիմնավորել են իրենց նպատակը. «Ստեղծել մի իրավիճակ, որում պետության ղեկավարը սահմանված ժամկետից շուտ կամովին վայր կդնի իր լիազորությունները»։

«Մենք հասկանում ենք, որ սա շատ լուրջ պահանջ է և լիովին գիտակցում ենք, թե ինչպիսի իրադարձություններով այն կարող է ուղեկցվել», – 2018թ. հունվարին Սուխումում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է խորհրդարանի պատգամավոր Ասլան Բժանիան։

Սակայն Հասարակական և քաղաքական կազմակերպությունների միությունը երկար չգործեց. արդեն 2018թ. հուլիսին այն սկսել են լքել մի շարք ընդդիմադիր կազմակերպություններ։ Միությունը փրկելու համար Մոսկվայից Աբխազիա է ժամանել երկրի նախկին փոխնախագահ՝ 2014թ. նախագահական ընտրություններում Բժանիայի առաջադրման շտաբի պետ Միխայիլ Լոգուան։ «Առողջական խնդիրների բերմամբ» պաշտոնը վաղաժամ թողած նախկին փոխնախագահը հայտարարել է «Պետականության փրկության համար» նոր քաղաքական կազմավորում ստեղծելու մասին։ Նոր միավորման նպատակը նույնն էր՝ նախագահ Խաջիմբայի վաղաժամկետ հրաժարականը։ Սակայն մի ամիս չանցած պետականության փրկիչ Միխայիլ Լոգուան «անգլիական» ոճով՝ առանց լրագրողներին հրաժեշտ տալու վերադարձավ նախկին Խորհրդային Միության մայրաքաղաք։ Այսպես տապալվեց «Պետականության փրկության համար» բարձրագոչ անուն ստացած ընդդիմության երկրորդ քաղաքական նախագիծը։

Այժմ ընդդիմությունից անցնենք «երրորդ ուժին»։ Այս տարվա ապրիլին լրագրողների համար հրավիրված մամլո ասուլիսում ապագայի համար սեփական «թագավորական» ծրագրերի մասին է խոսել հասարակական գործիչների մի խումբ, որը ցանկություն է հայտնել ստեղծելու «Ափսախարա» (թարգմանաբար՝ Աբխազաց թագավորություն) հասարակական կազմակերպությունը՝ պետականության վերականգնման գաղափարի շուրջ մարդկաց միավորելու համար։ Մամլո ասուլիս նախաձեռնողները լրագրողներին խոստացան, որ երեք շաբաթ անց՝ բոլոր կազմակերպչական հարցերն ավարտելուց հետո, իրենք ընդլայնված մամլո ասուլիսի ժամանակ հասարակությանը կներկայացնեն կազմակերպության կանոնադրությունը։ Բայց անցել է արդեն 9 ամիս և, կարծես թե, այս քաղաքական ուժը նույնպես չծնված վախճանվել է։

Տարին եզրափակվում է ևս մի՝ դեռևս սեփական անուն չունեցող, բայց իր դրոշի ներքո մարդկանց ակտիվորեն հրավիրող նոր հասարակական կազմակերպության հայտնությամբ։ Նրան անդամակցել են ժողովրդի միավորման նպատակը հռչակած, բայց այնպես էլ չստեղծված «Ափսախարա» հաարակական կազմակերպության որոշ անդամեր։ Նախաձեռնող խումբը դեռ իր Մովսեսն էլ չունի, բայց նրանք որոշել են «հին տիկերը նոր գինով լցնել»։ Նոր գինին սովորաբար հարբեցնում է, հատկապես Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին։ Թերևս հենց այդ պատճառով պայմանականորեն երիտասարդ քաղաքական գործիչներն իրենց նպատակները ձևակերպում են հետևյալ հաջորդականությամբ՝քաղաքական կազմակերպության ստեղծում, երկիրը ճգնաժամից դուրս բերելու հնգամյա ծրագիր (իրավունքի գերակայության սկզբունքի վերականգնում, գոյություն ունեցող իշխանական հաստատությունների ամրապնդում), թիմի կազմավորում և պետության ղեկավարի պաշտոնին պատշաճ թեկնածուի առաջադրում։ Այս նպատակներն ընդհանուր առմամբ յուրօրինակությամբ աչքի չեն ընկնում։

Կարելի է բացատրել քաղաքական ուժերի վերադասավորվելու ցանկությունն ու փորձերը։ Այս ամենն արվում է «երրորդ ուժի» ի հայտ գալու պահանջված թեզը հասարակությանը հնարավորինս համոզիչ ներկայացնելու նպատակով։ Սակայն աբխազական հասարակությունը չի սպասում նոր գինի և չի կամենում լսել «ժողովուրդ, եկեք մեզ մոտ, մենք ինչ-որ մի ժամանակ անց ինչ-որ մի բան միասին կհորինենք» կարգի հավաստիացումներ։ Նրանք սպասում են հասուն՝ մեր երկրում հնարավոր և իրագործելի քաղաքական ու սոցիալական առաջարկություններ։ Իսկ դրանք թագավորության հավակնող թեկնածուների այժմյան ճառերում չկան։

Այսպիսով,  2019 թվականը նշանավորվելու է երկրի նախագահի ընտրություններով և ցույց կտա, թե քաղաքական գործիչները ժողովրդի միասնության և պետության փրկության մասին ճչան հայտարարություններով որքանով են կարողացել ճանապարհ հարթել դեպի մարդկանց ընտրական սրտերը և նրանց «գլուխները տանել» ։

Share

Comments are closed.