Ադրբեջանական հանրության տրամադրությունները՝ 100-ամյակի կապակցությամբ

 


Ավազ
ՀԱՍԱՆՈՎ
Հումանիտար հետազոտությունների
հանրային միավորում
Բաքու

Երբ մտորում էի 2018 թվականի արդյունքների շուրջ՝ առաջին բանը, որ մտքիս եկավ, քաղաքական այն լարված գործընթացներն էին, որոնք Հարավային Կովկասում տեղի էին ունեցել 100 տարի առաջ։ Մեկ դար առաջ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը, անկախություն են հռչակել մեծ կայսրության փլուզման ընթացքում։ Առաջին անգամ կառավարման ժողովրդավարական եղանակը դարձել էր ազգի զարգացման և պատմության մեջ իր տեղը գտնելու հիմնական ձևերից մեկը։

1918 թվականի մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի և դաշնակից պետությունների միջև խաղաղ պայմանագրի կնքումից հետո պատմական պայմաններ էին ստեղծվել Հարավային Կովկասի երկրների միավորման համար՝ իրենց գոյության ապահովման նպատակով։ Առաջին աշխարհամարտում պարտություն կրած դաշնակից պետությունների տարածքում սկիզբ առած հեղափոխությունները պատմական նոր հնարավորություններ էին ստեղծել։ Սկզբում Ռուսաստանում, որ Անտանտի անդամ էր, միապետությունը կործանվեց Հոկտեմբերյան հեղափոխության արդյունքում։ Այնուհետև գերմանական, ավստրոհունգարական և թուրքական կայսրություններում, պատերազմում պարտված դաշնակից երկրներում պատմության թատերաբեմից հեռացվեց նախկին վարչակարգը և ձևավորվեցին քաղաքական նոր իշխանություններ։

Ադրբեջանում այս տարվա ընթացքում խանդավառություն էր տիրում անկախ հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կապակցությամբ։ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության պատմական դերի մասին քննարկումները շարունակվեցին ընդհուպ մինչև տարեվերջ։ Քանի որ 2018-ը հռչակվել էր անկախության հարյուրամյակի տարի՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներով անցկացվող միջոցառումների հիմնական էությունը կայանում էր երկրի անկախության ձեռքբերման և պահպանման ուղղությամբ 20-րդ դարասկզբին ձեռնարկված ջանքերի վերլուծությունն էր։

Քննարկումների և այլ միջոցառումների ժամանակ ես նկատեցի մի ուշագրավ հանգամանք։ Այս տարի միանգամայն հանգիստ ու ոչ զգայական մթնոլորտում էր քննարկվում Հարավային Կովկասում հարյուր տարի առաջ ծագած իրավիճակը։ Քննարկվել են հարյուրամյա վաղեմության Անդրկովկասյան կոմիսարիատի,  Անդրկովկասի դեմոկրատական ֆեդերատիվ հանրապետության, Անդրկովկասի Սեյմի ձեռքբերումները։ Դիտարկվել են Անդրկովկասի Սեյմում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և մտավորականության կողմից ձեռնարկված քայլերը տարածաշրջանի անկախության պահպանման ուղղությամբ՝ ի հեճուկս Օսմանյան կայսրության և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից ճնշումների։ Ադրբեջանի հանրությունն առանց որևէ խտրականության վերլուծում էր 1918 թվականին վրացի սոցիալ-դեմոկրատների, հայկական “Դաշնակցություն” կուսակցության և ադրբեջանական “Մուսավաթ” կուսակցության ներդրումը բոլոր երեք հանրապետությունների անկախության գործում, քաղաքական ուժեր, որոնք կարևոր դեր են խաղացել Հարավային Կովկասի ժողովուրդների ճակատագրում։

Իրադարձություների վերլուծությունն այլ պատկեր էր ներկայացնում ադրբեջանական հանրությանը, այն մթնոլորտը, որը հարյուր տարի առաջ պայմաններ էր ստեղծել տարածաշրջանի քաղաքական միասնության համար։ Դա մի հետաքրքիր փորձ էր, երբ երեք հանրապետությունների բնակչությունը շահագրգռված էր իր գոյության մեջ և կարողացել էր դրան հասնել համատեղ ջանքերի արդյունքում՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ այդ ժամանակաշրջանը լեցուն էր քաղաքական հզոր ճնշումներով և ռազմական սպառնալիքներով։ Ես առաջին անգամ էի տեսնում, թե ինչպես էր ադրբեջանական հանրությունը առանձնակի հարգանք ցուցաբերում արտաքին ազդեցություններից տարածաշրջանը պաշտպանելուն միտված համատեղ ջանքերի նկատմամբ։

Ադրբեջանական հանրության համար մի իսկական բացահայտում էր մտքերի փոխանակության ժամանակ երևան հանված այն հանգամանքը, որ տարածաշրջանի ճակատագիրը գտնվում էր նրա մտավորականության ձեռքերում, և այն իր իսկ նախաձեռնությամբ համատեղ ջանքեր էր գործադրում տարածաշրջանում քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման ուղղությամբ։ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյա պատմության մասին տեղեկատվությունից բացի երկրի հանրությունը նաև հանգամանորեն տեղեկացվեց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ տարածաշրջանի ժողովուրդների ձեռնարկած քայլերի մասին։

2018 թվականը նաև կհիշվի որպես ղարաբաղյան հակամարտության արդյունքում ծագած հարաբերությունների թայմ աուտի տարի։ Ինչ խոսք, դրա վրա ազդել են Ռուսաստանում և Հայաստանում անցկացված ընտրությունները, ինչպես նաև Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները։ Սովորաբար, երբ երկու հանրապետություններում ընտրական տարի է լինում՝ տեղի է ունենում բանակցային գործընթացի հետաձգում կամ այդ գործընթացում բարձրաստիճան պաշտոնյաների բացակայություն, գործընթացը սովորաբար շարունակվում է արտգործնախարարների մակարդակով։ Թեև հակամարտության լուծման վերաբերյալ հակամարտող կողմերը տարբեր պատկերացումներ ունեն՝ վերջնարդյունքում մարդկանց հիմնական սպասելիքը իրենց կյանքում կայունության ձեռքբերումն է։ Ուստի և բանակցային գործընթացի դադարեցումը խորացնում է հակամարտության մասին միֆերը։ Սա մարդկանց մեջ ուժեղացնում է այն ենթադրությունը, որ բանակցություններից հրաժարումը հանգեցնելու է պատերազմի։

Սակայն, թեև 2018 թվականին բանակցային գործընթացը դադարեցված է, Ադրբեջանում լռություն էր տիրում Հայաստանում իշխանափոխության և հատկապես այնտեղ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության շուրջ։ Այն, որ Նիկոլ Փաշիննյանն իշխանության է եկել Հայաստանում և վերջ դրել Սարգսյանի կառավարմանը՝ Ադրբեջանում պաշտոնական մակարդակով հանգիստ ընդունվեց։ Ռազմաճակատում իրավիճակը չի փոխվել, ինչպես նախորդ տարիներին էր դա տեղի ունենում։ Հայկական քաղաքական էլիտայի քննադատությունը ժամանակավորապես դադարեցվել էր։ Ենթադրվում էր, որ ադրբեջանական կողմը Հայաստանում կատարվող դեպքերի գնահատման ընթացքում էր և նոր իշխանություններին հնարավորություն էր տալիս ամրապնդել իր դիրքերը երկրի ներսում։

Հավատ է ծագել, որ Հայաստանում կատարվող փոփոխությունները ապագայում կհանգեցնեն բանակցային գործընթացի հաջող ելքի։ Ինչ խոսք, Ադրբեջանում քչերը կարող են հավատալ, որ երկու կողմերը հեշտությամբ կհամաձայնեցնեն հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումները, քանի որ երկու կողմերն էլ ունեն իրենց ճշմարտությունն ու իրենց փաստարկները։ Այդուհանդերձ, 2018 թվականին ավելի մեծ էր հավատն առ դրական փոփոխությունները։ Հայաստանյան իշխանափոխությունը չէր կարող չազդել այդ հավատի ձևավորման վրա։

Share

Comments are closed.