Հայաստանի եվրասիակա՞ն, թե՞ եվրաինտեգրման ուղեգիծը

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Փորձագետ
Երեւան

Ռուսաստանի վերնախավի համար աշունը նշանավորվել է քաղաքական ճնշաչափի (barometer) սլաքի հաստատմամբ ՙհստակ  է՚ ցուցանիշի վրա:  Դատելով ստեղծվող իրավիճակից` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը վերադառնալու է նախագահական աթոռին, իսկ վարչապետի տեղը զբաղեցնելու է ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ռուսաստանյան քաղաքական վերնախավում հստակության հաստատմանը գրեթե զուգընթաց սկսվել է ՙԵվրասիական միության՚ քաղաքական-տնտեսական նախագիծն առաջ մղելու արշավը: Սույն միությանը վերաբերող սեփական տեսլականով հանդես է եկել ոչ միայն ռուսաստանյան առաջնորդ Վ. Պուտինը, այլեւ Ղազախստանի ու Բելառուսի նախագահները:

Վ. Պուտինի` ՙԻզվեստիա՚ թերթում հրապարակված  հոդվածի համաձայն` կարելի է ենթադրություններ անել, որ նախագահի աթոռում վերահաստատվելուց հետո Ռուսաստանի ազգային առաջնորդը մտցնելու է մի շարք էական շտկումներ իր արտաքին-քաղաքական ուղեգծի մեջ: Այդ շտկումների նպատակը նախ եւ առաջ լինելու է սեփական ազգային շահերի առավել հետեւողական պաշտպանությունը եւ ԱՄՆ ու ԵՄ քաղաքականության նավարկուղում ընթանալուց հրաժարումը:

 

 

Միանգամայն ակներեւ է, որ տեսանելի ապագայում մենք ականատեսն ենք լինելու հետխորհրդային տարածությունում նոր ու լայնածավալ ինտեգրացիոն նախագծի մեկնարկին: Այսուհանդերձ, հարկ է արձանագրել, որ երկու նախորդ փորձերը չեն իրագործվել նախանշված ծավալներով: Նկատի ունենք ԱՊՀ, ապա նաեւ` Ռուսաստան-Բելառուս ՙԴաշնային պետության՚  նախագծերը: Բուն նախագիծը դեռեւս հստակեցված չէ եւ կարելի է ասել, որ այն դեռեւս մշակման փուլում է:

 

 

Վ. Պուտինի հոդվածից հետեւում է, որ նոր ինտեգրացիոն նախաձեռնությունը ստորակարգվելու է տնտեսության եւ պաշտպանության շահերին. վերջինիս հիմքը լինելու է Մաքսային Միությունը (ՄՄ) եւ ԱՊՀ` Համատեղ անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): Մոսկվան գտնում է, որ.

– ՙԵվրասիական միության՚ նախագծի իրականացումը նվազագույնի է հասցնելու հետխորհրդային տարածությունում իր արեւմտյան եւ արեւելյան աշխարհաքաղաքական ու տնտեսական մրցակիցների այլընտրանքային խաղեր ծավալելու հնարավորությունը,

– հնարավոր է լինելու ստեղծել իր պատասխանատվության գոտում առկա արտաքին եւ ներքին մարտահրավերներին դիմագրավելու եւ անվտանգությունը պահպանելու ընդունակ ռազմաքաղաքական մի կառույց, մասնավորապես` հարավային ուղղությամբ (Կենտրոնական Ասիա եւ Կովկաս):

Դատելով Ա. Լուկաշենկոյի եւ Ն. Նազարբաեւի հոդվածներից, Բելառուսի եւ Ղազախստանի առաջնորդները դեռեւս փորձում են նախագծել խաղի ընդհանուր կանոններ եւ համաձայն չեն ՙԵվրասիական միության՚ մեջ ընդունել այդ կանոններին հետեւել չկամեցող երկրների: Դրանով իսկ բացատրվում է Ա. Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե Տաշքենդը դադարեցրել է ինտեգրացիոն նախագծերում իր մասնակցությունն իսլամիստական ընդդիմությունը ճնշելուց հետո:

 

Խոսելով ՙԵվրասիական միության՚ մասին` հարկ է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ-ում ծավալվում է նախընտրական արշավ, իսկ նոր ինտեգրացիոն նախագծի մասին հայտարարությունները ռուսաստանցի ընտրողների կողմից ավանդաբար բարյացակամ են ընդունվում:

Հայաստանի նախագահ Ս. Սարգսյանը հոկտեմբերի վերջերին Մոսկվա կատարած պետական այցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու ՙԵվրասիական միությանը՚, իսկ այցի նախօրեին վարչապետ Տ.Սարգսյանը փաստաթղթեր է ստորագրել` ԵվրԱզԷս երկրների ՙԱզատ առեւտրի՚ գոտուն միանալու վերաբերյալ: Այս ամենից ակնհայտ է դառնում, որ պաշտոնական Երեւանն արտահայտել է սույն ինտեգրացիոն նախագծին մասնակցելու սեփական մտադրությունը: Այսուհանդերձ, հարկ է հաշվի առնել, որ.

– ի տարբերություն Մաքսային Միության երկրների` Հայաստանն Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) անդամ է, այսինքն` առեւտրատնտեսական այլ գոտու մաս է կազմում: Սակայն, Ռուսաստանի` ԱՀԿ սպասվող հավանական մուտքից հետո այս հարցն ինքնաբերաբար վերանում է,

–  Հայաստանը չունի ընդհանուր սահման ՄՄ ոչ մի երկրի հետ, այսինքն` անգամ ՄՄ մաս դառնալուց հետո նա մնալու է յուրօրինակ մեկուսատարածք (enclave),

– ի տարբերություն ՄՄ մտնելու ցանկություն արտահայտած այլ երկրների (օրինակ` Ղրղզստանի)` Հայաստանն առաջվա պես ներքաշված է ղարաբաղյան հակամարտության մեջ Ստեփանակերտի կողմն` ընդդեմ Ադրբեջանի,

– Ռուսաստանում եւս գոյություն ունի ՙեվրասիականների՚ շարժում եւ անգամ մի ամբողջ Եվրասիական կուսակցություն, թեեւ վերջինս խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում: Այդ կուսակցությունը ղեկավարում է ռուսաստանցի հայտնի աշխարհաքաղաքագետ Ա. Դուգինը: Խնդիրն այն է, որ նրա դավանած ուսմունքն աչքի է ընկնում նրանով, որ եվրասիականությունը գերազանցապես սլավոնների ու թյուրքերի միությունն է: 90-ականների կեսերին այդ բանաձեւը փոքր ինչ խմբագրվել ու ներկայացվել է որպես Ուղղափառության եւ Իսլամի դաշինք: Սակայն Ա. Դուգինի վերջին ելույթները ցույց են տալիս, որ նա կրկին վերադառնում է իր նախնական` ՙսլավոնաթուրքական՚ միության ձեւակերպմանը: Հաշվի առնելով Ա. Դուգինի դիրքորոշման ազդեցությունը եվրասիական հարցերում` չի կարելի բացառել, որ սույն հայեցակարգը հետագայում կարող է որդեգրվել Ռուսաստանի ղեկավարության կողմից: Այդ դեպքում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը տեղ չունեն հիշյալ գաղափարական ուսմունքի ՙպրոկրուստյան մահճի՚ մեջ եւ վերջինիս իրագործման պարագայում կարող են հայտնվել մեկուսացված ու մերժված վիճակում:

Եթե ՙԵվրասիական միությունը՚ ձեւավորվելու է որպես պաշտպանական ու տնտեսական դաշինք, ապա Հայաստանի համար իմաստ կա մասնակցելու սույն ինտեգրացիոն գործընթացին` ի հեճուկս որոշ վերոնշյալ խնդիրների:

Խոսելով եվրաինտեգրման ուղեգծի մասին, որը Հայաստանի համար նախ եւ առաջ կենտրոնանում է ԵՄ առաջարկած ՙԱրեւելյան գործընկերություն՚ նախագծի վրա` նշենք, որ այն, բնականաբար, Երեւանի առջեւ որոշ հեռանկարներ է բացում: Այդ նախագծի նյութական բաղադրիչը շատ աննշան է, թեեւ որոշ փորձագետներ սիրում են դրա մասին շատ խոսել: Հայաստանից բացի նախագծին մասնակցում են կառավարման մոդելների եւ տնտեսական դրվածքի տեսանկյունից հետխորհրդային տարածքի եւս հինգ միմյանցից բոլորովին տարբեր երկրներ: Այսպես, Մոլդովան խորհրդարանա-նախագահական հանրապետություն է, որտեղ պարբերաբար տեղի են ունենում եվրոպական ժողովրդավարության չափանիշներին մոտիկ համապետական ընտրություններ: Ուկրաինայում վերջին 20 տարիների ընթացքում համապետական ընտրությունների արդյունքներով իշխանությունը փոխվել է երեք անգամ: Հայաստանում եւ Վրաստանում ունենք դասական հիբրիդ վարչակարգեր, թեեւ տնտեսական բարեփոխումների ու կենցաղային կոռուպցիայի դեմ պայքարի առումով Թբիլիսին սույն նախագծին մասնակցող իր շատ գործընկեներից ավելի առաջ է անցել: Բելառուսի եւ Ադրբեջանի պարագայում գործ ունենք ամբողջապես ավտորիտար վարչակարգերի հետ: Բացի դրանից, Ադրբեջանում փաստացիորեն իրագործված է ժառանգական կառավարման նախագիծը:

Բոլոր վերոթվարկյալ երկրները մեծ խնդիրներ ունեն տնտեսության, պետական կառավարման, անվտանգության, ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների ու կոռուպցիայի ոլորտներում:  Տվյալ դեպքում ԵՄ նպատակն է մի կողմից այս բոլոր երկրների ԵՄ չափանիշներին փուլ առ փուլ մերձեցնելը, իսկ մյուս կողմից` ինտեգրման գործընթացի մեկնարկն այնտեղ, որտեղ այն հնարավոր է (առեւտրի բնագավառում արտոնություններ ու նախապատվություններ, կրթության ոլորտում ամբողջական ինտեգրում, վիզային կարգի թեթեւացում, աշխատանքային միգրացիայի համար իրավունքների տրամադրում եւ այլն): Միանգամայն ակնհայտ է, որ տվյալ գործընթացը լինելու է երկարատեւ, թերեւս այն ընդգրկելու է մեկ սերնդի կյանքի տեւողություն (25 – 30 տարի): Այսպիսով, ՙԱրեւելյան գործընկերության՚ երկրները ԵՄ մտնելու պատեհությունը ստանալու են բավականին ուշ: Դեռեւս հասկանալի չէ, արդյո՟ք, նրանց այդ հնարավորությունը կընձեռվի գոնե քառորդ դար անց: Այստեղ այլ բան է կարեւոր. բոլորին տրվում է նվազագույն աջակցություն` համապատասխան չափանիշներին հասնելու համար: Ոմանք կկարողանան օգտվել այս հնարավորությունից, ոմանք էլ` ոչ: Կարծում ենք, որ Հայաստանը պետք է անի հնարավորինս շատ` կյանքի, պետական կառավարման, ինչպես նաեւ տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ու քաղաքացիական ազատությունների համապատասխան չափանիշների մակարդակի վրա դուրս գալու համար:

Ակնհայտ է նաեւ, որ ՙԱրեւելյան գործընկերության՚ նախագիծը ՙԵվրասիական միության՚ նախագծի մրցակիցն է:

Սակայն, չմասնակցելով ՙԱրեւելյան գործընկերության՚ նախագծին` Հայաստանն ինքն իրեն մեկուսացման կդատապարտվի: Այդ իսկ պատճառով պաշտոնական Երեւանը որոշումն ընդունելիս պետք է ղեկավարվի ոչ թե ՙկա׳մ, կա׳մ՚, այլ ՙեւ׳, եւ׳՚ սկզբունքով: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ ԵՄ-ն Ռուսաստանի կարեւորագույն գործընկերն է, նաեւ այն, որ Ռուսաստանն էլ է ընթանում Բրյուսելի հետ ինտեգրվելու ճանապարհով, գեթ այնպիսի կարեւորագույն հարաչափերի առումով, որոնք նշված են նաեւ ՙԱրեւելյան գործընկերության՚ ծրագրում:

Share

Comments are closed.