Սեւ քառակուսի

Արամ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Գրող
Երեւան

Հարց է բարձրացրել ՙԱնալիտիկոնը՚, թե ո՟ր կողմ գնա Հայաստանը` դեպի Եվրո՟պա, թե՟ Եվրասիա:

Ես վախենում եմ ուղղությունը նշել զուտ այն պատճառով, որ հանկարծ իմ հայրենակիցներն, ինչպես որ հասկացան գնալն ու գնացին մեր անկախացումից հետո, այդպես էլ չընկալեն ինչ-որ ուղղությամբ գնալու իմ կոչը ու շարունակեն գնալ: Չէ, ժողովուրդ: Գնալը ֆիզիկական տեղաշարժը չէ, գաղթը չէ, Խարբին կամ Ստամբուլ  առեւտրաչվերթը չէ: Սպեկուլյատիվ տեղաշարժերի աշխարհագրությամբ չի որոշվում ազգի եվրոպացիությունն ու ասիականությունը: Այլ չափորոշիչներ կան, կա պատմություն, կա նախապատմություն:

Կարլ Յասպերսն իր ՙՊատմության իմաստն ու կոչումը՚ գրքում հանրամատչելի ձեւով տալիս է մտածողության զարգացման վեկտորները` սկսած նախապատմությունից մինչեւ նոր, տեխնիկական դարաշրջան: Նրա պատկերած սխեմայից պարզորոշ երեւում է մեր` հայկական մտքի եւ’ ձեւավորման ակունքը, եւ’ զարգացման  հստակ ուղղվածությունը: Ճիշտ է, հայ փիլիսոփայական միտքը, ինչպես ամեն մի հարցում, ունի իր տեղայնացված կարծիքը, սակայն ես հակված եմ գնալ հանրաճանաչ մտածողների պատկերացրած ճանապարհով, բնազդական մի համոզմամբ, որ ազգերի զարգացման վեկտորը չեն որոշում տեղական մտածողներն ու մանր-մունր բռնապետերը:

Հումանոիդի հումանիտար խնդիրը եղել ու միշտ էլ մնալու է ինտելեկտուալի գերակայության ոլորտ: Ֆրանսիային հումանիտար վեկտորի կրող դարձրել է Քամյուն, ոչ թե դե Գոլը, նույնը գերմանացու համար արել է Յասպերսը, հրեայի համար` Բուբերը, դանիացու համար` Կիրկեգարդը: Ու եթե հարցադրում է արվում, թե ինչ վեկտոր պետք է ընտրենք մենք, ապա միանշանակ է իմ պատասխանն այդ հարցին` ինտելեկտուալ: Զարգացումների յասպերսյան սխեմայից երեւում է, որ մարդկության բոլոր ճյուղավորումները գիտության ու տեխնիկայի փուլում սկսել են մտածել ու շարժվել նույն կերպ: Զարգացման արագությունը վաղուց արդեն բոլոր տնտեսություններին միահյուսել է մի հսկա մեգակառույցի մեջ: Ու եթե մենք մտածում ենք գնալու ուղղության մասին, ապա դա կարող է արվել զուտ մտովի եւ ոչ մի այլ կերպ:

Տնտեսության առումով բոլորս շուկայական նույն դաշտում ենք, մշակութային առումով` նույն փակուղու առաջ: Դեղինով ներկած կտավի տակ ստորագրելով, Խուան Միրոն խփեց գեղանկարչության դագաղի մեխը, իսկ գետաքարը որպես հանճարի ստեղծագործական արգասիք ներկայացնելով` Ժան Արպը թաղեց քանդակագործությունը որպես մշակույթի ճյուղ: Դե׳, գնացեք նկարե’ք ու քանդակե’ք,  դեպի եվրոպական մշակութային վեկտոր ձգտող ժողովուրդներ:

Քսաներորդ դարն ինքն ստեղծեց, ինքն էլ ոչնչացրեց: Այդ դարի նման ընդգրկուն հագեցվածություն շատ երկար դեռ չի լինելու, կարծում եմ: Այնպես որ, քսաներորդ դարի զարգացումներով թելադրված` Եվրոպա կամ Եվրասիա հասկացությունները գտնվում են նույն ռեգիստրում: Դրա համար էլ ավելի կոնկրետ ու շատ ավելի   ընկալելի կողմնորոշում ես նշում եմ` ինտելեկտուալը, որն, ըստ իս, ազգապատկան ու կոնտինենտապատկան չէ: Իսկ եթե շատ ենք ուզում գալ կոնտինենտալին, ապա պատմականության մեջ, ըստ Յասպերսի կամ էլ առանց Յասպերսի, հայկական մտքի հիմքում հունաեվրոպականն է, հետո էլ քրիստոնեականը:

Աթենքի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ ենք ունեցել չորրորդ դարում, եթե հավատանք Րաֆֆուն: Իսկ նորագույն ժամանակից եթե օրինակ հիշենք, ապա միայն Գրիգոր Զոհրապ գրողի առկայությունը բավարար է, որ մենք կոչվենք եվրոպացի: Ճիշտ է, Կոստանդնուպոլիսը նվաճվեց թուրքերի կողմից ու ասիականացավ, սակայն այնտեղ մինչեւ ցեղասպանություն, մինչեւ քսաներորդ դար հայ էթնոհամակարգում ամուր պահպանվեց եվրոպական միտքը, ինչը հետագայում` սփյուռքում արդեն տվեց հայ արեւմտյան մտածողության արդի ճյուղավորումը հանձինս Արշիլ Գորկու ու Վիլյամ Սարոյանի: Նվաճողների կողմից հայությունը բաժանվեց արեւմտյանի ու արեւելյանի, սակայն երկու հատվածներում էլ ազգը մնաց հավատարիմ նույն` քաղաքակիրթ, քրիստոնեական ավանդույթին:

Կողմնորոշման առումով մեծ է ռուսական կողմի ձգողականությունը` բան չունեմ ասելու: Մի ահռելի թռիչք է քրիստոնեական տրադիցիայի առումով հենց միայն Դոստոեւսկու ողջ ստեղծագործությունը: Մարդ, ով առաջ մղեց Ռուսաստանին դեպի լիդեր ազգերի շարքը: Ազգ, որի հետ ունենք ապրած կյանք, որը հիմա տեղի է տվել հավատի առումով ու խորհրդային կայսրության քանդվելուց հետո, ցավոք, ազգերին կապակցող ոչինչ չի կարողանում գտնել, բացի գազային շանտաժը:

Քրիստոնեական տրադիցիայից շատ է հեռացել ներկայիս ռուս օլիգարխիկ միտքը: Ասիական մտածողություն է սպիտակգվարդիական կամուֆլյաժի տակ, ու Ռուսաստանի հետ կապել մեր զարգացման հեռանկարը, որպես Եվրոպա տանող ճանապարհ, նշանակում է ձախ ականջը բռնել աջ ձեռքով:

Դեպի Ռուսաստան պարտադրվող կողմնորոշումը ես կողմնորոշում չեմ համարում: Կողմնորոշումը ենթադրում է կողմնորոշվողի ազատ կամք: Անկախությունը հռչակեցինք, բայց  չանկախացանք: Նորանկախ տարիների մեր ողջ շարժը հակաբլոկադային է, ազատագրական: Մեզ մնացել է արեւմտյան քրիստոնյա աշխարհին կապող, միշտ փակվելու ենթակա, նեղ մի շավիղ` Վրաստանը: Ու վիճակն էլ կարծես թե մղում է մեզ դեպի այդ ճանապարհ: Կիլիկյան Հայաստանի կորստով մենք կորցրինք եվրոպացի մնալու մեր շանսն ու փոքրացանք: Փոքրի ողնաշարն  ամուր ու ձիգ պահող միակ բանը հիմա մնացել է ինտելեկտուալ միտքը: Մի բան, որն ունենք եւ որը պետք է դարձնենք ճանապարհ հարթող ուղի:

Պանթուրքիզմը տարածելու Թուրքիայի հիվանդ մոլուցքը մեզ անընդհատ մղում է դեպի Ռուսաստան-Իրան առանցք, ինչը հղի է ասիականացման վտանգով: Այս հոդվածում, ակամայից, գուցե անտեղի, շատ օգտագործեցի քրիստոնեություն խոսքը: Ասես, որպես զարգացման ուղի, որպես բաց հնարավորություն, փորձում եմ կախվել այդ բառից, Նոր կտակարանում նկարագրված արդար դատաստանի հույսով, գուցե: Դեպի քրիստոնեություն գուցե նաեւ տանում է որոնող այն մտասեւեռումը, որը հատուկ է քրիստոնեության արդի նոր փուլի մտածողությանը:  Եվրոպան Եվրոպա է որպես քրիստոնեական մտքի կրող: Որից անտեղյակ է հենց ինքը` եվրոպական քաղաքական էլիտան:

Սիստեմատիկ հոգս ու պատասխանատվություն` նմանակի ճակատագրի հանդեպ: Սա է հուշում խիղճը: Հրաժարում ցոփությունից, ասկետություն, հոգեւոր կյանք: Սա է պահանջվում հատկապես էլիտար մարդուց: Ո՟վ է ապրում այդ պատվիրաններով հիմա, ո՟ր երկրի էլիտան: Դրան կա մի պատճառ: Քրիստոնյա ազգերի վերնախավերը, հատկապես հոգեւոր վերնախավն այլեւս չի հավատում Ահեղ դատաստանին: Չհասկացան եվրոպացիները, պարզապես, Ապոկալիպսիսի իմաստը, դրա համար էլ մի կողմ դրեցին Սուրբ գիրքը ու քրիստոնությունը հայտարարեցին մշակութային ժառանգություն: Ապոկալիպսիսը կյանք կոչված իրավիճակի սիստեմատիկ մտասեւեռուն, տագնապալի ընկալումն է: Ով բռնել է մարդացման այդ ճանապարհը, կպահպանի ես-ի իրականացման իր բաց հնարավորությունը: Իսկ հավաքական ուղղորդման հարցերի պատասխանատու հայ իշխանավորն ու հայ կղերն ուղղորդել չեն կարող մարդուն հենց իրենց իսկ ես-ի պրոյեկտի բացակայության ու մարդկայինի դեֆիցիտի պատճառով, որոնք այդպես էլ չհասկացան, որ  Նոր կտակարանն առանց ահեղ դատաստանի դառնում է առածանի, որ կյանքն առանց  Ապոկալիպսիսի դառնում է անբովանդակ, իր ավարտը չունեցող բազմասերիալ ֆիլմ:

Երբ մեր քաղաքական էլիտան ասում է, թե մենք գնում ենք դեպի Եվրոպա, ապա նա դա ասում է լսածով, իներցիայով, անգիտակից: Եվրոպական տրադիցիան առաջին հերթին քրիստոնեական է: Իսկ թե ինչ գալար է տվել քրիստոնեական միտքը քսաներորդ դարի երկու համաշխարհային պատերազմների միջով անցնելով` մեր էլիտան տեղյակ չէ: Հայը լոկալ, բայց անտանելի դառը Ապոկալիպսիս ապրեց 1915 թվականին, սակայն  ոչ մի դաս չառավ: Սիստեմատիկ պատերազմական տագնապները մարդու մտածողությունը դարձրին ապոկալիպտիկ, որն է` անվախ: Իսկ այդ տիպի միտքը ենթադրում է հանդիպում Արարչի հետ ու հանուն արժանապատիվ հանդիպման թելադրում է հրաժարում ցոփությունից, նյութամոլությունից:  Ապոկալիպտիկ միտք եթե ձեւավորվել է մեր մեջ, ապա այն պետք է արտահայտվեր հոգեւոր դասի վարքի մեջ առաջին հերթին: Եթե չկա հրաժարում ու սահմանափակում նյութականի մեջ, ապա չկա ես-ի գիտակցում ու պատկառանք: Մեր հոգեւոր դասի մոտ կա համոզվածություն, որ աշխարհի վերջի մասին բիբլիական պատումը չափազանցված էր:  Պետք է հիասթափեցնեմ այդպես մտածողներին:

 

***

Մի դար առաջ սեւ գույնով ներկած կտավը մշակութային աշխարհի դատին ներկայացնելով` Մալեւիչն ավելի բարդացրեց իրենից հետո եկող ստեղծագործողի ստեղծագործական խնդիրը: Նույնն այսօր երաժշտության մեջ անում է Սեսիլ Թեյլորը: Ես-ի պրոյեկտի իրականացմանը, այսինքն` հավատին տանող միակ ճանապարհը ստեղծագործական ճանապարհն է: Մեր տգիտությունը թույլ չի տալիս տեսնել հանճարների պատկերած` հավատին տանող ճանապարհները: Մեր չիմացությունը թույլ չի տալիս գնահատել Հովհաննես Ավետարանչի նկարագրած Ահեղ դատաստանը:

Կա երկու դատաստան, երկու ապոկալիպսիս: Մեկը, որն ամեն մի երկնաքարի մոտենալ ու հեռանալու հետ առկայծում է վախվորած գուշակությունների թվաբանության մեջ, եւ մյուսը, որն իր ավարտուն արտահայտությունն է գտնում մահվան հանդեպ վախը հաղթահարող ու մարդկային արժանապատվությունը հաստատող կերտվածքներում, որպիսին է Կազիմիր Մալեւիչի ՙՍեւ քառակուսի՚ նկարը:

 

Share

Comments are closed.