Եվրո՞պա, թե՞ Ասիա

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լրագրող
Ստեփանակերտ

Վերնագրված հարցը հայերիս համար վաղեմի է, իմա` վաղուց ենք մենք փորձում մեր աշխարհագրական ու հոգեկերտվածքային տեղը ճշտորոշել ու հստակեցնել գոնե ինքներս մեզ համար: Կարծիքները խաչաձեւվել են վաղուց եւ այդպիսին էլ մնում են` մեզ թողնելով բավականին անհարմար վիճակում, ինչպիսին հայտնի անեկդոտի մի ոտը սոցիալիզմում, մյուսն էլ կոմունիզմում դրած ու իր իսկ ՙշքռած՚ վիճակից նեղվող հերոսի վիճակն է:

Մենք կարծես թե շատ ենք ձգվում դեպի Եվրոպա (գոնե մեր լուսավորյալ ուղեղները), բայց մեր մարմինը (մեր միանգամայն իրական բարքերն ու ավանդույթները) համառորեն չեն ուզում տեղաշարժվել: Ահա այս անհարմար վիճակում էլ ապրում ու բանավիճում ենք: Հերիք չէր մեզ աշխարհագրական ՙանհարմար՚ վիճակը, հիմա էլ մեր հոգեկան դեգերումների այս անհարմար կացությունը:

Կարծում եմ` անիմաստ է վիճել այս թեմայով, անիմաստ է ՙմենք՚-ի տիրույթից անդրադառնալ այս հարցին, քանի որ ոչ միայն եւ ոչ այնքան երկիրը, ժողովուրդը, պետությունը կամ իշխանությունն են  որոշում մեր ու իրենց տեղը, այլեւ եւ ավելի շատ…յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր միտք ու հոգի, իմա` ՙես՚-ը: ՙԵս՚-ի համար իմաստ չունի թաքնվել ՙմենք՚-ի ետեւում, ավելին` դա սպառնալից է հենց նրա ճակատագրի համար, քանի որ հենց այդ ՙես՚-ի կատարած ընտրություն-չընտրությունից է կախված այն, թե ի վերջո Եվրոպայու՟մ, թե՟ Ասիայում է հայտնվելու իր երկիրը, իր ազգը, իր պետությունը:

Ստիպված ենք մի պարզաբանում անել: Եվրոպա-Ասիա հակադրության մեջ մենք առաջնորդվում ենք ընդունված կաղապարներով առ այն, որ Եվրոպան լուսավորյալ ու քաղաքակիրթ է, իսկ Ասիան մեղմ ասած` ոչ այնքան: Ինչ խոսք, նման եզրահանգման համար պատմական եւ այլ որոշակի հիմքեր կան, թեեւ պետք չէ մտահան անել, որ այն, այնուամենայնիվ, որոշակի պայմանականություն է ներառում, քանի որ Ասիայում է նաեւ, ասենք, Ճապոնիան, որը ոչ միայն արեւելյան հարստագույն պատմություն ունի, այլեւ խիստ արդիական արեւմտյան ներկա: Ուստի խոսքն այստեղ ավելի շատ հստակ արժեհամակարգի մասին է, որի որակին պիտի ուշադրություն դարձնել, այլ ոչ թե աշխարհագրությանը:

Ինչ որ է, իսկ ի՟նչ է ընտրում այսօր ՙես՚-ը Արցախում, ի՟նչ են մեզ առաջարկում եւ ինչի՟ հետ ենք համակերպվում, կամ` ի՟նչ է ՙես՚-ն ինքն առաջարկում: Ուզում եմ անդրադառնալ սոսկ մի դրվագի եւ դրանով իսկ երեւակել հարցը:

ԼՂՀ ներկայիս նախագահի օրոք նախընտրում են առանցքային պաշտոններում նշանակել եւ կամ ընտրության պարագայում նախապատվությունը տալ ուժային կառույցների ներկայացուցիչներին կամ այդ կառույցներից սերած անձանց: Իշխանությունը տեւական ժամանակ հերքում էր նման օրինաչափությունը, բայց հետո աստիճանաբար սկսեց համակերպվել նման գնահատականին եւ արդարացում ու հիմնավորում փնտրել: Բոլորովին վերջերս մեր բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հստակ պարզաբանում տվեց դրան: Նա ասաց մոտավորապես հետեւյալը` մենք նախապատվությունը տալիս ենք այդ կադրերին, քանի որ նրանք, որպես կանոն, ավելի կարգապահ ու ավելի պետականամետ են:

Ասվեց հստակ ու միանշանակ եւ, որ ամենակարեւորն է, միանգամայն անկեղծ ու առանց սեթեւեթանքի, ինչն էլ այդ հայտարարության ամենաշահեկան կողմն է, միգուցե` միակ շահեկան կողմը: Իսկ ինչու՟ միակ: Որովհետեւ այս հայտարարությունն, ըստ իս, արվել է …Ասիայից: Եւ ահա թե ինչու:

Նախապատվությունը տալիս կամ գերակայությունը որոշելիս ամենագլխավոր հարցն այն է, թե որոշողը կամ տվողն ինչ ակնկալիքներ ունի կամ` ինչի պահանջարկ է դրվում: Եթե խոսքը կարգապահության մասին է (պետականամետության մասին չեմ խոսում, քանի որ իշխանության մեղքով արցախյան հանրությունը հարմարվել է իշխանամետությունը որպես պետականամետություն ընդունելուն, ինչն ամենամեծ վնասն է հասցրել հանրային ինքնագիտակցությանը), ապա պարզից էլ պարզ է, որ պահանջվում է…հրաման կատարող: Ոչ թե գիտակից գործընկեր, ոչ թե խոհեմ, նախաձեռնող ու ՙմենք՚-ի տակ չթաքնվող-չինքնաոչնչացող անհատ, այլ հլու-հնազանդ կատարող: Հենց այս հլու-հնազանդ կատարողներն ու դրանց պահանջարկն է մեր երկիրը դարձնում անմրցունակ: Մարդկանց ու պաշտոնյաների այս տեսակը որքան ընդունելի ու խրախուսելի է բանակում (թեեւ խոհեմ ու նախաձեռնող կադրերը բանակին էլ չէին խանգարի), այնքան անընդունելի ու վտանգավոր է հանրային կյանքում: Նրանք սպանում են ամեն մի զարգացում, ամեն մի միտք:

Հլու-հնազանդների պահանջարկը նաեւ նշանակում է, որ հանրությունն աքսիոմի պես ընդունում է այն մտայնություն-հրամայականը, որ  երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակն ու վարչապետը, նախարարները, իմա` բարձրագույն ղեկավարությունը, երկրի ամենախելոք անձինք են: Մինչդեռ ոչ մի քաղաքակիրթ երկրում այդ պաշտոնյաներն իրենց երկրի ամենախելոք անձինք չեն եւ պարտավոր էլ  չեն լինել, քանի որ ընտրությունները կայանում են ոչ թե գիտությունների ազգային ակադեմիայում, այլ բազմաբղետ հանրությունում: Բայց նրանք գիտեն ու պարտավոր են իմանալ խելոքների տեղը, հասկանում են ու պարտավորված են լինում ինտելեկտի ու արարման պահանջարկի հող նախապատրաստել սեփական հանրությունում: Հասկանու՟մ եք` նրանք դրա կարիքն ունեն, որովհետեւ բավարար խելոք են: Իսկ հլուհնազանդությունը նշանակում է, որ ցանկացած գնով պիտի կատարել վերեւից եկած հրամանները, քանի որ դրանք ի սկզանե ամենաճիշտն են ու ամենախելոքը: Եւ այդ հրամանները կատարելու համար ու կատարելուց առաջ պիտի …ուղեղն անջատել: Ահա այսպիսի ՙփոխշահավետ՚ համագործակցություն:

Ինչու՟ եմ փոխշահավետությունը չակերտում: Որովհետեւ այն ձեռնտու է միայնումիայն հլու-հնազանդներին: Նույնիսկ` ոչ իշխանություններին: Իշխանությունները չեն հասկանում, որ նման պահանջարկով իրենք իրենց կրակի մեջ են գցում: Ի վերջո, հլու-հնազանդությունը ոչ էլ գիտակցված համեստություն է: Ոչ ու հազար անգամ` ոչ: Այն միանգամայն հստակ ու գիտակցված մորթապաշտություն է, քանի որ հլու-հնազանդ լինել առաջին հերթին նշանակում է…պատասխանատվությունից խուսափում: Նրանք պատասխանատու չեն, նրանք ընդամենը հրաման են կատարել: Նրանք պատասխանատվություն ստանձնելու ցանկություն էլ չունեն: Հասկանու՟մ է, արդյոք, այս նրբերանգը իշխանությունը: Չի՟ տեսնում նախորդների օրինակը, երբ պաշտոնից զրկվելով մարդիկ միայնակ են մնում, քանի որ նախկին կարգապահ ու պետականամետ իրենց ենթականերն իրենց ոչ միայն չեն տեսնում, այլեւ, ով զարմանք, նաեւ քննադատում են: Նրանք պատասխանատու չեն իրենց իսկ իրականացրած քաղաքականության համար, քանի որ իրենք ընդամենը հրաման են կատարել, իմա` անհուսալի ընկեր ու գործընկեր են: Իսկ հիմա էլ ուրիշների հրամաններն են կատարում: Չեմ մոռանա նախկին պաշտոնյաներից մեկի տարակուսանքը` ՙմի շան տղա չկար, որ մոտենար ու զրուցեր՚: Հնձվել է այն, ինչ ցանվել է:

Հիմա դու` ՙես՚-դ, ընդունու՟մ ես այս դրվածքը, թե՟ ոչ: Սա է քեզ համար ՙԵվրո՟պա, թե՟ Ասիա՚ երկընտրանքը եւ այն օրախնդիր հարցը, որին դու ստիպված ես պատասխանել: Ամեն մարդ ինքն է որոշում, թե որտեղ է գտնվում`  Եվրոպա՟յում, թե՟ Ասիայում: Կարելի է աշխարհագրորեն Եվրոպայում ապրել, բայց ասիացի լինել` բառի վատ իմաստով: Կարելի է Ասիայում ապրել, բայց եվրոպացի լինել:

Մեր իսկ երկրում մենք ապրում ենք տարբեր երկրներում ու տարբեր մոլորակներում: Ու տարբեր արժեհամակարգեր ունենք: Ու ամեն քայլափոխի ստիպված ենք պատասխանել ՙԵվրո՟պա, թե՟ Ասիա՚ հարցին: Ստիպված ենք ընտրություն կատարել:

Եւ մեր այդ ընտրությունից է կախված` մեր գլխին հրամա՟ն են իջեցնելու, թե՟ մեր գլխից կարծիք են հարցնելու:

 

Share

Comments are closed.