Ճակատագրի պարզ թելերը

 

Կա մի հետաքրքիր այլաբանություն. կյանքը գորգ է, որը ճակատագիրը գործում է մեր կյանքերից։ Իսկ իմ հերոսուհիները գորգի վրա կյանքի զարդեր են գործում։ Նրանք իրենց մասնագիտությունն անկեղծորեն սիրող համեստ կանայք են։

«Ղարաբաղ-կարպետ» գորգագործական ընկերությունը գործում է 2013 թվականից՝ Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքսկոմբինատի» վերականգնված շենքում։


 

 

 

 

 

«Ղարաբաղ կարպետ» գորգագործական ֆաբրիկան գտնվում է Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հարևանությամբ։

Գորգագործական ֆաբրիկան Արցախում գորգերի արտադրության առաջատարներից է։

Գործարանի արտադրած գորգերը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆաբրիկայի արտադրանքն աչքի է ընկնում բարձր որակով և խտությամբ։ Դիզայներների ջանքերով ստեղծվում են գորգերի նոր հավաքածուներ, որոնք միշտ արդիական են, բազմազան ու բարձրաճաշակ։ Այսօր շուկայում մեծ պահանջարկ են վայելում ազգային զարդանախշերով գորգերը։

Արտադրության ողջ ընթացքը՝ լվացումը, ներկարարությունը, չորացումը և այլն, իրականացվում է գորգագործական արտադրամասում։

 

 

 

 

 

Ներկարան, ներկի ընտրություն, չորացում։

Գորգագործության համար արտադրամասում օգտագործում են միայն ձեռագործական դազգահներ։

 

Որքան կանայք՝ այնքան ճակատագրեր

-Գորգագործներն աշխատում են նկարիչ-դիզայների էսքիզով,- արտադրամասի աշխատանքի մասին պատմում է արտադրության պատասխանատու Հասմիկ Մխիթարյանը։

«Յուրաքանչյուր աշխատանք պետք է սիրով անել»,-
Շողիկ Պետրոսյան, 52 տարեկան:

-Ես տասնամյա աշխատանքային փորձառություն ունեմ։ «Ղարաբաղ-կարպետ» արտադրամասի նոր շենքում արդեն երեք տարի եմ աշխատում։ Երկար տարիներ աշխատել եմ Ռոբերտ Իշխանովիչի արտադրամասում։ Իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Այն բարդ է, բայց՝ շատ հետաքրքիր։ Այն պետք է սիրես։ Եվ, առհասարակ, յուրաքանչյուր աշխատանք պետք է սիրով անես,- ասում է Շողիկը։ – Իմ տատիկն էլ  Ճարտարում գորգ էր գործում։ Իմ երկու աղջիկներն էլ մանկուց այս գործին ծանոթ են։ Նրանք հաճախ ինձ հետ աշխատավայր էին գալիս և ինձ սիրով օգնում։

Շողիկը աշխատելիս

 

 

«Որչափ ավելի բարդ է պատկերը, այնչափ ավելի հետաքրքիր է
աշխատանքը»,- պնդում Լուսաբեր Օհանյանը, 33 տարեկան։

 

-Դեռ դպրոցի աշակերտուհի եղած ժամանակ՝ 9-րդ դասարանից սովորել և աշխատել եմ Աբրահամի գորգագործական արտադրամասում, ապա՝ Ռոբիկ Բաբայանի «Մարալ գորգ»-ում։ Զուգահեռաբար ավարտել եմ կարուձևի, վարսավիրի և խոհարար-հրուշակագործի դասընթացները։ Բայց այդ մասնագիտություններով որոշ ժամանակ աշխատելուց հետո հասկացել եմ, որ ինձ միայն գորգերն են ձգում։ Այս սերը երևի նախնիներից եմ ժառանգել. իմ երկու տատիկները, պապիկը, հայրիկն ու հորաքույրը խորհրդային տարիներին նույնպես գորգագործական արտադրամասում են աշխատել։

 

-Անգամ հեշտ առաջադրանքն է մեծ ջանքեր պահանջում, – հավելում է 38-ամյա Էվելինա Զախարյանը։

– Չորս տարի է, ինչ աշխատում եմ այստեղ։ Ամուսնանալուց հետո մի քանի տարի տանն էի, երեխաներիս էի խնամում։ Բայց երբ նրանք մեծացան՝ նորից վերադարձա աշխատանքիս։ Գործը բավականին բարդ է, մեծ ուշադրություն ու ու համբերություն է պահանջում։

 

-Ամեն մի գորգի վրա աշխատում եմ գրեթե մեկուկես ամիս։ 1,5×2մ չափի գորգի համար ստանում եմ 100–110 հազար դրամ։ Վճարում են ժամանակին։ Սիրելի գործով եմ զբաղվում, ինձ համար անգամ բարդ աշխատանքն է ուրախություն, որով էլ մխիթարվում եմ։ Մեր անձնակազմը շատ ընկերասեր է, հաճախ երեկույթներ կամ
քաղաքից դուրս շրջագայություններ ենք կազմակերպում,- ասում է Էվելինան։
-Մեր գորգագործական արտադրամասը մեր պատասխանատու Հասմիկ Մխիթարյանի և տնօրեն Սևակ Խաչատրյանի հետ մեկ միասնական ընտանիք է,-պնդում են իմ հերոսուհիները։

Share

Comments are closed.