Ով շուտ է զարթնում՝ Աստված նրան շնո՞րհ է անում

 

Նրանք փողոց դուրս են գալիս, երբ քաղաքը դեռ քնած է… Ովքե՞ր են այդ անտեսանելի աշխատավորները, որոնք մեր հետևից աղբի տոննաներ են հավաքում, մեր փողոցները փոշուց և ցեխից են մաքրում, ջրում են մեր ծառերն ու ծաղիկները։ Ի՞նչ ենք իրականում իմանում մեր քաղաքի մաքրությունն ապահովող մարդկանց մասին։

Նրանք շատ տարբեր են. նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտահոգությունները, խնդիրները, տխրություններն ու ուրախությունները։

Նրանք սիրալիր են և կենսուրախ։

Համեստ են և ամաչկոտ:

Ահա Էսման։ Նա աշխղեկ է։ Այսօր նա փոխարինում է հիվանդացած աշխատակցին։

Այս կինը Կարինա Պետրոսյանն է։ Ինքն է խնդրել, որ իրեն լուսանկարեմ։ Փողոց է մաքրում արդեն 10 տարի։ Ապրում է դստեր և հինգ թոռների հետ։ Մի կերպ է հացի գումար վաստակում։ Մեծ հույս ունի, որ մի օր բարի մարդիկ նրանց կօգնեն։ «Գուցե մի հարուստ բարերար ինձ տեսնի և վիրահատության համար մի քիչ գումար կուղարկի»,- ասում է նա։

 

Իսկ սա Վալերի Պետրոսյանն է՝ աղբատար մեքենայի վարորդը։ «Արդեն 18 տարի այս գործն եմ անում։ Ծանր և կեղտոտ աշխատանք է. մենք հանգստյան կամ տոն օրեր չունենք։ Հաճախ մեզ հավելյալ շաբաթօրյակների են կանչում։ Եթե հիվանդանաս, կամ, Աստված չանի, ազգականդ մահանա, մինչև քեզ փոխարինող չճարես՝ բաց չեն թողնի։ Աշխատավարձը 95 հազար դրամ է։ Ավելները, ձեռնոցները, բահերը հաճախ մենք ենք հայթայթում։ Աշխատանքային պայմաններից բողոքում ենք, խնդրում բարելավել դրանք, բայց մեզ լսող չկա»,- ասում է Վալերին։

Իսկ դուք ձեր բակը մաքրողին ճանաչո՞ւմ եք։ Թերևս մտածեք, թե ով է այս մարդը և նրա կողքով անցնելիս նրան՝ որպես հին բարի ծանոթի, կժպտաք, չէ՞ որ եթե նա ձեր կյանքն ավելի լավը չդարձնի էլ, այն գոնե ավելի մաքուր է պահում։
]

Մենք հաճախ չենք գնահատում այն հարմարավետությունը, որը մեզ համար ուրիշ մարդիկ են ստեղծում։ Մենք ուզում ենք, որ մեզ համար ամենուր հարմարավետ լինի, որ մեր բակերը մաքուր և խնամված լինեն, բայց թե դրան ինչպե՞ս պետք է հասնել՝ մեզ չի հետաքրքրում։ Մենք այն որպես ինքնըստինքյան հիմնավոր պահանջ ենք ընկալում, իսկ իրականում դա բարդ և ըստ արժանվույն չգնահատված աշխատանք է։


Այս տղաներն օգնում են իրենց մայրիկին։ Նրանք առավոտյան ժամը 5-ից փողոց են ավլում և աղբ հավաքում այն ժամանակ, երբ նրանց տարեկիցները դեռ խոր քնած են։

 

Մեզ մանկուց սովորեցնում են, որ ամեն մի աշխատանք պատվավոր է, որ մենք պարտավոր ենք հարգել և գնահատել ուրիշի աշխատանքը։ Բայց երևի վատ են սովորեցնում, եթե մենք աղբը թափում ենք որտեղ պատահի և ինչպես պատահի։

  Արևածաղիկ չրթելը և կեղև թքելն էլ ազգային առանձնահատկություն է դարձել։

 

Փողոցները մաքրված են, աղբը հավաքված է. հիմա ջրային մաքրումների ժամանակն է:

Եկե’ք ավելի նրբանկատ լինենք: Եկե’ք երախտապարտ լինենք ոչ հեշտ աշխատանքի համար:

 

_______

 

 

Ծովինար ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Share

Comments are closed.